
1950-ական թթ.: Ֆրանսիա: Սեսիլը
ծնվել է բուրժուական բարեկեցիկ ընտանիքում: Մայրը մահացել է և նա ապրում է հոր՝ Ռեյմոնի
հետ: Հայրը ապրում է թեթև կյանք և չի թաքցնում սիրային կապերը: Դրա կարիքն էլ չկա,
քանի որ սիրուհիների շքերթը միայն հետաքրքիր է դարձնում Սեսիլի կյանքը: Ռեյմոնը իր
հերթական սիրուհի Էլզայի և Սեսիլի հետ Լազուրե ափին են: Նրանց է այցելում Ռեյմոնի ընկերուհին,
նրա հասակակից Աննան: Սա գեղեցիկ և խելացի կին է:
Սեսիլը ծովափին ծանոթանում
է գեղեցկատես ուսանող Սիրիլի հետ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում: Մինչդեռ տանը
մթնոլորտը փոխվում է: Ռեյմոնին ավելի ու ավելի է սկսում դուր գալ Աննայի ընկերակցությունը
և նա սկսում է խուսափել թեթևամիտ Էլզայից: Մի անգամ երեկոյան կազինոյում Ռեյմոնը թողնում
է Էլզային և Սեսիլին, իսկ ինքը հեռանում է Աննայի հետ: Հաջորդ օրը Ռեյմոնը և Աննան
հայտնում են Սեսիլին, որ պատրաստվում են ամուսնանալ: Սեսիլը ոչինչ չունի Աննայի դեմ,
անգամ համակրում է նրան, սակայն ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ այդ կինը փոխի
իրենց կենցաղը Փարիզում:
Մի օր Աննան, որը տեսնում է
ծովափին միմյանց կողքի մերկ պառկած Սեսիլին և Սիրիլին, խնդրում է երիտասարդին այլևս
չգալ իրենց մոտ, իսկ Սեսիլին նստեցնում է գրքերի առաջ, որովհետև սա պիտի աշնանը հանձնի
փիլիսոփայության քննությունը:
Սեսիլը հանդիպում է Էլզային
և համոզում է, որ իր հորը պետք է փրկել Աննայից, որ իրականում Ռեյմոնը միայն Էլզային
է սիրում: Մի ամբողջ թատերական ներկայացում է հորինում, և Սիրիլին համոզում է խաղալ
Էլզայի սիրեկանի դերը, որպեսզի իր տարեց հայր Ռեյմոնը սկսի խանդել Էլզային և ուզենա
վերադարձնել: Ծրագիրն աշխատում է: Ռեյմոնը սկսում է խանդել: Սեսիլը հասկանում է, որ
սխալ է վարվում, որ Աննան սիրում է իր հորը: Սակայն միևնույն ժամանակ չի կարող դադարեցնել
սկսածը:
Շուտով Սեսիլը տեսնում է Աննային,
որը հավաքում է իր ճամպրուկը: Աննան հեռանալու որոշում է ընդունել: Սեսիլը նետվում
է նրա ետևից, ուզում է վերադարձնել, սակայն Աննան ոչինչ չի ուզում լսել:
Երեկոյան Ռեյմոնը և Սեսիլը
ընթրում են: Երկուսն էլ հասկանում են, որ պետք է վերադարձնել Աննային: Նամակ են գրում:
Հնչում է հեռախոսի զանգը: Նրանց հայտնում են, որ Աննայի մեքենան շրջվել է ճանապարհից
և անդունդն ընկել:
Աննային թաղելուց հետո Ռեյմոնն
ու Սեսիլը ապրում են ասես այրին և որբը: Մի ամիս ոչ մի տեղ դուրս չեն գալիս: Աստիճանաբար
սովորում են ստեղծված իրավիճակին: Սովորում են այն մտքին, որ Աննայի մահը ոչ թե ինքնասպանության,
այլ դժբախտ պատահարի արդյունք է: Եվ սկսվում է նախկին ուրախություններով ու զվարճանքներով
լեցուն կյանքը: Երբ հանդիպում են, պատմում են իրար սիրային հաղթանակների մասին: Նրանց
թվում է, թե երջանիկ են: Սակայն առավոտները, երբ երիտասարդ Սեսիլը դեռ պառկած է անկողնում,
լսում է ավտոմեքենաների ձայնը, հիշում է անցյալ ամառվա միջադեպը և թախծում է:
Տես նաև Ֆրանսուազ Սագան Մի երեկո, Ֆրենսիս Սքոտ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբի, Ջերոմ Սելինջեր
Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Անատոլ Ֆրանս Թաիս
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆրանսուազ Սագան | Բարև, թախիծ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 09, 2016
Rating:
