Գրիգոր Զոհրապ | Խարիսխը


Ոչ ոք իրեն չափ աստվածասեր ու աստվածավախ էր միանգամայն. կյանքի բոլոր երևույթները, բնության բոլոր գաղտնիքները Աստուծո գաղափարովը կբացատրեր ու կհասկնար ինքը՝ խելացի կին մը սակայն:
Աղոթքը իր հոգվույն ամենեն անդիմադրելի պետքն էր, հորմեն մորմեն ժառանգած այս որոշյալ ժամերու աղոթելու սովորությունը զոր զավակներուն թողուլ կխորհեր:
Իր ամուսնության առջի օրեն, դեռ երիտասարդ կին ու աղքատացած մարդու աղջիկ, էրկանը փարթամ ու հարուստ տանը մեջ չէր կրցած համակրություն շահիլ, ու պարտավորված էր հյուրի մը պես, ավելորդ ձանձրացուցիչ օտարականի մը նման, զգույշ ու անձայն, ոտքին մատներուն վրա կոխել: Այն ատեն ժամասիրությունը իր ճշմարիտ սփոփանքը եղած էր:
Այն գեղին, որ Սոֆիկ հանըմ հարս եկած էր, կսիրեր փոքրիկ եկեղեցին. Պարտեզ մը կբաժներ իրենց տունը Աստծո տունեն: Իր հարսանեկան սենյակին մեկ պատուհանեն կդիտեր ծովը մշտաշարժ ու անհուն կապույտովը. մյուսեն՝ եկեղեցվույն կամարները, երկուստեք դուրս ցցված պահարաններով, որոնք շենքին երկայնքին հետ ամրակուռ ու քառակուսի խաչ մը կձևացնեին, իբրև անքույթ ու անշարժ խարիսխ մը, որուն իր ձեռքն էր փարիլ:
Իր ամուսնությունը, որով աշխարհի պայքարին մեջ կթևակոխեր, Աստուծո բացորոշ կամքին վերագրած էր միշտ և այս անծանոթ տան ու կյանքին, նոր բացվող ապագային մեջ այս ուղևորությունը՝ ամենազոր էակի մը երաշխավորությանը տակ դրած էր:
Ուրիշներ՝ պարի, խրախճանության, զբոսանքներու համար կհագնվեին. ինքը՝ կիրակի առտուները եկեղեցի երթալու, վերնատան իր հատուկ անկյունին մեջ կենալու աղոթելու համար կսիրեր արդուզարդը, որուն մեջ ցույց կու տար ընտրանքով ու ճաշակով հագվող կնոջ բնական գերազանցությունը:
Գլխարկին, կոշիկին, շրջազգեստին բարեձևությանը զմայլողները հոն հանդիպած էին այս երիտասարդ կնոջը: Մեծ պահքի չորեքշաբթի օրերը, ծնունդի և զատկի տոները անպատում խնդության օրեր էին իրեն համար: Էրիկ մարդիկ բակին մեջ, բանկալին քով կսլքտկային, կսպասեին, երբ բարձրագլուխ կհառաջանար, ժպտուն ու երջանիկ, փղոսկրե ծածկույթով աղոթագիրքը ձեռքը և ամփոփ շրջազգեստին եզերքեն ցույց տալով փոքրիկ կոշիկներուն ծայրը և հեշտաբույր հոտ մը ծավալելով շուրջը:
Երբեմն գավիթին մեջ կկենար, ջերմեռանդ խաչակնքումներովը, ծնրադրություններովը, մրմունջներովը զմայլեցնելով իր թաղեցիները և հատկապես այն այրերը, որ Աստուծո նվիրված այս գեղեցիկ կնկան հետամուտներն էին:

Բ
Այս էր իր հրապույրը, իր հաղթությունը, սուրբ, բոլորովին կրոնական բան մը, իր խանդավառ կնոջ մարմնական անձկությունները՝ քավության ու թողության գաղափարներու ուժովը զսպելով շարունակ:
Եվ սակայն հաշիվ կար այս աստվածասիրության մեջ: Ատենով հարուստ, հետո չքավորության մատնված հոր մը զավակն էր: Աղջիկ ատենեն երբ պասմա շրջազգեստի մը ա՛խը քաշած էր բոլոր ամառը, երբ իրենց աղքատիկ կարասիներուն նայելով, ճոխ ու զարդարուն սենյակի մը կարոտովը տանջված էր, երբեք հուսակտուր եղած չէր. կզգար, ինչուն չէր գիտեր թեև, որ այս չքավորությունը վաղացիկ բան մըն էր. այս հինումին տունը վերջնական կայան մը չէր: Կհիշեր, իբրև մշուշի մը մեջեն, իր մանկության օրերուն փարթամ վիճակը, բազմաթիվ սպասավորներով ընդարձակ ապարանքը, անհատնում սրահներով ու սենյակներով լեցուն, հեռանկար մը, որ կհրահրեր, կտոչորեր իր երիտասարդուհիի իղձերն ու տառապանքը:
Ու կխորհեր, որ այս ամենը վերադարձնելու, իրականացնելու կարող մեկը, աղերսանքի ունկնդրող հազվագյուտ մեկը, քովը, մոտը, գլխուն վրա էր, Աստվա՜ծ: Եվ իր ամուլ մնացող փափագներուն, փառասիրական ցնորքներուն սաստկությանը չափ, Աստուծո վրա իր հավատքը զորավոր ու հաստատ կդառնար:
Կհավատար, որովհետև անհրաժեշտ էր այդ հավատքը իր կարոտ ու զրկյալ հոգվույն:
Իսկ հիմա այնչափ ավելի որքան այդ պատանուհիի երազները՝ անհուսալի, ո՛հ, բոլորովին անհուսալի ամուսնությամբ մը ստուգության փոխված էին. և անկեղծ երախտագիտությամբ մը լեցված, ինքը գոհ ըլլալուն համար կարծելով որ ամենքն ալ պետք են գոհ ըլլալ, պարզամիտ և ակամա եսության մը բերմամբ, ինքն ալ փոխադարձապես պաշտպան կկանգներ իր Աստծուն ամեն կարգի թերահավատներու դեմ, որոնց շատնալը կդիտեր ցավով ու զարմանքով: Կմաքառեր անկեղծ եռանդով մը, չզգալով իր փաստերուն տկարությունը:
Կծաղրեին զինքը, կխնդային իր անդրդվելի համոզմանը վրա. ամեն կերպ աղետներ, մահ, ավերում, հրդեհ, աղքատություն կթվեին իր առջև, համար պահանջելով այս ցավերու և անիծից աստուծմեն: Ոմանք, հայհոյիչնե՜ր, անոր գոյությունը կուրանային ու Սոֆիկ հանըմ, չկրնալով այս նախատինքներում տոկալ, ոտքի կելլեր ձեռնամած գոչելով.
- Անուշիկ Աստվածս, աս ինչե՜ր պիտի լսեմ եղեր:
Ինքը բարիք միայն վայելած էր անկե, այդ մահերուն, ավերումներուն զոհ գացող անձերուն համար անշուշտ Աստուծո արդարությունը այնպես տնօրինած էր, և այս պատուհասները առանց պատճառի չէին հարկավ:

Գ
Հիմա «վերադարձի վրա» կին մըն էր. բացորոշ ծերության մեջ թևակոխելե առաջ կիները երիտասարդության, թարմության հրապույր մը կվերստանան միշտ. Սոֆիկ հանըմ այդ վերջալույսի հրապույրովը կփայլեր, իր աղջկանը չէին փոխեր զինքը: Դարձյալ առջի հավատացյալ կինն էր, թեև այն 25 տարիներուն, որոնք անծանոթ ու թշնամի հովե մը մղված ալիքներու պես եկեր անցեր էին, շատ կորուստներ տված էր: Իր կրոնասիրությունը անդրդվելի մնացած էր սակայն այն հարատև ձախորդությանց մեջ զոր չըմբռնել կսկսեր: Քանի մը տարվան մեջ 4 զավակներե երկուքը մահը առեր տարեր էր իր ձեռքեն և էրկանը հարստութենեն քոնսոլիտեի կորուստներու, հիմնահատակ փչացումին հիշատակը մնացած էր:
Ի՞նչ բանի համար արդյոք Աստված կպատժեր զինքը. հետաքրքիր, անձնահույզ կքններ, կպրպտեր իր կյանքը, ուշադիր՝ սև բիծ մը, չար գաղափար մը չմոռնալու չափ. այս անվերջ հետախուզություններուն մեջ ոչինչ կգտներ՝ անընդհատ դժբախտությանց արժանանալու չափ կարևորություն ունեցող: Կսարսափեր մանավանդ վերահաս աղքատութենեն: Դժգոհ և անհանգիստ կմնար միտքը, զարմանալով այս բարեկամ Աստծուն իրեն դեմ բռնած տարօրինակ ընթացքին վրա:
Կաղոթեր, հարցումներով լեցուն աղոթքներ, իբր թե իր մտերիմ երեսին ըսեր.
- Ի՞նչ պատճառով մեզի նեղացած եք:
Ի՞նչ կար անցած դարձած մեջերնին այսչափ գժտելու համար. և ընդունելի պատճառ մը գտնելե հուսաբեկ, հարյուր անգամ քավված ու թողության արժանացած մեղքերու վրա միտք հոգնեցնելե ձանձրացած, կառանձնանար իր սենյակը, առջի հարսանեկան սենյակը, և աչքին առջև ցածուկ եկեղեցին իր քառաթև որմերով կտարածվեր, իր կամարներուն ուռեցքը կթավալեր օդին մեջ, հանդարտ ու անփույթ առջի օրվան պես: Խարիսխը կշարունակեր վստահություն ներշնչել:
Հետո պզտիկ հաշտության թվական մը սկսավ աստուծո և իր տանը մեջ. առջինեկ զավակը եկավ հասավ, ճիշտ ժամանակին, վասն զի բոլորովին փճացած էին ալ. որքան աղոթա՞ծ պաղատած էր Աստուծո այս սիրական զավկին համար, հիվանդոտ ու նիհար տղա մը: Ամենքը կգովեին այս երիտասարդը, որ կառավարական պաշտոնի կոչված՝ փայլուն ապագա մը կխոստանար: Այն ատեն Սոֆիկ հանըմ ինքզինքը մեղադրեց վայրկյան մը կասկածած ըլլալուն համար Աստուծո անհուն գթությանը վրա. առտու իրիկուն իր եկեղեցին վազեց, մոմ վառելով խորանին ու բոլոր պատկերներուն առջև:
Շատ մը մարդիկ չտեսնել կձևացնեին իր ամուսինը՝ իմացած ըլլալով անոր դրամական վիճակը: Հիմա զավկին հաջողությունը լսելով նորեն բարևել կսկսեին զինքը իբրև թե ճամփորդութենե մը վերադարձած ըլլար:
Եվ այս տեսած բարիքին փոխարեն, երախտիք ճանչցող անձի պարկեշտությամբ, Սոֆիկ հանըմ, որոշեց Աստուծո տան պայծառությունը հոգ ու նպատակ ընել իրեն անկե ետքը:
Մեծ խորանին, պզտիկ խորանին, ավագ կամ լուր օրերու հատուկ, պարզ կամ ոսկեզօծ վարագույրներով, շապիկներով, գորգերով, ձեռագործերով եկեղեցին զարդարեց:
Սուրբ մուրացկանությամբ տունե տուն կպտտեր, մեկուն աղջիկը նշանելու, մյուսին հիվանդը առողջացնելու խոստումով. ասոր, անոր, բարեկամ, ծանոթ կիներու ուխտ ընել կուտար ու նվեր կհավաքեր: Իր եկեղեցվո սուրբին զորությանը ապաստանած, ամենուն սրտին բաղձանքը առաջուց կշնորհեր, և եկեղեցին կճոխանար այս կանացի բարեպաշտության արդյունքը եղող նվիրատվություններով. մինչդեռ իր մտքովը, այս ամեն ջանքերով տեսակ մը ապահովագին տված կըլլար իր ընտանեկան հաջողությունը ապագա վտանգներե զերծ պահելու համար:

Դ
Երեք օրե ի վեր Սոֆիկ հանըմ իր տղուն անկողնին քով կհսկե. երիտասարդը պտույտի մեջ մսած՝ ծանր թոքատապե մը կտառապի: Սոֆիկ հանըմ չի հասկնար այս նոր հարվածը. բժիշկները կուգան կերթան գլուխնին երերցնելով և իրենց ապիկարությունը, ուրիշ ամեն ատեն ծաղրելի, հիմա սպառնական ու ահարկու բան մը կնշանակե:
Կդողա այս մարդոց երթևեկեն, կդողա անոնց խորհրդակցություններեն, վասն զի ասոնց խոսքը ի դերև հանելու կարող մեկը չի տեսներ իր քովը: Ու հիվանդին քնացած մեկ վայրկյանին, գիշեր թե ցերեկ, կվազե շնչասպառ իր եկեղեցին, իր սուրբին, իր Աստծուն, իր բժիշկին ոտքը, արցունքով ու պաղատանքով օգնություն հայցելու, մինչդեռ խորանին առջև կանթեղը կշարունակե պլպլալ միօրինակ հատնումներով, նվաղումներով: Երբեմն, գիշեր ժամուն կվախնա կսոսկա թանձր ստվերներեն, որոնց մեջ, ոչ սուրբի, ոչ Աստծո պատկեր կրնա զանազանել, հապա անտեսանելի ոգիներ, որոնք, իր գալուն, պատեպատ կվազվզեն ու եկեղեցիին պարապությունը աներևույթ բազմությամբ մը կլեցնեն:
Հիվանդին քով կծածկեն իր տագնապները, որոնք ալ հայտնի համարձակ կգծագրվին իր դեմքին, իր ճակտին վրա. մազերը կալևորին, և Սոֆիկ հանըմ, առանց ուզելու, առանց գիտնալու սևեր հագնիլ կսկսի:
Հետո զավկին վիճակը ծանրանալուն հետ, փոխն ի փոխ Աստուծո կամ մարդկանց ապավինելու վարանումներ, երկմտություններ կունենա: Կզգա, որ Աստված կուշանա ու միանգամայն կզղջա այսպես խորհելով մեղք գործելուն համար:
Մահը իր միակ ապավենը եղող այս զավա՞կն ալ պիտի խլե արդյոք: Սոֆիկ հանըմին ակնարկը կթափառի հեռուն տարածվող, փրփրացող ծովուն ու իր մոտի ամուր խարսխին վրա. անիկա հիմա փրկության գաղափարը չարթնեցներ իր մտքին մեջ, այլ ստույգ նավաբեկության մը տպավորությունը կթողու: Ի՞նչպես կըլլա, որ մինչև այս վայրկյանիս անոր միայն վստահած ու ապրած է, իր բոլոր կյանքը դրած այդ հիման վրա, որ կերերա, կշարժի, կտատանի:
Մինչև վերջին վայրկյանին քաջությամբ սպասեց իր զավկին քով. առտվան դեմ նորեն եկեղեցի գնաց, վերջին բավատրություն մը ուզելու համար. պարտեզն անցավ, պահարանեն ներս սպրդեցավ. ոչ ոք. իր ծանոթ փոքրիկ եկեղեցին էր. այս գիշեր ժամուն մերկ, ցրտին ու ամայի պատկերը միայն տեսավ շուրջը, սարսուռ մը կվազեր այս անզգամ պատերուն վրա:
Խորանին առջև նվաղկոտ լույսի մը նշույլովը տիրամոր դեմքը նշմարեց իր հարատև ժպիտովը: Սոֆիկ հանըմ ծնրադրեց աղոթելու համար ու բարձրաձայն խոսիլ սկսավ:
Կանթեղին ցոլացումը հոս հոն դողդոջուն լույս մը կնետեր, ու աղոթողին ստվերը նախ գետնիս, հետո վերնատան, հետո քարե կամարին, հետո սյուներուն վրա կտարուբերեր, կպտտցներ ու անոնց համեմատ կոտրտվելով կպատշաճեցներ:
Այսպես ժամերով կանթեղին վտիտ լույսը զբոսնեցավ անոր հետ, մինչդեռ կինը կբողոքեր զայրագին այս անարձագանք պատերը արթնցնելու, անոնցմե վերջնական խոսք մը առնելու ճիգով: Հանկարծ ետին դարձավ, ճերմակ ներկված պատերուն վրա շուք մը տեսավ, իր շուքը, սև ու սգավոր իր ապագային պես, որ հիմակուց կպատկերանար, սիրելիներու գերեզմաններուն վրա ոստոստող վհուկի մը պես:
Անկե վերջը կանթեղին լույսը անհեթեթ նկար մը ձևացուց պատին վրա. այն երկաթե ձողեն, որ կամարին բացվածքը կմիացներ, չվանով կախված մարմնի մը, աստվածածնին դեմ լեզու հանող մարմնի մը տատանումը գծեց, միօրինակ և հետզհետե նվազող ճոճումով որ կշարունակվեր դեռ երբոր լուսաբացը եկեղեցին բացավ այն առտուն:   

Գրիգոր Զոհրապ | Խարիսխը Գրիգոր Զոհրապ | Խարիսխը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 04, 2016 Rating: 5
Технологии Blogger.