Քսենոփոն | Կյուրոպեդիա | համառոտ


Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները պարզաբանելու և հասկանալու տեսակետից, առանձնահատուկ նշանակություն ունի հեղինակի «Կյուրոպեդիա» (Կյուրոսի դաստիարակությունը) երկը՝ բաղկացած 8 գրքից:
Այս երկի հիմնական բովանդակությունը պարսկական հզոր միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունն է (Ք. ա. 600-530 թթ.): Այստեղ Քսենոփոնը գովաբանում է բարոյական այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում էր Կյուրոսի թագավորական իշխանությունը: Այս երկում նկատելի է Քսենոփոնի կողմնորոշումը հօգուտ միապետության, որը նա գերադասում է դեմոկրատիայից, օլիգարխիայից և բռնատիրությունից՝ տիրանիայից, վերջիններիս հակադրելով միապետական կայունությունը:
Պարսից բնակչության թիվն ըստ Քսենոփոնի հասնում է 120 հազարի, որոնք բաժանվում են 12 ցեղերի: Բարձր խավի քաղաքացիներ են համարվում նրանք, ովքեր ստացել են պատշաճ դաստիարակություն: Դաստիարակության և կրթության պրոցեսը հիշեցնում է Սպարտայի ավանդույթները: Կյուրոսը մանկուց աչքի է ընկնում բազմապիսի ձիրքերով: Նրա սիրած զբաղմունքը որսորդությունն է: Առաջին մարտական փորձառությունը սահմանամերձ տարածքում ասորեստանցիների ջոկատի ջախջախումն է: Հետագայում նա կարողանում է ճնշել նաև մարերի վասալ հայոց Տիգրան թագավորին, որը հրաժարվում է տուրք վճարել: Նա խորամանկությամբ գերում է թագավորին և հարցնում, թե ինչպես կվարվեր, եթե լիներ իր տեղում: Հայոց թագավորն ասում է, որ մահվան կդատապարտեր դավաճանին: Կյուրոսը խնայում է նրան, ինչից հետո հայոց թագավորը դառնում է նրա հավատարիմ դաշնակիցը:
Ասորեստանցի Կրեսոս թագավորը մեծ զորքով շարժվում է Կյուրոսի դեմ: Կյուրոսը ջարդում է Կրեսոսի զորքը և գրավում է Լիդիայի մայրաքաղաք Սարդեսը: Այնուհետև պարսից արքան կարողանում է գրավել նաև Բաբելոնը: Հպանցիկորեն հիշատակվում է նաև Եգիպտոսի գրավման մասին:  
Ցանկանալով պատկերել բարի և առաքինի կառավարչի իդեալական կերպարը՝ Քսենոփոնը միշտ չէ, որ հավատարիմ է մնում պատմական իրական փաստերին: Այսպես, Հերոդոտոսի պատմությունից հայտնի է, որ Կյուրոսը սպանվել է մասսագետների (հայկական աղբյուրներում՝ մաքսութներ) դեմ պատերազմելիս, մինչդեռ «Կյուրոպեդիայում» նա խաղաղ պայմաններում երանության մեջ մահանալուց առաջ, զոհեր է մատուցում իր աստվածներին, բարոյախրատական երկար ճառով հրաժեշտ է տալիս իր որդիներին ու բարեկամներին և դատողություններ անում հոգու անմահության մասին փիլիսոփայական մեծ վերացականությամբ: Այս հատվածում շատ բան հիշեցնում է Պլատոնի փիլիսոփայությունը:
Ըստ էության, «Կյուրոպեդիան» բարոյախրատական-քաղաքական վեպ է, որի էջերում հանդես է գալիս, որպես գլխավոր հերոս, իդեալական միապետի կերպարը՝ դաստիարակված փիլիսոփա Սոկրատեսի սկզբունքներով այնպես, ինչպես դրանք հասկանում է ինքը՝ Քսենոփոնը: Դա առաջին վեպն է, ավելի ճիշտ՝ առաջին պատմավեպը համաշխարհային գրականության պատմության մեջ, որի հիմքում, այնուամենայնիվ, ընկած են պատմական հավաստի դեպքեր:
Պատմագիտության մեջ այս երկի նկատմամբ կա երկու մոտեցում: Ոմանք, կասկածի տակ առնելով դրա արժանահավատությունը, լիովին ժխտում են դրա պատմագիտական արժեքը: Ուսումնասիրողների մեկ ուրիշ խումբ, սակայն, նշում է, որ «Կյուրոպեդիայի» մի շարք հատվածներ, հատկապես Հայկական լեռնաշխարհի բնակիչներին և քաղաքական դեպքերին վերաբերող մասերը, հիմնված են պատմական ստույգ տվյալների վրա և միանգամայն արժանահավատ են: Անկասկած, Քսենոփոնը Հայաստանին վերաբերող տեղեկությունները քաղում է բյուրի (տասը հազարի) հետ Պարսկաստանից նահանջելիս:
«Կյուրոպեդիայի» տվյալները Ք. ա. վեցերորդ դարի կեսերի Հայաստանի մասին շատ դեպքերում համահունչ են Մովսես Խորենացու «Պատմությանը»: Այս երկու սկզբնաղբյուրները փոխադարձաբար լրացնում են իրար և ուսումնասիրողներին հնարավորություն տալիս վերականգնելու Հայկական լեռնաշխարհի պատմությունը այդ հեռավոր ժամանակաշրջանում, երբ Ուրարտական (Վանի) թագավորության անկումից անմիջապես հետո հայկական անդրանիկ պետությունը կատարում է իր առաջին քայլերը:
«Կյուրոպեդիան» լայն տարածում է ունեցել հունա-հռոմեական աշխարհում: Այն հատկապես ընթերցանության սիրելի գիրքն է եղել հռոմեական արիստոկրատիայի այնպիսի ներկայացուցիչների համար, ինչպիսիք էին Սկիպիոն Աֆրիկացին, Կիկերոնը և ուրիշներ:  

Տես նաև Քսենոփոն Անաբասիս

Քսենոփոն | Կյուրոպեդիա | համառոտ Քսենոփոն | Կյուրոպեդիա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:31:00 Rating: 5
Технологии Blogger.