Պոլ Էլյուար | Բանաստեղծություններ



Սիրահարված կինը
Նա կանգնած է թարթիչների վրա,
Եվ նրա մազերը՝ մազերիս մեջ են:
Նա տեսքն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա կլանված է ստվերիս մեջ
Ինչպես մի քար՝ երկնքի վրա: 

Բաց են նրա աչքերը անդադար
Եվ թույլ չեն տալիս ինձ քնել:
Նրա երազները, վառ լույսերի մեջ
Գոլորշիացնում են արեգակներ,
Ստիպում են ինձ ծիծաղել,
Լացել և ծիծաղել
Եվ խոսել առանց ասելիքի:

Բացօթյա
Գետը, դողացող ձեռքերով
Իջնում էր անձրևի տակ
Ելարանը մշուշի:
Դու դուրս եկար բոլորովին մերկ,
Ալաբաստր դողահար,
Ներկված բոցով առավոտվա:
Մի գանձ՝ որ պահպանում են գազաններ հսկա,
Որոնք թաքցրել են արևը իրենց թևերի տակ
Քեզ համար:
Գազաններ՝ որոնց մենք ճանաչում ենք, բայց չենք տեսնում:
Մեր գիշերների պատերից անդին,
Մեր համբույրների հորիզոններից անդին
Բորենիների ծիծաղը վարակիչ
Կրծում է ծեր ոսկորները
Մենակյաց էակների:
Մենք խաղացինք արևի հետ, անձրևի հետ, ծովերի հետ,
Ունենալու համար միայն մի արև, մի երկինք, մի ծով:
Մե՛րը:

Մի նոր գիշերվա առթիվ
Կին, որի հետ ես ապրում եմ,
Կին, որի հետ ես ապրում եմ,
Կին, որի հետ ես կապրեմ.
Դու միշտ նույնն ես:

Քեզ պետք է կարմիր մի թիկնոց,
Կարմիր ձեռնոցներ, մի կարմիր դիմակ
Եվ սև գուլպաներ:
Պատրվակներ, չքմեղանքներ,
Քեզ բոլորովին մերկ ցույց տալու համար.
Մաքուր մերկությամբ,- օ՜հ, պաճույն պարուճաճված
Ստինքներ…

Օ՜հ, իմ սիրտ:

Թարգմանությունը՝ Զ. Միրզայանի

***
Մի թոկ խեղդեց տասը մարդու,
Վառվող մի ջահ այրեց ծաղկած ճոխ մի քաղաք,
Անկոչ մի մարդ նսեմացրեց մի ժողովուրդ:
Ահա կատուն մեծանում է ուրախ, անհոգ,
Ապրում է նա որպես կապույտ խեցիի մեջ
Մի մարգարիտ,
Իսկ երբ խաղաղ գիշերը գա,
Ինքը կուտի իր ձագերին:

***
Երկինքը պարզ է, երկինքը՝ մթին,
Բայց ծուխը դեպի երկինք է գնում,
Երկինքը կորցրեց իր կրակները,
Իսկ բոցը մնաց այս երկրի վրա:

Թարգմանությունը՝ Հ. Սահյանի

Ապրել
Մենք պատրաստ ենք մեր ձեռքերը միմյանց մեկնելու,
Բռնեք իմ ձեռքը, ես ձեզ կուղեկցեմ հեռու:
Ես ապրել եմ մի քանի անգամ, դեմքս փոխվել է,
Ամեն մի շեմից, ամեն մի ձեռքից, որոնց հպվել եմ,
Զարթոնքն է ծնվել հարազատ գարնան
Ու թաքցրել իր, նաև ինձ համար՝ ձյունը կուսական,
Մահն ու հարսնացուն,
Նաև ապագան՝ իր հինգ պիրկ ու թույլ մատների միջև:
Եվ տարիքն է, որ ինձ մղել է միշտ
Նոր մտքերով, ուրիշներով ապրելու
Եվ սրտիս մեջ ուրիշ սրտի արյան զարկը զգալու:

Ա՜հ, ես եղել եմ, եղել եմ և կա՛մ պայծառ մի տղա
Ճերմակության դեմ կույր աղջիկների,
Որ գեղեցիկ են նուրբ ու հնացած լուսնից առավել,
Գեղեցիկ՝ կյանքի ճամփեքի փայլով,
Թուփ ու ծառերի կածանի փայլով,
Մառախուղով ու վաղորդյան ցողով,
Մատաղ մարմնով, որ միայնակ չի բարձրանում
Այս աշխարհում իրեն տրված տեղը վերջին.
Քամին, ցուրտը, անձրևները օրորում են այդ մարմինը,
Իսկ ամառը նրան մարդ է դարձնում:

Յուրաքանչյուր ձեռքի մեջ իմ առաքինությունը կա:
Միայնությունն է միակ մահը:
Քնքշանքից՝ զայրույթ, զայրույթից՝ պարզություն,
Կերտում եմ ինքս ինձ՝ բոլոր էակների շուրջ,
Ժամանակներն անցնում են՝ ջահել եմ մնում,
Ես ապրել եմ, դրանում է իմ զորությունը,
Ես ջահել եմ, և արյունս է ցնծագին քունքերիս զարկում:

Մեր ձեռքերը հյուսված են իրար,
Ոչինչ այլևս չի կարող հմայիչ լինել
Մեր սիրուց բացի: Անտառը փոխանցում է
Հողը երկնքին, երկինքը գիշերվան:
Գիշերվան, որը կանխատեսում է անվերջանալի մի օր:

Ծղոտ
Ցորենին փաթաթված ծղոտ,
Կրակին փաթաթված ծուխ,
Ցավին փաթաթված խիղճ:

Կնոջը, որը կրկնում է իմ բառերը,
Կին՝ հարություն առած մեն մի համբույրից:
Նա ծիծաղելի էր անչափ ու դրա համար էլ
Դարձավ կատարյալ մի կին,
Ու իբրև կին՝ նա զարդարվեց գույներով
Անկայուն ու նուրբ այս աշխարհի,
Գաղջ ու մեղմիկ այս աշխարհի:

Դյուրափոփոխ ու հավաք,
Գերված, անհավատարիմ ու թեթևամիտ,
Հարություն առած մեն մի համբույրից,
Եվ համբույրը շռայլող այդ կնոջ
Խորունկ աչքերի ներքո՝
Մի ժպիտ՝ ծնված մեն մի համբույրից:

Եվ սեր՝ անձրևին միաձույլ,
Չափազանց լավ եղանակի հետ միասին,
Եվ սեր՝ գիշերվան միաձույլ,
Ամենահպարտ ներկաների հետ՝ ներկա,
Ամենահեռու բացակաների հետ՝ առկա:

Ոչ մի բան ողջամտություն չէր ներարկում նրան,
Ու կինը ապրում էր սոսկ հավատալով
Հավիտենական ջահելությանը:

Թարգմանությունը՝ Ս. Գասպարյանի

Պոլ Էլյուար | Բանաստեղծություններ Պոլ Էլյուար | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 10, 2016 Rating: 5
Технологии Blogger.