Մուրացան | Նոյի ագռավը | համառոտ


Պատմությունը ներկայացված է առաջին դեմքով: Հերոսը և նրա ընկերը օգոստոսյան մի գեղեցիկ առավոտ վերադառնում են քաղաքից հայրենի գավառակի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներն անձամբ տեսնելու: Ընկերը վերադարձել է Մոսկվայից, իսկ հեղինակը՝ Թիֆլիսից: Ընկերը՝ Պետրոս Մինարյանը, հայոց հոգևոր դպրոցի սան է, երիտասարդ, միջահասակ, փոքր-ինչ թուլակազմ, բայց աշխույժ և գրավչադեմ: Բնավորությամբ անհամբեր է և դյուրագրգիռ, բայց սրտով բարի է և անկեղծ: Ճանապարհին զրուցում են համբերության մասին: Պետրոսի կարծիքով հաբերում են միայն թույլերն ու տկարները, մարդիկ, որոնք որևէ «չարիք սեփական ուժով իրենցից հեռացնել չեն կարողանում՝ տանում են նրա պատճառած նեղությունները ստրկաբար: Եվ որպեսզի այդ անարգանք չհամարվի իրենց՝ ասում են, թե՝ «համբերում ենք»»: Հեղինակը, հակառակը, կարծում է, որ հաբերել բառը ավելի բարձր նշանակություն ունի, մարդկային հասարակության մեջ այն ճանաչվում է որպես առաքինություն: Համբերությունը բարիք է արտադրում, մինչդեռ անհամբերությունից միայն չարիք է առաջանում: Այսպես զրուցելով, վիճաբանելով երկու ընկեր հասնում են իրենց գյուղը և դիմում Պետրոսի ազգական գյուղացու տունը: Վերջինիս քաղցր ընդունելությունը շուտով մոռացնում է ճանապարհի շոգից կրած նրանց նեղությունը:
Հետևյալ օրը գնում են գյուղն ու նրա շրջակաները դիտելու: Ամենից առաջ այցելում են գյուղի եկեղեցին: Այստեղ ևս Պետրոսը հասցնում է վեճի բռնվել քահանայի՝ Տեր Մակուչի հետ՝ մեղադրելով նրան բանջարանոցը չմշակելու և բերք չաճեցնելու մեջ, երբ այդտեղ հոսում է հորդ առվակը, որից կարող էր օգտվել, ծառեր տնկել, զբոսարան սարքել, իսկ ծառերը օգուտ կբերեն թե´ եկեղեցուն, թե´ ժողովրդին: Անվանում է նրան տգետ, քանի որ քահանան չի կարողանում բացատրել Աստվածաշնչի խոսքերը՝ «դուք ոչ մտանէք և որոց մտանեն՝ չտայք թոյլ մտանել»՝ բացահայտելով և խոստովանելով սեփական տգիտությունը, իսկ թե ինչու իր զավակներին ուսման չի տվել, կարող է պատասխանել Վեդունց Սարգիսը: Քահանան նրա խոսքին է լսել: Բայց ինքը ուրախ է դրա համար, որովհետև տեսնելով Պետրոսին, որ քաղաքավարի խոսել էլ չգիտի, անծանոթ մարդուն վիրավորում է, հասկանում է, որ ուսումը մարդուն ոչ թե հրեշտակ, այլ սատանա է դարձնում: Պետրոսը լռում է: Ընկերները որոշում են այցելել այդ Սարգսին և հասկանալ, թե նա ինչու է արգելել քահանային իր որդիներին ուսման ուղարկել: Վեդունց Սարգսի տունը գտնվում է հարթավայրի արեգընդդեմ կողմը, արտաքինով տարբերվում է գյուղի հասարակ տներից: Ունի ընդարձակ բակ, գոմով և հորթանոցով, պտղատու ծառերի մի պարտեզ, որը ոռոգվում է լեռնալանջի կողմից իջնող մի առվակով: Տունը ծածկում են հինավուրց սոսիները, թվով մի քանի հատ, որոնք իրարից անջատ բուսած են գյուղի վրա իշխող այդ դարևանդի վրա: Բոլոր նշաններից երևում է, որ մի օր այս հարկը շեն ու փարթամ է եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն են կազմում, տունն էլ, ըստինքյան, գրավում է ընդարձակ տեղ և շինված է հարուստ գյուղացու ճաշակով: Տանը ապրում է մոտ վաթսուն տարեկան մի կին՝ խորշոմած երեսով, կկոցած աչքերով, բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ և նրա ամուսինը՝ Սարգիսը՝ հաղթանդամ, բարձրահասակ, մի փոքր կորաքամակ ծերունի: Նրանց ընդունում է կինը: Պառավ կնոջ հարցուփորձից ընկերները հասկանում են, որ նրանց որդին՝ Վանը, գտնվում է Թիֆլիսում, փաստաբան է, և վաղուց նամակ չի գրել ծնողներին: Տղաները զարմանում են, թե ինչու Վեդունց Սարգիսը քահանային խորհուրդ է տալիս որդուն ուսման չուղարկել, մինչդեռ իր որդին կրթություն ունի, և փաստաբան է: Ծերունուն նրանք հանդիպում են այգում աշխատելիս: Սարգիսը ճանաչում է նրանց հայրերին՝ Մինարենց Ակոբին՝ Պետրոսի հորը, և Օվանեսի որդի Ասատուրին՝ հերոսի հորը: Խոսք բացելով տան մասին, ծերունին ասում է, որ երկհարկանի տուն սարքել նրան չի թողել Նոյի ագռավը: Տղաները չեն հասկանում, թե դա ինչ է նշանակում: Կարծում են, ծերուկը խենթ է: Խոսքը նույն աստվածաշնչյան Նոյի և ագռավի մասին է: Ծերունին նախապես իմանալով, թե տղաներն ինչու են եկել, հարցնում է նրանց՝ արդյոք գիտեն, թե ինչու Նոյի ագռավը չվերադարձավ: Այդ մասին գրված չէ, բայց Սարգիսը հասկանում է, որ այդ ագռավը լեշ է տեսել ու սկսել լափել, ուստի չի վերադարձել Նոյի մոտ: Չէ՞ որ չի մտածել, թե Նոյը տապանում, աչքը ջուր կտրած, իրեն է սպասում: Տղաները չեն հասկանում, թե դա ինչ կապ ունի Սարգսի տան հետ: Իսկ ծերունին պատմում է իր որդու պատմությունը, որին այժմ արդեն մահացած Օսեփ վարդապետի խորհրդով ուղարկել է ուսման: Օսեփը վանքի վանահայրն էր, և երբ Սարգիսը ուզել է իր տան գլուխը սարքել տալ, վարդապետը խորհուրդ է տվել այդ գումարով որդուն ուսման ուղարկել, որպեսզի հետո նա վերադառնա և ամբողջ գյուղը լուսավորի: Բայց այդ գումարը չի բավականացրել: Սարգիսը տարիներ շարունակ գումար է ուղարկել որդուն՝ վաճառելով իր ունեցվածքի մի մասը և պարտք անելով հարևաններից: Եվ ահա, երբ որդին ուսումը ավարտել է, ոչ թե վերադարձել է տուն, այլ ամուսնացել վրացուհու հետ: Ինքը օրհնություն չի տվել, որդին էլ գրել է, թե որ այդպես է, ինքն այլևս նրա որդին չէ: Սարգիսը այդ նամակը վերցրել ու գնացել է Օսեփի գերեզմանի վրա լաց եղել: «Օսեփ հայր սուրբ, …ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյի աղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարը բերի ինձ, բա խի՞ ըտենց չիլավախր Վանին հմի Նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրա նստել ա՝ ու էլ եդ չի գալի. Սրա ճարն ի՞նչ կըլի…»: Ծերունին լռում է: Վանին փող չի ուղարկում, միայն երբեմն գրում է նրանց: Նա չի վճարել նույնիսկ իր ուսման համար Մարութից վերցրած պարտքը: Ամուսնությունից հինգ տարի անց կնոջ և երեք երեխաների հետ տասն օրով եկել է, ապա գնացել: Կնոջ հետ էլ ամուսնացել է, քանի որ նրա հայրը պաշտոնյա է: Այժմ ծերունու միակ մխիթարությունն այն է, որ երբ լսում է, թե որևէ մեկը որդուն ուզում է ուսման ուղարկել, համոզում է չուղարկել: Գյուղում քիչ մարդ է մնացել, ուսման գնացողներից ոչ մեկը չի վերադարձել, դարձել է Նոյի ագռավ: Տղաները տխուր հեռանում են: Պետրոսը հիշում է իր խոսքերը, երբ ասում էր, որ «կգտնվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»: Ահա այս ծերունին այդ հիվանդներից մեկն է, սակայն Սարգսի միտքը առողջ և հոգին կայտառ է եղել, և երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին:  

Մուրացան | Նոյի ագռավը | համառոտ Մուրացան | Նոյի ագռավը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:32:00 Rating: 5
Технологии Blogger.