Հորացիոս | Քերթողական արվեստ (Ars poetica) | համառոտ

Հորացիոսի գրական մեծ փառք վայելող նամակներից երրորդը հասցեագրված է Պիսոններին, որոնք նշանավոր տոհմ են եղել Հռոմում: Գրականության մեջ այս նամակը հայտնի է «Քերթողական արվեստ» վերնագրով: Այդ անունը տվել է հռոմեացի քերական Քվինտիլիանուսը: Անվանումը լայն տարածում է գտել: Այդ նամակում Հորացիոսը հանգամանորեն շարադրում է գրականության մասին իր հայացքները: Հարկ է նշել, սակայն, որ շարադրանքը աչքի չի ընկնում համակարգվածությամբ: Նա տալիս է տարբեր հրահանգներ, որոնք կարելի է ամփոփել այսպես:
Գեղարվեստական ստեղծագործությունը պահանջում է պարզություն և միասնություն: Յուրաքանչյուր հեղինակ պետք է ուժերին համապատասխան նյութ ընտրի: Դա թույլ է տալիս պարզ և ճշգրիտ շարադրել նյութը: Պոետը բառերի ընտրության մեջ պիտի լինի հոգատար. ոչ թե շռայլի բառերը, այլ լինի ժլատ և բծախնդիր: Նա պետք է կարողանա հուզականություն և զգացմունքայնություն հաղորդել իր գրվածքին: Նախքան գրելը նա պիտի ուսումնասիրի մարդկանց բարքերն ու վարքը: Հորացիոսը խորհուրդ չի տալիս ստրկաբար հետևել նախորդներին, այլ ինքնուրույնության մեջ լինել ամբարտավան:
Դրամատուրգներին նա խորհուրդ է տալիս իրական գծերով օժտել այն հերոսներին, որոնց բեմ են հանում: Բնավորությունները ճիշտ գծելուց հետո հարկ է ուշադրություն դարձնել պատմվածքի և գործողության տարբերության վրա: Գործողությունն առավել ազդեցիկ է ներգործում մարդկանց վրա: Դրաման պետք է ունենա 5 գործողություն, աստվածները միշտ չէ, որ պիտի բեմ հանվեն: Դերասանների թիվը չպիտի գերազանցի երեքը: Ողբերգության մեջ երկխոսությունը պիտի գրված լինի յամբոսի չափով:
Նամակի վերջին մասը նվիրված է բանաստեղծությանը: Պոետը պարտավոր է բարեխիղճ լինել: Չպիտի շտապի և անմշակ արտադրանք տա: Բանաստեղծը համամիտ չէ այն մտայնությանը, թե պոետին հարկավոր է միայն ներշնչանք: Պոետը պիտի ունենա փիլիսոփայական կրթություն: Պոեզիան ունի մեծ նշանակություն, ինչպես անհատի, այնպես էլ ողջ պետության համար: Հոմերոսի և Տիրտեոսի երգերը բոցաշնչել են ռազմատենչ հոգիները: Պոետի տաղանդը և աշխատասիրությունը հավասար չափով լրացնում են միմյանց: Տաղանդը մշտապես հարկ է հղկել:
Իր նամակը Հորացիոսը ավարտում է նկարագրելով իսկական պոետին հակադիր անտաղանդ գրչակին, որից բոլորը փախչում են ինչպես վարակից: Նշանավոր ֆրանսիացի կլասիցիստ Նիկոլա Բուալոն գրել է իր «Քերթողական արվեստը»՝ հետևելով Հորացիոսի առաջ քաշած սկսզբունքներին:



Տես նաև Վերգիլիոս Էնեական, Օվիդիուս Սիրո արվեստը և Ապուլեոս Կերպարանափոխություններ

Հորացիոս | Քերթողական արվեստ (Ars poetica) | համառոտ Հորացիոս | Քերթողական արվեստ (Ars poetica) | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 03, 2016 Rating: 5
Технологии Blogger.