Ղազարոս Աղայան | Օձամանուկ և Արևահատ


Մասիս սարի մյուս կողմում, շատ հեռու մի երկրում մի թագավոր է ապրում: Նա շատ հարուստ է, ունի ոսկի, արծաթ, մեծ զորք, շատ ու շատ քաղաքների տեր է, բայց չունի զավակ: Հեքիմներն ու բժիշկները չեն կարողանում օգնել նրան: Հույսը դնում է աստծո վրա, ամեն օր մատաղ է անում, աղքատներին բաժանում, օրը յոթ անգամ աղոթք է անում, բայց ոչինչ չի օգնում:
Մի օր իր պարտեզում զբոսնելիս մի սիրուն շահմար օձ է տեսնում՝ ճուտերը գլխին հավաքված: Սրանք մոր վզովն են փաթաթվում, փորի տակը մտնում, խաղում: Թագավորը արարչին է դիմում, թե օձի սիրտն էլ է սեր գցել, որ իր ձագերին սիրի, իսկ ահա իրեն, որ այդքան սեր ունի իր մեջ, ինչու մի օձի ձագ էլ չի տալիս: Դու մի ասա, այդ պահին Աստծո դռները բաց են լինում ու թագավորի խոսքը աստծո ականջն է հասնում: Մի տարի չանցած, թագավորի կինը ծնում է ու բերում մի օձի ճուտ: Սկզբում թագավորից թաքցնում են այդ լուրը, բայց քանի որ օձը ամեն շունչ առնելիս մեծանում է, դառնում մի ահագին վիշապ, ծննդկանը, տատմայրն ու մյուսները վախից փախչում են: Օձի ճուտը, մենակ մնալով, լաց է լինում: Նրա ծվվոցից պալատը դղրդում է: Թագավորը իմանում է, որ իր որդին օձ է և հիշելով իր խնդրանքը, որոշում է պահել նրան: Գիտուն մարդկանց հավաքելով՝ խորհրդակցում են և որոշում են ուրիշ երկրներից աղջիկներ փախցնել իբրև ուտելիք վիշապի համար: Մասիսի այս կողմում Արևան անունով մի գյուղ է լինում: Այստեղ մի մարդ ու կին են ապրում: Մարդը առաջին ամուսնությունից մի գեղեցիկ աղջիկ ունի՝ Արևահատ անունով, կինն էլ իր հետ է մի աղջիկ բերել՝ տգեղ, անունը՝ Մամխի: Խորթ մայրը չար կին է և անդադար աշխատացնում է մարդու աղջկան, որ սա տգեղանա, բայց հակառակը, նա օրեցօր ավելի է գեղեցկանում: Խորթ մայրը ամուսնուն միշտ բողոքում է Արևահատից, իսկ աղջիկն էլ չի կարողանում պաշտպանել, արդարացնել իրեն և հայրը, հավատալով կնոջը, միշտ բարկանում է նրա վրա: Իր սրտի ցավերը Արևահատը թափում է մոր գերեզմանի վրա, որտեղ հաճախ քնում է, երազում մորը տեսնում: Նա խրատում է աղջկան բարի մնալ, համբերել ամեն նեղության, շոյում է նրան ու մխիթարում: Այսպես աղջիկը միշտ ուժ է հավաքում, հոգի ստանում ու մխիթարվում: Վիշապի մասին լուրը տարածվում է նաև այս գյուղում, և խորթ մայրը որոշում է աղջկան ուղարկել հանդ, որ գնա վիշապի բերանն ընկնի: Արևահատը հասնում է մի կանաչկոտ տեղի, ուր դեռ արածացրած չէր, նստում է, իլիկը մանում, անմեղ անասուններն էլ մշմշալով արածում են: Հանկարծ մի պառավ կին է հայտնվում: Սա ասում է, որ ինքը այս երկրից չէ, Արևի մայրն է, մարդիկ որ ասում են՝ «Արևամայր», դա հենց ինքն է: Եկել է օրհնելու նրան, որպեսզի վերջ տա նրա տարաբախտությանը: Արևամայրն օրհնում է նրան, ուրիշ շատ բաներ ասում, խրատներ տալիս, ապագան գուշակում, մի կապոց տալիս, որի մեջ մի զգեստ կա՝ ասես ճառագայթներից գործած: Աղջիկը դա պետք է պահի և հագնի իր հարսանիքի օրը: Պառավն անհետանում է, արևն էլ մայր է մտնում: Վերադարձին աղջկա ճանապարհը կտրում են մի քանի ձիավորներ: Հեռվից հասկանալով, որ լավ մարդիկ չպիտի լինեն, ցեխ է քսում իր դեմքին, որ իր գեղեցկությունը նրանց չգրավի, սակայն ձիավորները նրան տանում են: Արևահատն էլ մտածում է, որ ավելի լավ է տանեն, գոնե խորթ մորից կազատվի, ավելի վատ տեղ հազիվ թե լինի: Նրան տանում են մի մաղարա, որտեղ տեսնում է, որ շրջակա գյուղերից հավաքած երեսուն-քառասուն աղջիկներ կան, բոլորն էլ վիշապի համար: Բոլոր աղջիկներին տանում են քաղաք: Բնակիչները տեսնում են, որ սրանք բոլորը հայ աղջիկներ են, մեկը մյուսից գեղեցիկ ու ափսոսում են, որ վիշապի կերակուր պիտի դառնան: Տեսնելով, որ ամենից տգեղը Արևահատն է, որոշում են առաջինը նրան տանել վիշապի մոտ: Աղջիկը պարտեզում խնդրում է իրեն մի քանի րոպե տալ, որպեսզի իրեն կարգի բերի: Նրան ասել են, թե մարդու են տանում, փեսացուն թագավորի որդին է: Լվացվում է, հագնում պառավի տված հագուստը: Նրա գեղեցկությունից զմայլված ուղեկիցները շփոթվում են: Աղջիկը այս անգամ հրամայում է, որ իրեն տանեն թագավորի որդու մոտ: Մտնելով ներս՝ տեսնում է մեծ վիշապին: Մի պահ վախենում է, ապա հիշելով պառավի խոսքերը, կրկնում է դրանք: Օձը կծկվում է, ապա պայթում: Նրա միջից դուրս է գալիս հիասքանչ մի տղա: Քիչ անց ծառաները բարի լուրը հասցնում են թագավորին: Թագավորն ու թագուհին ներս են մտնում և տեսնում, որ սպիտակ սավանով նստած է մի հիասքանչ տղա՝ կողքին մի սքանչելի աղջիկ: Նրանք զրուցում են ու ծիծաղում: Երջանիկ թագավորն ու թագուհին փաթաթվում են նրանց, տղային գեղեցիկ զգեստներ հագցնում, անունը դնում են Օձամանուկ: Արևահատն ու Օձամանուկն ամուսնանում են և հասնում իրենց մուրազին
   
Ղազարոս Աղայան | Օձամանուկ և Արևահատ Ղազարոս Աղայան | Օձամանուկ և Արևահատ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:13:00 Rating: 5
Технологии Blogger.