Հայնրիխ Ֆիրբյուխեր | Հայաստան 1915 | հատվածներ



«Երզնկայի և Սվազի արանքում է ընկած Քեմախի կիրճը: Այստեղ 1915 թ. հունիսին տասնյակ հազարավոր կանանց ու մանուկների չլսված տանջանքներից հետո գլխապտույտ բարձրությունից ողջ-ողջ նետում էին ցած: Այդ կիրճը հարկ է կոչել Դանտեի կիրճ: Դա իրականություն դարձած նզովքի անունն է, ինչպիսին որ Դանտեն նկարագրել է իր «Դժողքում»… Մարդկությունը, որ հասել է իր խայտառակության գիտակցությանը և իր մեղսավորության ճանաչմանը, պետք է Կովկասի ամոթալի սպին դարձներ հուշավայր ողջ երկրագնդի համար, քանզի այստեղ է կատարվել բոլոր ոճրագործություններից ամենազարհուրելին: Այդ խայտառակությունը մաքրելու ցանկությունը և պատերազմն անիծողների նողկանքը պետք է որ միավորվեն և մարդկանց առիթ տան ուխտագնացության դեպի Քեմախ-բողազ: Ուխտավորներն այնտեղ կրկին ու կրկին հոգեպես կվերապրեն այն, ինչ կատարվել էր 1915 թ.»:
«Հաստևանում և Սալմաստում միայն ջրհորներից հանել են 850 գլխատված դիակ – ինչո՞ւ, որովհետև թուրքական զորքերի գլխավոր հրամանատարն ամեն քրիստոնյայի գլխի համար վճարում էր որոշակի գումար: Ջրհորները լցված էին քրիստոնյաների արյամբ: Միայն Հայաստանից Սոչբուլաղ է ուղարկվել 500 կին ու աղջիկ անարգվելու համար… Տեսնելով, թե ինչպես են ավազակները ցերեկով բռնաբարում իրենց քույրերին, կանայք հարյուներով նետվում էին խոր գետը…»:
«Դեր Զորի օազիս քշված հայերից գրեթե ոչ ոք կենդանի չմնաց: Ժամանակ առ ժամանակ նրանց հարյուրներով տանում և սառնասրտորեն սպանում էին… Բաբայում երկուսուկես օրում սովից մահացավ 1029 հայ»:
«Վանից մի ուսուցիչ գրում է. «Ապրիլի կեսերին հրի մատնեցին մեր փողոցն ու իմ տունը: Շրջակա գյուղերից մեր տանն ապաստանել էին 250 փախստական կին ու երեխա և 50 հոգի քաղաքից: Նրանք բոլորը ողջակեզ եղան տան հետ միասին: Ամայացած գյուղերում ոչ մի կենդանի շունչ չէր մնացել, բացի դիակներ լափող շներից… Մուշ քաղաքը գրաված ժանդարմները սկսեցին տղամարդկանց աչքի առաջ բռնաբարել նրանց կանանց: Շատ տղամարդիկ սպանում էին իրենց կանանց և աղջիկներին: Մի ամբողջ գերդաստան թույն խմեց… Անկարայի մոտերքում սպանեցին 500 մարդ, նախապես կտրելով նրանց քթերն, ականջները և հանելով աչքերը»:
«Միայն հայերից կողոպտած ունեցվածքը և կանխիկ գումարները գնահատվում էին մի քանի հարյուր միլիոն գերմանական մարկ: 1916 թ. Թուրքիան այդ գողացած փողերից ուղարկեց Բեռլին 100 միլիոն ոսկե մարկ՝ բանկերին որպես արժույթ ի պահ: Հաշտությունից հետո ողջ այդ գումարը բռնագանձվեց Անտանտի կողմից»:

Տես նաև Ֆրանց Վերֆել Մուսա լեռան քառասուն օրը, Անտոնիա Արսլան Արտույտների ագարակը և Աննա Ֆրանկի օրագիրը   

Հայնրիխ Ֆիրբյուխեր | Հայաստան 1915 | հատվածներ Հայնրիխ Ֆիրբյուխեր | Հայաստան 1915 | հատվածներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 26, 2016 Rating: 5
Технологии Blogger.