Ժերար դը Ներվալ | Բանաստեղծություններ


El DESDICHADO
Խավարակյացն եմ ես, Անսփոփը, Այրին,
Իշխանն ակիտենցի՝ բերդում իր ավերուն:
Միակ Աստղըս հանգավ, և վինն իմ աստղային
Մելամաղձոտության սև Արևն է կրում: 

Դու, որ սփոփանքս եղար, Շիրմում մթին
Տո՛ւր ինձ Պոզիլիփը, Իտալիո ծովն հևուն,
Ծաղիկը, որ այնքա՜ն գերում էր իմ հոգին
Եվ արիշն, ուր վարդին որթի Շիվն է փարվում:

Սե՞րն եմ, թե՞ Փեբոսը… Բիրո՞ն, թե Լյուսինյան:
Համբույրն է թագուհու դեռ ճակատս դաղում.
Երազեցի Այրում, ուր Սիրենն է լողում…

Եվ Աքերոնն անցա՝ երկիցս հաղթական.
Օրփեոսյան լարին հնչեցնելով անմեռ
Ճիչեր Ըղձանույշի և Սրբուհու հեծքեր:

Քմայք
Կա մի անբառ եղանակ, որի համար ես ամբողջ
Մի Ռոսսինի կտայի, մի ողջ Մոցարտ ու Վեբեր.
Մի հին, շա՜տ հին եղանակ, քաղցրաթախիծ ու դողդոջ,
Որ միմիայն ի՛նձ համար ունի թաքուն հմայքներ:

Ամեն անգամ, երբ նրան ունկնդրում եմ իմ կյանքում,
Երկու հարյուր տարով եմ ես մանկանում հոգեպես,-
Լյուդովիկոս Արդարն է գահակալում. և կարծես
Տեսնում եմ մորճ մի բլուր, ուր մայրամուտն է հանգում,

Հետո՝ քարե սանդուղքով և կարմրավուն փեղկերով
Աղյուսաշեն մի դղյակ, շուրջը հսկա այգեստան,
Եվ մի գետակ, որ նրա ստորոտը թրջելով,
Խոխոնջում է ու կորչում ծաղիկների մեջ բուրյան.

Եվ տակավին՝ իր բարձր լուսամուտի մեջ կանգնած
Սևաչյա, շեկ մի կնոջ, հագուստներով հնամյա,
Որին թերևս ուրիշ մի գոյության մեջ, աստվա՜ծ,
Տեսել եմ ես մի անգամ… և վերհիշում եմ հիմա:

Տատիկը
Երեք տարի է ահա, որ իմ տատիկը չկա,
Բարի՜, բարի՜ տատիկս: Երբ նրան հող դրեցին,
Արտասվեցին բոլորը՝ ծնող, ծանոթ, դրացի,
Անխառն ու խոր մի վշտով ողբացին մահը նրա:

Տանը միայն ես էի շրջում շշմած, քան տխուր:
Եվ քանի որ հեռու չէր նրա դագաղը ինձնից,
Մեկը նույնիսկ կշտամբեց, թե անարցունք ու անճիչ
Նայում եմ այդ բոլորին, չզգալով սուգն ընդհանուր:

Շա՛տ շուտ, շա՛տ շուտ չքացավ մարդկանց վիշտը աղմկոտ.
Երեք տարի շարունակ խռովքներ խոր ու տարբեր՝
Պատուհասներ, բարիքներ ու բազմամբոխ հուզումներ,
Սրտերի մեջ ջնջեցին և տարան հուշ ու կարոտ:

Ե՛ս եմ հիշում լոկ նրան և մերթ լալի՜ս իր վրա:
Տարեց-տարի, օրավուր քաղելով ուժ ու ավյուն,
Ինչպես ծառի կեղևում փորագրված մի անուն,
Ավելի է խորանում հին հիշատակը նրա:

Սև կետը
Ով որ արևին է նայել՝ աչքը հառած,
Նա կտեսնի իր շուրջ, իր հայացքի առաջ
Համառորեն թռչող կապարագույն մի կետ:

Ես՝ պատանի սրտոտ ու տակավին անգետ՝
Խիզախեցի փառքին անթարթ նայել մի պահ,
Եվ մի սև բիծ մնաց նայվածքիս մեջ ագահ:

Այդ օրվանից, իբրև անանց սգո նշան,
Ո՛ւր որ իմ նայվածքն է գտնում կայք ու կռվան,
Միշտ այնտեղ է թառում նաև այդ բիծը սև:

Ի՜նչ. կմնա՞ միշտ նա իմ ու բախտի միջև:
Ա՜հ, լոկ արծիվն է, որ – վա՜յ մեզ կրկին-կրկին-
Անպատիժ է նայում Արևին ու Փառքին:

Թարգմանությունը՝ Ա. Ալիքյանի

Ժերար դը Ներվալ | Բանաստեղծություններ Ժերար դը Ներվալ | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:36:00 Rating: 5
Технологии Blogger.