Օվիդիուս | Սիրո արվեստը | համառոտ


«Սիրո արվեստը» (Ars amatoria) համարվում է Օվիդիուսի գլուխգործոցը: Սա դիդակտիկ բնույթի գործ է՝ շարադրված էլեգիայի տաղաչափությամբ: Այն բաղկացած է երեք մասից: Գրքի առաջին երկու մասերը նվիրված են տղամարդկանց, իսկ երկրորդը՝ կանանց. ենթադրվում է, որ երրորդ մասը հետագայում է ավելացվել: Առաջին գիրքն իր հերթին բաժանվում է երկու մասի. առաջինում խոսվում է այն մասին, թե որտեղ պետք է որոնել սիրուհուն, իսկ երկրորդում՝ թե ինչպես պետք է գրավել նրան: Հարկ է որոնել նրան հրապարակային տեղերում, որոնք բարեկարգել են Կեսարը և Օկտավիանոսը: Այդ վայրերը ծառայել են որպես զվարճանքների տեղեր: Դրանք են՝ կամարազարդ սրահները, կրկեսները, թատրոնները, ֆորումները, մրցարանները… Սիրուհի գտնելու համար պետք չէ Պարիսի նման երկար ճանապարհ ընկնել: Հռոմում շատ են թատրոնները, որտեղ ամեն օր կարելի է գեղեցիկ կին գտնել: Կանանց գրավելու համար պետք է գործի դնել բոլոր միջոցները: Նախ պետք է խոստումներով և պաղատանքներով գրավել աղախնին, որովհետև նրա միջոցով կարելի է տեսակցություն հաջողացնել: Սիրաբանության համար հարկ է հարմար ժամանակ ընտրել: Հարկ է շռայլել խոստումները: Անհրաժեշտ են սիրային նամակները, որոնք պիտի գրված լինեն գեղեցիկ լեզվով: Պետք չէ սպասել արագ պատասխանի: Բայց պետք է հաղթահարել գեղեցկուհու համառությունը: Տարփածուն պետք է համառ լինի և հետապնդի գեղեցկուհուն: Նա պիտի հետևի իր արտաքինին՝ լինի մաքրասեր և պատշաճ հագնված: Խնջույքն ամենահարմար վայրն է ծանոթությունը պահպանելու համար: Խնջույքի ժամանակ պետք չէ չափավորություն պահպանել, գինին բացում է լեզուն: Բայց պետք է չհարբել, այլ հարբած ձևանալ: Սիրուհուն հարկ է սիրալիր վերաբերմունք ցուցաբերել: Աղջկան գրավելու համար պետք է դիմել կեղծ միջոցների, օրինակ՝ կեղծ արցունքների: Բայց պետք է նաև վճռական լինել, օրինակ՝ համբույրներ: Կարևոր է, որ սիրահարված տղամարդը լինի դժգույն և նիհար և շարժի սիրուհու գութը:
Երկրորդ գիրքը պատմում է սիրուհուն պահելու արվեստի մասին: Պետք է լինել քաղցրալեզու, հնազանդ, ոտանավորներ հղել, միրգ ուղարկել՝ նշելով, որ սեփական այգուց է: Օգտակար է ցույց տալ, որ հրճվում ես նրա գեղեցկությամբ, մազերի սանրվածքով, պարով, խնամել նրան հիվանդ ժամանակ: Նրա սերը կարելի է բորբոքել խանդի միջոցով, միայն թե կարճատև, այլապես բարկությունը կարող է սաստկանալ: Պետք է զգուշանալ սիրուհու արտաքին թերությունների մասին խոսելուց: Գրքի վերջում Օվիդիուսը իր ժամանակին հատուկ պարզությամբ խոսում է սիրո վայելքի մասին ննջարանում: Երկրորդ գիրքն ավարտվում է խնդրելով երիտասարդներին, որ մեծարեն պոետին, որպես մեծ սիրեկանի և ուսուցչի: Երրորդ գիրքը պարունակում է 17 հրահանգ կանանց համար, թե ինչպես պետք է գրավել երիտասարդի սիրտը: Կինը պետք է հոգատար լինի իր արտաքինի նկատմամբ, որովհետև մեր դարի պահանջն այդ է, ասում է Օվիդիուսը: Կինը պետք է հաճախ դիմի հայելուն: Կան կանայք, որոնք սովորում են գեղեցիկ ծիծաղել, լաց լինել, պարզ չխոսել: Գեղեցիկ քայլվածք մշակի, իսկ քայլելու ժամանակ ուսը մի փոքր բաց մնա, որպեսզի համբույր դրոշմելու ցանկություն առաջացնի երիտասարդի մեջ: Աղջիկները պետք է սովորեն երգել: Կինը պիտի հանդիպումներ ունենա բազմամարդ տեղերում, ինչպիսիք են թատրոնը, կրկեսը, տաճարները և այլն, որովհետև այն, ինչը գաղտնի է, անհայտ է, իսկ անհայտն ունենալ ոչ ոք չի ուզում: Կինը տարփածուի զգացմունքը գրգռելու նպատակով պետք է երբեմն մերժի նրան, կամ նրան կասկած ներծնչի, որ ինքը մրցակից ունի: Չնայած պոեմը կոչվել է դիդակտիկ, սակայն այստեղ դաստիարակիչ ոչինչ չկա: Օվիդիուսն իրեն հատուկ հումորով ծաղրում է սերը, որը նրա օրոք բարձր ազնվական շրջաններում ժամանցի նյութ է եղել և ոչ բարձր զգացմունք: Պոետը հենց գրքի սկզբում գրում է, որ իր պոեմը հյուսել է ոչ թե մատրոնաների, այլ անառակ կանանց համար և երգում է նրանց զվարճությունները:     


Տես նաև Վերգիլիոս Էնեական, Ապուլեոս Կերպարանափոխություններ և Էրիխ Ֆրոմ Սիրելու արվեստը
Օվիդիուս | Սիրո արվեստը | համառոտ Օվիդիուս | Սիրո արվեստը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:31:00 Rating: 5
Технологии Blogger.