
Դեկտեմբերի 24-ին բժշկական խորհրդական Շտալբաումի տանը բոլորը
պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոներին: Երեխաները՝ Ֆրիցը և Մարին, փորձում են գուշակել,
թե այս անգամ ինչ նվերներ կստանան գաղտնիքների վարպետ, կնքահայր Դրոսսելմայերից, որը
հաճախ է վերանորոգում իրենց տան ժամացույցները:
Երեկոյան երեխաներին մոտ են թողնում եղևնուն, որի տակ դրված
են նվերները՝ նոր տիկնիկներ, հուսարներ և այլն: Կնքահայրը պարող տիկնիկներով գեղեցիկ
մեխանիկական դղյակ է սարքել, սակայն այն շուտ ձանձրացնում է երեխաներին, քանի այդ դղյակը
հնարավոր չէր մտնել: Մարին գտնում է Ընկույզկոտրիչին: Փորձելով ընկույզ կոտրել
նրանով, Ֆրիցն իսկույն կոտրում է նրա երկու ատամը: Ընկույզկոտրիչին սկսում է խնամել
Մարին: Գիշերը երեխաները պահում են խաղալիքները ապակե պահարանի մեջ: Մարին մնում է
պահարանի մոտ և վկա է դառնում մկների յոթգլխանի թագավորի առաջնորդած մկների և Ընկույզկոտրիչի
առաջնորդած տիկնիկների բանակների ճակատամարտին: Տիկնիկները մկների ճնշմանը չդիմանալով,
հանձնվում են, և երբ մկների թագավորը հասնում է Ընկույզկոտրիչին, Մարին նետում է նրա
վրա իր կոշիկը…
Աղջիկը զարթնում է կապկպած արմունկով: Պարզվում է, երեկոյան
անզգուշորեն կոտրել է պահարանի ապակին: Նրա գիշերվա պատմությանը ոչ ոք չի հավատում:
Կնքահայրը բերում է վերանորոգված Ընկույզկոտրիչին և պատմում է կռու ընկույզի մասին
հեքիաթը: Թագավորն ու թագուհին ունենում են դուստր: Դա արքայադուստր Պիրլիպատն է: Մկների
թագուհին, վրեժ լուծելով իր ազգականների համար, որոնց սպանել են պալատական ժամագործ
Դրոսսելմայերի սարքած թակարդները, գեղեցկուհուն վերածում է այլանդակի: Հիմա նրան կարող
է հանգստացնել միայն ընկույզների շխկշխկոցը: Դրոսսելմայերը իր ծանոթ աստղագետի հետ
կարողանում են պարզել, որ Պիրլիպատին նախկին տեսքին կարող է վերադարձնել Կրակատուկ
ընկույզը, որը հատուկ եղանակով պիտի կոտրի գեղեցիկ երիտասարդը: Դրոսսելմայերը և աստղագուշակը
գտնում են Կրակատուկը և երիտասարդին, որը Դրոսսելմայերի եղբորորդին է: Շատ երիտասարդներ
փորձում են կոտրել ընկույզը, սակայն կոտրում են ատամները: Երբ թագավորը խոստանում է,
որ կնության կտա դստերը ընկույզը կոտրել կարողացողին, հայտնվում է Դրոսսելմայերի ազգականը:
Նա կոտրում է ընկույզը, սակայն չի կարողանում կատարել ամոբողջությամբ ծեսը, քանի որ
նրա ոտքի տակ է նետվում մկների թագուհին: Մուկը սատկում է, սակայն նա վերածվում է Ընկույզկոտրիչի:
Թագավորը վռնդում է Դրոսսելմայերին և աստղագետին, իսկ վերջինս գուշակում է, որ Ընկույզկոտրիչի
այլանդակությունը կանցնի, երբ նա կհաղթի մկների թագավորին և գեղեցիկ աղջիկը կսիրի նրան:
Մեկ շաբաթից Մարին ապաքինվում է և սկսում է մեղադրել Դրոսսելմայերին
այն բանի համար, որ սա չի օգնում Ընկույզկոտրիչին: Կնքահայրն ասում է, որ միայն Մարին
կարող է օգնել նրան: Այդ ընթացքում մկների թագավորը սկսում է գիշերներով այցելել Մարիին
և պահանջել նրա քաղցրավենիքը, փոխարենը խոստանալով չվնասել Ընկույզկոտրիչին: Ծնողներն
անհանգստանում են, որ տանը մկներ են հայտնվել: Մկների թագավորը պահանջում է աղջկա գրքերը:
Մարին սկսում է արտասվել և կրծքին է սեղմում Ընկույզկոտրիչին, ասելով, որ երբ այլևս
տալու ոչինչ չունենա, չի կարողանա պաշտպանել նրան: Ընկույզկոտրիչն ասում է, որ ինքը
կարող է պաշտպանել իրեն: Բայց նա չունի սուր: Ֆրիցը օգնում է Մարիին սուր գտնել Ընկույզկոտրիչի
համար:
Գիշերը Ընկույզկոտրիչը գալիս է Մարիի մոտ արյունոտ սուրը
ձեռքին, իսկ մյուս ձեռքին յոթ ոսկե թագեր, որոնք հանել է մկների թագավորիր գլխից: Նա
տանում է աղջկան իր կախարդական աշխարհը:
Առավոտյան Մարին արթնանում է իր անկողնում: Նրա պատմությանը
ոչ ոք չի հավատում: Յոթ թագերի մասին Դրոսսելմայերն ասում է, որ ինքն է նվիրել աղջկան:
Ընկույզկոտրիչը կանգնած է պահարանի մեջ:
Բայց մի օր տան շեմին հայտնվում է Դրոսսելմայերի ազգականը,
որը սեր է խոստովանում Մարիին և տանում է իր թագավորություն: Ասում են, որ Մարին հիմա
էլ այնտեղ թագուհի է:
Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման | Ընկույզկոտրիչը և մկների թագավորը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
5:58:00
Rating:
