
Պլինիոս Կրտսերը վարչական զբաղվածության
մեջ չի մոռացել գրականությունը: Նա մոլի փառասեր էր և ձգտում էր գրական աշխատանքով
ձեռք բերել անմահություն: Ժառանգել է Քվինտիլիանուսի հռետորական ազդեցությունը՝ մի
կողմից, իր ուսուցիչ Նիկիտեսի ճարտասանական ազիանիզմը՝ մյուս կողմից: Եղել է Կիկերոնի
երկրպագուն, ուսումնասիրել է նրա ճառերը: Գրել է բանաստեղծություններ, թեկուզ անհաջող,
որովհետև Կիկերոնը նույնպես գրել է բանաստեղծություններ: Սակայն Պլինիոսը չի սիրել
փիլիսոփայություն և մինչև վերջ մնացել է հռետոր և քաղաքական գործիչ: Իր մասին հայտնում
է, որ արդեն 14 տարեկանում գրել է հունական ողբերգություն: Այն չի պահպանվել: Հռոմեական
գրականության մեջ Պլինիոսը հայտնի է իր նամակներով և «Ջատագովություն Տրայանուսին»
ներբողով: Դա ճառ է, որ Պլինիոսն արտասանել է 100 թ. սեպտեմբերի 1-ին, երբ ստանձնել
է Բյութանիայի փոխարքայության պաշտոնը: Այդ ճառում Պլինիոսը հայտնում է իր գոհունակությունը
Տրայանուսին վերջինիս կողմից ցույց տրված այդ պատվի համար: Տրայանուսին գովում է՝ նշելով
նրա բնավորության բարեմասնությունները, նրա ցուցաբերած հոգատարությունը գիտության, գրականության ու արվեստի
նկատմամբ: Ճառը գրված է փքուն, վերամբարձ ոճով: Գրական նշանակությունն այն է, որ պատմական
այդ վավերագրի միջոցով ընթերցողը ծանոթանում է Դոմիտիանուսի զարհուրելի բռնակալ օրերի
և Տրայանուսի բերած վերափոխության հետ:
Նամակները ներկայացնում են
ներբողի հակապատկերը: Դա մի ժողովածու է, որ կազմում է 9 գիրք և պարունակում է 247
նամակ: Նամակները գրված են բարեկամներին, ինչպես և Տրայանուսին: Պլինիուսի՝ իր բարեկամ
Սեպտիմուսին ուղղված նամակից երևում է, որ ինքը հավաքել է նամակները և դասավորել է
ոչ թե ժամանակագրական կարգով, այլ ինչպես պատահել է և հրատարակել է հենց Սեպտիցիուսի
խորհրդով: Այդ ժողովածուն պատմական բարձր արժեք է ներկայացնում, որովհետև նրա մեջ ամփոփված
նամակները հասցեագրված են Տրայանուսին: Երբ Պլինիոսը կառավարում էր Բյութանիան, պաշտոնական
հարցերով դիմում էր Տրայանուսին և պատասխաններ ստանում նրանից: Տրայանուսի պատասխանները
պահպանված են 10-րդ գրքում: Ժողովածուն ամբողջությամբ հրապարակվել է Պլինիոսի մահից
հետո: Նամակներում շոշափվում են բազմաթիվ գրական հարցեր: Լեզուն կիկերոնյան է: Նախատեսված
է հրապարակային ընթերցման համար: Միջնադարում Պլինիոսը կատարյալ անուշադրության է մատնվել
և իր հանդեպ հետաքրքրություն է առաջացրել միայն Վերածնության դարաշրջանում:
Տես նաև Օվիդիուս «Սիրո արվեստը»,
Սենեկա «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» և Ապուլեոս «Կերպարանափոխություններ»
Պլինիոս Կրտսեր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 08, 2016
Rating:
