Գրիգոր Զոհրապ | Սառա


Ա
Այր ու կի՞ն, թե քույր ու եղբայր, չեմ գիտեր:
Երկուքն ալ մեղրամոմի գունատությունը ունին, որուն վրա շեկ ու գռուզ մազերնին ոսկիի ցոլքեր կթողու. միևնույն դիմագիծը, երեսի միևնույն ձվաձևը, երկուքին վրա ալ նուրբ ու քնքուշ բան մը:
Շոգենավին մեջ ուր իմ մոտիկս նստած են, երիտասարդը վեր դարձուցած է փալթոին մուշտակավոր օձիքը ու հորը ինկած աչքերեն՝ նայվածքը աննպատակ կթափառի պատուհանեն դուրս, ծովուն վրա: Չի խոսիր ու գլխու շարժումներով միայն կպատասխանե իր ընկերուհիին, առանց դիտելե դադրելու ծովը, որ իր բոլոր ուշադրությունը գրաված կթվի:
Անիկա, ընդհակառակը, առողջության խրոխտ արտահայտություն մը ունի. մեղրագույն բուրդե շրջազգեստ մը հագած է, իր բնական գույնին հետ՝ միօրինակություն մը կազմելու համար կարծես: Նիհար ու բարձրահասակ կին մըն է, բարակ մեջքով ու տարօրինակ կերպով ուռուցիկ լանջքով մը, որուն դուրս ցցված երկու սուր անկյունները՝ իրենց հիմերուն վրա թավալած զույգ մը վրաններու տպավորությունը կթողուն:
Ամբարտավան նստվածք մը ունի որ կվայլե իրեն. ոտքը ոտքին վրա, էրիկ մարդու մը պես. պահ մը կհոգնի և ոտքին դիրքը կփոխե, ու մետաքսի շրշյուն մը կու գա պատմուճանին տակեն, ներդաշնակ ու փայփայող նվագի մը պես, բեհեզե հանդերձեղեններու ձայնը:
Այսպես նստած, գիրք մը կարդալու տված է ինքզինքը. էջերը կդարձնե հետզհետե տենդոտ ձեռքով մը, երբեմն ընթերցումը կընդհատե, հիվանդին բառ մը ըսելու, պարբերություն մը ցուցնելու համար. ժպտելով, ծիծաղելով իր մունջ բարեկամը խնդացնելու, անոր մռայլամած ճակատը պատող տրտմությունը փարատելու հայտնի ջանքով մը:
Այս խնամոտ հոգածությունը այդ վես ու խիզախ կնոջ քով՝ հսկա ծառի մը վրա բացված փափուկ ծաղկի մը ներգործությունը կթողու ինծի: Կզմայլվիմ վրանին վրանին ու նորեն կհարցնեմ ինքնիրենս.
- Ա՞յր ու կին, թե քույր և եղբայր:

Բ
Փրինքիփոյի մեջ ճանճչցա զիրենք, մեծահարուստ հրեա ընտանիքե մըն էին: Էրիկը իր հորեղբորորդին էր ու անոր հիվանդագին վիճակը գիտնալով Սառա՝ ամուսնացեր էր հետը. երբեք ասիկա արգելք մը չէր նկատած իրենց ամուսնությանը: Ի՞նչ փույթ, կրնային մեռնիլ. օր մը չէր չէ նէ օր մը պիտի զատվեին աշխարհես. Կարժեր հաշվի դնել ասիկա: Սպանյոլի տաք արյունը կխաղար իր երակներուն մեջ. ու սիրո մեջ ալ նորեն հրեա շահախնդրի հանդուգն իմաստասիրությունն էր, որ ժառանգությամբ փոխանցվեր ու մտեր էր այս գեղեցիկ կնոջ հգվվույն մեջ:
Կարգվեր ու երջանիկ եղեր էին. բայց երթալով ա՛լ ավելի սաստկացեր էր այն մաշող հիվանդությունը, որ իր երիտասարդ ամուսինը կհատցներ:
- Խնայե՛ էրկանդ,- ըսեր էին իրեն:
Իր ախտավարակ խառնվածքը չկրցավ երբեք հանդուրժել այս պատվերին. Արտաքին ցուրտ ու անտարբեր երևույթին հակառակն էր ներսը ու երկու տարվան մեջ զիրենք այրող հուրը ճշմարիտ ավերումներ գործեր էր էրկանը վիճակին վրա. օդափոխութենե՝ եթե ոչ բժշկություն՝ գեթ բարվոքում մը կակնկալեին: Ու հիվանդապահի մը պես կընկերանար ահա իր ամուսնուն, ամբողջ խնամքի, գուգուրանքի մթնոլորտի մը մեջ պահելով զայն, ճիշտ ինչպես կանխահաս ծնունդով աշխարհ եկող երեխաները՝ արհեստական գաղջ մթնոլորտի մը մեջ կմեծցնեն:
Բայց փոքրիկ բարելավություն մը ամեն խոհեմություն մոռցնել կու տար իրենց ու նորեն անուղղա շռայլի մը վարժությամբ կվատնեին այս չնչին դրամագլուխը: Հետո, զղջումը կու գար և հիվանդը վերստին կազդուրելու անդուլ աշխատությունը:
Աղեկ բարեկամ եղանք ամուսնին հետ ու շատ հեղ կերթայի իրենց տունը զոր Փլադանայի կողմը ընտրած էին, հյուսիսեն փախչելով: Պատուհանին քով իր լայն թիկնաթոռին մեջ ընկողմանած հիվանդին աչքը դուրսն էր. ի՞նչ կխորհեր արդյոք. կնոջը երեսը չնայելու տարտամ դիտավորություն մը կգուշակեի. դժգո՞հ էր անկե. Անոր վրդովիչ ներկայությամբը՝ չէ՞ր նմաներ քիչ մը այն սնանկ խաղամոլին, որ ձեռքը գրպանը կդեգերի հիմա, ուրիշներին ձգելով սեղանը, որուն ատենով բախտավոր գահերեցն էր:
Այո՛, ուրիշներուն պիտի թողուր այս կինը, իր սպառիչ հրապույրներովը, որ հիմա տարտամ կերպով մը կհիշեցներ ինծի այն հոյակապ ապարանքներեն մեկը, որուն տերը մեկնելու հարկադրված՝ կանխահոգ հեռատեսությամբ ինքը մեջը եղած ատենեն պիտակ մը փակցնե սա բառերով.
Ծախու տուն
Գ
Իր բազմաթիվ սիրողներուն մեջ ամենեն վեհերոտը ես էի. Համարձակները կային, ձեռներեցները, քծնողները, պահանջողները, ամբողջ հավաքածո մը, տեսակ մը սիրահարներու թանգարան: Ինծի՝ վերջապահին մեջ աննշան անկյուն մը միայն տրված էր. ոչ մեկուն համար հաշվի առնվելիք մրցակից մըն էի. ոչինչ ունեի Սառայի պես արտակարգ կնոջ մը առջև շնորհ գտնելու համար. իմ՝ աշխարհի սրդողած իմաստասերի խոկումներս անշուշտ իր ջիղերուն կդիպչեին ու անկապ խոսքերս, որոնք ցիր ու ցան մտածումներուս ցոլքերն էին, շահեկան բան մը չէին կրնար ըլլալ իրեն համար:
Անդին՝ իր շուրջը մարդիկ որ նրբամտության հեղեղներ կթափեին. Հանճարեղ բառերով, անակլնալ պատրաստություններով կխնդացնեին իր անտարբեր դիցուհիի դեմքը: Ամենուն կըսեր միշտ.
- Էրիկս հիվանդ է ու սիրտ չունիմ:
Ասով իմ սրտիս ա՛լ ավելի կմոտենար, վասն զի ես ալ կսիրեի այս հիվանդը: Բանաստեղծի ու արվեստագետի խառնուրդ մը կար այս մարդուն վրա և ազնվական բան մը, որ համարում ու պատկառանք կազդեր ինծի: Եվ տեսնելով երիտասարդ կինը՝ հավատարիմ իր սիրույն ու անձնվիրությանը մեջ, իմ սերս ալ պարզապես հիացումի կփոխվեր ու անմռունչ կպաշտեի զինքը անմատչելի ու աննյութ արարածի մը պես: Գոհ էի երես չտալուն համար զինքը շրջապատող մարդոց, որոնք անկարեկից կմտնեին այս տունը, իրենց փողկապին հանգույցը, շապիկին անբիծ սպիտակությունը ցուցնելով:
Սառա առաքինի կին մըն էր, աշխարհային երանութերեն իր արդար բաժինը առած ու վայելած կին մը՝ որ իր իրավունքեն ավելի չուզեր և գիտե իր սրտին ու մարմնին իշխել:
Այսպիսով իր բարոյական նկարագիրը մեծնալուն հետ՝ իմ պաշտումս ալ կավելնար իր անձին համար. իր քալվածքը կճանչնայի ոտնաձայնեն. իր թաշկինակը կզանազանեի ծավալած հոտեն. իր փոքրիկ սովորությունները, քմահաճույքները գոց գիտեի վաղեմի բարեկամի մը պես:
Ու արգահատանքս հիվանդեն ավելի առողջին կերթար. մեղքցվելիքը այս մանկամարդ կինն էր, որ իր անսպառ գորովի գանձերը անպես թաղելու ու իր երիտասարդի իղձերը ու դողերը զսպելու արիությունը ցույց կու տար:

Դ
Հիվանդին վիճակը հետզհետե կծանրանար ու Սառայի անձնվիրությունը նույնքան ավելի մեծ կերևար աչքիս. հիմա դուրս չէր ելլեր էրկանը սենյակեն. երբեմն ես ալ կգտնվեի հոն. բերանը բերնին կկենար մինչև վերջը, հիվանդի շնչառությունը խառնելով իրենին: Այս չափազանց զոհողությունը ճշմարիտ խելագարության մը հանգելու վրա էր. էրկանը հետ մեռնիլ կուզեր անշուշտ. անդին ալ անոր հետ ըլլալ, ինչպես հոս եղած էր, և իր անհատնում վայեքները անոր պահել միայն: Այո՛, այս էր իր գաղափարը:
Մնաս բարովի մը ատեն մինչև  սանդուխին մոտ կընկերանա ինծի ու առիթը բարեպատեհ կնկատեմ բառ մը ըսելու, զգուշացնելու համար զինքը:
- Վախկո՛տ,- պատասխանեց ինծի, ձեռքերս թոթվելով,- վախկո՛տ, այդպե՞ս երիտասարդ ես դուն:
Ամոթես ու զայրույթես դեղնեցա:
- Քու անձիդ համար միայն վախկոտ եմ, ըսի իրեն. տեսար որ ես միայն այն հյուրերեն չեմ որ հիվանդեն կփախչին չպլըշկվելու համար. ես ամեն վայրկյան ամուսինիդ քովը գտնված եմ: Եթե դուն չես փախչիր իրմե, այդ քու պարտքդ է արդեն, դուն անոր կինն ես, ե՞ս…
- Այդ կնոջը սիրողը,- մրմնջաց ականջս ի վար:
Ձեռքս չթողուց ու ես ծռեցա համբուրելու համար զիս բռնող մատները:
- Ո՛չ ըսավ հեռանալով, չը՛լլար:
Հետո, տեսնելով ցաված դեմքս, մեղքցավ անշուշտ ու մատովը՝ խորհրդավոր նշան մը ընելով ավելցուց.
- Վերջը:
Ե՞րբ:
Իրիկվան՝ սրտատրոփ նորեն եկա:
- Վերջը,- ըսավ ինծի:
Ամեն նյութի վրա խոսեցանք. անիմաստ խոսքեր միայն ըսի կարծեմ. խելքս վրաս ըլլալու չէր. մեկնելու ժամուն կսպասեի ակնդետ. դուրս ելա:
- Վերջը, վերջը,- ըսավ նորեն Սառա ու ճամփու դրավ զիս:
Միշտ այսպես կը՛սեր ինծի ու այս անդուլ հետաձգումը՝ մերժումի քաղաքավար ձև մը միայն նկատած էի:
Ամբողջ ամառը անցավ ասանկ ու ես ալ չէի հիշեցներ իրեն խոստումը. բայց ան չէր մոռնար ու ամեն առթիվ միևնույն բառը կու գար իր շրթունքին վրա:
- Վերջը:
Ե՞րբ արդյոք:

Ե
Վերջին վայրկյանները հիվանդին անուշ մրափի մը նմանեցան:Մահը մեղմիվ եկավ, պայծառություն մը բերավ կարծես թե այս տժգույն դեմքին: Գլուխը բարձին դրած, աչքերը կիսափակ՝ ճիշտ միևնույն մարդն էր որուն չորս ամիս առաջ շոգենավին մեջ հանդիպած էի: Իր ոսկիի կարմրությամբ ցոլացող մազն ու մորուքը պատուհանեն եկող առտվան ճառագայթներում տակ կխայտան կարծես անգո կյանքի մը պատրանքը դեռ կու տան երեսին: Մեռավ. և ես գլխիկոր ու ապշած՝ առջի հեղ կտեսնեմ մահը հոս աչքիս առջև, հանդարտ, շքեղ, գրեթե հրապուրիչ: Սավանի պես պարզվող ծովի երեսն է ան, մաքուր ու միօրինակ հանդարտությամբ մը ծածկելով պարապությունը:
Սարսափը չի բռներ զիս. արհավիրք չեմ զգար այս հրեա երիտասարդին տեսքին քով, այլ զմայլանքով կլեցվիմ. ի՞նչ է այս պառկող մարդը: Հարցո՞ւմ մըն է թե Պատասխան մը: Հետո, անզգալաբար աչքերս կլեցվին. Սառա քովս է բայց չի լար. կկարծեմ, որ իր վիշտին մեծությունը կարգիլե զինքը արտասվելե, այն լեցված ամաններուն պես, որոնք շրջելով չեն թափիր:
Սևեր հագած է որոնք իր մեղրամոմի դեմքին անփայլ ճերմկությունը կցոլացնեն, քովս կու գա ու իր բուրումնավետ թաշկինակովը աչքերս կսրբե:
Այս վայրկյանիս, այս մահվան սենյակին մեջ բոլորովին մոռցած եմ զինքը. բայց ան՝ իր ներկայությունը հիշեցնել կու տա ինծի. Ձեռքս կբռնե նորեն, ճիշտ ինչպես ամիսներ առաջ կեցուցած էր զիս մեկնելու ժամուս: Կտեսնեմ որ աչքերը անսովոր անսովոր փայլով մը կցոլան, մութի մեջ կատվի աչքերու վառելուն պես, դեղնորակ լույսով մը:
Իր քովը կնստեցնե զիս բռնի, ու ակնարկություն մը ընելով իմ առջի թախանձքներուս.
- Հիմա՛,- կըսե հանկարծ:
Եվ այս սենյակին մեջ կբացատրե ինծի, իրավագեի մը պես փաստերով զինված, իր կյանքի ըմբռնումը ու պարտավորության գաղափարը:
Էրկանը հավատարիմ եղած էր ցորչափ կենդանի էր անիկա. մազի չափ չէր թերացած իր անձնվիրության ու պարտքին մեջ: Ի՞նչ պետք է թերանալու. չէ՞ր կրկնար համբերել. անոր կյանքը՝ յուղը հատած պատրույգի մը պես՝ վայրկյանե վայրկյան շիջելու վրա էր. կրնա՞ր այնքան անսիրտ ըլլալ, որ անոր մարելուն չսպասելու չափ անհամբերություն ցույց տար. ո՛չ, անոր համար վերջը ըսած էր միշտ:
Ու ահա ասանկ կմեկներ իր պարտականությունները, թվաբանական հաշիվ լուծելու պես:
Տրամաբանություն կար իր խոսքերուն մեջ, բայց սիրտ չկար ու չեմ գիտեր ինչո՞ւ պարզապես ահարկու ու ռամիկ թվեցավ ինծի այս ըմբռնումը՝ որ ապաքեն բոլոր աշխարհի մարդոց սովորական ըմբռնում է:
Լավագույն սեպեցի անոնք որ առանց հաշիվի կթերանար, քան թե անոնք որ Սառայի պես, հաշիվներու շնորհիվ, անթերի կհանդիսանան մեր աչքին:
Քովիկնիս երկնցող այս դիակին մոտ այս դավանությունը վրդովեց, սարսափեցուց զիս: Խղճիս ձայնը արթնացավ անժամանակ խոսող աքաղաղի մը պես, ու մերժեցի զինքը: 

Գրիգոր Զոհրապ | Սառա Գրիգոր Զոհրապ | Սառա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:13:00 Rating: 5
Технологии Blogger.