Հազար ու մի գիշեր | համառոտ



Բախվելով առաջին կնոջ անհավատարմությանը՝ խալիֆ Շահրիզամոնը մահապատժի է ենթարկում նրան և մեկնում է իր եղբոր՝ Շահրեարի մոտ՝ կիսվելու իր դժբախտությամբ: Սակայն եղբոր կինը ավելի անառակ մեկն է: Եղբայրները հանդիպում են մի կնոջ, ով կրում է 570 մատանուց վզնոց: Մատանիների թիվը նշում է նրա դավաճանությունների քանակը: Եղբայրները մահապատժի են ենթարկում Շահրեարի կնոջը և հարճերին: Որոշելով, որ բոլոր կանայք անհավատարիմ են՝ Շահրեարը ամեն օր կնության է վերցնում անմեղ մի աղջկա և տիրելով նրան առավոտյան մահապատժի է ենթարկում: Այս դաժան կարգը խախտվում է, երբ հերթը հասնում է Շահրազադային՝ Շահրեարի իմաստուն վեզիրի դստերը: Ամեն գիշեր Շահրազադան պատմում է հետաքրքրական պատմություն և առավոտյան կիսատ է թողնում այն: Խալիֆը հետաձգում է մահապատիժը՝ պատմության ավարտը լսելու համար: Այդպես է շարունակվում հազար ու մի գիշեր:  Ի վերջո խալիֆը գթում է Շահրազադային և վերացնում  դաժան սովորույթը:
Շահրազադայի հեքիաթները պայմանականորեն կարելի է բաժանել 3 խմբերի՝ հերոսական, արկածային և պիկարոյական:
Հերոսական հեքիաթներին են դասվում ֆանտաստիկական պատումները, որոնք «Հազար ու մի գիշերի» հնագույն միջուկն են և գալիս են «Հեզար աֆսանե» կոչվող պարսկական նախատիպից: Այդ պատումների գլխավոր հերոսները թագավորներն ու ազնվականներն են: Շատ դեպքերում, ինչպես օրինակ Տակկադուլ անունով իմաստուն օրիորդի մասին պատմության մեջ, հստակ երևում է դիդակտիկական գիծը: Պալատական հեքիաթներին են դասվում «Կամար-ազ-Զամանը և Բուդուրը», «Բադր Բասիմը և Ջաուհարը», «Արքա Օմար իբն ան Նումանի պատմությունը», «Աջիբ և Ղարիբ» և այլք:
Արկածային պատումները ծնվել են արհեստավորական միջավայրում: Թագավորներն ու սուլթանները բարձրագույն կարգի էակներ  չեն, այլ սովորական մարդիկ են, իսկ տիրակալի ամենասիրված տիպը Հարուն ար Ռաշիդն է: Իրենց բովանդակությամբ արկածային հեքիաթների մեծ մասը քաղաքային ֆաբլիոներ են: Դրանք հաճախ սիրային պատմություններ են, որոնց հերոսներն են հարուստ առևտրականները, որոնք դատապարտված են պասիվորեն կատարել իրենք սիրելիների խորամանկ նախագծերը: Այս խմբի տիպիկ հեքիաթներից են «Օմանցի Աբու ալ հասանի պատմությունը», «Խորասանցի Աբու ալ Հասանը», «Նիմը և Նումը», «Սիրողը և սիրվածը», «Ալադինը և կախարդական լամպը», «Ալի Բաբան և 40 ավազակները»:
Պիկարոյական հեքիաթները նկարագրում են աղքատների աշխարհը: Հերոսներն են ճարպիկ խաբեբաները, ինչպես օրինակ Ալի Զիբակը և Դալիլա Խաբեբան: Այստեղ շատ են բարձր դասի և հոգևորականների հասցեին ծաղրական ակնարկները և քննադատությունը: Հերոսները գործունյա, ճարպիկ և սրամիտ են: Այս խմբից կարելի է առանձնացնել Մարուֆ կոշկագործի հեքիաթը և Խալիֆ անունով ձկնորսի մասին հեքիաթը:
      
Տես նաև Ֆիրդուսի Շահնամե և Ջովանի Բոկաչչո Դեկամերոն

Ֆիլմը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ 
Հազար ու մի գիշեր | համառոտ Հազար ու մի գիշեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 25, 2015 Rating: 5
Технологии Blogger.