Գրիգոր Զոհրապ | Կարծեմ թե


Ծոծրակին վրա վազվզող ոսկի ճառագայթներեն ավելի, որոնք կրակի մեջ ինկող պզտիկ օձերու պես՝ գալարումներ, կծկումներ ունեին, մատղաշ ու արքենի հասակեն ավելի, որ քալվածքին մեջ՝ զեփյուռեն օրորվող ոստի մը նազանքը կ՝առներ, իր վճիտ ու հստակ աչքերուն համար պաշտեցի զինքը:
Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողին համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կ՝ընե միշտ և այնքա՛ն անստուգություններ, հեղակարծ անակնկալներ կ՝ընդնշմարվին հոն, որ աննենգ և անխարդախ բանը, զոր կտեսնեի դեմիս աչքերուն մեջ՝ զիս կհափշտակեր:
Բացարձակ ու անգիտակից Անկեղծությունը ունեի դիմացս, որ կարծես թե ակամա ըլլալուն համար արժանիք մը ըլլալե կդադրեր:
Ծովեր կան, որոնք թաքուն ցասումներ ու հրճվանքներ ունին միշտ իրենց կուրծքին մեջ զսպված. անոր համար է, որ անոնց շափյուղյա ճակտին պայծառությունը վայրկյանե վայրկյան հազար գույներով կրնա գունավորվիլ. իրենց հարափոփոխ ու հեղիկ կյանքին ճակատագիրն է աս:
Անդին ալ բյուրեղե կաթիլներ կան, որոնք իրենք մաքուր ցոլացումը կորսցնելու կարող չեն, եթե ուզեն իսկ, և իրենց հավատարիմ անշարժությամբ քարացած կթվին: Աննիկիս սիրտը այս ադամանդներեն էր:

Բ
Ինծի թափած սիրո լեզուն գեղջուկ, գրեթե շինական բան մըն էր.
- Հոգի՛ս, հոգիս ու կյանքս ես դուն, հասկցա՞ր:
Մանուկներու կցկտուր ու սահմանափակ բարբառը ուներ. ո՛չ նոր պարբերություններ, ո՛չ չլսված բացատրություններ՝ իր միակերպ, միակտուր սիրույն համար, միևնույն խոսքերը, որոնք ինծի՝ տղայության մեջ սորված երգի մը պես՝ հանհունս կրկնվելով ավելի քաղցր կթվեին:
Բայց այս պարզությունը զուրկ չէր կանացի բնազդիկ նրբություններե:
Երբ պատկերս տալ ուզեցի իրեն՝
- Ո՛չ,- ըսավ ինծի,- իմ աչքերուն չեմ վստահիր քեզ, հոն չես դուն:
Եվ հարուստ ու շքեղ լանջքին վրա դնելով մատը.
- Հո՛ս, հո՛ս, սրտիս մեջն ես, գաղտնի, խորունկ, անհարկի աչքերե ծածուկ տեղն ես դուն, միս մինակդ ու բոլորովին իմս, հասկցա՞ր:
Ուրիշ ատեն՝
- Գիտե՞ս,- կըսեր ինծի,- որ դրան զանգակին զարնվածքեն, սանդուխին վրա քալվածքեդ կճանչնամ քեզ և ուրախության սարսուռ մը կվազե ոտքես մինչև գլուխս:
Իմ պաշտումս ալ իրեն համար նույնքան բուռն էր. ես ալ զինքը՝ սրահին մեջ ձգած անուշ հոտեն, շրջապատող չնչին նյութերուն ազգականութենեն անմիջապես կգուշակեի:
- Հոս նստած էիր քիչ մը առաջ,- կըսեի իրեն, աթոռ մը ցույց տալով, երբ ներս կմտնեի սրահեն:
Ճշմարիտ էր ըսածս. Կուրախանար, կժպտեր, կշառագուներ: Եվ ձեռքը ձեռքիս մեջ՝ երբոր կսթափեր զինքը համակող անէացումի հեշտանքեն, ինծի կուղղեր տրտում ու անձկությամբ լեցուն նայվածքը, կարծես պահանջելու համար.
- Խոստացի՛ր որ չպիտի մոռնաս զիս:

Գ
Երբոր իմ մտերիմ բարեկամս, Ճամճյան Օննիկ, Իզմիրեն Պոլիս եկավ ամուսնանալու համար, ես տարին մը ի վեր Աննիկեն բաժնված էի այն խոլ արշավին մեջ զոր կմղեի կնոջական զբոսանքներու համար, ավելի հետաքրքիր ուղևորի մը պես քան թե ճշմարիտ վայելքի մը սիրույն:
Բայց անոր դեմքը՝ հատուկ պատվանդանի մը վրա դրած կպահեի սրտիս խորը. Մասնավոր խուց մը հատկացուցած էի անոր, բացառիկ ու անսգյուտ էակին. Ամեն հեղ որ կանացի պզտիկ դավերու, ստահոդ պչրանքներու հանդիսատեսը կըլլայի, այդ դեմքին հաստատատիպ արտահայտությունը կամոքեր զիս:
Եվ ունայնասեր՝ ինչպես կըլլան իմ տարիքիս մարդերը, կերևակայեի այդ վճիտ ու հստակ սիրտը դեռ ինձմով լեցուն՝ թեև ես լքած ու ձգած ըլլայի զինքը շատոնցվե ի վեր:
Աղեկ կհիշեմ որ շաբաթ առտու մըն էր:
Բարեկամս եկավ տեղեկություն առնելու ինե աղջկան մը վրա, որուն հետ միտք ուներ ամուսնանալու և որուն գովեստը ըրեր էին ամենքը. իմ ալ կարծիքս առնել կուզեր որոշում մը տալե առաջ. ո՜վ ըլլալը հարցուցի. Աննիկն էր ան:
Չեմ ծածկեր, որ մեծ սրտնեղությամբ իմացա այս լուրը. Ուրեմըն այս աղջիկը մոռցեր էր զիս, քանի որ ահա ուրիշի մը հետ կամուսնանար՝ մինչդեռ ես անմխիթար կկարծեի զինքը ինե զատվելուն համար:
Բարեկամս իմ դժկամությամբ կարդաց երեսիս վրա, այնքա՜ն այս հետադարձ նախանձը, սրտիս վրա խարանի ցավ մը ձգած էր. վախցավ որ աննպաստ կարծիք մը ունիմ այս աղջկան վրա:
- Ո՛չ,- ըսի իրեն,-ընդհակառակը, շատ գեղեցիկ ու շատ ուսյալ աղջիկ մըն է. ճաշակի մանավանդ սրտի տեր մարդ է. գեթ այսպես կըսեն զինքը ճանչցողները. ես հեռվանց միայն նշմարած եմ զինքը. Երբեմն հոս հոն տեսած, բայց մոտեն չեմ ճանչցած բնավ. Գիտեմ սակայն, որ ամենքը միաբերան զինքը կգովեն:
- Ես ալ այնպես լսեցի,- ասաց բարեկամս,- ուրեմն որոշումս որոշում է. վայրկյան մը վախցուցիր զիս, գիտե՞ս, կարծեցի, որ անխելք բան մը ընելու վրա էլ, Աննիկին հետ ամուսնանալովս. ուրեմն այս մասին ալ խնդիր չկա. Վաղը միասին պիտի երթանք խոսք կապը տանելու:
Ի զուր մերժեցի, ընդդիմացա, փաստաբանեցի, իզմիրցիները համառ կլըլլան, և բարեկամս մինչև որ խոսք չառավ ինե հետևյալ օրը իրեն ընկերանալուս, չթողուց զիս. ձեռքեն ազատելու հնարը չեղավ. Թող այդպես ըլլա ուրեմն:
Վաղը ես Աննիկին խոսք կապ պիտի տամ… ուրիշի մը համար. ի՜նչ բախտի խաղ, աստված իմ:

Դ
Սրահին մեջ՝ ծնողքը, ազգականները, բարեկամները. Հանդիսավոր բան մըն է այս խոսք կապը, և մենք երկու երիտասարդ եկած ենք մինակուկնիս այս մեծ արարողության համար. ես՝ իմ բարեկամիս ազգականն եմ, երբայրն եմ, ամեն ինչն եմ. անիկա իբրև նշանած չի կրնար խոսիլ, և ես անոր տեղը պիտի խոսիմ, շնորհավորեմ, ավանդական բարեմաղթությունները պիտի բաշխեմ:
Անուշ կհրամցնեն մեզի. Աննիկ դեռ չերևեցավ. Մտքովս կերևակայեմ, որ վերջին վայրկյանին զիս տեսնելով իր նշանածին քովը, առջի սերը պիտի վերարծարծի այնա՜ն ավելի սաստկությամբ, որքան լուռումունջ կեցեր էր մինչև հիմա. իմ դեմս ուրիշի մը խոսք տալու քաջությունը չպիտի ունենա. կերևակայեմ անլուր գայթակղությունը, հաջորդ օրը տուներուն մեջ ըսվելիք խոսքերը, երբոր հիմա ներս մտնելով ուղղակի ինծի գա, գիրկս նետվի ամենուր առջև ու պոռա:
- Ես քուկդ եմ միայն և ուրիշինը չեմ ըլլար:
Մտքովս կշարունակեմ երազը. ծնողքը ահա, որ կմիջամտե. Բռնի կբաժնեն զայն. կհափշտակեն թևերուս մեջեն. մազերեն քաշելով, գետինները քսկռտելով կտանին ոճրագործի մը պես, ով գիտե ո՛ր մութ սենյակին մեջ բանտարկելու համար:
Որչա՜փ կզղջամ եկած ըլլալուս:
Աննիկ ներս մտավ. այս ժամին հանդիսավորությունը բնավ չի շփոթեցներ զինքը. Վախս կփարատի տակավ ու կզմայլիմ իր անսեթևեթ ձևերուն վրա. գլխու թեթև ու շնորհալի խոնարհությամբ մը կբարևե մեզ, օտարականներու, հյուրերու ուղղված պաշտոնական բարև մը, ոչ շատ մտերիմ, ոչ շատ ցուրտ. իր անձին վրա որչա՜փ մեծ իշխանություն ունեցող մեկն է այս աղջիկը. ոչ դող, ոչ հուզում կա իր անուշ դեմքին վրա. չի շիկնիր, չի շառագունիր:
Կապշիմ ու կնեղանամ միանգամայն. Կսպասեի որ հանկարծակիի գար. կայծակե զարնվածի պես մնար զիս տեսնելուն, գույնը նետեր ու ծունկերը կթոտեին քիչ մը, ամենքը նշանտուքին առաջ բերած ջղային տագնապի մը վերագրեին իր թալուկը և ես միայն ասոր բուն պատճառը գիտնայի: Իր քաջառողջ անտարբերությունը զիս պզտիկ կձգե:
Կես ժամ վերջը խոսք կապի արարողությունը ավարտված է. աջին ձախին շնորհավորություններ, բարեմաղթություններ կթոթովեմ:
Նորեն անուշ, նորեն սուրճ կհրամցնեն ու ամենքը կմտերմանան. Կատակներ, զվարճություններ կըլլան:
Բարեկամս, որ ժամանակ կորսցնող չէ, իր նշանածին քովն է. կխոսի կխնդա. Պատուհանին քովը անկյուն մը կեցած ինծի նայելով բաներ մը կըսեն իրարու. իմ վրաս կխոսին, որքա՜ն հետաքրքիր եմ Աննիկին խոսքերը իմանալու. կրցա՞վ ինքզինքը զսպել, ծածկել իր առջի սերը. Արդյոք բան մը գուշակե՞ց. ահա նշան կընե որ մոտենամ իրենց. չուզելով կերթամ քովերնին. ինչ ընելիքս չեմ գիտեր:
- Աննի՛կ,- կըսե բարեկամս,- քեզի կներկայացնեմ իմ խիստ, բայց խիստ մտերիմ ընկերս. դուք պոլսեցի եք, հարկավ իրար կճանչնաք քիչ մը, այնպես չէ՞:
Այս հարցումին, Աննիկ աղել մը իմ կողմըս դարձավ. անանկ մը, որ պատուհանեն եկող լույսը զիս ողողե. աչքերս պզտիկցուց քիչ մը, ավելի մեծ ջանք մը ընելով իր հիշողությունը ամփոփելու համար. արագ և ուշադիր նայվածքով մը ոտքես գլուխս քննեց. ես ալ կհետևեի հիմա իր նայվածքին բոլոր ճիգերուն. Անկեղծ, բայց բոլորովին անկեղծ ջանք մը կըներ այդ նայվածքը զիս հիշելու համար ու չէր հաջողեր. այնքան որ ես իսկ հավտալ կսկսեի զինքը բնավ տեսած չըլլալուս, վասն զի աննենգ ու անխարդախ բան մը կար այս աշխատության մեջ, որով իր բոլոր կամքը կդներ զիս ճանչնալու համար, այն անկեղծ ու անխարդախ բանը, զոր միշտ գտած էի ես այդ աչքերուն մեջ. և վերջապես, եզրակացության մը հանգելով, բայց կերևա չկրնալով բոլորովին հաստատ ու ապահով ըլլալ ըսածին, Աննիկ պատասխանեց բարեկամիս.
- Կարծեմ թե տեղ մը տեսած ըլլալու եմ էֆենտին: 

Տես նաև ԽարիսխըՍառաՓոթուրլըն և Հակոբիկ
Գրիգոր Զոհրապ | Կարծեմ թե Գրիգոր Զոհրապ | Կարծեմ թե Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:43:00 Rating: 5
Технологии Blogger.