Խորխե Լուիս Բորխես | Շեմին նստած մարդը


Բիոյ Կասարեսը Լոնդոնից եռանկյունաձև շեղբով և H ձև ունեցող դաստապանով տարօրինակ մի դաշույն էր բերել. մեր ընկերը՝ Բրիտանական Խորհրդի անդամ Քրիստոֆեր Դիուին ասաց, որ այդ զենքերի գործածությունը տարածված է Հնդկաստանում: Այդ հայտարարությունը նրան առիթ տվեց հիշելու, որ երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում այնտեղ էր ծառայել: (Հիշում եմ, որ Յուվենալի լատիներեն տողը այլափոխելով, ասաց՝ Ultra Auroram et Gangem):

Նրա՝ այդ գիշեր պատմած բազմաթիվ պատմություններից համարձակվում եմ գրի առնել հետևյալը: Հավատարիմ կմնամ նրա պատմածին. Ալլահն ինձ կփրկի պարագայական որոշ տվյալներ ավելացնելու կամ Քիպլինգի մեջբերումներով պատմության արտառոց երանգը շեշտելու փորձությունից: Բացի այդ գուցե այն պահպանում է միայն «Հազար ու մեկ գիշերներ» հեքիաթներին հատուկ մի հին ու պարզ երանգ, որը կորցնելն իսկապես ցավալի կլիներ:
«Պատմածս դեպքերի ճշգրիտ աշխարհագրությունը կարևոր չէ: Բացի այդ, Բուենոս Այրեսում ի՞նչ ճշգրտություն կարող են պահպանել Արմիտսար կամ Ուդհ անունները: Ուրեմն թող բավական լինի ասել, որ տարիներ առաջ մուսուլմանական մի քաղաքում խառնակչություններ տեղի ունեցան, և որ կենտրոնական կառավարությունը կարգ ու կանոն հաստատելու համար զորավոր մի մարդ ուղարկեց այնտեղ: Այդ մարդը շոտլանդացի էր, պատկանում էր զորավարների հայտնի մի ցեղի և իր արյան մեջ կրում էր բռնության ամենաիսկական ավանդությունը: Ընդամենը մի անգամ տեսա նրան, բայց երբեք չեմ մոռանա նրա կուպրի պես սև մազերը, ցցված այտոսկրերը, սուր քիթն ու բերանը, լայն ուսերն ու վիկինգի ջլապինդ կազմվածքը: Այս գիշեր իմ պատմության մեջ նրան կանվանենք Դավիթ Ալեքսանդր Գլենքեռն. երկու անուններն էլ ձեռնտու են, քանի որ երկուսն էլ պատկանում են երկաթե գայիսոնով ղեկավարող թագավորների: Դավիթ Ալեքսանդր Գլենքեռնը (պետք է վարժվեմ նրան այդպես անվանելուն), կարծում եմ, սարսափազդու մի մարդ էր՝ նրա գալստյան լուրն արդեն բավարար եղավ քաղաքը հանդարտեցնելու համար: Սակայն դա նրան խանգարեց, և նա անմիջապես սաստիկ կարգադրությունների դիմեց: Անցան տարիներ: Խաղաղվեց քաղաքն ու շրջանը՝ սիկղերն ու մուսուլմանները մոռացել էին իրենց հին գժտությունները, և հանկարծ Գլենքեռնը անհետացավ: Բնականաբար տարածվեց լուրը, թե նրան կամ սպանել, կամ էլ առևանգել են:
Այս ամբողջ պատմությունը մեծավորիցս իմացա՝ գրաքննությունն այդ ժամանակ այնքան ուժեղ էր, որ թերթերը չմեկնաբանեցին (որքան հիշում եմ՝ ոչ էլ նշեցին) Գլենքեռնի անհետանալը: Մի հին առակ ասում է, որ Հնդկաստանը աշխարհից մեծ է, Գլենքեռնը, որ գուցե ամենակարող էր այն քաղաքում, ուր ուղարկվել էր հրամանագրի տակ դրված կնիքով, Կայսրության վարչական կազմի ամբողջության մեջ գուցե հասարակ պտուտակ էր ընդամենը: Տեղական ոստիկանության հետազոտությունները ապարդյուն անցան. մեծավորս մտածեց, որ քաղաքացիական հագուստով հետոզոտողը պակաս կասկած կարթնացներ և կարող էր ավելի մեծ հաջողությունների հասնել: Երեք թե չորս օր հետո (Հնդկաստանում տարածություններն հսկայական են), ես առանց հույսի նշույլի թափառում էի քաղաքի մռայլ փողոցներում, ուր անհետ կորել էր Գլենքեռնը:
Գրեթե անմիջապես զգացի Գլենքեռնին թաքցնելու նյութված դավադրության առկայությունը: Այս քաղաքում (ես կարողացա ենթադրել) մեկը չկար, որ չիմանա գաղտնիքը և երդված չլինի պահպանել այն: Հարցաքննությունների ժամանակ շատերը ցուցաբերում էին բացարձակ անտեղյակություն. չգիտեին Գլենքեռնի ով լինելը, նրան երբեք չէին տեսել, երբեք չէին լսել նրա մասին: Իսկ ուրիշները նրան մի քառորդ ժամ առաջ էին տեսել այսինչ-այնինչի հետ խոսելիս, նրանց լկտիությունն  այն աստիճանի էր հասնում, որ ինձ ուղեկցում էին մինչև այն տունը, ուր իրենք մտել էին. բնականաբար այնտեղ ոչ ոք ոչինչ չգիտեր նրանց մասին, կամ էլ նրանք հենց նոր էին այնտեղից հեռացել: Այդ սրախոսներից մի քանիսին բռունցքի հարվածներ հասցրի: Վկաներն արդարացրին ինձ, սակայն տեղնուտեղը նոր ստեր հնարեցին: Չհավատացի, բայց չէի կարող չլսել: Մի երեկո ինձ մի ծրար հանձնեցին՝ մեջը մի փոքրիկ թուղթ կար, որի վրա խզբզած էր ինչ-որ հասցե…
Երբ հասա, արևն արդեն թեքվել էր: Թաղամասն աղքատ ու համեստ էր, տունը՝ շատ ցածր, մայթից նկատեցի իրար հաջորդող հողածածկ բակերը և հետնամասից եկող լուսավորություն: Վերջին բակում մուսուլմանական ինչ որ տոն էր նշվում. կարմրավուն փայտից շինված ուդը ձեռքին մի կույր մտավ ներս:
Ոտքերիս առաջ, իրի պես անշարժ, շեմին կծկվել էր մի շատ ծեր մարդ: Կնկարագրեմ նրա արտաքինը, քանի որ դա պատմվածքիս էական մասերից է: Տարիները, ինչպես ջրերը՝ քարերին կամ մարդկանց սերունդները՝ դատողություններին, փոքրացրել ու հղկել էին նրան: Չգիտեմ՝ ինձ թվա՞ց, թե նա իսկապես ցնցոտիներ էր հագել, բայց գլխի փաթթոցը կարծես այդ ցնցոտիների մի մասը լիներ: Մայրամուտ էր արդեն, երբ նա ինձ դարձրեց իր շատ թուխ, շատ երկար ու սպիտակ մորուքով դեմքը: Ես հույսս արդեն կորցրել էի, ուստի առանց այլևայլի խոսք բացեցի Դավիթ Ալեքսանդր Գլենքեռնի մասին: Չհասկանալով ինձ (գուցե չլսեց), և ես հարկադրված բացատրեցի, որ փնտրածս դատավոր էր, և որ ես որոնում եմ նրան: Այս խոսքերն արտասանելուց հետո զգացի, թե որքան անհեթեթ էր այս զառամյալ մարդուն հարցաքննելը. նրա համար ներկան հազիվ լսելի անորոշ մի շշուկ էր: Այդ մարդը (մտածեցի) կարող է խռովության և Ակբարի մասին նորություններ հաղորդել, բայց ոչ երբեք Գլենքեռնից: Նրա ասածներն հաստատեցին իմ կարծիքը:
- Դատավո՞ր,- արտաբերեց թեթև զարմանքով,- կորած մի դատավոր, որին որոնում են: Դեպքը տեղի ունեցավ, երբ ես դեռ երեխա էի: Թվականները չեմ հիշում, բայց դեռ Նիկոլ Սեյնին (Նիկոլսոնին) Դելիի բերդի առաջ չէին սպանել: Անցած ժամանակը մնում է հիշողության մեջ, անկասկած կմտաբերեմ այն, ինչ տեղի ունեցավ: Աստված զայրացած թույլ էր տվել մարդկանց այլասերվածությունը, բերանները բացվում էին անեծքներով, խաբեություններով և կեղծիքով: Բայց ոչ բոլորն էին ամբողջապես ապականված, և երբ լուր տարածվեց, թե թագուհին մի մարդ է ուղարկելու, որ այս երկրում Անգլիայի օրենքը հաստատի, պակաս չարերն ուրախացան, քանի որ զգացին, թե օրենքն անօրենությունից լավ է: Քրիստոնյայի հասնելուց հետո չուշացան օրինազանցություններն ու որոշումների առուծախը, սարսափելի ոճիրների քողարկումն ու որոշումների առուծախը: Սկզբում չմեղադրեցին նրան, նրա վարած անգլիական արդարադատությունը ոչ մեկին ծանոթ չէր, գուցե նոր դատավորի կարծեցյալ օրինազանցությունները հիմնավորապես իրավացի և գաղտնի պատճառներ ունեին: Ուզում էին մտածել՝ ամեն ինչ իր արդարացումը կունենա նրա գրքում, բայց աշխարհի չար դատավորների հետ ունեցած նրա ակնհայտ նմանությունը վերջապես ժողովրդին համոզեց, որ նա սովորական չարագործ է: Նա դարձավ մի բռնապետ, իսկ խեղճ ժողովուրդը, մի ժամանակ նրա վրա դրած չարդարացված հույսից վրեժ լուծելու միտումով, սկսեց նրան առևանգելու և դատի ենթարկելու գաղափարով տարվել: Խոսելը բավական չէ, խոսքից հարկադիր գործի անցան: Ոչ ոք, բացի շատ պարզունակներից և երիտասարդներից, չհավատաց այդ հանդուգն ծրագրի իրագործման գաղափարին, բայց հազարավոր սիկղեր ու մուսալմաններ առանց հավատալու կատարեցին իրենց խոսքը՝ իր վախճանին հասցրին այն, ինչը նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին անհնարին էր համարում: Առևանգեցին դատավորին և նրան բանտարկեցին հեռավոր մի արվարձանի ագարակներից մեկում: Ապա հայտնի դարձան նրա զոհերի կամ (որոշ դեպքերում) նրանց այրիների կամ որբերի մասին. դահճի սուրը տարիների ընաթացքում չէր հանգստացել: Եվ վերջապես, գուցե դա եղավ ամենադժվարը, որոնեցին և ընտրեցին մի դատավոր, որը պետք է դատավորին դատեր:
Այստեղ նրան ընդհատեցին տուն մտնող կանայք:
Հետո նա դանդաղորեն շարունակեց.
- Հայտնի է, որ յուրաքանչյուր սերնդի հետ աշխարհ են գալիս չորս ճշմարիտ ու արդար մարդիկ, որոնց վրա է անտեսանելիորեն հենվում է տիեզերքը, և նրանք են, որ ներկայացնում ու արդարացնում  են տիեզերքը Տիրոջ առաջ, անկասկած այդ մարդկանցից մեկը ամենահարմար դատավորը կլիներ: Բայց որտե՞ղ գտնել նրանց, եթե նրանք անանուն կորած են այս աշխարհում, եթե հնարավոր չէ նրանց տեսնելով զանազանել, եթե իրենք իսկ չեն գիտակցում իրենց առաքելության մեծ նշանակությունը: Այդ ժամանակ մեկը մտածեց, որ եթե ճակատագիրը մեր նպատակի համար բացառում է իր իմաստուններին, ապա մենք պետք է անխելքներին դիմենք: Այս կարծիքը հաղթող դուրս եկավ: Դատարանը կազմվեց ղուրանագետներով, օրենքի գիտուններով, առյուծներ կոչվող և լոկ մի Աստված պաշտող սիկղերով, բազմաստված հինդուներով, մահավիրայի վանահայրերով, որոնք սովորեցնում են, թե Տիեզերքը նման է ոտքերը չռած մարդու, կրակապաշտներով և սևամորթ հրեաներով, բայց վերջին դատավճիռը վստահվեց մի խելագարի:
Այստեղ նրան ընդհատեցին տոնակատարությունից վերադարձող մարդիկ:
- Մի խելագարի,- կրկնեց,- որպեսզի նրա բերանով խոսեր Աստծո իմաստությունը և ամաչեցներ ամբարտավաններին: Նրա անունը մոռացվել է կամ երբեք էլ չի իմացվել, բայց նա այս փողոցներով մերկ կամ ցնցոտիներ հագած էր ման գալիս, անընդտատ մատներն էր հաշվում ու ծաղրում ծառերին:
Ողջախոհությունս ըմբոստացավ: Ասացի, որ որոշումը խելագարին վստահելը նշանակում էր անվավեր ճանաչել դատավարությունը:
- Մեղադրյալն ընդունեց նրան որպես դատավոր,- եղավ պատասխանը: - Գուցե հասկացավ, որ նկատի ունենալով հավաքվածներին սպառնացող վտանգը, եթե իրեն ազատ արձակեին, միայն խելագարից կարող էր մահվան դատավճիռ չսպասել: Լսել եմ, որ ծիծաղել է, երբ նրան հայտնել են, թե ով է լինելու դատավորը: Վկաների բազմաքանակության պատճառով դատավարությունը օր ու գիշերներ տևեց:
Լռեց: Ակնհայտորեն մի բան մտահոգում էր նրան, և մի բան ասելու համար հարցրի՝ քանի՞ օր:
- Առնվազն տասնինը,- ասաց: Տոնակատարությունից վերադարձող մարդիկ նորից ընդհատեցին նրան: Գինին արգելված է մուսուլմաններին, բայց դեմքերն ու ձայները կարծես գինով լինեին: Ինչ-որ մեկն անցնելիս ինչ-որ բան գոռաց ծերունուն:
- Ճիշտ տասնինը օր,- ճշտեց ծերունին: - Անհավատ շունը լսեց դատավճիռն, ու դանակը խրվեց նրա կոկորդը:
Նա խոսում էր վայրի հրճվանքով: Եվ միևնույն ձայնով շարունակեց պատմությունը:
- Առանց վախի մահացավ. Ամենաստորներն անգամ ինչ-որ արժանիք ունեն:
- Որտե՞ղ է կատարվել պատմածդ,- հարցրի: - Մի հեռավոր ագարակո՞ւմ:
Առաջին անգամ լինելով՝ նայեց աչքերիս մեջ: Հետո, դանդաղորեն, բառերը չափելով, բացատրեց:
- Ասացի, որ մի ագարակում են բանտարկել նրան, չասացի, որ նրան այնտեղ են դատել: Այս քաղաքում են դատել նրան, որևէ տան մեջ, սրա նման մի տան: Մի տուն մի ուրիշ տնից չի կարող տարբերվել, կարևորն այն է, որ իմանանք, թե որտե՞ղ է կառուցված, երկնքո՞ւմ, թե՞ դժոխքում:
Դավադիրների ճակատագրի մասին հարցրի:
- Չգիտեմ,-ասաց համբերությամբ: - Այդ դեպքերը տարիներ առաջ են կատարվել ու մոռացվել: Գուցեև մարդիկ նրանց մեղավոր են համարել, բայց Աստված՝ երբեք:
Այս ասելով՝ ոտքի ելավ: Զգացի, որ նրա խոսքերը հրաժեշտի նշան էին, և որ այդ պահից ես նրա համար դադարել եմ գոյություն ունենալուց: Փենջաբում ապրող ցեղերի մարդկանցից ու կանանցից բաղկացած մի ամբոխ, աղոթելով ու երգելով, ներխուժեց ներս և գրեթե ավլեց մեզ, ինձ զարմացրեց այն, որ գրեթե  երկար միջանցքների նմանվող այդքան նեղ բակերից ինչպես կարողացան այդքան մարդիկ դուրս գալ: Շատերը շրջակայքի տներից էին դուրս գալիս. անկասկած ցանկապատերի վրայով էին թռել… հրելով ու հայհոյելով ճանապարհ բացեցի: Վերջին բակում հանդիպեցի դեղին ծաղիկներով թագադրված մի մերկ մարդու, որին համբուրում ու մեծարում էին բոլոր ներսում գտնվողները, նրա ձեռքին մի սուր կար: Սուրն արյունոտ էր՝ այդ սուրը Գլենքեռնին էր սպանել. նրա անդամատված դիակը ետին բակի ախոռներում գտա:

Թարգմանությունը իսպաներենից՝ Հովհաննես Բոդուկյանի


Խորխե Լուիս Բորխես | Շեմին նստած մարդը Խորխե Լուիս Բորխես | Շեմին նստած մարդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:47:00 Rating: 5
Технологии Blogger.