
Ունանը և Զանին փոքր տուն ունեն և տան մոտ՝ պարտեզ, որի մի
մասը բանջարանոց է: Տարին բոլոր Ունանը պարտեզից դուրս ուրիշ տեղ աշխատանքի չի գնում:
Աշխատանքն անպակաս է: Նրանց միակ կովը, պոզը կոտրած Նարգիզը, սերվում է նախշուն երինջից:
Կովը տեղաց անելուց հետո Զանին թեյ է քցում, իսկ Ունանը փոքր տղայի՝ Ռուշանի հետ խոսում
է այն մասին, թե վաղը որ մարգը պիտի ջրվի: Հետո Ունանը և Զանին երկուսով նստում են
վարունգի թաղի մոտ, Ունանը չիբուխն է լցնում, իսկ Զանին գուլպայի մատերը խաղին հագցնելով,
զրույց են անում: Զարմանալի սեր ու հաշտություն կա նրանց միջև:
Օրերն իրենց խաղաղ ընթացքը փոխում են այն ժամանակ, երբ դարպասի
երկաթե կոչնակը ծեծում են, և մի ձեռք մեկնում է ծրարը: Ռուշանը եթե տանն է լինում,
վազում և նամակը վերցնում է: Անտոնիցն է՝ ավագ որդուց:
- Անտոնն է գրել... Քոռանամ, էս նրա ձեռքն է,- Ունանը դողալով
ծրարը բաց է անում, մինչև Ռուշանը նրա՝ ակնոցները տնից բերի: Կարդում է. «...Իմ աշխատանքին
եմ, նույն քաղաքում: Հետևեք Ռուշանը լավ սովորի: Եթե արձակուրդ ստացա, կգամ ձեզ մոտ
կարճ ժամանակով...Վաղոն Մոսկվա է, նրան նշանակել են պոլկի կամիսար: Նանի գուլպեքը ստացել
եմ. ինչո՞ւ ես չարչարվել...»:
Ոչ միայն այդ երեկո, այլև մյուս օրերը խոսակցությունը նամակի
շուրջ է: Զանու խնդրանքով Ունանը նամակը սնդուկից հանում է, կարդում: Այդ երեկո նրանք
թեյը սառն են խմում, իսկ Ունանը միշտ շորերը հանելուց է նկատում, որ ակնոցները դեռ
քթին են: Իսկ պառավը դեռ միտք է անում... ուրեմն գուլպաները ստացել է... գուլպաները
հասել են Անտոնին...
Մի օր մեկը մոտենում է դարպասին, կոչնակը ծեծում, ասելով,
որ աչքալուս է բերել: Մեժլումի հարսը լուր է բերել: — Զանի մորքուր... Անտոնը, ձեր
Անտոնը հրեն գալիս է...ֆայտոնում նստած:
Պարտեզի դռնակը բացվեց, երևաց Ունանը: Ծերունին մի վայրկյան
զարմացած նայում է: — Անտոնը՛, ա՛յ մարդ:
Կառքը դարպասի մոտ է կանգնում: Ներս է մտնում հաղթանդամ մի
տղամարդ: Գրկում է Զանուն:
— Նանի, ո՞նց ես... — մոր դողացող շրթունքների համբույրը
չոր տերևի նման հպվում է որդու այտին: — Նանի՛... — Հա, քեզ մատաղ, — իսկ մայրը մեղմ
ժպտում է: Անտոնի աչքին հոր տունը փոքրացած ու ցածրիկ է երևում, սանդուղքները՝ բարակ
ու մաշված: Հարցնում է, թե երբ են բերելու էլեկտրական լույսը:
Անտոնը մոտենում է իրերին, կապոցներն արձակում: Ռուշանին
ուղարկում է ընկեր Սահակի ետևից: Ծերունիները նայում են Անտոնի իրերը. բարձ, փափուկ վերմակ, մի երկու կտոր շոր, գրքեր,
զանազան մանրուք: Զանին միտք է անում, թե Անտոնն ինչ գործի է քաղաքում, որ լավ ու հարուստ
զգեստ չունի: Դարպասը նորից է ճռռում: Մի քանի հոգի ներս են մտնում: Անտոնը մոտենում
է նրանց, գրկում, ապա ամուր սեղմում դեպի իրեն մեկնած ձեռքերը: — Էս քանի ժամ է, որ
երևացել ես մեր երկրի սահմաններում ու չես ներկայացել մեզ, — դարձավ նրան առաջին բարձրացողը՝
ընկեր Սահակը: Շեմքի մոտ նստած Ունանը նայում է մեկ Անտոնին, մեկ Սահակին ու նրա ընկերներին:
Նրանք երբեմն ռուսերեն են խոսում, Անտոնն ավելի հաճախ. ու բոլորովին օտարի է նմանվում:
Ի՞նչ մարդիկ են նրա ընկերները... Ո՞րտեղից է այդ ընկերությունը... Թե հին ճանաչներ
են, ինչո՞ւ մի անգամ Սահակն իրենց տուն հյուր չի եկել: Անտոնը ծոցից թղթի կտոր հանում,
կռանում վրան, մատիտով գծում է, սևացնում... պատմում է, իսկ Սահակը գլխով նշան է անում:
Ունանի աչքին է ընկնում Անտոնի ճակատի սպին: Հիմա տեսնես ի՞նչ գործի է... Իսկ Անտոնն
ընկերներին պատմում է մեծ ճանապարհի մասին, որի կառուցման խնդիրը դրական լուծում է
ստացել: Խոսում է քարհանքների մասին, գավառի խիտ և անանցանելի անտառների օգտագործման
մասին: Զանին մի անգամ ասում է.
— Անտոն, սմավարը սառչում է՛...փետով եմ քցել, — բայց նրանք
չեն լսում: Ունանն էլ պառավին հանդիմանում է.
— Մի երկու կտոր տաշեղ քցի...Տեսնում ես պլան են քաշում…
Խոսում են:
— Ռուշան, Անտոնը որ քեզ հետը տանի, կգնա՛ս, — հարցնում է
Սահակը:
— Կգնա՛մ, — կտրուկ պատասխանում է Ռուշանը և չի նկատում,
որ սամավարի հետևից իրեն հառած մոր աչքերը զարմանքից լայնանում են:
Հետո Սահակը և հյորերը գնում են: Պառկում են քնելու: Ունանն
էլ է պառկում: Միտք է անում ծերունին, թե այս ի՞նչ մարդիկ են... Աչքը դարձյալ ընկնում
է Անտոնին, որը անխռով քնել է: Ճրագը ձեռքին մայրը մոտենում է, որ Ռուշանի վերմակը
շտկի, ամեն օրվա պես: Ռուշանը քնաթաթախ աչքերը բացում է.
— Հիմա հո չեմ գընո՛ւմ...որ մեծանամ, էն ժամանա՛կ...
Մայրը կռանում է, ճակատը համբուրում ու ականջին շշնջում.
— Բա ես՞, բալիկ...
— Դու ապորը մոտ մնա — և տղայի աչքերը փակվում են:
Մայրը մի պահ նայում է նրան: Ճրագը ձեռքում դողում է: Երեխան
քնի մեջ ժպտում է: Եվ անլուծելի առեղծված է
դառնում այդ ժպիտը մոր համար:
Ակսել Բակունց | Մայրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 16, 2016
Rating:
