Գրիգոր Զոհրապ | Հակոբիկ



Երաժշտության եղանակներ կան, տարիներե ի վեր մոռացված, որոնք հանկարծ միտքդ կիյնան: Եղանակներ՝ զորս անօգուտ ջանքեր ընելե ետքը մտքեր վանելու ու հեռացնելու համար, մեկեն ի մեկ բարձրաձայն երգելու կելլես: Իմ Հակոբիկը հիշելու ելլելս այդ տեսակ բան մըն է: Ի՞նչխես, մտքի ի՞նչ անգիտակից ջանքով հիշողությանս առջև եկավ կանգնեցավ այս տղուն դեմքը. չպիտի կրնամ բացատրել. սա գիտեմ միայն, որ ութը օրե ի վեր, վայրկյան մը աչքիս առջևեն չեմ կրնար վտարել զայն: 
Դպրոցին մեջ նախ կտեսնեմ զինքը, ճիշտ իմ քովս նստած, զմելիովը գրասեղանին վրա իր անունը քանդակելու կամ շատ անգամ ալ պարզապես զայն տաշելու զբաղած, իր սիրական զբաղումը. հետո, դպրոցեն ելլելնուս, իրարմե բաժանվելնես վերջև, հոս ու հոն, միշտ աղվոր հագված երիտասարդ՝ որուն կենցաղասեր մարդու համբավը, հարափոփոխ սերերուն պատմությունը ամենուն բերանն էր: Ավելի հեռուն՝ երեսունին մոտերը՝ միևնույն մարդը, հոգնած քիչ մը սակայն, և դրամական անձկութենեն՝ արդուզարդի ծախքերուն հետ իրավախոհության գալու ստիպված: Ու քիչ մը վերջն ալ բոլորովին չքավորության մեջ ինկած, խավեարը թափած ռըտենկոթ մը կռնակը, որուն մաշած կողմերը չցուցանելու համար ջանքերը կը նշմարեմ: Հետո աներևութացումը, ծովին մեջ սուզվող լողորդին պես, որ իր գոյութենեն նշան չտար. և չըսպասված վայրկյանին վերերևումը, ամուսնության մը շնորհիվ, անհնարին ամուսնություն մը այս տղուն համար, ուռած տիկի պես բան մը, ծովին հատակը սուզած նավը ջուրին երեսը հանե:
Եվ շատ չանցած՝ լայն, սև շրջանակով պարուրված թուղթը, վրան՝ ծունկ չոքած անշնորհք հրեշտակով մը, որ անոր մահը եկավ օր մը ինծի ծանուցանել: Ուրիշ ոչինչ:
Մասնավոր պատճառ մը որոնելու չելա ասոր համար. հիվանդցեր ու մեռեր էր Հակոբիկ, որ սիրուն տղա մը ըլլալու համար մահկանացու ըլլալե դադրած չէր ու թերևս ճիշտ ատոր համար ուրիշե մը ավելի մահկանցու ըլլալու էր:
Հիմա սակայն կը վերակազմեմ այս կյանքը: Օդաչու գնացք մը, քան թե տոտիկ-տոտիկ քալել մը հաստատ հողի մը վրա: Ընդհանուրեն տարբեր ապրիլ մը՝ ընդհանուրեն տարբեր մեռնելով մը իր թողությունը գտած: Ութ օրվան մեջ իր վրա հավաքած պզտիկ պատմություններս, չնչին դեպքերես առաջնորդված քայլ առ քայլ կը հետևիմ իրեն: Այս կյանքին բոլոր հորինվածքները կը քայքայեմ մեկիկ-մեկիկ, ջիղերը կը զննեմ, երակները կը բանամ ու, ինչ-որ անհնարին կթվի ձեզի, որ հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ: Տեսակ մը հետադարձիկ վիրահատություն անգոյին, որ զիս կը հետաքրքրե, կյանքի ու մահվան հարց՝ իրարու խառնված, որ քուն չի քնացներ ինծի, մինչև լուծումը չգտնեմ ու ճիշտ եզրակացության մը չհասնիմ՝ տխուր, ամեն ճշտությանց պես:

Բ
Հայր ու մայր չուներ անիկա, այլ ծերունի մեծ հայր մը, Անկեն եկած կարծեմ ու հացագործությամբ հարստացած, որ մինչև վերջը վրան գուրգուրաց և որուն մեկ հատիկն էր: Այս երկու անչափահասությունները, մեկը՝ տարիքի անբավականութենեն առաջ եկած՝ Հակոբիկինը, մյուսը՝ տարիքին սահմանազանցութենեն բխած՝ իր հավինը, զիրար գտեր ու հսկցեր էին միշտ: Իրենց Պեշիկթաշի տանը մեջ՝ 20 սենյակով, ընդարձակ պարտեզով տուն մը մերինին դրացի, միս մինակ երկուքն էին: Հոն ամեն բան իրմե կախում ուներ միայն, իր մանկական դատաստանեն: Եթե իրավ է, որ զբոսանքը շռայլվելով կդադրի զբոսանք ըլլալե, Հակոբիկ իր տղայության ատենեն ճանչցավ Ձանձրույթ, հագուրդե եկող Ձանձրույթ, աշխարհիկ հաջողությունները արհամարհելու մերձավոր: Իր տարիքին հատուկ խաղերը շատոնց վայելած ու մեկդի նետած էր կոտրած խաղալիքներու պես, երբ մենք ամեն մեկս ատոնց մեջ գերագույն երջանկությունը կը տեսնեինք:
Հակոբիկ անոր համար միայն վարժարան եկավ, որովհետև սովորություն մըն էր ասիկա և որովհետև տունը մինակ մնալով սիրտը պիտի նեղանար:
Աչքիս առջևն է իր նիհար, բայց աղվորիկ դեմքը լուսնկայի կլորությունով ու բերնին, թուշին, ճակտին գրեթե կնոջական գիծերը, այնքա՜ն նուրբ, այնքա՜ն փափուկ: Խարտյաշ մազերը միշտ սանտրած ու երկուքի բաժնված գլխուն վրա: Հիվանդագին շնորհ մը վրան սփռված, որ պահպանության կոչում մըն էր կարծես: 14 տարու էր այդ միջոցին:Անհնարին ծուլությունով ծույլ մը սակայն իր դասերուն մեջ: Բացի գծագրութենեն, որուն մեջ նորեն զարտուղի կերպով՝ բայց իրական ձիրքով օժտված էր, հետինն էր ամեն ուսումներու մեջ: Ծաղրանկարի վարպետ մը միայն. տնտեսեն սկսելով մինչև տնօրենը իրենց պատկերները ապահով էին գտնելու պատերուն վրա՝ մատիտով, երբեմն ալ ածուխի մը ծայրով գծված: Հարուստի զավակ ըլլալուն՝ իր հանցանքները, քրեական մեզ ամենուս համար, ներողամիտ խրատներե ուրիշ հետևություն մը ունեցած չէին:
Իր վտիտ կազմին հակառակ՝ ճապուկ ու ճկուն տղա մըն էր, պարագլուխը մեր ամեն անկարգությանց ու մեր տղայական ըմբոստություններուն: Ինչպե՞ս կուզեք, որ ասանկ տղա մը չսիրվեր մենե: Օրերով բացակա կը մնար դպրոցեն. այդ միջոցին նոր զբոսանքի մը, երբեմն նոր մարզանքի մը հետամուտ էր և որուն մեջ իսկույն գերազանց կը հանդիսանար: Մասնավորապես կը հիշեմ կիրակի օր մը, երբ Օխլամուրի կողմը հանդիպեցա իրեն. ձի հեծեր էր, ամեհի նժույգ մը, զոր պչրող ամազոնի մը պես խաղցնելով կը վարեր: Աղջիկները խենթ ըլլալու էին իրեն համար. այդ օրը նախանձեցա իր վրան: Ատեն մըն ալ որսորդության սեր տվավ. իր հագուստը կապուստը, զեն ու զարդը, պատմած պատմությունները ամենուս բերնին ջուրերը վազցուցին:
Այս լիաբուռն վայելքը կյանքին, որ շնորհված էր իրեն մեր ցավատանջ դպրոցականության ճիշտ դեմը, դառնության մը չդրավ երբեք մեր ներսը, այնքան կը վայլեր իրեն անիկա, այնքա՜ն շնորհալի կըլլար ատով:
Կը հավատամ, որ շատ մը բաներու մեջ վայլցնելը՝ մեծ ու գուցե ճշմարիտ արդարացումն է:
Վարժարանի կյանքեն վերջը կորսնցուցի զինքը. ես նոր ուսանողության շրջանի մը մեջ նետվեցա. անիկա բուն կյանքին մեջ թևակոխեց իսկույն:
Պատանութենեն իր մուտքը երիտասարդության մեջ՝ շքեղ եղավ: Ծերունի հայրը մեռեր էր մեծ հարստություն մը ձգելով իրեն, պատրաստ դրամե, կարգ մըկալվածներե ու շատ մըն ալ առնելիքներե բաղկացած: Ուրիշ մը իր տեղը՝ այս ժառանգությունը հաշվելու, ժողվելու, կարգի բերելու պիտի նայեր: Ասանկ հիմարություն մը չանցուց մտքեն բնավ: Ունեցածը ծայրեն սկսավ վատնել, նախ պատրաստ դրամը, հետո կալվածները մի առ մի ծախելով. առնելիքները ձգեց պարտականներուն ու չփնտրեց զանոնք, նույն իսկ երբոր աղքատացավ: Պեշիքթաշ իր մեծ հոր տունը բնակեցավ միշտ, նախապաշարում ըսե կամ հարգանք անոր հիշատակին: Գիշեր չեղավ, որ Փերա չերտար, հաճույքի, զբոսանքի արվարձանը, նոր տարփուհիների ետևեն: Բայց իր փճացումին և զեխությանցը մեջ անգամ միշտ ուրույնություն մը ուներ, վես ու տոհմիկ բան մը, ինչ-որ, եթե ուշադրություն ըրած եք երբեք, մեր գավառացիներու զավակներուն մեջեն՝ Ակնեն եկող սերունդին վրա միայն կը նշմարվի:  

Գ
Ու այս բոլորին մեջ ատեն գտավ ճշմարիտ, մաքուր ու ազնիվ սեր մըն ալ ունենալու իր սրտին մեջ. վասնզի աղեկ գիտեմ, որ մեր գեղեն աղջիկ մը սիրեց ու սիրվեցավ անկե: Էսնաֆ ընտանիքի աղջիկ, պարզուկ ու անբիծ սիրտ, որ անոր նվաճող էրիկ մարդու մեկ նայվածքին առջև տկարացավ: Դեղինի վրա, աղվոր առատ մազեր ու դշխոյի հասակ մը ուներ, խրոխտ գեղեցկություն, որ ամեն երանությանց պես Հակոբիկին բաժին եղավ: Բոլոր ախտավարակ հաճույքներու մեջ, այս աղջիկը՝ անհպելի սրբության մը պես իր արտին առանձին մեկ անկյունը պահեց միշտ: Իր խոլական արշավին ու հետո վերջնական քայքայումին մեջ այս սերը անխախտ իր տեղը մնաց:
Այսպես անցավ իր երիտասարդությունը, անդուլ վազք մը: Այն օրը միայն, որ ա՛լ դրամ չգտավ վատնելու, կանգ առավ առանց զարմանքի, մանավանդ առանց տրտունջի: Երեսունին մոտ էր հիմա, նորեն վայելչագեղ երիտասարդ՝ պահելով վրան այն նրբությունը ու շնորհը, որ առնական կորովին հակընդդեմ է քիչ մը ուրկե սակայն այնքան կախորժին կարգ մը կիներ:
Ուրիշ մը իր տեղը պարտք պիտի ըներ շարունակելու համար իր ապրելու եղանակը. Ատանկ բան մը չըրավ. ըսի որ կեցավ իսկույն ու իր մեծ հորը տան մեջ փակվեցավ, աներևույթ եղավ գրեթե:
Ատենին նահանջելը՝ ամեն բանի մեջ՝ ճարտարութենե ավելի բան մըն է. ընդհանրապես ասիկա կը պակսի անոնց, որոնք հաջողությամբ լեցուն կյանք մը վարած են:
Հետո, ստիպված, այդ տունն ալ ծախեց. իր առաջին վիշտը եղավ ասիկա բովանդակ կյանքին մեջ. ատկե վերջը անդաստան մեկը եղավ ա՛լ. զինքը շրջապատող համակրությունը, իրեն ընկերացող ծափահարությունները հետզհետե հեռացան իրմե ու տակավ պակսացան մարող արձագանքի մը նման, իր երեսին ժպտող բոլոր երեսները թթվեցան ու անդին դարձան: Անհրաժեշտներ բարևներ անգամ պզտիցան, տարտամ, խուսափողական ձևեր առին՝ իր փալթոյին գույնին պես: Այս ընդհանուր սառնությունը զինքը շփոթեցուց քիչ մը ու ամեն արիություն մեռցուց իր մեջը: Ընդհանուր լքումին մեջ՝ ձեռք մը միայն կարկռեցավ իրեն, իր սիրած աղջկան ձեռքը: Բայց հիմա՝ իր անկումին մեջ՝ ինքզինքը անարժան զգաց անոր ու խույս տվավ անկե:
Հոս հոն շրջեցավ, դեռ նոր ոտք դնելով մյուս կյանքին սեմեն ներս, դժնդակ ու իրական կյանքին:
Որչա՜փ ատեն աղքատ ապրեցավ, պատերու տակեն սպրդելով քալեց, զրկանքներու ահագին աշխարհքին մեջ թափառեցավ:
Այդ միջոցին էր կարծես, որ պատահեցա իրեն ու կեցուցի զինքը փողոցին մեջ:
- Տեսնենք,- հարցուցի իրեն,- ինչո՞վ կը զբաղիս հիմա:
- Մեռնելով,- պատասխանեց ինծի:

Դ.
Շաբաթ մը վերջը իր ամուսնության լուրը առի: Տունը մնացած, ստակի տեր, անհրապույր աղջիկ մը՝ երիտասարդ էրիկ մը փնտրելու ելեր էր ու Հակոբիկը համոզեր էին, որ այս պաշտոնը ստանձնե:
Առանց ընդդիմության, առանց խորհրդածելու հետևեր էր իրեն տրված խրատին, հիվանդի մը պես, որ ամեն կամք կորնսցուցած՝ հանձն կառնե ամենեն դառնահամ դեղը խմել: Ու օրին մեկը տուն-փեսա գացեր էր Փանկալթի. փայտաշեն, հին օրերե մնացած տուն մը Պետրոսյաններու տունը, առանց աղեկ մը գիտնալու, թե ի՛նչ ընելու համար:
Կարգի կանոնի մարդիկ էին հոն եղողները, հարսին հորմեն մորմեն սկսելով, մինչև տան ծառաները, առտուն երեքին՝ սեղանատանը նախաճաշ. վեցին՝ ցերեկվան ճաշը. իրիկվան դեմ՝ աներհայր ու զոքանչ հինգ փառթի պեզիկ իրարու հետ. իր կինը՝ դեմը անկյուն մը նստած, դրացի տուներուն մեջ պատահած եղելությունները մանրամասն պատմելով:
Ամենուն դեմքին վրա լուրջ ու հանդիսավոր բան մը կար, որուն մեջ նոր փեսան իր անառակ տղու անցյալին դեմ լուռ կշտամբանք մը կը կարդար:
Իսկ կիրակի օրերը եկեղեցի պիտի երթային անխափան: Հակոբիկ ընդդիմություն չըրավ այս ամենուն, այնքան նոր, այնքան անհնարին, այնքան անիմաստ էր իրեն այս ամենը: Իր կինը, զուրկ ամեն պչրանքե, կարծես քրիստոնեական պարտականություն մը կատարելու համար կը մոտենար իրեն ու պարզապես զզվանք կազդեր անոր: Իրենց հարաբերությունները անհրաժեշտեն անդին չանցան:
Ամեն անհատականություն կորսնցուցած՝ Հակոբիկ ինքզինքը վերստին գտնելու ջանք մը չըրավ, գիշեր մը մինակ դուրս ելլեր մտքեն անգամ չանցուց:
Աշխարհի առջև սակայն՝ Հակոբիկ նոր բախտի մը տիրացած էր Պետրոսյաններուն փեսա ըլլալովը. բարևները սկսեր էին նորեն տրվիլ: Աները ըրավ չըրավ գործի դրավ զինքը իր կնոջ ազգականներեն մեկուն քով, որուն կալվածներուն հասույթը պիտի հավաքեր ու վարձու պայմանագիրները նորոգեր. բավական ատեն կանոնավոր ու գոհացուցիչ կերպով վարեց իր նոր փեսի ու գործակատարի դերը:
Եկեղեցի հաճախելը տեսնելով՝ քանի մը հոգի առաջարկեցին Հակոբիկը թաղական ընել:
Խելքը գլուխը եկավ, կըսեին շատերը: Հանգստությունը ու երջանկությունը հիմա գտավ, ըսին ամեն տեղ: Աներհորը հարստությունը ուշ կամ կանուխ իրն էր և իրազեկ անձեր տասը հազար ոսկիի մոտ կը հաշվեին այդ հարստությունը: Նախանձողներ ունեցավ:
Թաքսիմ, պարտեզին մոտ բռնեցի զինքը:
- Ի՞նչ ըսիր, Հակոբիկ:
- Ի՞նչ որ ըսեր էի քեզի արդեն, մեռա:
- Ի՜նչ կատակասեր մարդ ես:
Տրտում ժպիտ մը գծագրվեցավ ու անհետացավ իսկույն երեսին վրա:
- Ճաշի ատեն է,- պատասխանեց ինծի,- պետք է որ տունը ըլլամ:
- Հեռացավ փութկոտ քայլերով, առանց զիս ողջունելու:

Ե.
Ու մեռավ իրոք, չափավոր հիվանդութենե մը վերջը, ոչ շատ երկար՝ ոչ շատ կարճ, կարգով կանոնով, ինչպես որ պատվավոր մարդ մը պետք է մեռնի: Ո՛չ հանկարծակի, ո՛չ դիպվածական մահով, որոնք զղջումի ատեն չեն ձգեր ու գերագույն պատրաստությանց չեն հարմարիր, այլ երեք ամիս անկողնին ծառայելե վերջը ու ս. եկեղեցու խորհուրդները առնելե զկնի, ինչպես մահազդը ծանույց:
Բժիշկները, որոնք զինքը դարմանելու եկան, ճշտիվ չկրցան ճանչնալ հիվանդությունը, որ զինքը սպառեց. Նվաղում մըն էր տակավ, անխոսիկ, առանց ցավի, որ այս շենքով ու շնորհքով լեցուն տանը մեջ միակ ներելին էր արդեն:
Անոր մեռնելովը ոչ ոք ցավ մը զգաց, թեև միշտ միևնույն մահազդը մեզի իմացուց թե այս կորուստը ի խոր սուգ համակեց տնեցիները:
Իր այրին տարի մը սևեր հագավ, առջի երեք ամիսը թանձր քողք մը դրած երեսն ի վար, որ մինչև ոտքը կը հասներ հետո քողքը կռնակին վրա իջավ ու քիչ-քիչ վերացավ բոլորովին: Ընդունված սովորությունները ամենքն ալ հարգվեցան ու պահպանվեցան: Նույն իսկ քառսունքին, հակոբիկին հոգուն պատարագ մը ընել տվին:
Այսպես գլխիվայր բան մը եղավ այս տղուն ճակատագիրը: Ճիշտն անկե մեռավ, ուրկե շատ մը մարդիկ այնքան հանգիստ կապրին աչվընուս առջև: Ցավը, որ զինքը տարավ, բորոտությունն էր՝ տարածված այնքան մեր մեջ և որուն իր առողջ նկարագիրը չտոկաց: Այդ հիվանդությունը կը կոչվի՝ պայմանադրական կեղծիքը ընկերության:

Տես նաև Կարծեմ թե, ԽարիսխըՍառա և Փոթուրլըն
Գրիգոր Զոհրապ | Հակոբիկ Գրիգոր Զոհրապ | Հակոբիկ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:45:00 Rating: 5
Технологии Blogger.