
Մի օր Պիֆ Պաֆ Պոլտրին
որոշեց այցելել հարևան ագարակ:
- Բարի օր, Հոլենտե
հայրիկ:
- Բարի օր, Պիֆ Պաֆ
Պոլտրի:
- Ես ուզում եմ
ամուսնանալ ձեր աղջկա հետ:
- Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ
Պոլտրի, եթե Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի
Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:
- Իսկ որտե՞ղ է Մալկո
մայրիկը:
- Գոմում կով է կթում:
- Բարի օր Մալկո մայրիկ:
- Բարի օր, Պիֆ Պաֆ
Պոլտրի:
- Ես ուզում եմ
ամուսնանալ ձեր աղջկա հետ:
- Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ
Պոլտրի, եթե Հոլենտե հայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը և
գեղեցկուհի Քաթրինելյեն համաձայն են, թող քո ասածը լինի:
- Հոհենշտոլց եղբայրը
որտե՞ղ կլինի:
- Ցախանոցում փայտ է
ջարդում:
- Բարի օր, Հոհենշտոլց
եղբայր:
- Բարի օր, Պիֆ Պաֆ Պոլտրի:
- Ուզում եմ ձեր քրոջ հետ
ամուսնանալ:
- Ես դեմ չեմ, եթե
Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Քազեթրաուտ քույրիկը և գեղեցկուհի Քաթրինելյեն
համաձայն են, թող քո ուզածը լինի:
- Հապա Քազեթրաուտ
քույրիկը որտե՞ղ է:
- Պարտեզում խոտ է
հնձում:
- Բարի օր, Քազեթրաուտ քույրիկ:
- Բարի օր, Պիֆ Պաֆ
Պոլտրի:
- Ուզում եմ ձեր քրոջ հետ
ամուսնանալ:
- Ես դեմ չեմ, Պիֆ Պաֆ
Պոլտրի, եթե Հոլենտե հայրիկը, Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը և գեղեցկուհի
Քաթրինելյեն համաձայն են, թող քո ուզածը լինի:
- Իսկ որտե՞ղ է
գեղեցկուհի Քաթրինելյեն:
-Նստած իր փողերն է
հաշվում հարսնատեսից առաջ:
- Բարի օր, գեղեցկուհի
Քաթրինելյե:
- Բարի օր, Պիֆ Պաֆ
Պոլտրի:
- Ուզո՞ւմ ես ինձ հետ
ամուսնանալ:
- Եթե Հոլենտե հայրիկը,
Մալկո մայրիկը, Հոհենշտոլց եղբայրը, Քազեթրաուտ քույրիկը համաձայն են, ես էլ դեմ
չեմ:
- Գեղեցկուհի Քաթրինելյե,
դե ասա տեսնեմ՝ ի՞նչ օժիտ ունես:
- Տասնչորս պֆենիգ ձեռքիս
ունեմ, երեք ու կես էլ՝ ստանալիք, մոտ կես ֆունտ տանձի չիր ունեմ, մի բուռ
ընկույզ, մի բուռ էլ չորացրած արմտիք: Հը, ո՞նց է: Լավ օժիտ չէ՞: Պիֆ Պաֆ Պոլտրի,
դո՞ւ ինչ արհեստ ունես: Երևի դերձակ ես, հա՞:
- Չէ´, ավելի լավ:
- Կոշկակա՞ր:
- Չէ´, ավելի լավ:
- Հողագո՞րծ:
- Չէ´, ավելի լավ:
- Հյո՞ւսն:
- Չէ´, ավելի լավ:
- Երևի դարբի՞ն:
- Չէ´, ավելի լավ:
- Դե ուրեմն՝ ջրաղացպան:
- Չէ´, ավելի լավ:
- Կա-չկա՝ ավլող-թափող
ես:
- Հա~, հա´, գտար: Ի՞նչ
է, վա՞տ արհեստ է:
Գրիմ եղբայրներ | Գեղեցկուհի Քաթրինելյեն և Պիֆ Պաֆ Պոլտրին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 17, 2016
Rating:
