
Ժամանակով մի մարդ էր ապրում: Կինը մահացել էր, մնացել էին
ինքն ու աղջիկը: Շուտով նա երկրորդ անգամ ամուսնացավ մի շատ գոռոզ ու դաժան կնոջ հետ:
Կինը այրի էր և առաջին ամուսնուց 2 աղջիկ էլ ինքն ուներ: Աղջիկներն էլ իրենց մոր նման
չար ու կռվարար էին:
Հենց առաջին օրվանից խորթ մայրը իրեն ցույց տվեց. նա վատ
էր հագցնում հոր աղջկան, վատ էր կերակրում, բայց ամենածանր աշխատանքներն էր անել տալիս:
Սա էր ավլում հատակը, լվանում ամանները, լվացք անում: Քնում էր տանիքում, հատակին փռված
ծղոտի վրա, իսկ քույրերը՝ տաք, լուսավոր սենյակներում, փափուկ մետաքսե անկողիններում:
Գործը վերջացնելուց հետո խեղճ աղջիկը նստում էր բուխարիկի մոտ, մոխրով լի արկղի վրա:
Դրա համար էլ խորթ մայրն ու քույրերը նրան Մոխրոտիկ էին ասում: Մոխրոտիկը համբերությամբ
տանում էր բոլոր վիրավորանքները ու երբեք չէր բողոքում հորը: Միևնույն է, հայրը ոչինչ
չէր անելու, որովհետև վախենում էր կռվարար կնոջից:
Մի անգամ արքայորդին պարահանդես սարքեց ու հրավիրեց բոլոր
հարուստ մարդկանց: Մոխրոտիկի քույրերն էլ հրավեր ստացան: Նրանք շատ ուրախացան ու սկսեցին
պատրաստվել պարահանդեսի: Մոխրոտիկի գործն ավելի շատացավ, ստիպված էր առավոտից երեկո
լվանալ ու արդուկել քույրերի հագուստները: Այդ օրերին խոսքն ու զրույցը հենց միայն
պարահանդեսի մասին էր: Քույրերն ամբողջ օրը պտտվում էին հայելու առաջ, փորձում հագուստները:
- Ես,- ասաց ավագ քույրը,- պարահանդեսի կգնամ ժանյակազարդ
կարմիր թավշյա զգեստով:
-Իսկ ես,- ասաց կրտսերը,- սև մետաքսե զգեստ կհագնեմ ոսկեգույն
ծաղիկներով ու ադամանդե մանյակով:
Քույրերը կանչեցին Մոխրոտիկին ու խորհուրդ հարցրին, թե ինչպես
լավ հագնվեն: Մոխրոտիկը խորհուրդներ տվեց, նույնիսկ խոստացավ սանրել նրանց մազերը,
որին նրանք հաճույքով համաձայնեցին: Երբ Մոխրոտը սանրում էի քույրերի մազերը, նրանք
ասում էին.
- Մոխրոտիկ, դու էլ կուզեի՞ր պարահանդես գալ.
- Ախ, քույրիկներ, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, ես ի՞նչ պարահանդեսի
բան եմ:
Վերջապես քույրերը կառք նստեցին ու գնացին: Մոխրոտը երկար նայեց նրանց ետևից, հետո սկսեց լաց
լինել: Այդ ժամանակ եկավ նրա պառավ մորաքույրը: Հարկ է նկատել, որ նա բարի կախարդ էր:
- Դո՞ւ էլ կուզեիր գնալ պարահանդեսի,- հարցրեց կախարդը:
- Շատ կուզեի,- պատասխանեց Մոխրոտիկը:
- Լավ,- ասաց կախարդը: - Եթե խելոք լինես, ես հաճույքով կկատարեմ
քո ցանկությունը: Գնա պարտեզ ու մի դդում բեր: Մոխրոտիկը իսկույն վազեց պարտեզ, քաղեց
ամենամեծ դդումն ու բերեց կախարդին: Կախարդը հանեց դդումի միջուկը և իր կախարդական
փայտիկով խփեց մի անգամ: Դդումն անմիջապես վերածվեց ոսկեզօծ կառքի: Հետո կախարդը ստուգեց
թակարդը, 6 հատ կենդանի մուկ կար այնտեղ: Կախարդը Մոխրոտիկին պատվիրեց բացել դռնակը
և դուրս թռչող բոլոր մկներին նա առանձին-առանձին խփեց իր փայտիկով, մկները դարձան սիրուն
ձիեր: Մնում էր կառապանը: Թակարդի մեջ 3 մեծ առնետ էլ կար: Նրանցից ամենամեծին կախարդուհին
կառապան դարձրեց: Հետո Մոխրոտիկին ասաց.
- Գնա պարտեզ և 6 հատ մողես բռնիր:
Երբ Մոխրոտիկը բերեց
մողեսները, կախարդը նրանց դարձրեց վեց սպասավոր: Նրանք անցան կառքի ետևն ու այնպես
կանգնեցին, ասես ամբողջ կյանքում դա էր եղել նրանց զբաղմունքը: Այդ ամենն ասելով, կախարդն
ասաց.
- Ահա քեզ կառք՝ պարահանդես գնալու համար: Ուրա՞խ ես հիմա:
- Շատ ուրախ եմ,- պատասխանեց Մոխրոտիկը,- բայց ինչպե՞ս կգնամ
այս կեղտոտ պատառոտված շորերով: Կախարդը փայտիկով խփեց Մոխրոտիկին, և կեղտոտ հագուստը
անմիջապես դարձավ ոսկեթել ու արծաթաթել շքեղ զգեստ: Հետո նա Մոխրոտիկին տվեց մի զույգ
բյուրեղապակյա կոշիկ: Կոշիկները հագնելով, Մոխրոտիկը կառք նստեց: Հրաժեշտից առաջ կախարդը
խստորեն զգուշացրեց Մոխրոտիկին, որ կեսգիշերից ավելի չմնա պարահանդեսում:
- Եթե թեկուզ մի րոպե ավելի մնաս, քո կառքն էլի դդում կդառնա,
ձիերդ՝ մկներ, սպասավորներդ՝ մողեսներ, կառապանդ՝ առնետ, իսկ հագուստդ՝ մաշված ու կեղտոտ,
ինչպես առաջ: Մոխրոտիկը խոստացավ վերադառնալ կեսգիշերից առաջ, և ուրախությունից խենթացած
գնաց:
Երբ մոխրոտիկը պալատ մտավ, քար լռություն տիրեց: Հյուրերը
դադարեցին պարել, երաժիշտները դադարեցին նվագել, բոլորը նայում էին անծանոթ գեղեցկուհուն:
Չորս կողմից լսվում էր միայն.
- Ա՛խ, որքա՜ն գեղեցիկ է: Ախ, ինչ սլացի՜կ է:
Կանայք բոլորն ուշադրությամբ նրա սանրվածքն էին զննում, նրա
զեգստը: Արքայորդին Մոխրոտին նստեցրեց իր կողքին: Երբ պարերը վերսկսվեցին, նրան հրավիրեց
պարելու: Մոխրոտիկն այնպես լավ էր պարում, որ հյուրերն ավելի զարմացան ու զմայլվեցին
նրանով: Պարեցին հետո, հիանալի սեղան բացեցին, բայց արքայորդին ոչ մի բանի չդիպավ,
նա նայում էր անծանոթ գեղեցկուհուն, միայն նրա մասին մտածում: Իսկ Մոխրոտը նստեց քույրերի
մոտ ու շատ սիրալիր զրուցեց նրանց հետ, նույնիսկ նարինջ ու խնձոր հյուրասիրեց նրանց,
որ մատուցել էր նրան արքայորդին: Հանկարծ Մոխրոտիկը լսեց ժամացույցի զարկը՝ տասներկուսին
քառորդ էր պակաս: Նա գլուխ տվեց բոլոր հյուրերին և շտապ դուրս փախավ: Վերադառնալով
տուն, Մոխրոտիկը շնորհակալություն հայտնեց կախարդին և ասաց, թե վաղն էլ կուզեր գնալ:
Երբ նա կախարդին պատմում էր պարահանդեսում իր տեսածի մասին, քույրերը վերադարձան: Մոխրոտիկը
վազեց դուռը բանալու:
- Ի՜նչ ուշ վերադարձաք,- ասաց նա հորանջելով, իբր նոր է արթնացել:
- Եթե դու լինեիր այդ հրաշալի պարահանդեսում,- ասաց կրտսեր
քույրը,- կտեսնեիր, թե ինչ հետաքրքիր էր: Պարահանդես եկավ մի այնպիսի գեղեցիկ արքայադուստր,
որի նմանը դեռ ոչ ոք չի տեսել: Նա շատ բարի էր ու ինձ հրաշալի նարինջ հյուրասիրեց:
Մոխրոտը գոհ էր քույրերի գովեստից: Նա հարցրեց արքայադստեր
անունը, բայց քույրերն ասացին, որ ոք չգիտե:
- Երիտասարդ արքայորդին,- ավելացրին քույրերը, ասաց թե աշխարհում
էլ ոչինչ չի ցանկանա, միայն թե իմանա՝ ով է այդ արքայադուստրը:
Մոխրոտիկը ժպտաց ու ասաց.
- Ախ, ի՜նչ բախտավոր եք, քույրիկներ: Չ՞ի կարելի ես էլ տեսնեմ
գեղեցկուհի արքայադստերը: Սիրելի քույրիկ, տվեք ձեր դեղին զգեստը, որ հագնում եք տանը:
Ես նրանով կգամ պարահանդես:
- Չէ մի՜,- բարկացավ քույրը: - Քեզ պես կեղտոտը հագնի՞ իմ
հագուստը: Գժվել եմ, ինչ է:
Մոխրոտիկը չվիրավորվեց մերժումից: Գիտեր, որ կախարդից այնպիսի
զգեստ կստանա, որ քույրերը երազում էլ չեն տեսել: Հաջորդ օրը քույրերը էլի գնացին պարահանդես,
Մոխրոտիկն էլ գնաց: Այս անգամ ավելի շքեղ էր հագնված:
Արքայորդին չէր հեռանում նրա մոտից, ամբողջ ժամանակ միայն
նրա հետ էր խոսում: Մոխրոտիկը ուրախանում էր, պարում ու բոլորովին մոռացել էր կախարդի
պատվերը: Նրան թվում էր թե տասնմեկն էլ չկար, երբ ժամացույցն ավետեց կեսգիշեր: Լսելով
ժամացույցի զարկերը, նա վեր կացավ ու շտապ փախավ: Վազելիս Մոխրոտիկի բյուրեղապակյա
կոշիկներից մեկը դուրս եկավ ոտքից: Արքայորդին վերցրեց կոշիկն ու վազեց նրա ետևից:
Նա հասավ դարբասին ու հարցրեց դռնապաններին, թե չտեսան արքայադստերը: Դռնապաններն ասացին,
թե տեսել են միայն վատ հագնված մի խեղճ աղջկա, որ ավելի շատ մուրացիկի էր նման, քան
արքայադստեր:
Արքայորդին տխուր վերադարձավ պալատ, մտածելով, թե ինչպես
գտնի անհետացած արքայադստերը: Իսկ Մոխրոտը շնչակտուր վազեց տուն, առանց կառքի ու առանց
սպասավորների, իր հին ու կեղտոտ զգեստը հագին: Նրա բոլոր զարդարանքներից միայն բյուրեղապակյա
մի կոշիկն էր մնացել ձեռքին: Երբ քույրերը վերադարձան տուն, Մոխրոտիկը հարցրեց, լա՞վ
ուրախացան պարահանդեսում, և անծանոթ գեղեցկուհին եկե՞լ էր արդյոք:
Քույրերն ասացին, որ գեղեցկուհին եկել էր, բայց կեսգիշերին
շտապ փախավ, որտքից գցելով բյուրեղապակյա կոշիկներից մեկը, որի նման գեղեցիկ կոշիկ
չկա աշխարհում:
- Երիտասարդ արքայորդին վերցրեց այդ կոշիկը և ամբողջ ժամանակ
դրան էր նայում: Երևի սիրահարվել է այդ գեղեցկուհուն: Քույրերը չէին սխալվում:
Արքայորդին իրոք սիրահարվել էր անծանոթ գեղեցկուհուն: Մի
քանի օր անց նա հրամայեց իր մունետիկներին փողհարել, որ ամուսնանում է այն աղջկա հետ,
ում ոտքին հարմար կլինի բյուրեղապակյա կոշիկը: Պալատականները շրջում էին քաղաքում և
կոշիկը փորձում բոլոր աղջիկների ոտքին: Մոխրոտիկի քույրերին էլ այցելեցին: Նրանք փորձեցին
ոտքը մի կերպ մտցնել կոշիկի մեջ, բայց երկուսի ոտքերն էլ մեծ էին: Մոխրոտիկն էլ էր
այդ սենյակում:
- Տվեք ես էլ փորձեմ կոշիկը,- հանկարծ ասաց նա:
Քույրերը ծիծաղեցին նրա վրա: Բայց պալատականը Մոխրոտիկին
նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին: Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի
մեջ: Քույրերը շատ զարմացան: Բայց շվարած մնացին, երբ Մոխրոտիկը գրպանից հանեց մյուս
կոշիկը և այն էլ մյուս ոտքին հագավ: Այդ պահին հայտնվեց կախարդը: Նա իր փայտիկի ծայրը
կպցրեց Մոխրոտիկի զգեստին ու դարձրեց շքեղ հագուստ: Քույրերը հասկացան, որ պարահանդես
եկած գեղեցկուհին Մոխրոտիկն է եղել: Նրանք Մոխրոտիկի ոտքն ընկան, սկսեցին աղերսել,
որ ների բոլոր վիրավորանքները, որ համբերությամբ տարել է … Մոխրոտիկը բարձրացրեց նրանց
և ասաց, որ բոլորովին չի բարկանում…
Հետո նրան տարան պալատ: Հաջորդ օրը արքայորդին ամուսնացավ
Մոխրոտիկի հետ և ուրախ ու շքեղ հարսանիք արեց:
Տես նաև Կոշկավոր կատուն, Կարմիր գլխարկը, Կապույտ Մորուքը և Քնած գեղեցկուհին
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Շառլ Պերո | Մոխրոտիկը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 07, 2016
Rating:
