
Մանիֆեստ գրելու համար հարկ է պահպանել a, b, c կարգը և հերքել
ուրիշների 1, 2, 3 դրույթները: Հեղինակը (Տրիստան Տցարան) գրում է մանիֆեստ, սակայն
նա ոչինչ չի ուզում: Եվ գրելով մանիֆեստ` նա միաժամանակ դեմ է ամեն տեսակ մանիֆեստների:
Նա գրում է, որպեսզի ցույց տա, որ կարելի է միաժամանակ նախաձեռնել հակադիր գործողություններ:
Դադա բառը ոչինչ չի նշանակում: Թերթերից կարելի է իմանալ,
որ Կրու ցեղի նեգրերը այդպես են կոչում սրբազան կովի պոչը, որ Իտալիայի որոշակի տեղանքում
այդպես են կոչում խորանարդը և մորը, որ այն նշանակում է փայտե ձի, ստնտու, որ ռուսերեն
և ռումիներեն դա կրկնակի հաստատում է: Արվեստի երկը չպիտի լինի ինքնին գեղեցիկ, քանզի
գեղեցկությունը մեռած է: Արվեստի երկը օբյեկտիվ չէ, հետևաբար քննադատությունն անօգուտ
է:
Նոր կտակարանի պատվիրանները երեսպաշտություն են: Դելփիքի
պատգամը ուտոպիա է: Բայց այս վերջինը ավելի կենսունակ է, քանի որ իր մեջ չարիք ունի:
Դադան ծնվում է ընդհանուրի և հասարակականի հանդեպ կասկածից
և անվստահությունից: Հարկ է վերջ տալ կուբիստական և ֆուտուրիստական ակադեմիաներին:
Արվեստը բուրժուաներին դուր գալու համար չէ: Կուբիզմը ծնվում է առարկային նայելու եղանակից:
Սեզանը տեղադրեց նկարելիք բաժակը աչքերի մակարդակից 20 սանտիմետր ներքև: Ֆուտուրիստը
դիտում է բաժակը շարժման մեջ: Նոր նկարիչը ստեղծում է աշխարհ, որի տարրերը հենց նկարելու
միջոցներն են:
Արվեստի երկը անօգուտ է և նման է հրեշի, որը կոչված է վախեցնելու
ստրկամիտ հոգիներին: Բարձրագույն ձևերն են՝ կարգը – անկարգությունը, Ես – ոչ Ես, հաստատում
– մերժում:
Դադաիզմը սենտիմենտալ և դողացող չէ:
Փիլիսոփայությունը հարց է: Ինչպե՞ս, ո՞ր կողմից դիտել Աստծուն,
գաղափարը… սակայն այդ ընթացքում քննվող առարկան կեղծ է: Ի՞նչ ուտել ճաշից հետո հարցը պակաս
կարևոր չէ:
ԻԴԵԱԼ, ԻԴԵԱԼ, ԻԴԵԱԼ,
ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ,
ԲՈՒՄ-ԲՈՒՄ, ԲՈՒՄ-ԲՈՒՄ, ԲՈՒՄ-ԲՈՒՄ:
Հոգեվերլուծությունը շատ վտանգավոր հիվանդություն է, այն
քնեցնում է հակակղերական հակումները: Դիալեկտիկան զվարճանքի մեքենա է: Տրամաբանությունը
օրգանական հիվանդություն է: Այն միշտ կեղծ է: Հեղինակը դեմ է բոլոր համակարգերին:
Արվեստը մասնավոր բան է: Արվեստագետը զբաղվում է արվեստով
միայն ինքն իր համար: Թերթերի կողմից վարձված արվեստագետը վերարկուի աստառ է:
Թող բոլորը բացականչեն. գոյություն ունի մեծ կործանման աշխատանք:
Ավլելու և մաքրելու շատ բան կա: Հարկ է արտաքսել համակարգերը և նախագծերը:
Բարոյականության ծնած կարեկցանքի և խղճահարության մեջ բարի
ոչ մի բան չկա: Դադան մերժում է հիերարքիաները, հիշողությունը, հնէաբանությունը, տրամաբանությունը,
հավասարությունը:
Դադան ազատություն է: Այն խաչավորում է հակասությունները,
գրոտեսկը և անհետևողականությունները: Դադան կյանքն է:
Տես նաև Ֆիլիպո Տոմազո Մարինետտի Ֆուտուրիզմի մանիֆեստ և Սալվադոր Դալի Սալվադոր Դալիի կյանքը և Երեքի դեկլարացիա
Տրիստան Տցարա | Դադայի մանիֆեստ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 05, 2016
Rating:
