Հովհաննես Թումանյան | Իմ ընկեր Նեսոն | համառոտ


Հեղինակը հիշում է գյուղի իր մանկության ընկերներին: Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն ազատ էին ու խաղում էին։ Մի ընկեր ունեին, անունը Նեսո։ Հեքիաթներ գիտեր: Ամառվա լուսնյակ գիշերները նստում էին, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Պատմում էր Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․
Գյուղում ուսումնարան են բացում։ Հեղինակին ուսման են տալիս։ Ամեն երեխայի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում: Գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի վճարել, մնում են դուրսը։ Այդ թվում նաև Նեսոն, որը լաց էր լինում։ Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերները գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում սովորողներին էին նայում, բայց վարժապետը նրանց քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում սովորողների հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստում՝ սպասում էին մինչև դասերը վերջանան, որ միասին տուն գնան։ Մի երկու տարի գյուղի ուսսւմնարանում սովորելուց հետո հեղինակին հայրը տանում է գյուղաքաղաք, այնտեղի ուսումնարան։ Ամեն բան այստեղ ուրիշ է՝ մաքուր, զուգված և գեղեցիկ: Երբ հեղինակը մի օր գյուղ է վերադառնում, նախկին ընկերները սառն են ընդունում նրան: Նեսոն ասում է, որ իր մաքուր զգեստով նա կաչաղակի է նման: Երկու տարուց հեղինակը հայտնվում է քաղաքում և այնտեղ շարունակում ուսումը: Երբ վերադառնում է գյուղ, Նեսոն հարցնում է նրան.
- Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում:
Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ այնպես է պատահում, որ Նեսոյի հոր ձին են վարձում, որ հեղինակը հեծնի։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտքով գա։ Եվ երբ ճանապարհ ընկան, հեղինակը ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, հեղինակն իրեն վատ է զգում։ Ձիուց իջնում է։ Այնուհետև կամ միասին ոտով են գնում, կամ հերթով են ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախանում է, բայց հեղինակի արածը վերագրում է ոչ թե բարեսրտությանը և ընկերական զգացմունքին, այլ հիմարությանը։ Ճանապարհին հեղինակը մի պահ իր դանակը Նեսոյին է տալիս, որ սա ձմերուկ կտրի: Դանակը կորչում է։ Նեսոն պնդում է, թե դանակը վերադարձրել է։ Հեղինակը հասկանում է, որ Նեսոն դանակը տակով է արել: Վերջում Նեսոն չայի փող է խնդրում:
Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․,-  այսպես է մտածում հեղինակը։
Երբ հեղինակն արդեն ուսումն ավարտած, կյանք մտած մարդ էր, մի անգամ էլ գյուղ է վերադառնում ու գնում գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում ու աղաղակում է, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած է Նեսոն։ Գողություն է արել։ Հեղինակը խնդրում է բաց թողնել նրան։ Գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց այդ տեսարանը չի լքում հեղինակին, ինչպես որ չի լքում մանկական օրերի հիշողությունը լուսնյակ գիշերների մասին, երբ նրանք ընկերներով լսում էին Նեսոյի պատմած հեքիաթները::  

Հովհաննես Թումանյան | Իմ ընկեր Նեսոն | համառոտ Հովհաննես Թումանյան | Իմ ընկեր Նեսոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.