Րաֆֆի | Ոսկի աքաղաղ



Բ… գյուղի մեջ բոլորի ուշադրությունը գրավում է մի փոքրիկ տղա, որի անունը Գալուստ է, բայց գյուղացիները կրճատելով Կալո են կոչում:
Ծնողները մահացել են խոլերայից, և այժմ նրան պահում է հորեղբայրը՝ բարեսիրտ Ավետը: Ընտանիքը մեծ չէ՝ կինը՝ Եղիսաբեթը, երկու փոքրիկ երեխաները և Շուշան տատը: Փոքրիկ Կալոն սիրում է երգել իր եղեգնյա սրինգով և զվարճացնել հովիվ ընկերներին: Օգնում է հորեղբորը տնտեսական գործերում, գառներին տանում է արածացնելու: Մեծ պասի վերջին շաբաթվա ընթացքում գյուղացիները իրենց բոլոր լավ բաները տանում են քաղաք վաճառելու, որ հարուստները լավ Զատիկ անեն: Այս անգամ Կալոն գնում է հորեղբոր հետ: Գյուղացիների վաճառքից նրանց որևէ բան չի մնում, քանի որ նրանք բոլորը պարտքեր ունեն, որոնք երբեք չեն պակասում, քանի որ միամիտ գյուղացին հազիվ տոկոսներն է կարողանում վճարել: Ե… քաղաքում մթերքը վաճառելուց հետո Ավետ ապերը գնում է աղայի մոտ՝ պարտքը վճարելու: Գործակատարը պարտամուրհակին նայելով, հաշվելով թղթադրամները, ասում է, թե իբր Ավետ ապերը հիսուն ռուբլի պարտական է մնում: Խեղճ գյուղացին սարսափի մեջ է ընկնում: Աղան, տեսնելով փոքրիկ Կալոյին, առաջարկում է գյուղացուն տղային իր մոտ պահել, մեծացնել որպես որդի, իր նման մարդ սարքել և ոչ թե տգետ գյուղացի թողնել: «Մարդ» բառը աղայի հասկացողությամբ հարուստ է նշանակում, քանի որ ով փող չունի, մարդ չէ: Պարտական լինելով աղային՝ Ավետը ստիպված համաձայնում է, թեև մյուս կողմից նաև ուրախ է, որ իր եղբոր որդին կբախտավորվի: Սակայն նա չգիտի, որ Կալոյին ընդամենը որպես ծառա են ուզում պահել: Աղայի կինը՝ Մարիամը, ցանկանում է մի ծառա ունենալ տանը, որը քաղաքի տղաների նման խորամանկ ու գող չի լինի: Ահա ինչու, աղան կարծում է, որ գյուղացի տղան հարմար է նման ծառայության համար, քանի որ միամիտ է ու մաքուր: Աղան՝ Պետրոս Մասիսյանը, նախապաշարմունքներով մարդ է, կարծում է, որ ամեն մի տուն ունի իր խորհրդական ներգործությունը բնակիչների վրա, այն է՝ նրա գերբնական հատկությունից է կախված նրանց թե´ բախտավորությունը, թե´ անբախտությունը: Մասիսյանի տունը բարի ազդեցություն ունի, «այդպիսի տների բախտը նրա կարծիքով կապված է մի աներևույթ էակի կյանքի հետ, որը հիմնականում լինում է մի օձ, գլխին գոհարեղեն պսակ, և նա հազիվ անգամ աչքի է երևում: Մասիսյանի տան բախտը մի «ոսկի աքաղաղ» է իր ոսկի հավի հետ, որոնք շատ անգամ երևացել են նրա պապերին իրենց ոսկի ճտերով: Առասպելական այս ավանդությունները նրանց ընտանիքում անցել են սերունդից սերունդ»: Ահա ինչու Մասիսյանը չի հանդուրժում իր տան մեջ ոչ մի փոփոխություն և եթե ինչ-որ բան կոտրվում է կամ հնանում, այդպես էլ մնում է ընկած ու հին: Ոչ մի բան նրա տան մեջ չի նորոգվում և չի թարմացվում, թեև նա քաղաքի ամենահարուստ մարդն է: Ուներ երեք աղջիկ և մի տղա, սակայն մեծ աղջիկը ինքնասպան էր եղել, մյուս աղջիկը, տեսնելով, որ հայրը մտադիր չէ ամուսնացնել իրեն, փախչում է գործակատարներից մեկի հետ, նրա մուտքը տուն կամ նրա հետ շփումը արգելված է: Այժմ տան անդամներն են կինը՝ Մարիամը, երկու աղջիկները՝ Հռիփսիմեն ու Գայանեն, որոնցից առաջինը որքան գեղեցիկ է ու կամակոր, այնքան մյուսը տգեղ է ու բարեսիրտ և որդին՝ Ստեփանը, որը ավարտել է գիմնազիան և այժմ ուզում է սովորել Պետերբուրգում, սակայն հայրը դեմ է ուսմանը, ուզում է, որ որդին զբաղվի իր գործով՝ վաճառականությամբ, և այստեղից հոր և որդու մեջ անհամաձայնություններ կան: Փոքրիկ Կալոյին աղայի տանը անվանում են Միքայել: Աղան շատ խիստ է նրա վերաբերմամբ, սակայն Մարիամը շատ բարեսիրտ կին  է և Միքայելի հետ շատ մեղմ է վարվում: Միքայելը, սակայն, իրեն լավ չի զգում և մի քանի անգամ փորձում է փախչել: Սակայն հանձին Ստեփանի նա ձեռք է բերում մի լավ ընկեր, որը զբաղվում է նրա կրթությամբ, դասեր է տալիս փոքրիկ տղային և գրքեր, որոնք աղայից թաքուն, փոքրիկ Միքայելը կարդում է գիշերները: Երեք տարի անց Միքայելը դառնում է «դուքնի աշակերտ»: Սնահավատ աղան, տեսնելով, որ Միքայելի հայտնվելը հաջողություն է բերում իր գործերին, որոշում է նրան իր առևտրական խանութ տանել, սակայն սրանով Միքայելը տանը ծառայելուց չի ազատվում և ի տարբերություն մյուս գործակատարների, նա ծառայում է թե´ խանութում, թե´ տանը: Խանութի բոլոր հաճախորդները ճանաչում են Միքայելին, սիրում են նրա հետ խոսել, նրանից գնել, միայն թե որոշ բաներ Միքայելը չի սովորում, ոչ այն պատճառով, որ չի հասկանում, այլ որ չի ընդունում: Օրինակ, երբ աղան ասում է՝ բեր «լավիցը», նշանակում է՝ պետք է բերել «վատիցը», սակայն տղան բերում է լավը՝ մնալով իր կարծիքին, որ լավը լավն է, վատը վատն է: Այս հաստատակամության համար աղան միշտ ասում է նրան՝ մարդ չես դառա: Մասիսյանի համար գիրը ատելի բան է: Հաշվապահություն ասած բանը նրա համար չէ, սակայն նա ամեն ինչ, ամեն մանրուք հիշում է մտքում, այնպես լավ ու ստույգ, ասես այդ ամենը գրանցված է թղթի վրա: «Մի զարմանալի հիշողություն իշխում է ամեն բանի վրա»: Սակայն աղան իր վաճառականությունը վարում է խաբեբայություններով ու խարդախություններով և նույնը սովորեցնում է իր աշակերտներին: Կիրառվում են սխալ կշռող կշեռքներ և այլ հմտություններ վաճառքը ի շահ իրեն անելու համար: Առևտրական գործերից ընտանիքում տեղյակ է միայն աղան, կինը և երեխաները մասնակից չեն նրա գործերին ու հաշիվներին, և Մասիսյանների հարստությունը մի տեսակ երևակայական ցնորք է նրանց համար, ինչպես «ոսկե աքաղաղը», քանզի տանն էլ նրանք ապրում են շատ համեստ կյանքով և տնից դուրս չեն գալիս, ինչպես ընդունված է արևելքում: Որոշ ժամանակ անց Սմբատը հեռանում է Մոսկվա ուսումը այնտեղ շարունակելու: Հայրը արգելում է նրա հետ որևէ կապ ունենալ և գումարով առհասարակ չի օգնում: Համալսարանի բժշկական բաժնի ուսանող Սմբատը ապրում է չքավորության մեջ, վաստակելով թարգմանութուններով և այլ մանր աշխատանքներով, դասեր տալով՝ այս ամենը զուգորդելով ուսման ու բժշկական փորձերի հետ: Նա ամբողջ օրը աշխատում է և գրեթե չի հանգստանում: «Եվ զարմանալին այն է, որ հայրը, այդ հին ավազակը, նայում է իր որդու վրա, որպես մի գողի«: Անցնում է ևս երեք տարի: Միքայելն ու Հռիփսիմեն անտարբեր չեն մեկմեկու հանդեպ, սակայն իրենք իրենց էլ դեռ չեն խոստովանում, որ սիրում են միմյանց: Մոսկվայի գործակատարներից մեկը Մասիսյանին գրում է նամակ՝ խնդրելով իր մոտ ուղարկել ռուսերեն իմացող, գրել ու կարդալ կարողացող մի օգնական: Մասիսյանը չունի նման գործակատար և տանը այդ մասին խոսում է կնոջ հետ: Միքայելն ասում է, որ ինքը կարող է գնալ, քանի որ գիտի ռուսերեն: Բոլորը զարմանում են, չգիտեին, որ նա գրել, կարդալ գիտի: Այդ ժամանակ աղայի մոտ է գալիս նրա փաստաբան Սիմոն Յագորիչը, մի ստոր խաբեբա, որը, սակայն, ստուգելով տղայի գիտելիքները, հավաստում է, որ Միքայելը կարող է գործը գլուխ բերել և նրան ուղարկում են Մոսկվա: Մեկ տարի անց, երբ Մոսկվայի գործակատարը մահանում է, Միքայելը նոր միայն կարողանում է այցելել Ստեփանին: Մինչ այդ նրան արգելել էին տեսնվել Ստեփանի հետ և հետևում էին: Ստեփանը շատ աղքատ է, բայց չի ընդունում Միքայելի օգնությունը գումարի տեսքով: Նրանք սկսում են հաճախ հանդիպել: Ստեփանը Միքայելի համար անհրաժեշտ գրքեր է բերում՝ վերաբերող բանկային և ֆինանսական գործառնությանը, զանազան տեսակի հում բերքերին՝ արդյունաբերվող այլևայլ երկրներում, գործարանական արհեստագործությանը: Բացի այդ, շաբաթը երկու անգամ Միքայելը կարող է իբրև ազատ լսող հաճախել Մոսկվայի առևտրական դպրոց: Այսպես Միքայելը զարգանում է, ավելի կրթվում և շուտով սկսում է առևտրական ազատ կոմիսիոների պաշտոն կատարել: Մասիսյանը դեմ է Միքայելի անկախությանը, նույնիսկ նրա ռոճիկն էր իր մոտ պահում՝ պատճառաբանելով, որ այդպես նրան ավելի ուշ մեծ գումար կտար: Միքայելը առաջարկում է իր վաստակածի մի մասը ևս տալ աղային, ներդնել նրա Մոսկվայի գործի մեջ, իսկ արգելելու դեպքում ինքը ստիպված կհրաժարվի աղային ծառայելուց: Աղան համաձայնում է՝ չկորցնելու համար Միքայելի նման գործակատարին, և նոր տարվա սկզբում ներկայացրած ընդհանուր հաշվի ցուցակի մեջ գտնում է հինգ հազար ռուբլի, որը Միքայելն էր նրան բաժին հանել սեփական գործից: Սա մխիթարում է Մասիսյանին, ինչու չօգտվել հավելյալ շահից: Սակայն շուտով լուր է գալիս, որ աղան մահացել է: Մարիամը նամակ է գրում որդուն՝ խնդրելով նրան վերադառնալ և կարգի բերել հոր գործերը, քանի որ նրանց ժառանգությունից կարող է ոչինչ չմնալ իրենց: Ստեփանը ավելի կարևոր գործեր ունի, նա պետք է գնա արտասահման պրոպագանդա անելու, Տաճկաստանի հայոց խնդիրը մի մազից է կախված, Պոլսի պատրիարքի նվիրակներից մեկը Պետերբուրգում է, մյուսը՝ Լոնդոնում, գործելու ժամանակն է:  Նա հավատարմաթուղթ է տալիս Միքայելին, որպեսզի նա կարգավորի հոր գործերը: Միքայելը մի մեծ գումար թողնելով իր վարձած տան տիրոջը՝ գերմանուհի պառավին ու նրա դստերը՝ Իդային, որը սիրահարված է իրեն և հիվանդացել է՝ իմանալով, որ Միքայելը գնում է, վերադառնում է տուն: Սակայն այս ընթացքում Մարիամը խաբվում է Սիմոն Յագորիչի կողմից՝ տալով նրան հավատարմաթուղթ իր անունից, որով Սիմոն Յագորիչը և մյուս գործակատարները հափշտակում են աղայի հարստությունը՝ տարբեր խարդախություններ բանեցնելով: Քանի որ աղան սովորություն չուներ իր հաշիվները գրանցել, Միքայելին հաջողվում է միայն կեղծ պարտատերերի ձեռքից ազատել Մասիսյանների տունը, այգին և մի քանի անշարժ կալվածքներ: Սմբատի հետ նամակների միջոցով խորհրդակցելով՝ նա ավելորդ քննություններ չի անցկացնում, որպեսզի աղայի այլևայլ քրեական գործեր չբացահայտվեն: Սմբատը աղայի հարստությունը հիվանդություն էր համարում, և այդ հարստության վերացմամբ հիվանդությունը ապաքինվեց: Մարիամը պատմում է, որ աղան տեսել էր «ոսկե աքաղաղի» մահը, որին հաջորդել էր աղայի կատվածահար լինելն ու մեռնելը, ահա ինչու եղան այդ անբախտությունները, սակայն Միքայելը հավատացնում է  նրան, որ Սմբատը դեռ մեծ հաջողություններ է բերելու նրանց, որ պետք է հիանալ նման որդի ունենալով: Հռիփսիմեն և Միքայելը, ի վերջո համարձակվում են խոստովանել իրենց սերը և շուտով ամուսնանում են: Մարիամի մոտ է նաև մյուս դուստրը՝ Նունեն: Բոլորը երջանիկ են: Սմբատը շնորհավորում է նրանց՝ Միքայելին կոչելով այդ ընտանիքի իսկական «ոսկի աքաղաղը»:

Րաֆֆի | Ոսկի աքաղաղ Րաֆֆի | Ոսկի աքաղաղ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:44:00 Rating: 5
Технологии Blogger.