
Ժամանակով մի գոռոզ ու չար կին էր ապրում: Նա երկու աղջիկ
ուներ: Մեծը և բնավորությամբ, և արտաքինով նման էր մորը: Փոքրը, ընդհակառակը, հորն
էր նման՝ բարի ու պարկեշտ: Բացի այդ էլ՝ չտեսնված գեղեցիկ էր:
Մայրը գժի պես սիրում էր մեծ աղջկան, իսկ փոքրին ատում էր:
Մեծին խնամում էր, ծառայում, ինչպես որ կծառայեն իշխանուհուն, իսկ փոքրին ստիպում էր
գիշեր ու զօր աշխատել, նույնիսկ պատվիրում էր ճաշը խոհանոցում ուտել: Աղջիկը օրական
2 անգամ պարտավոր էր գնալ հեռու աղբյուրից ջուր բերել սափորով: Մի անգամ աղբյուրի մոտ
մի աղքատ պառավ մոտեցավ նրան և ջուր խնդրեց: Աղջիկը ողողեց սափորը, ջուր լցրեց ու տվեց
նրան: Եվ դեռ սափորի տակից էլ բռնած պահում էր, որ պառավի համար հեշտ ու հարմար լինի:
Պառավը ջուրը խմեց ու ասաց.
- Դու շատ բարի ու պարկեշտ աղջիկ ես: Քո բարության ու պարկեշտության
համար ես քեզ նվեր կտամ:
Իրականում պառավը կախարդ էր: Նա դիտմամբ է աղքատի շորեր հագել,
որ փորձի աղջկան:
- Այսուհետ ամեն խոսք ասելիս,- շարունակեց կախարդը,- քո բերանից
վարդ կամ թանկարժեք քարեր կթափվեն:
Պառավն ասաց ու չքվեց, իսկ աղջիկը լցրեց սափորը և վերադարձավ
տուն: Երբ հասավ տուն, մայրն ուշանալու համար սկսեց հանդիմանել:
- Ներեցեք ինձ, մայրիկ, որ այսպես ուշացա,- ասաց աղջիկն ու
բերանից 2 վարդ ընկան, 2 մարգարիտ և 2 հատ էլ խոշոր ադամանդ:
- Սա ի՞նչ բան է,- զարմանքից ճչաց մայրը: - Քո բերանից մարգարիտներ
ու ադամանդնե՜ր են թափվում:
Աղջիկը ամեն ինչ պատմեց մորը ու նորից ամեն խոսքի հետ բերանից
վարդեր ու ադամանդներ թափվեցին:
- Ահա թե ինչ,- ասաց մայրը: - Որ այդպես է, քրոջդ էլ պետք
է ուղարկել այդ աղբյուրը: Այստեղ արի, աղջիկս, տես, ի՞նչ է թափվում քրոջդ բերանից,
երբ խոսում է: Երևի դու էլ կցանկանայիր այդպիսի նվեր ստանալ կախարդից: Դրա համար պետք
է գնաս աղբյուրը ու, երբ աղքատ հագնված կինը ջուր խնդրի քեզնից, քաղաքավարությամբ մատուցես:
- Այդ էր պակաս, որ գնամ ջուր բերեմ,- կոպիտ պատասխանեց աղջիկը:
- Ես քեզ հրամայում եմ գնա՛լ,- գոռաց մայրը:
Ալարկոտը վերցրեց տան ամենագեղեցիկ արծաթե սափորն ու գնաց
անտառ: Այնտեղ շքեղ հագած մի գեղեցկուհի հանդիպեց նրան: Գեղեցկուհին մոտեցավ և ջուր
խնդրեց: Դա նույն կախարդն էր, որ երևացել էր նրա քրոջը: Այս անգամ իշխանուհու նման
էր հագնվել, որ սրան էլ փորձեր:
- Մի՞թե ես եկել եմ այստեղ ձեզ ջուր տալու,- կոպտեց աղջիկը:
- Գուցե կարծում եք, թե այս արծաթե սափորը ձեզ համար եմ բերել: Այդ էր պակաս: Ծարավ
եք, բռերով վերցրեք, խմեք:
- Դու շատ չար ես,- ասաց կախարդը: - Քո չարության համար ես
քեզ նվեր կտամ: Ամեն անգամ խոսելիս,- շարունակեց նա,- քո բերանից օձեր, մկներ կամ դոդոշներ
կթափվեն:
Ասաց ու չքվեց, իսկ կոպիտ աղջիկը անշտապ քայլեց դեպի տուն:
Մայրը չէր համբերում, որ աղջիկը հասնի տուն: Նա ընդառաջ գնաց ու տեսնելով իր սիրելիին,
գոչեց.
- Հը, աղջիկս, ինչպե՞ս են գործերդ:
- Հը, մայրիկս, ինչպե՞ս են գործերդ,- ծաղրեց նա մորը, և բերանից
օձեր, մկներ և դոդոշներ թափվեցին:
- Այս ի՞նչ եմ տեսնում,- սարսափահար կանչեց մայրը: - Սա քրոջդ
արած գործերն են: Նա դրա դիմաց պատասխան կտա:
Մայրը նետվեց փոքր աղջկան ծեծելու: Խեղճ աղջիկը փախավ ու
թաքնվեց մոտակա անտառում: Այստեղ էլ նրան տեսավ մի ջահել արքայազն, որ որսից էր վերադառնում:
Նրա գեղեցկությունից ապշած, հարցրեց, թե աղջիկը մենակ ինչ է անում անտառում և ինչու
է այդպես դառը արտասվում:
- Ախ, մայրիկս ինձ վռնդել է տնից,- ասաց աղջիկը, և նրա բերանից
5 հատ մարգարիտ թափվեց, նույնքան էլ ադամանդ:
Արքայազնը շատ զարմացավ: Նա խնդրեց աղջկան պատմել, թե ինչու
են բերանից մարգարիտներ ու ադամանդներ թափվում: Աղջիկն ամեն ինչ պատմեց: Արքայազնը
տեղնուտեղը սիրահարվեց նրան, տարավ պալատ ու ամուսնացավ նրա հետ: Իսկ քույրը օձերով
ու դոդոշներով այնքան զզվեցրեց բոլորին, որ նույնիսկ հարազատ մայրը վռնդեց նրան:
Տես նաև Կոշկավոր կատուն, Կարմիր գլխարկը, Կապույտ Մորուքը և Քնած գեղեցկուհին
Շառլ Պերո | Կախարդուհին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 06, 2016
Rating:
