Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Ոգու ֆենոմենոլոգիա | համառոտ

Ըստ Հեգելի փիլիսոփայելու պահը համընկնում է բանականության ինքնավերացարկման հետ, երբ առանձին բանականությունը բարձրանում է Ոգու աստիճանի: Դա չի կարող տեղի ունենալ իսկույն: Դեկարտի և Կանտի ex abrupto մեթոդները այս իմաստով մերժվում են: Փիլիսոփայության ներածություն չի կարող լինել այն, ինչն իր հերթին արդեն փիլիսոփայություն չէ: Ոգու ֆենոմենոլոգիան կոչված է ցույց տալու էմպիրիկ գիտակցության վերաճելը բացարձակ իմացության: Ուստի այդ գիտության ներածությունը արդեն իսկ գիտություն է:
Բացարձակը ճանաչվում է երկակի՝ որպես օբյեկտ և որպես սուբյեկտ: Փիլիսոփայությունը ինքն իրեն ճանաչող Բացարձակն է: Ֆենոմենոլոգիան այն ճանապարհն է, որը դուրս է բերում վերջավոր գիտակցությունը անվերջ գիտակցության մակարդակի: Մեթոդը անխուսափելիորեն պիտի լինի դիալեկտիկական: Ոգին անցնում է ինքնաճանաչման պատմական շրջափուլեր, որոնց ընթացքում ինքնաիրագործվում է. նույն ճանապարհը անցնում է նաև առանձին էմպիրիկ անհատը:
Ինքնաորոշարկման և դրսևորման մեջ գիտակցությունը պահանջում է Այլ-ի ճանաչողություն: Անհրաժեշտ է սուբյեկտ և օբյեկտ: Այս հակադրությունը ամեն գիտակցության կերպն է: Ֆենոմենոլոգիական ճանապարհը ենթադրում է հետևյալ փուլերը՝ Գիտակցություն (նեղ իմաստով), Ինքնագիտակցություն, Բանականություն, Ոգի, Կրոն, Բացարձակ իմացություն: Սրանցից յուրաքանչյուրն իր առանձին որոշարկվածության մեջ անհամարժեք է և ստիպում է դիմել իր հակադրությանը: Զգայական հայեցողությունը տալիս է առանձին եզակիի իմացություն, որը թվում է ճշմարիտ: Սակայն շուտով այդ ճշմարտության մեջ առաջ է գալիս հակասություն և հարկ է լինում դիմել ավելի ընդհանուր ճշմարտության: Այս փուլում դատողականությունը հայտնաբերում է, որ օբյեկտը կախված է նաև իրենից: Երկրորդ փուլը ինքնագիտակցությունն է, որտեղ գիտակցությունը բացահայտում է իր ցանկությունները: Սկզբնապես ինքնագիտակցությունը դուրս է մղում իրենից ամեն օտար բան: Սակայն շուտով ստիպված է հրաժարվել այդ դիրքորոշումից, կապի մեջ է մտնում ուրիշ ինքնագիտակցությունների հետ և դուրս է գալիս վերացականությունից: Մի գիտակցությունը ունի ուրիշ գիտակցության կարիք, քանի որ խնդիր ունի իրեն ենթարկելու այն: Այսպես է ծնվում «տիրոջ և ստրուկի» հարաբերությունը: Տերը ենթարկելով իրեն մահվան վտանգի, դառնում է դրության տերը: Նա հաղթում է: Ստրուկը վախենալով մահից և փրկելու համար կյանքը ընդունում է ստրուկի իր կարգավիճակը: Նա վերածվում է իրի: Սակայն դիալեկտիկական շարժումը կատարում է վերադասավորումներ, քանի որ իր ստրուկի գործունեությունից կախված տերն ինքն է ստրկանում և նրանց տեղերը փոխվում են: Տերը ստրուկի մեջ բախվում է այն կետին, որը ինքնագիտակցության մաս չէ, իսկ ստրուկը տիրոջ մեջ գտնում է գիտակցություն. նա կատարում է տիրոջ կամքը: Ինքնագիտակցությունը անցնում է երեք փուլեր՝ ստոիցիզմի, սկեպտիցիզմի և դժբախտ գիտակցության:
Բանականությունը ծնվում է, երբ գիտակցությունը բացահայտում է ամեն իրականություն լինելու հավաստիությունը: Սա իդեալիզմի էությունն է: Բանականություն ամենայն իրն է: Բանականությունը անցնում է երեք փուլեր՝ բնությունը հայեցող բանականություն, գործող բանականություն և գիտակցությունը Ոգի դարձնող բանականություն:
Բնությունը հայող բանականությունը բնության մասին գիտությունների ոլորտում է: Իրերի մեջ այն փնտրում է իրենից տարբերը՝ լավ իմանալով, որ կգտնի սեփական անվերջությունը:
Գործող բանականությունը առավել բարձր մակարդակում կրկնում է ինքնագիտակցության շարժումը: Նախ անհատը ձգտում է երջանկության. սա Գյոթեի Ֆաուստի տիպն է: Նրան թվում է, թե նա տիրում է կյանքին, սակայն ճանաչում է լոկ մահը: Երկրորդ փուլում բանականությունը հայտնաբերում է սրտի օրենքը: Հավանաբար սա Ժան Ժակ Ռուսոյի դեպքն է: Սակայն սիրտը շտապում է: Այն չի հասցնում միջնորդավորվել և ցուցաբերում է Ոգու հետ սուբյեկտիվ անհամաձայնության պահ: Երրորդ փուլը համապարփակ առաքինության բանականությունն է, որը դեռ աբստրակտ է: Այսպիսի տիպը ցանականում է փոխել պատմության ընթացքը. մենք գործ ունենք Դոն Կիխոտի կամ Ռոբեսպիերի հետ:
Բանականությունը, որը բարձրանում է Ոգու աստիճանի, համադրում է հայող և գործող բանականության փուլերը:
Բանականությունը, որն իրագործված է ազատ ժողովրդի կողմից, Ոգի է: Ոգին անցնում է երեք փուլ: Առաջինում նա ինքնին էթիկականություն է, երկրորդում օտարված է իրենից, իսկ երրորդում հասել է սեփական հավաստիությանը:
Առաջին պահը համընկնում է հունական պոլիսի բարձր էթիկական կյանքի հետ: Այստեղ կա բախում գրված և չգրված օրենքների միջև: Սոփոկլեսի Անտիգոնեն դրա վառ օրինակն է: Մարդկանց օրենքի համաձայն նա չպիտի թաղի եղբորը, իսկ աստվածային օրենքը պատվիրում է նրան թաղել եղբորը: Կրեոնը պատժում է Անտիգոնեին, որը խախտել է մարդկային օրենքը, իսկ ճակատագիրը պատժում է նրանց երկուսին: Այս կոնֆլիկտներից ծնվում է ընդհանրությունը՝ «իրավաբանական անձը», որը առաջ է գալիս Հռոմեական կայսրության մեջ: Սակայն իրավահավասարությունը առաջ է բերում վերացականություն: Կեսարը օրինակն է մարդու, որը աշխարհի տիրակալն է և անջատված է էթիկական սուբստանցից: Այդ տրոհման բարձրակետը երկրորդ փուլն է, որը մարմնավորվում է նոր Եվրոպայում: Այստեղ հավատին հակադրվում է մերկ ինտելեկտուալացումը: Լուսավորիչների հավատը բանականության նկատմամբ և հավասարապաշտությունը դարարկ են: Դրանց ուղիղ հետևանքը տեռորն է: Ինքն իր հետ հաշտվող Ոգին, որը երրորդ փուլում է, նախ կանտական տիպի է, որից սերում է ռոմանտիկների «հրաշալի ոգին»: Այն այնքան գիտակցական է, որ չի ցանկանում իջնել գործունեության աստիճանի և չի հանդուրժում ոչ մի իրականություն. ավարտում է խելագարությամբ կամ թոքախտով (Նովալիս, Հյոլդեռլին…):
Բացարձակ գիտելիքը կրոնն է, որտեղ Բացարձակը գալիս է ինքնագիտակցության: «Ոգու ֆենոմենոլոգիան» իմաստային դաշտում այնքան բազմարժեք է, որ այն կարելի է համեմատել դաստիարակչական վեպի հետ (Գյոթեի «Վիլհելմ Մայստերի», Ռուսոյի «Էմիլի» և Նովալիսի «Հայնրիխ ֆոն Օֆթերդինգենի»): Հերոսները հաղթահարում են հիասթափության և ինքնաճանաչման բազմաթիվ փուլեր և հասնում են ճշմարտությանը:                 

Տես նաև Բենեդիկտ Սպինոզա Էթիկա և Ֆրիդրիխ Նիցշե Այսպես խոսեց Զրադաշտը և Իմմանուել Կանտ Զուտ բանականության քննադատություն
Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Ոգու ֆենոմենոլոգիա | համառոտ Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Ոգու ֆենոմենոլոգիա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:48:00 Rating: 5
Технологии Blogger.