Ժակ Պրևեր | Բանաստեղծություններ


Ծաղկեփունջ
Ի՞նչ ես անում, փոքրի՛կ աղջիկ,
այդ թարմ փնջած ծաղիկներով.
ի՞նչ ես անում, ջահե՛լ աղջիկ,
այդ չորացած ծաղիկներով.
ի՞նչ եք անում, չքնա՜ղ տիկին,
ծաղիկներով այդ թառամած. 
ի՞նչ եք անում, պառավա՛ծ կին,
ծաղիկներով՝ մեռած, դեղին…

- Ես սպասում եմ հաղթողին:

Բարբարա
Հիշի՛ր, Բարբարա՛,
այդ օրն անվերջ անձրևում էր Բրեստի վրա:
Իսկ դու քայլում էիր ծիծաղկոտ,
անձրևոտ, ծաղկուն, հիացկոտ,
անձրևի տակ,
հիշի՛ր, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա:

Ես քեզ հանդիպեցի Սիամ փողոցում.
դու ժպտում էիր,
ես էլ էի ժպտում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
դու, որին չէի ճանաչում,
դու, որ ինձ չէիր ճանաչում,
բայց և այնպես հիշի՛ր այդ օրը, հիշի՛ր,
մի՛ մոռանա:

Կամարի տակ պատսպարված մարդ
Կանչեց՝ Բարբարա՛,
և դու վազեցիր անձրևի միջով նրա մոտ՝
անձրևոտ, ծաղկուն, ծիծաղկոտ,
և նետվեցիր գիրկը նրա,
հիշի՞ր այդ ամենը, Բարբարա՛:
Եվ մի՛ նեղացիր, որ քեզ դու եմ ասում.
ես դու եմ ասում բոլորին, ում շատ եմ սիրում.
նույնիսկ եթե միայն մի անգամ եմ տեսել նրանց,
ես դու եմ ասում բոլորին, ովքեր սիրում են միմյանց,
նույնիսկ եթե նրանց չեմ ճանաչում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
մի՛ մոռանա
անձրևն այն երջանիկ ու խաղաղ
քո երջանիկ դեմքի վրա,
այն չքնաղ քաղաքի վրա,
անձրևը ծովի վրա,
զինանոցի
և Ուեսանի նավի վրա:
Օ՜, Բարբարա՛,
Ի՜նչ տխմար բան է պատերազմը:
Ո՜ր ես դու հիմա
անձրևի տակ այս երկաթե,
արյունոտ, կրակե, պողպատե,
և նա, որ սեղմել էր քեզ իր գրկում՝
սիրահարված,
դեռ ո՞ղջ է, մեռա՞ծ, թե՞ կորած:

Օ՜, Բարբարա՛,
անձրևում է անվերջ Բրեստի վրա,
ինչպես անձրևում էր մի ժամանակ,
բայց ուրիշ է անձրևն այս, հիմնիվեր փոխվել է ամեն բան.
սա սգո անձրև է, սոսկալի, հուսահատ,
սա փոթորիկ չէ անգամ, կամ որոտ՝
երկաթե, պողպատե, արյունոտ,
սրանք ամպեր են սովորական,
որոնք սատկում են շների նման
և անհետանում ջրի հոսանքով,
գնում են նեխելու հեռվում,
հեռո՜ւ, շատ հեռու Բրեստից,
որից չի մնացել ոչինչ:

Այդ սերը
Այդ սերն 
այնքան բուռն,
այնքան դյուրաբեկ,
այնքան նուրբ,
այնքան հուսահատ.
այդ սերն
օրվա պես սիրուն
և եղանակի պես վատ,
երբ եղանակն է վատ,
այդ սերն այնքան գեղեցիկ,
այնքան երջանիկ
և այնքան զվարթ
և ծիծաղելի
ինչպես խավարում վախից դողացող փոքրիկ երեխա
և այնքան վստահ,
ինչպես գիշերում մարդը համարձակ:
Սերն այդ, որ ահ էր ներշնչում մարդկանց,
ստիպում խոսել,
ստիպում գունատվել,
սերն այդ լրտեսված,
քանի որ մենք ենք լրտեսել մարդկանց,
հալածված, խոցված, կործանված, ժխտված ու ոտնահարված,
քանի որ մենք ենք սերը հալածել, կործանել, ժխտել, խոցել, մոռացել ու ոտնահարել:
Այդ սերը համակ,
դեռ շատ կենսունակ
և արևառ,
այն քոնն է,
իմն է:
Սերն այդ, որ եղավ
Մշտապես նոր մի բան
և սակայն երբեք, երբեք չփոխվեց,
և տունկի նման ճշմարիտ մնաց,
մնաց դողահար՝ թռչունի նման,
ամառվա նման՝ կենսատու և ջերմ:

Մենք կարող ենք հիմա
հեռանալ ու վերադառնալ,
մոռանալ
և հետո քնել,
արթնանալ, տառապել, ծերանալ
ու դարձյալ քնել,
մահը երազել,
արթնանալ, ժպտալ, ծիծաղել
ու ջահելանալ:
Մեր սերն այստեղ է՝
էշի պես համառ,
տենչի պես անսպառ,
հիշողության պես բիրտ,
զղջումի պես անմիտ,
հուշի պես քաղցր,
մարմարի պես պաղ,
օրվա պես պայծառ,
մանկան պես վտիտ,
և նայում է նա մեզ միշտ ժպտալով
և խոսում մեզ հետ, ոչինչ չասելով.
իսկ ես լսում եմ նրան դողահար
ու գոռում եմ ես,
գոռում՝ քեզ համար,
գոռում՝ ինձ համար,
աղաչում եմ քեզ
հանուն ինձ ու քեզ և հանուն նրանց, ովքեր սիրում են և կամ սիրել են:
Այո՛, գոռում եմ
հանուն ինձ ու քեզ և հանուն բոլոր մնացյալների,
որոնց չգիտեմ,
մնա՛ հենց այդտեղ,
այնտեղ, որտեղ կաս,
որտեղ եղել ես դու մի ժամանակ,
մնա՛,
մի՛ շարժվիր
ու մի՛ հեռացիր:

Մենք, որ սիրել ենք իրար,
հիմա մոռացել ենք քեզ,
բայց դու մի՛ մոռանա մեզ.
քանզի միայն քեզ ունենք աշխարհում,
թույլ չտաս, որ մենք դառնանք պաղարյուն:
հեռուներում միշտ
և հոգ չէ, թե ուր,
կյանքի նշա՛ն տուր:
Շատ տարիներ անց, անտառի եզրին,
հիշողության մեջ
հայտնվի՜ր հանկարծ,
ձեռքերդ մեկնիր,
և փրկյա՜ դու մեզ…

Թարգմանությունը՝ Ա. Դաշտենցի

Ժակ Պրևեր | Բանաստեղծություններ Ժակ Պրևեր | Բանաստեղծություններ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.