
Գոմում, որը գրեթե ամբողջապես քարե նոր եկեղեցու շուքի տակ
է, համեստորեն, ինչպես քուն որոնողը մոխրագույն աչքերով և մոխրագույն մորուքով մի մարդ,
անասունների հոտի մեջ պառկած մահ է որոնում: Օրը հավատարիմ ընդարձակ ու գաղտնի օրենքներին
տեղափոխում ու խառնում է այդ խղճուկ կացարանում գտնվող ստվերները: Դրսում հերկված հողերն
են և մեռած տերևներով լեփլեցուն մի խրամատ, իսկ անտառամուտի սև ցեխերում գայլի ինչ-որ
հետքեր: Մարդը քնում ու երազում է աշխարհից մոռացված: Աղոթքի կանչն արթնացնում է նրան:
Անգլիայի թագավորություններում զանգակների ղողանջն արդեն երեկոյան սովորություններից
մեկն է, բայց մարդը երեխա ժամանակ տեսել է Ուոդենի դեմքը, աստվածային սարսափն ու ցնծությունը,
հռոմեական դրամներով և ծանր զգեստներով ծանրաբեռնված տախտակե բիրտ կուռքը ձիերի, շների
և գերիների ողջակիզումը: Մայրամուտից առաջ նա կմահանա և նրա հետ կմեռնեն ու չեն վերադառնա
հեթանոսական արարողության վերջին ու անմիջական պատկերները, և երբ այս սաքսոնը մեռնի՝
աշխարհը կդառնա փոքր-ինչ ավելի աղքատ: Տարածության մեջ կատարվող դեպքերը, որ հասնում
են իրենց ավարտին ինչ-որ մեկի մահով կարող են հիացնել մեզ, բայց ինչ-որ բան, կամ բաների
անհամար մի թիվ մեռնում է ամեն մի մղձավանջում: Հակառակ պարագայում պետք է գոյություն
ունենա աստվածիմացների ենթադրած տիեզերական հիշողությունը: Ժամանակի մեջ եղել է մի
օր, որ մարել են Քրիստոսին տեսնող վերջին աչքերը: Խունինի ճակատամարտն ու Հեղինեի սերը
մի մարդու մահով են ավարտվել: Ի՞նչ կմեռնի ինձ հետ, երբ մահանամ, աշխարհը ի՞նչ պաթետիկ
կամ փխրուն ձև կկորցնի Մասեդոնի Ֆերնանդեսի ձա՞յնը, կարմիր ձիու պատկե՞րը Սերանոյի
և Չարկասի հողերում, ծծումբի ձո՞ղը մահակենու գրասեղանի դարակում:
Տես նաև Խորհրդավոր հրաշքը, Բաբելոնյան գրադարան և Աստծո գրերը
Խորխե Լուիս Բորխես | Վկան
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 07, 2016
Rating:
