Թոմաս Վուլֆ | Նայիր տանը քո, հրեշտակ | համառոտ


Չորս հազար տարի առաջ Կրետեում կարող է ծնվել մի սեր, որը կարող է ավարտվել հիմա Տեխասում: Յուջին Գանտը Անգլիայից գաղթած անգլիացու հետնորդ է: Նրա երակներում հոսում է նաև գերմանական և շոտլանդական արյուն: Մայրը՝ Էլիզը, փոխանցել է նրան աշխատասիրություն, քանի որ անցնելով աղքատության միջով, մեծ սեր է կուտակել սեփականության նկատմամբ:  Գնված հողատարածքներից մեկում Էլիզը համոզում է ամուսնուն արհեստանոց կառուցել: Յուջինը հիշում է, որ մուտքի մոտ մարմարե արձաններ կային, որոնց մեջ առանձնանում էր մարմարե ժպտացող հրեշտակը: 11 տարում Էլիզը ունենում է 9 երեխա: Յուջինը վերջինն է, ծնվում է 1900 թ.:
Յուջինը հիշում է, որ մոր և հոր միջև մշտական պատերազմ էր: 1904 թ. մայրը առաջարկում է տեղափոխվել, իսկ տունը հանձնել վարձով: Հայրը ճնշվում էր այդ մտքից: Հարևանները կարող են կարծել, որ նա չի կարող պահել ընտանիքը:
Արդեն 6 տարեկան Յուջինը փորձում է դուրս գալ ընտանեկան կենցաղի շրջանակից: Ճանապարհ դնելով որդուն դպրոց, Էլիզը լաց է լինում, կանխազգալով, որ նա կյանքում միշտ միայնակ կլինի: Յուջինը լավ է սովորում, սակայն նրա հարաբերությունները դասարանցիների հետ բարդ են: Երեխաները նրա մեջ օտարի են տեսնում: Յուջինը նախանձում է հասակակիցների հանգստությանը, որով նրանք տանում են պատիժները և վիրավորանքը: Շատ է կարդում, ողջ ժամանակը անց է կացնում գրադարանում: Ունի երկու երազանք՝ սիրված լինել կնոջ կողմից և նշանավոր դառնալ:
Ծնողները որոշելով երեխաներին ինքնուրույն և տնտեսապես անկախ դարձնել, արդեն վաղ հասակից աշխատելու են ուղարկում նրանց: Սկզբում Յուջինը կանաչի էր վաճառում: 8 տարեկանում Յուջինը ձեռք է բերում երկրորդ տունը, քանի որ մայրը նոր առանձնատուն է գնում՝ «Դիքսիլենդը», որտեղ տեղափոխվում է կրտսեր որդու հետ և վարձով է տալիս տան սենյակները: Մոր ֆինանսական ծրագրերը նրան ատելի են և նա միշտ ամաչում է դրանցից: «Դիքսիլենդում» կենվորների թվում հայտնվում են նաև թեթևաբարո կանայք:
Յուջինի ծնողներին առաջարկում են նրան ավելի բարձրակարգ դպրոց տեղափոխել: Նոր դպրոցում տղան հանդիպում է Մարգարետ Լեոնարդին՝ գրականության ուսուցչուհուն, որը դառնում է նրա հոգևոր մայրը: Նրա մեջ սկսում են ուժգին զարգանալ դիտողականության և վերլուծականության ապագա գրողին անհրաժեշտ որակաները: Իր ընտանիքը սկսում է երևալ նրան որպես միկրոկոսմոս, որի մեջ կա ամեն բան՝ ուժ և թուլություն, գեղեցկություն և այլանդակություն…
Դեռ 16 տարին չբոլորած Յուջինը ընդունվում է համալսարան: Այստեղ համընդհանուր ծաղրի առարկա է դառնում: Սակայն նա շուտ է սովորում համալսարանական բարքերը և թեթևաբարո կանանց փողոցի տեղը:
Առաջին համաշխարհային պատերազմը Յուջինի համար մնում է ասես ստվերում: Յուջինի ավագ եղբայրը՝ Բենը, ուզում էր կամավոր մեկնել ճակատ, սակայն նրան չեն թողնում: Յուջինը իմանում է, որ նա ծանր հիվանդ է թոքերի բորբոքումով: Նա գտնում է եղբորը «Դիքսիլենդի» սենյակներից մեկում պառկած՝ դժգոհ կյաքնից և անբավարարված: Յուջինը զգում է այդ տաղանդավոր ու չդրսևորված մարդու դրաման:
Շուտով Յուջինը ավարտում է ուսումը: Նրա հոգին տենչում է ուրիշ ինչ-որ բան: Ոչ գավառական համալսարանի իմաստնությունը: Երիտասարդը երազում է Հարվարդի մասին: Ծնողները հակառակ իրենց կամքին համաձայնում են մեկ տարով ուղարկել նրան Հարվարդ, սակայն եղբայրներն ու քույրերը պահանջում են, որ Յուջինը հրաժարվի ժառանգության իր բաժնից: Յուջինը առանց այլևայլության ստորագրում է անհրաժեշտ փաստաթղթերը: Լքելով քաղաքը՝ Յուջինը զգում է, որ այլևս չի վերադառնա այստեղ: Թերևս միայն հոր թաղմանը, որը սկսել է արագ ծերանալ: Յուջինը շրջում է քաղաքում և հրաժեշտ է տալիս հարազատ վայրերին: Հանկարծ իր կողքին տեսնում է մեռած եղբոր ուրվականը:
«Ես մոռանում եմ անունները, Բեն,-ասում է Յուջինը,- մոռանում եմ դեմքերը, հիշում եմ միայն մանրուքները: Օ, Բեն, ո՞ւր է աշխարհը»: Եվ ստանում է պատասխան. «Քո աշխարհը դու ինքդ ես»:    
  
Տես նաև Վիլյամ Սարոյան Վեսլի Ջեքսոնի արկածները, Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Սքոտ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին

Թոմաս Վուլֆ | Նայիր տանը քո, հրեշտակ | համառոտ Թոմաս Վուլֆ | Նայիր տանը քո, հրեշտակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:59:00 Rating: 5
Технологии Blogger.