
Օդեսայում ապրած ժամանակ հեղինակը ճանաչել է ծեր իտալացի կոշկակար Ջիովաննիին, իր թուլակազմ, եղնիկի պես վախկոտ, տասը-տասներկու
տարեկան աղջիկ-թոռնիկի հետ: Մի անգամ
այցելում է ծերուկին իր արհեստանոցում, որտեղ սա մրմնջում է «Մարսելեզը»: Ծերուկի
անշուք, մերկ սենյակի մեջ աչքի է ընկնում ոսկեզօծ շրջանակի մեջ դրած Գարիբալդիի պատկերը, որ կախված է ծերունու գլխի վերևը: Այն հարցին
ի պատասխան, թե սիրում է արդյոք Գարիբալդիին, ծերուկը, պատմում է իտալացի հերոսի հետ
անձնական շփման դիպվածը:
Նրա զինվորներից է եղել՝ «Ալպյան որսորդների»
բանակի քաջերից մեկը, նրա «Հազարյակի» մշտական կամավորներից: Այն ժամանակ քսան և հինգ տարեկան երիտասարդ
էր: Գարիբալդիի հետ արծվի պես մղվում էր մյուս զինվորների հետ թշնամու բանակի սիրտ և փոթորկի ուժով քշում նրանց աշնան տերևների պես-այդ կանոնավոր թնդանոթավոր,
ավստրիական-կայսերական
բանակները: Նրանց քշում են մինչև Վենետիկի լագուները: Բայց Ֆրանսիայի կայսրը նամակ է գրում Գարիբալդիին
և արգելում առաջ գնալ: Գարիբալդին զայրացած պատռում է կայսրի նամակը և պատռած կտորները ետ ուղարկում նրան,
իբրև պատասխան: Բայց երբ Իտալիայի
թագավորն
է նամակ գրում Գարիբալդիին, որ դադարեցնի արշավանքը,
Գարիբալդին հնազանդվում է, զորքը տանում սուրբ Մարկոսի քաղաքի մոտերքից: Ջիովաննիի
ընկերներից շատերն ընկնում են կռվի սուրբ դաշտում, իսկ իրեն բախտը ուրիշ բան էր կամեցել: Նա տեսնում
է Իտալիան ազատագրված, վերամիավորված, սակայն մի նոր գերության մեջ հայտնված: Աղքատ է շատ Իտալիայի գյուղացին ու բանվորը, իր որդին սպանվել է կառավարության
զինվորների ձեռքով, մի բանվորական
գործադուլի ժամանակ, իսկ հարսը՝ գործարանի ծանր աշխատանքից թոքախտից մեռնում է: Ծերունին նավ է նստում և պանդուխտ դառնում՝ գերադասելով
ապրել օտարության մեջ: Հիմա ապրում է իր թոռան համար: Ծերունին
երկար նայում է պատին կախված Գարիբալդիի նկարին: Տիրում է մի երկյուղ լռություն:
Այդ ժամանակ ներս է մտնում թոռնիկը և վախվխելով բարևում հեղինակին: Հեղինակը վեր է կենում, համբուրում
ծերունու կոշտացած, սևացած ձեռքը, գլուխ տալիս և հեռանում:
Տարիներ հետո, երբ նորից լինում
է Օդեսայում, շատ է որոնում ծերունուն,
բայց չի գտնում:
«Ո՞վ գիտե, ուր է նա հիմա. արդյո՞ք նորից հոգին շքեղ երազների մեջ` գրկել է և ամուր սեղմել մանր ու չնչին մարդկանց կոշիկները իր առնացի, հերոսական
սրտի վրա և համբերությամբ
կարկատում` իր վերջին պարտքը կատարելով թոռնիկի հանդեպ, թե գոյության կռվի դաժան ալիքները, որ այնպե՜ս գռեհիկ են դեպի մեծություններն ու գեղեցկությունները, վերջնականապես
խորտակել են այդ չքնաղ բեկորը և հողերի հավասարացրել
և որբուկին թողել ապերախտ հայրենիքից դուրս, նյութապաշտ մարդկանց մեջ` խեղճ ու անօգնական»:
Ավետիք Իսահակյան | Գարիբալդիականը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 08, 2016
Rating:
