Հովհաննես Թումանյան | Արծիվը | համառոտ


Բարձր ժայռերում արծիվը հյուսել է իր բունը, որը շինված է ուռենու ոստերից ու պատված ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան է շինում իր սերնդի համար։ Եվ նրա երեք փոքրիկ ճտերը գոհ են։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհում չկա։ Արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնից դուրս են հանում, նայում Աստծո աշխարհին։ Եվ չեն հասկանում արծվի ճտերը, թե ինչու են իրենց սրտերը հուզվում ու թրթռում փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Ուշի ուշով դիտում են արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում են իրենց շրջապատող աշխարհի հետ։ Երբ որ հոգնում են բնությունը դիտելուց, թռած գալիս է մայրը իրիկվա ընթրիքով։ Կուշտկուշտ ուտելուց հետո քաղցր քնում են նրա թևերի տակ։
Մեծանում են փոքրիկ արծվիկները։ Նրանցից մեկը ամենաուժեղն է։ Խելոք է մյուսներից, շատ է մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում է մորը, թե ուր է գնում։ Մայրը պարծենում է իր զավակով, հավատում է, որ նա ժամանակին դառնալու է ամենամեծը։ Նրան անվանում է Թառլան, և պատմում է ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել է իր կյանքում։ Մի անգամ, երբ Թառլանը սովորում է մագլցել ժայռերը, հասնում է մորը, որ թևերը ծալած նստած է սրածայր ժայռի կատարին։ Մայրը չի նկատում նրա մոտենալը։ Թառլանը նրան հարցնում է հոր մասին: Մայրը պատմում է, որ նրան հրացանով սպանել է մարդը։ Թառլանը ատելություն է զգում մարդու հանդեպ: Մայրը խնդրում է նրան երբեք չմոտենալ մարդու կացարանին:
Թառլանը սովորում է թռչել։ Մայրը սովորեցնում է նրան ձուկ բռնել։ Հետո Թառլանը թողնում է մայրական բունը։ Թռչում դեպի հարավ-արևմուտք։ Տեսնում է մարդու կացարանները: Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասնում է մի գետի, որի նմանը չէր տեսել։ Դա ծովն է։ Իրեն ապաստարան է ընտրում ծովափնյա ժայռը։ Պատահում է, որ գալիս են ուրիշ արծիվներ ու կռվում որսի համար։ Բայց նա միշտ հաղթում է:
Մի օր նրան սկսում է տանջել հայրենիքի կարոտը: Թռչում է դեպի տուն: Տեսնում է, որ ներքևի դաշտում նրա բացակայության ընթացքում մարդիկ շինել են իրենց բնակարանները։ Բայց իրենց հին բունը չկար։ Նրա տեղը գտնում է նորը՝ մեջը երեք ձու։ Տխուր զգացմունքով հեռանում է Թառլանը հարազատ վայրերից՝ հիշելով մորն ու եղբայրներին։ Չի վերադառնում ծովի մոտ, այլ թափառում է։
Մի անգամ էլ թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսնում է ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ փորձում է ազատվել։ Արծիվը սլանում է որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չգիտի մարդու բոլոր խորամանկ հնարքները։ Չի նկատում բարակ ցանցը։ Ազատ արծիվը գերի է բռնվում։ Զուր են ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում է նրան։ Քարի ետևից դուրս է գալիս հնդիկ տղան։ Թառլանը տխուր ծղրտում է և հիշում մոր զգուշացումը:

Հովհաննես Թումանյան | Արծիվը | համառոտ Հովհաննես Թումանյան | Արծիվը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 28, 2016 Rating: 5
Технологии Blogger.