Ջորջ Բայրոն | Շիլյոնի կալանավորը | համառոտ


Եթե «Մանֆրեդը» կարելի է դիտել որպես Բայրոնի ստեղծագործության նախորդ շրջանի (1812-1816) հարագումարային երկ, ապա «Շիլյոնի կալանավորը»՝ գրված նույնպես Շվեյցարիայում, պատկանում է նրա ստեղծագործական զարգացման նոր փուլին (1816-1824): Պոեմի հիմքում ընկած է իրական դեպք: Ժնևի քաղաքացի դը Բոնիվարի կյանքի ողբերգական պատմությունը, որը 1530-ին կրոնական և քաղաքական մեղադրանքով նետվել է Շիլյոնի բանտը: Իր ամենավշտալի քնարական պոեմի նամար նյութ դարձնելով անցյալի այս դիպվածը, Բայրոնը այն օժտում է ժամանակակից բովանդակությամբ: Նրա մեկնաբանությամբ պոեմը դարձավ ամեն քաղաքական ռեակցիայի դեմ ուղղված ամբաստանագիր:  Մեծ բանաստեղծի գրչի տակ Շիլյոնի ամրոցի կերպարը դարձավ դաժան բռնակալական աշխարհի չարագուշակ խորհրդանշան, բանտ-աշխարհ, որտեղ մարդիկ իրենց հայրենասիրական և բարոյական իդեալներին հավատարիմ լինելու պատճառով ենթարկվում են այնպիսի տառապանքների, որ Բելինսկու արտահայտությամբ, «Դանտեի դժոխքը թվում է դրախտ»: Քարե շիրիմը, որտեղ թաղված են նրանք, հետզհետև ջլատում է մարմինն ու հոգին: Բոնիվարը, ի տարբերություն եղբայրների, որոնք նահատակվել էին նրա աչքի առաջ, ֆիզիկապես ողջ է մնում: Սակայն նրա ոգին կիսով չափ մահացած է: Կալանավորին շրջապատող խավարը համակել է նրա հոգին և սերմանել նրա մեջ անկերպարանք քաոս:

Ոչինչ զգացում, ոչ միտք ունեի
Քարերի միջին կանգնած քար էի:
Չէի հասկանում, ինչ էի զգում.
Ամեն բան դատարկ, մռայլ ու գործ էր,
Ոչ ցերեկ էր այն, ոչ էլ գիշեր,
Ոչ էլ բանտի նսեմ լույսը կար,
Այնքան ատելի աչքերիս համար,-
Մի տարածություն-դատարկությամբ լի,
Եվ հաստատություն – առանց մի տեղի…
Չկային ամպեր, ժամանակ, աշխարհ,
Ոչ փոփոխություն, ոչ բարի, ոչ չար:
Լռություն կատարյալ և կանգնած օդում
Ոչ մահվան նշույլ, ոչ էլ կյանք էր նկատվում.
Այն անգործության ծով էր կանգուն,
Անշարժ ու համր, խավար ու անհուն…
                          (Թարգմ. Հ. Թումանյանի)

Գաղափարի անհուն նահատակը, չկանգնելով դավաճանության ուղու վրա, դառնում է ամեն ինչի հանդեպ անտարբեր, պասիվ անձնավորություն: Իսկ ամենասարսափելին այն է, որ նա սկսում է սիրել իր ազատազրկումը: Բայրոն-հոգեբանի մեծ նվաճումը՝ «Շիլյոնի կալանավորը», շատ բաներում որոշում է բանաստեղծի էվոլյուցիայի ուղղվածությունը: Բայրոնի հետագա ստեղծագործությունը, ընդհուպ մինչև 1821 թ., զարգանում է այլասիրական քաղաքացիական մոտիվների վերելքի ուղով: Բայրոնի մասնակցությունը եվրոպական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժմանը դարձավ այդ պրոցեսի կարևոր շարժառիթը:  

Ջորջ Բայրոն | Շիլյոնի կալանավորը | համառոտ Ջորջ Բայրոն | Շիլյոնի կալանավորը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:36:00 Rating: 5
Технологии Blogger.