Կիկերոն | Կյանքը և գործը


Մարկուս Տուլիուս Կիկերոնը (Ք. ա. 106 - 43) իր ժամանակի ամենակիրթ մարդկանցից է, սակայն նա աչքի չի ընկնում ինքնուրույն մտածողությամբ և չի վերագրում ինքն իրեն փիլիսոփայական օրիգինալություն: Նրա փիլիսոփայական և ճարտասանական ստեղծագործությունները մեծ մասամբ տրամախոսություններ են:
Կիկերոնը որևէ փիլիսոփայական դպրոցի հետևորդ չէ. նրան ավելի շուտ հատուկ է էկլեկտիզմը: Քիչ թե շատ ընդգծված է նրա ստոիկյան դիրքորոշումը և ջերմ վերաբերմունքը Էպիկուրի փիլիսոփայության հանդեպ: Ճանաչողության տեսության հարցում նա պաշտպանում է սկեպտիկական տեսակետ:
«Աստվածների բնության մասին» տրակտատում փիլիսոփան հերքում է աստվածների գոյության ապացույցները, և այդուհանդերձ հաստատում է կրոնի անհրաժեշտությունը պետության կառույցի համար: Մերժելով ամեն տեսակ հրաշքները («Գուշակության մասին», «Ճակատագրի մասին»)՝ մարդու ազատությունը բխեցնում է նրա ազատ կամքից: Առաքինությունը մարդու մեջ ներդրված բնածին հատկություն է, որը պիտի զարգացվի բանականության օգնությամբ:
Փիլիսոփայությունը Կիկերոնի համար քաղաքականության տեսական հիմքն է: «Պետության մասին» տրամախոսության մեջ վերարտադրվում է Պոլիբիոսի տեսությունը հռոմեական խառը կարգի կատարելության մասին: Ընդ որում, հեղինակի հայացքները արտահայտում է Կրտսեր Սկիպիոնը: Տրամախոսությունը ավարտվում է ինչպես Պլատոնի «Պետությունը»: Այն եզրափակվում է յուրօրինակ «միֆով». Սկիպիոնը տեսնում է երազ իդեալական պետական շինարարի մասին:
«Հռետորի մասին» տրամախոսության մեջ առաջադրվում են ճարտասանության սկզբունքները: Կիկերոնի համոզմամբ հռետորը նախ և առաջ պետական գործիչ է: Զրուցում են Կրասոսը, որն արտահայտում է հեղինակի մտքերը, և Անտոնիոսը: Անտոնիոսը ճարտասանության խնդիրը համարում է դատական հայցերը համոզիչ խոսքի վերածելը: Նրա տեսակետի սահմանափակությունը բացահայտում է Կրասոսը: «Բրուտուս» և «Հռետոր» տրակտատներում Կիկերոնն ընդգծում է ատտիկյան ճարտասանության երեք ոճերի համարժեք կարևորությունը: Վկայակոչելով Դեմոսթենեսին՝ նա, այդուհանդերձ, հռետորի վարպետությունը կապում է «հուզական» ոճի տիրապետման հետ: Համեմատելով Դեմոսթենեսին և Կիկերոնին՝ I դարի հռետոր Կվինտիլիանուսն ասում է, որ առաջինին հնարավոր չէ կրճատել, իսկ երկրորդին՝ հավելել:
«Ընդդեմ Կատիլինայի» իր հայտնի ճառում Կիկերոնը կիրառել է իրեն հայտնի գրեթե բոլոր ճարտասանական հնարքները՝ բացականչությունները, աղերսը, դիմումն աստվածներին, ֆիկտիվ խոսքը, որ արտասանվում է այլաբանական կերպարների, օրինակ՝ Հայրենիքի կողմից:
Կարևոր են նաև Կիկերոնի նամակները, որոնց ընդհանուր թիվը հասնում է 774-ի: Սրանցից շատերը նախատեսված են եղել հրապարակման համար, քանզի այդ ժամանակ նամակը վաղուց արդեն համարվում էր կայացած գրական ժանր:
Պակաս արժեքավոր են Կիկերոնի բանաստեղծական փորձերը: Սրանք մնում են ավելի շուտ ոճական վարժանքների մակարդակի վրա:
Հռոմեացի ոչ մի գրող այդչափ չի ազդել եվրոպական մշակույթի պատմության վրա, որքան Կիկերոնը: Անգլիական և մասամբ ֆրանսիական Լուսավորչությունը շատ բաներով է պարտական նրան: Կիկերոնի ուշադիր ուսումնասիրության հետքեր կարելի է գտնել Լոկի, Թոլանդի, Հյումի, Շեֆթսբերիի, Վոլտերի, Դիդրոյի, Մաբլիի, Միրաբոյի և Ռոբեսպիերի մոտ: 

Տես նաև Հուլիոս Կեսար Կյանքը և գործը և Լուկրեցիուս Իրերի բնության մասին
Կիկերոն | Կյանքը և գործը Կիկերոն | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 16, 2015 Rating: 5
Технологии Blogger.