Հովհաննես Թումանյան | Խոսող ձուկը | համառոտ


Լինում է, չի լինում մի աղքատ մարդ: Գնում դառնում է ձկնորսի շալակտար: Օրական մի քանի ձուկ է աշխատում և դրանով ապրում են ինքն ու կինը: Մի անգամ ձկնորսը սիրուն ձուկ է բռնում, տալիս աղքատին, որ պահի, ինքը նորից ջուրն է մտնում: Շալակտարը նայում է սիրուն ձկանը և բարձրաձայն մտածում, թե այս խեղճ ձուկն էլ մարդկանց նման ծնող ունի, ընկեր ունի, ուրախություն կամ ցավ է զգում, թե չէԱյդ պահին ձուկը լեզու է առնում ու խոսում, խնդրում իրեն բաց թողնել ջուրը: Աղքատի մեղքը գալիս է, բաց է թողնում ձկանը՝ գցելով գետը: Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակտարի վրա և աշխատանքից հեռացնում նրան: Աղքատը մտախոհ վերադառնում է տուն: Ճանապարհին նա բախվում է մի մարդակերպ Հրեշի՝ առաջը մի գեղեցիկ կով: Աղքատը պատմում է գլխի եկածը, և հրեշը նրան առաջարկում է կաթնատու կովը երեք տարվա ժամանակով, որի ընթացքում ինքն ու կինը կուշտ-կուշտ կուտեն, կապրեն: Երեք տարի հետո՝ նույն գիշերը, ինքը կգա և նրանց հարց կտա: Թե պատասխանեն, կովը իրենց, թե չէ՝ երկուսն էլ իրեն, տանելու է, ինչ ուզի անի: Աղքատը համաձայնվում է: Երեք տարի կթում ու լիուլի ուտում են, չեն էլ նկատում, թե ինչպես է ժամանակն անցնում: Հասնում է նշանակած օրը: Զղջում է աղքատը, որ Հրեշի հետ է գործ բռնել: Հանկարծ նրանց է մոտենում մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ: Ասում է, թե ճամփորդ է, հյուր ընդունեն այդ գիշեր: Նրանք ասում են, թե այդ գիշեր իրենց տանը վտանգավոր է, Հրեշն է գալու, պատմում են իրենց հետ պատահածը, բայց երիտասարդը չի վախենում և ասում է՝ ուզում է մնալ: Կեսգիշերին դուռը դղրդում է: Սարսափից ամուսինների լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած: Երիտասարդն ասում է, թե ինքը կպատասխանի Հրեշին ու մոտենում է դռանը:
«-Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը:
-Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը:
-Ո՞րտեղից ես եկել:
-Ծովի էն ափից:
-Ընչո՞վ ես եկել:
-Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:
-Ուրեմն ծովը պստիկ է եղել:
-Ի~նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:
- Ուրեմն արծիվը ճուտ է եղել:
-Ի՞նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:
-Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ:
-Ի~նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:
-Որեմն նապաստակը ձագ է:
-Ի~նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել:
-Ուրեմն մարդը թզուկ է:
-Ի~նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ:
-Ուրեմն խուլ է:
-Ի~նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի, նա կսլի»:
Հրեշը մնում է մոլորված, զգում է, որ ներսում իմաստուն ուժ կա, համարձակ ու անհաղթելի, սուս ու փուս կորչում է գիշերվա խավարի մեջ: Բացվում է բարի լույսը, աղքատն ու կինը ուրախանում են: Հյուրը պատրաստվում է գնալ, չեն թողնում, խնդրում են ասել, թե ինչով վճարեն նրա լավությունը: Երիտասարդն ասում է, թե պիտի շարունակի իր ճանապարհը: Խնդրում են գոնե անունն ասել, որպեսզի գոնե իմանան, թե ում օրհնեն: Երիտասարդն ասում է, որ լավությունը անելիս, անգամ եթե ջուրն ես գցում, չի կորչի, ինքը այն խոսող ձուկն է, որի կյանքը աղքատը խնայեց: Ասում է ու չքանում ապշած ամուսինների աչքերից:


Հովհաննես Թումանյան | Խոսող ձուկը | համառոտ Հովհաննես Թումանյան | Խոսող ձուկը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 27, 2015 Rating: 5
Технологии Blogger.