.jpg)
Տասնյոթամյա Հոլդեն Քոլֆիլդը, գտնվելով բուժիչ տանը, հիշում
է այն «խելահեղ դեպքը», որը պատահեց նախորդ տարվա Սուրբ Ծննդյան տոներին: Նա քիչ էր մնում հրաժեշտ տար կյանքին. հայտնվեց բուժիչ
տանը, երկար բուժում անցավ և հիմա հույս ունի վերադառնալ տուն:
Նրա հիշողությունները սկսվում են այն օրից, երբ նա հեռանում
է Փենսիից՝ փակ միջնակարգ դպրոցից: Նա, իհարկե, չի հեռանում իր կամքով: Նրան հեռացնում
են վատ ուսման համար: Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ սա առաջին դպրոցը չէ, որից
նրան հեռացնում են: Նախորդ դպրոցը նա ինքն է թողել, քանզի նրան ամենուր շրջապատում
էր կեղծիքը: Շրջապատող անհաղթահարելի կեղծիքի զգացումը չի լքում Հոլդենին ողջ վեպի
ընթացքում:
Վերջին օրը դպրոցում առանձնանում է բազում կոնֆլիկտներով:
Նա Փենսի է վերադառնում Նյու Յորքից, ուր մեկնել էր որպես սուսերամարտի թիմի ավագ:
Մրցությունը տեղի չի ունենում, որովհետև նա մետրոյի վագոնում է թողնում իր մարզական
գույքը: Նրա հետ նույն սենյակում ապրող Սթրեդլեյթերը խնդրում է նրան իր համար շարադրություն
գրել՝ նկարագրելով տունը կամ սենյակը: Սակայն Հոլդենը, որ ամեն բան սիրում է անել իր
ուզածով, գրում է իր մահացած եղբոր Ալլիի բեյսբոլային ձեռնոցի մասին: Սթրեդլեյթերը
դժգոհ է մնում: Իր հերթին դժգոհ է նաև Հոլդենը, քանզի Սթրեդլեյթերը հանդիպում է իր
հավանած աղջկա հետ: Վեճն ավարտվում է ծեծկրտուքով և Հոլդենի կոտրված քթով:
Հայտնվելով Նյու Յորքում՝ նա չգիտի, թե ինչպես հայտնի ծնողներին,
որ իրեն հեռացրել են: Նստում է տաքսի և գնում է հոթել: Ճանապարհին տալիս է իր սիրած
հարցը. «Ու՞ր են կորչում բադերը կենտրոնական զբոսայգում, երբ լճակը սառչում է»: Վարորդը
զարմանում է և հարցնում է, թե չի՞ ծաղրում
իրեն արդյոք ուղևորը: Ոչ: Հոլդենը չի ծաղրում նրան: Այդ հարցն ավելի շուտ արձագանք
է այն շվարածության զգացումի, որ գոյացել է նրա մեջ շրջապատող ունայնության պայմաններում:
Աշխարհը ճնշում, բայց նաև ձգում է նրան: Մարդկանց հետ ծանր
է, բայց առանց նրանց անհնար է: Նա փորձում է զվարճանալ հոթելին կից գիշերային ակումբում,
բայց ոչ մի լավ բան դրանից դուրս չի գալիս: Մատուցողը հրաժարվում է անչափահասին ոգելից
խմիչք բերել: Ուղևորվում է Գրինիչ-Վիլիջ գիշերային բարը, որտեղ լինում էր նրա ավագ
եղբայրը, որը գրող էր և որին գայթակղել էին հոլիվուդյան հոնորարները: Ճանապարհին նույն
հարցն է տալիս մեքենայի վարորդին: Սակայն չի ստանում բավարար պատասխան: Բարում հանդիպում
է իր եղբոր ծանոթ մի աղջկա, որը ժամանակ է անցկացնում նավաստու հետ: Աղջիկն այնպիսի
հակակրանք է առաջացնում նրա մոտ, որ շուտով լքում է բարը և ոտքով գնում հյուրանոց:
Հյուրանոցի սպասավորներից մեկը հետքրքրվում է նրանից, թե
չի ուզում արդյոք գիշերվա համար աղջիկ պատվիրել. հինգ դոլլար «որոշ ժամանակով», իսկ
տասնհինգ դոլլար ողջ գիշերը: Հոլդենը պատվիրում է աղջիկ «որոշ ժամանակով», սակայն ուժ
չի գտնում կորցնելու կուսությունը: Ուզում է խոսել աղջկա հետ, բայց սա եկել է աշխատելու:
Պահանջում է տաս դոլլար: Հոլդենը չի համաձայնում: Աղջիկը գանգատվում է սպասավորին և
նոր կոնֆլիկտն ավարտվում է Հոլդենի պարտությամբ:
Առավոտյան պայմանավորվում է հանդիպել Սալլի Հեյսի հետ, լքում
է անհյուրընկալ հոթելը և սկսում է տնազուրկի կյանք: Կարմիր գլխարկը գլխին՝ (այդ գլխարկը
գնել է Նյու Յորքում իր անհաջողությունների օրը) թափառում է սառը քաղաքի փողոցներում:
Սալլիի հետ գնում են թատրոն: Բայց դա չի ուրախացնում նրան: Պիեսն անհաջող է, դերասանները՝
նույնպես: Իր ընկերուհին նույնպես սկսում է հոգնեցնել Քոլֆիլդին:
Շուտով նրանք վիճում են: Թատրոնից հետո գնում են չմշկելու:
Այնուհետև բարում հերոսը դուրս է թափում հոգում կուտակված զզվանքը ամեն ինչի նկատմամբ:
Ատում է դպրոցը, տաքսին և վարորդին, հոթելի սպասավորներին, դերասաններին, որոնք ոչնչություններ
են…
Նրան դուր չի գալիս, որ Սալլին չի կիսում նրա ատելությունը. հատկապես դպրոցի նկատմամբ: Երբ առաջարկում է Սալլիին վերցնել երկու օրով մեքենան և
մեկնել իր հետ զբոսանքի, Սալլին հրաժարվում է: Նա ավելացնում է, որ իրենք ըստ էության
երեխաներ են: Այս խոսքերի համար Հոլդենը սուր վիրավորում է Սալլիին, և աղջիկը հեռանում
է՝ արցունքն աչքերին:
Հանդիպում է Պրինսթոնի ուսանող Կառլ Լյուիսի հետ: Սա շատ է
կենտրոնացած իր վրա, որպեսզի նկատի Հոլդենի տառապանքը: Հոլդենը հարբում է միայնակ,
հետո զանգում է Սալլիին և ներողություն է խնդրում: Զբոսայգում, որի լճակի բադերի մասին
հարցնում էր վարորդներին, պատահաբար վայր է գցում ձայնասկավառակը, որ գնել էր քրոջ՝
Ֆիբիի համար:
Գալիս է տուն: Ծնողները տանը չեն: Քրոջն է տալիս ձայնասկավառակի
կտորները: Քույրը չի բարկանում: Չնայած տարիքին՝ Ֆիբին առանց խոսքերի հասկանում է եղբոր
վերադարձի պատճառը: Հենց քրոջն է Հոլդենը հայտնում իր նվիրական երազանքը. «Երեկոյան
փոքրիկ երեխաները խաղում են տարեկանի արտում: Չկան մեծահասակներ: Միայն ես եմ: Եվ իմ
գործն է որսալ նրանց, որպեսզի չընկնեն անդունդը»:
Նա պատրաստ չէ հանդիպել ծնողների հետ և, պարտք վերցնելով
քրոջ կուտակած դրամը, գնում է իր նախկին ուսուցչի՝ միսթր Անտոլինիի մոտ: Չնայած ուշ
ժամին՝ Անտոլինին ընդունում է նրան և թողնում գիշերելու: Որպես հմուտ մանկավարժ սա
իր պարտքն է համարում մի քանի կարևոր խորհուրդ տալ, թե ինչպես պետք է լեզու գտնել շրջապատի
հետ, սակայն Հոլդենը չափազանց հոգնած է նրան լսելու համար: Երբ արթանանում է, տեսնում
է, որ անկողնու մոտ նստած է ուսուցիչը և շոյում է նրա ճակատը: Կասկածելով, որ միսթր
Անտոլինին անմաքուր մտքեր ունի, հեռանում է գիշերելու կայարանում:
Հասկանում է, որ զուր է կասկածել ուսուցչին և դա միայն ուժգնացնում
է նրա տրտմությունը:
Որոշում է մեկնել Արևմուտք և այնտեղ ամեն բան սկսել զրոյից:
Նամակ է գրում է Ֆիբիին, որի մեջ հաղորդում է իր որոշման մասին և խնդրում է հանդիպել պայմանավորված տեղում, որպեսզի կարողանա վերադարձնել պարտք վերցրած դրամը:
Սակայն քույրը գալիս է ճամպրուկը ձեռքին և հայտարարում է, որ գալիս է եղբոր հետ: Իր
քրոջ մեջ Հոլդենը տեսնում է իրեն: Նրան, ով չի ուզում դպրոց հաճախել և ով առհասարակ
հոգնել է ամեն ինչից: Հոլդենը ստիպված է լինում որդեգրել խոհեմության տեսակետը և մոռանալ
մի պահ իր ամենամերժության մասին: Սկսում է համոզել քրոջը, որ ոչ մի տեղ էլ մեկնել
չարժե և որ ինքն էլ ոչ մի տեղ մեկնել չի պատրաստվում: Տանում է քրոջը զբոսայգի, որտեղ
Ֆիբին կարուսել է նստում, իսկ ինքը հիացմունքով նայում է աղջկան:
Տես նաև Սթեյնբեք Մեր հոգսերի ձմեռը, Վուլֆ Նայիր տանը քո, հրեշտակ և Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին
Սելինջեր | Տարեկանի արտում՝ անդնդի եզրին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 21, 2015
Rating:
.jpg)