Վահան Թոթովենց | Հովնաթան որդի Երեմիայի | համառոտ


Հեղինակը պատմում է քաղաքի մասին, որը դարերից ի վեր լեռան կատարին էր։ Այն կառուցված էր սպիտակ քարից, որովհետև լեռն ամբողջ սպիտակ քարից էր։
Հին ժամանակների իշխողները, ռազմական նպատակների համար, քաղաքի արևելյան կողմը վիթխարի ամրոց էին կառուցել։ Լեռան ստորոտը, ուր քաղաքից իջնելու համար միայն մի ճանապարհ կար, ոլորապտույտ և քարքարոտ, նման երազներում բացված արահետների, այգիներով էր բոլորված։ Այդ այգիները գոյություն են ունեցել բիբլիական ժամանակներից։ Դաշտից անցնում է աշխարհի ամենահին գետերից մեկը, ամառը՝ կապույտ և վետվետուն, կարծես երկնքի մի երակը լիներ՝ մխրճված հողի մեջ, ձմեռը՝ մթին և ահարկու, գարնանը վարարում է և մռնչում առասպելական գազանների նման: Քաղաքի բնակիչները ամբողջ օրը քրտինք էին թափում դաշտում և այգիներում, իսկ գիշերները բարձրանում էին քաղաքը, որովհետև գիշերները դաշտն էին լցվում արյունարբու ավազակներ: Ավազակները սպանում էին մարդկանց, կողոպտում և հեռանում, երբ լուսաստղն էր փայլում պաղպաջուն երկնքում: Ժամանակի ընթացքում ավազակները, սակայն նվազեցին, գնալով անհետացան: Ո՞ւր գնացին, ի՞նչ եղան, ինչպե՞ս կորան։ Դա ժամանակի քմահաճույքն է և գաղտնիքը, ոչ ոք չի իմանում։ Երբ ավազակներն անհետացան, լեռան քաղաքի բնակիչները նորից ոտները քաշեցին դեպի լեռան քաղաքը գիշերները, ըստ դարերի սովորության, իսկ նրանց աչքերը մնացին դաշտում։ Եվ սրանից հարյուր տարի առաջ դաշտում կառուցվեց, լեռան սպիտակ քարից, առաջին տնակը, ապա երկրորդ տնակը, երրորդը, չորրորդը, հինգերորդըբոլորն էլ լեռան սպիտակ քարից։ Երկար էր տևում տնակ կառուցելը։ Մինչև լեռան կողից քարն էին պոկում, դաշտ բերում, հղկում և պատը շարում, ձմեռը վրա էր հասնում, առանց կտուրը ծածկելու: Երբ ջրերը վարարում էին ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից, դաշտում տեղ-տեղ բնական ավազաններ էին գոյանում: Այդ ավազանները, կիզիչ արևի տակ, այն արևի, որ քաղցրացնում էր միրգը և արնաներկում վարդը, արագորեն շոգիանում էին, հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ: Իսկ կավը՝ չորանալուց հետո՝ ճեղքոտվում էր թանձր շերտերով։ Եվ երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեասը, որդի քարտաշ Դավթի, մտածում է օգտագործել ազնվագույն այդ կավը և շինել աղյուսներ: Եվ դաշտի ցաքուցրիվ տնակներից հեռու՝ բաց դաշտում, երիտասարդ Անդրեասը ճգնեց իրականացնել իր մտածումը։ Արհեստական թմբեր կառուցեց հեղեղների դիմաց և շինեց ավազաններ։ Երբ հեղեղները բարձրացան, եկան լցրին այդ ավազանները, շոգիացումից հետո հատակում մնաց ազնվագույն կավը: Անդրեասը շինեց չորս տախտակե շերտից մի քառակուսի շրջանակ, երկու մատի խորությամբ, թափեց ազնվագույն կավն այդ շրջանակի մեջ և քաշելով շրջանակը դուրս՝ թողեց, որ կավը չորանա ու դառնա աղյուս։ Այդ տարին դաշտում տասնյակներով տներ կառուցվեցին հում աղյուսից, բայց հաջորդ տարին, առաջին գարնանից, աղյուս թափող Անդրեասը կառուցեց մի հնոց՝ աղյուսը թրծելու համար։ Մի քանի ժամվա ընթացքում աղյուսները թրծվում էին, մի գիշերվա մեջ սառչում։ Անդրեասը դուրս էր բերում թրծված, կարմրած ու թեթևացած աղյուսները և դարսում արևի տակ։ Տների կառուցումն ավելի արագացավ, տները բազմացան, որովհետև Անդրեասի աղյուսից ավելի հեշտ էր պատ շարելը, իսկ էժանության մասին խոսք անգամ չէր կարելի ասել։ Լեռան քաղաքի բնակիչների մեծամասնությունն իջավ դաշտը: Դաշտի բարիքը լեռան գագաթը փոխադրելու այլևս կարիք չկար: Անդրեասն սկսեց շինել կիսախողովակաձև աղյուսներ, որպեսզի կտուրները ծածկվեն այդ աղյուսներով։ Սկզբում դաշտեցիները չհավատացին, թե այդ կիսախողովակաձև աղյուսները կարող էին անձրևները պահել տների ներսը հոսելուց, ուստի Անդրեասը քանդեց իր տան կտուրը և վերաշինեց այն այդ աղյուսներով։ Օրինակը վարակիչ դարձավ, և հաջորդ տարին կիսախողովակաձև աղյուսները հացի պես ծախվեցին։ Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները։ Եվ Անդրեասը հիմքը դրեց առաջին բրուտանոցի։ Սա ընդարձակ և ցածր առաստաղով մի «սրահ» էր փոքր լուսամուտներով, երկարաձև, ինչպես նավը։ Դաշտեցիները չմնացին իրենց պարտեզներում և այգիներում. նրանք կապեր հաստատեցին ուրիշ քաղաքների հետ, ու նրանց հետ կապեր հաստատեցին ուրիշ աշխարհներ։ Նոր քաղաքի հրապարակը ծաղկեց և հարստացավ։ Անդրեասը, բացի երկու տեսակի աղյուսից, սկսեք շինել և արդեն կանոնավոր խողովակներ, որոնք գործածվում էին լեռան ստորոտից տները ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր, զանազան չափի և ձևի ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և երկարավիզ սրվակներ։ Այս բոլորի համար Անդրեասը բրուտանոցում դրեց չարխեր, որոնց վրա արդեն սկսեցին աշխատել իր չորս որդիներից առաջին երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։ Նոր քաղաքի շուրջը փոքրիկ գյուղեր ցանվեցին, կարմիր կտուրներով և կարմիր աղյուսե պատերով։ Դաշտի առաջին բրուտը, Անդրեասը, որ առաջին անգամ աոաջին աղյուսը թափեց, տեսավ թոռների զավակներին և տեսավ առաջին ծոռին: Ծերունի բրուտին, սակայն, մի խոր ցավ էր տանջում։ Նրա անդրանիկ որդի Երեմիան զավակ չունեցավ: Հիսունն անց՝ կորցրեց Երեմիան իր անպտուղ կնոջը, դարձավ տխուր, մռայլ և հուսահատ։ Մի օր Անդրեասը կանչեց իր անդրանիկ որդուն և ասաց, որ նա պետք է նորից ամուսնանա, որպեսզի զավակներ ունենա, քանզի անպտուղ հող դառնալը մեղանչում է Աստծո դեմ: Երեմիայի աչքերը փայլեցին երիտասարդ օրերի նման, արյունը սուրաց երակների մեջ։ Եվ Անդրեասի տունը մտավ մի երիտասարդ հարս, որը, հակառակ իր տարիքին, համարվեց մեծ հարսը՝ իբրև անդրանիկ զավակի կինը: Եվ Երեմիայի ծառը ծաղկեց ու տվեց գույնզզույն պտուղներ։ Ծերունի Անդրեասն ուրախացավ, փարատվեց ցավը նրա հոգուց, և պատրաստվեց մեռնելու խաղաղությամբ։ Նա սիրում էր Երեմիայի անդրանիկ որդի Հովնաթանին, որովհետև նրա մեջ տեսնում էր պատկերը իր հոգու ու մարմնի։ Հովնաթանը կապուտաչյա էր ու գանգրահեր։ Մի օր ծերունի Անդրեասը կանչեց Հովնաթանին իր մոտ և ասաց, որ գրի հետևյալը: Հովնաթանն այդ ժամանակ տասնվեց տարեկան էր: Ծերունու ականջին հնչեց կյանքի ոսկյա ծնծղան։ Տիրեց լռություն։ Ծերունին չէր խոսում, որովհետև նա ունկնդրում էր իր կյանքի ամենահրապուրիչ երգին։ Երբ երգը վերջացավ, ծերունի Անդրեասը հառաչեց և թելադրեց Հովնաթանին:
Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավ Երեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան, Մարգարիտ և Դավիթ։ Հովնաթան ծնավ...
Եվ ծերուհին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։ Հովնաթանը շարունակեց գրել։
Հովնաթան ծնավ Անդրեաս։
Ծերունու աչքերի առաջ ծաղկեց բամբակենին, նրա ականջները լսեցին գարնան առվակի կարկաչը: Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իր նախնական ձևը։ Բոլորը հավաքվեցին նրա շուրջը, և նա ասաց իր վերջին խոսքերը, պատվիրեց, որ կավից չհեռանան, այդ կավը շինեց այս նոր քաղաքը, բոլորն էլ կավից են շինված, անհատնում է կավը, անվերջ, ամեն ինչ կավ էր և կավ պիտի դառնա։ Տան բոլոր բանալիները նրանց է հանձնել, ոչինչ չի տանում իր հետ, գնում է անճրագ։ Չի իմանում՝ ճանապարհը լո՞ւյս է, թե՞ մութ։ Երկար խոսեց ծերունի բրուտը և մեռավ: Երկար վիճաբանությունից հետո՝ Երեմիան զիջեց մյուսներին և որոշեցին թաղել պապին ոչ թե վերին ավազանի հատակում, այլ գլխին։ Երեմիան պնդում էր, որ հոր խնդիրքը պետք է կատարվի։ Հաջորդ օրը բոլորն օգնեցին Հովնաթանին՝ հնոց տանելու այն վիթխարի սնդուկը, որը շինել էր նա իբրև սարկոֆագ։ Ո՛չ Հովնաթանը և ո՛չ էլ դաշտեցիները գաղափար չունեին սարկոֆագի մասին, բայց բոլորն էլ համաձայնեցին, որ լավ էր դնել դագաղը այդ կավե սնդուկի մեջ, որի դրսի պատերի վրա Հովնաթանն իրենց դաշտի ծաղիկները և պտուղներն էր քանդակել։ Այդ գիշեր թրծեցին սարկոֆագը և առավոտյան պապի դագաղը դրին մեջը։ Մի քանի օր անց՝ Երեմիան և նրա եղբայրները լծեցին սայլը, վերցրին քլունգները և գնացին հին լեռը, քանդեցին լեռան կողը, դուրս բերին սպիտակ և կանաչ երակներով քարի մի խոշոր բեկոր, տվին քարտաշին, որ ձևավորի իբրև շիրմաքար։ Մինչ քարտաշն աշխատում էր սպիտակ և կանաչ երակներով քարի վրա, գանգրահեր և կապուտաչյա Հովնաթանը նորից էր խաղում կավի հետ բրուտանոցի հեռավոր անկյունում։ Այս անգամ նա քանդակում էր պապու կիսանդրին, բոլորից գաղտնի: Հայրը՝ Երեմիան տեսավ և հիացավ: Առաջին անգամ իր կյանքում Անդրեասի որդի Երեմիան անդրադարձավ կավի այդքան ազնիվ օգտագործման։ Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից, գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար։ Երեմիան, իբրև արձան, միայն տեսել էր Քրիստոսի խաչելությունը։ Եվ հայր ու որդի տարան կավը, դրին հնոցի մեջ և գիշերը բոլոր վառեցին հնոցը։ Թե ո՛րտեղից և ի՛նչպես Հովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Հովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, հափշտակությամբ և ներքին անիմանալի մղումով։ Բրուտանոցում, բոլորից բացարձակապես գաղտնի, Հովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ, ոտներ, փոքր, շատ փոքր մեծությամբ և չէր համարձակվել ցույց տալ հորը կամ հորեղբայրներին, մինչև անգամ ցույց չէր տվել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որն իրեն անպայման կքաջալերեր անսահման չափով։ Բացի մարմնի այս մասերից, նա կավից սարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշտ նման իրենց սայլին՝ զույգ եզներով։ Հովնաթանը քանդակել էր նաև զանազան տեսակի պտուղներ, տերևներ, քանդակել էր Քրիստոսը՝ խաչի վրա։ Եվ ահա պատանի Հովնաթանը, ցնցված պապի մահվամբ, տոգորված նրան անմահացնելու բուռն տենչով, հանդգնեց քանդակել և նրա կիսանդրին։ Պապի կիսանդրիից հետո՝ Հովնաթանն սկսեց զբաղվել արձաններ շինելով այլևս համարձակորեն։ Նրա կերտած գլուխները նման էին իր գլխին, որովհետև գլխի ձևը վերցնում էր նա միայն իր գլխից, որը դիտում էր կոտրած հայելուց։ Բայց հարազատները պահանջում էին, որ նա աղյուս սարքի, քանի որ ապրել էր պետք, իսկ պապի գործը նրա ցանկությամբ Հովնաթանն էր շարունակել: Եվ Հովնաթանը, հուսահատ ու տխուր, վերցնում էր փայտե նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում և արևածագից մինչև արևամայր աղյուս թափում։ Առավոտյան Հովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպես մարգարիտը փիրուզյա ֆոնի վրա, վազում էր բրուտանոց և սկսում էր սեփական աշխատանքը։ Հովնաթանին այրում էին մարմնի ձևերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Հովնաթանին թվում էր, որ շնչում է կավը։ Մերկանում էր, վառում մոմը և մոմի օրորուն լույսով դիտում էր մարմինը և տեսնում էր, որ մարմնի ոչ մի կետ չի սառչում, այլ անվերջ փոփոխվում է. խորությունների և բարձրությունների անհուն մի ելևէջ, բայց երբ միևնույն մոմի լույսով դիտում էր ձևակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյություն չունի կենդանի մարմինը, ինքը ձևավորել էր մարմնի ընդհանուր երևույթը։ Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալ, ոչ մի գաղափար չուներ մոդելի մասին, բայց զգում էր, որ եթե մեկը լինի և նրանից վերցնի մարմնի ձևերը, ավելի ճիշտ կլինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մեջ նայելով, և Հովնաթանն զգում էր, որ դա բավական չէ։ Մի օր նա որոշում է քանդակել փոքրիկ եղբորը՝ Դավթին։ Վերջին օրը, երբ Երեմիան տեսավ մանկան մերկ արձանը, իր սեփական մանկան, սեփական որդու ձեռքով կերտված, նայեց Հովնաթանին, և աչքերը լցվեցին արցունքով։ Մի օր, ամառվա սկզբներում, միջօրեի կիզիչ արևի տակ, Հովնաթանը տեսավ իր քրոջը, Մարգարիտին, որ լողանում էր վերի ավազանում, որի գլխավերևում հանգչում էր պապը։ Մարգարիտը տասնվեց տարեկան էր, իրենից մի քանի տարով փոքր։ Հովնաթանը և Մարգարիտը, այդ միևնույն ավազանում, միասին շատ անգամ էին լողացել, բայց վերջին տարիները բաժանվել էին իրարից բնազդորեն: Հովնաթանն սկսեց մտածել. Մարգարիտն այն աղջիկը չէր, որի հետ այնքան լողացել էր։ Նա փոխվել էր բոլորովին։ Մանկությունից ոչինչ չէր մնացել, կարծես մի օտար, անծանոթ աղջիկ էր, որ պատահաբար ընկել էր իրենց ավազանը։ Նրա ստինքները, դողահար՝ ջրի զովությունից, կարծես թռչում էին ջրից դուրս, մարմինը լցվել էր, կլորացել, ոսկորների ոչ մի հետք չէր երևում։ Եվ Հովնաթանը մտադրեց քանդակել քրոջը։ Քույրը համաձայնեց, բայց հայրը տեսավ մերկ քանդակը, կործանեց այն և որդուն անամոթ համարեց: Հովնաթանը հասկացավ, որ պետք է հեռանա տնից: Մարգարիտն ու Դավիթը հանդիպեցին նրան Չոր Աղբյուրի մոտ, ոսկի տվեցին, որը հայրն էր ուղարկել: Հովնաթանը այցելեց պապու գերեզմանը, խոսեց նրա հետ.
Պա՜պ, դու պատվիրեցիր, որ ոչ ոք չհեռանա այս ազնվագույն կավից, բայց ես հեռանում եմ, կավը բարի է և ստեղծարար, բայց մարդիկ չար են և խավար։ Ների՛ր ինձ, պա՜պ, ես վերցնում եմ մի ափ կավ և դնում եմ կրծքիս վրա. թող դա լինի կապը իմ հոգու և այս հողի ու լուսավորի իմ ճանապարհը։
 Մարգարիտը և Դավիթը Հովնաթանին հետևեցին աչքերով՝ մինչև ճանապարհը թաղվեց արտերի կանաչում և էլ չերևաց Հովնաթանը։ Ոչ մի լուր չեկավ նրանից։ Հայրը ամեն անգամ պապի չարխը դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ՝ ձևավորված անոթների վրա։ Մարգարիտն ամուսնացավ և կորցրեց իր մարմնի վարդը։ Դավիթը մեծացավ, չսիրեց բրուտանոցի աշխատանքը և մտավ առևտրական ասպարեզ։ Եվ մի օր Երեմիան, առանց ցնցումների, առանց մահվան սարսափի, փակեց աչքերը լռությամբ ու խաղաղությամբ։ Նրան թաղեցին պապի կողքին։ Երեմիայի մահից մի տարի անց՝ մեռավ Երեմիայի կինը, երբ մի երեկո, ըստ երկար ժամանակի սովորության, խունկ էր ծխում և երգում որդու վրա կապած երգը։ Դավիթը քաղաքում չէր, նա գնացել էր հարավային երկրներ՝ ապրանք բերելու։ Վերադարձին նա գտավ ծնողներին հանգչած վերի ավազանի գլխին, պապի կողքին։ Դավիթն այլևս չուզեց մնալ այդ աշխարհում, վաճառեց ունեցվածքը, գաղթեց դեպի հարավ, որովհետև այնտեղ նրան դյութել էր մթին գույնով մի բոցավառ աղջիկ։ Անցավ ժամանակ, և մի օր Հովնաթանը վերադարձավ: Հին տունը արդեն պատկանում էր ուրիշին, և նա ապրեց քրոջ մոտ: Հովնաթանը ապրել էր արևմտյան մի երկրում։ Այդ երկիրը, երկարավիզ կոշիկի նման, մխրճված է կապույտ և մեծ ու հին մի ծովում: Արևադարձային այդ երկրում կառուցված են մարմարյա քաղաքներ։ Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկության այդ բազմությունները։ Այդ երկրում է ապրել աշխարհի և ժամանակների մեծագույն քանդակագործը։ Իր աչքերով տեսավ նրա արձանները, իր ձեռքերով շոշափեց նրա մարմարները, որոնք դարեր շնչում են և ավելի կենդանի են, քան այժմ այդ երկրում ապրող մարդիկ։ Նա երկրպագեց հին այդ վարպետին ու վարպետներին և սովորեց նրանց արվեստը։ Եվ որոշեց վերադառնալ ու քանդակել իրենց կավով և իրենց սպիտակ քարով։ Եվ Հովնաթանը սկսեց աշխատել: Նրա մուրճի հարվածները լսվում էին լուսաբացից մինչև մայրամուտ, երբեմն կարճ և երբեմն երկար ընդհատումներով, փշրվում էր սպիտակ քարը և թափվում գետնին: Նրա մուրճի հարվածները լսվում էին վերի հարկից խուլ և խորը՝ ինչպես բաբախումը սրտի։ Հովնաթանն աշխատում էր թե՛ կավի և թե՛ սպիտակ քարի վրա: Կավի աշխատանքները վերջացնելուց հետո թրծում էր։ Եվ աշխատանոցը հետզհետե սկսեց շնչել ֆիգուրաների բազմությամբ։ Ահա մի գանձարան, գանձարանի կողքին մի երիտասարդ՝ աղեղը ձեռքին, կապարճն ուսին, թիկնեղ, ջլապինդ, ուռած կրծքով, պաշտպանում է այդ գանձարանը, որի մեջ ամփոփված է մարդկության ստեղծագործության լավագույնը: Ահա երկրորդըերկու որբ, քույր և եղբայր, փաթաթված իրար՝ տոկալու կյանքի մրրիկին։ Ահա երրորդըմի թռչող և մերկ աղջիկ՝ սուրը ձեռին, ապա մի մարդ` ցնցոտիապատ, աչքերը թաշկինակով կապած, չոքած գետնին, գլուխը կախ դեպի մայր հողը, նրա կողքին դահճի մթին կերպարանքը, երկու ձեռքով բարձրացրած նրա վզին ծանր դաշույնը` պատրաստ գլխատելու: Մի մայր՝ թևերը պարզած, ծամերը հովին, խելահեղ վազքի մեջ, կարծես լսվում է նրա աղիողորմ ողբը։ Եվ այլ մանուկներ, այլ կանայք ու տղամարդիկ, բոլորն էլ թշվառ և ըմբոստ: Հովնաթանը քանդակել էր նաև ձիեր՝ զանազան վազքերի մեջ, մի հղի շուն՝ ստինքների պտուկները հպած գետնին, մի արջ՝ որսորդին գրկած և մի առյուծ՝ մի ընտանի անասուն հոշոտելիս: Մի ամբողջ աշխարհ էր շնչում Հովնաթանի աշխատանոցում: Բայց մարդկային չարությունը, խավար միտքը, հետամնացությունը և ձրիակերների իշխանությունը չթողին, որ արվեստագետն ստեղծագործեր խաղաղությամբ և խնդությամբ: Հովնաթանը կանացի ֆիգուրաների համար աշխատանոց էր բերում կանայք, մերկացնում նրանց և քանդակում։ Այդ կանայք, որոնք համաձայնում էին մերկանալ արվեստագետի առաջ, բնականորեն բարի վարքի տեր կանայք չէին, և մարդիկ սկսեցին բամբասել նրան: Արվեստագետն ուշադրություն չէր դարձնում, և մարդիկ հնարեցին ուրիշ բամբասանք, թե քրոջ ամուսնու հացն է ուտում։ Այրում էր Հովնաթանին վերջին բամբասանքը: Եվ կերած հացը հետզհետե մնում էր կոկորդում ու կուլ չէր գնում։ Սկզբներում նա երբեք մտադրություն չուներ վաճառելու իր աշխատանքներից մեկնումեկը, բայց երբ հացը մնաց կոկորդում, զիջեց և հայտարարեց վաճառք։ Մի մեծ բազմություն հավաքվեց նրա աշխատանոցը, դիտեց, զմայլվեց, բայց ոչ ոք ոչինչ չգնեց։ Առնեն ի՞նչ անեն։ Այդպես մտածեց մեծամասնությունը։ Եվ ոչ մի աշխատանք չվաճառվեց։ Հուսահատությունը, ինչպես երկաթյա շղթա, պատեց նրան։ Վերջապես, Հովնաթանը միտք հղացավ դիմել ազգին, որպեսզի ազգն ինքը վերցնի բոլորը, տա որոշ գումար, պայմանով, որ բոլորը միասին ցուցադրի դահլիճում։ Ազգին պատկանող այսպիսի դահլիճներ բազում էին։ Թեմի առաջնորդը, որ եպիսկոպոս էր, ասաց, որ թագավոր, Քրիստոս ու սուրբ առաքյալ քանդակի, նոր փող կտա։ Հուսահատությանը փոխարինեց զայրույթը և ցցվեց Հովնաթանի աչքերում՝ ինչպես մերկ և ոճրի պատրաստ դաշույնը: Երկու օր անց՝ առաջնորդարանի ծառաները, գլխավոր քարտուղարի առաջնորդությամբ, հանդիսավորությամբ սրբազանի առաջ դրին մի ծանր տուփ, որ նվեր էր ստացված սրբազանի համար։ Դահլիճում, աջ և ձախ, բազմել էին ազգի երևելիները։ Գլխավոր քարտուղարն ինքը բաց արավ տուփը, քանդելով խնամքով կարմիր ժապավենները։ Երբ դուրս բերվեց նվերը, բոլորն ապշահար մնացին իրենց տեղում, ոչ ոք չհամարձակվեց նայել սրբազանին, իսկ սրբազանի միրուքը վետվետում էր, որովհետև դողում էր նրա ծնոտը զայրույթից։ Նվերը մի մինիատյուր արձան էր՝ երկու ֆիգուրայով։ Մի ֆիգուրան ինքը՝ սրբազանն էր, իսկ մյուսը՝ Հովնաթանը, բռունցքը երկարած սրբազանին, բթամատը սրբազանի ճիշտ քթին։ Սրբազանը կարգադրեց փշրել սյն: Գլխավոր քարտուղարը կանչեց ծառաներին: Նրանք վերցրին արձանը և տարան։ Ազգի երևելիները հեռացան՝ խոնարհվելով սրբազանի առաջ, իսկ սրբազանը քաշվեց իր ննջարանը, որտեղ նրան սպասում էր իր տասնյակ պոռնիկներից մեկը։ Գլխավոր քարտուղարը փշրել չտվեց արձանը, այլ ուղարկեց իր տունը։ Ծառաներին տվեց ցորեն, ալյուր, շաքար, մեղր ու գինի և պատվիրեց ոչինչ չհայտնել սրբազանին։ Գլխավոր քարտուղարը տանը երկար դիտեց արձանը, նրան բռնեց մի հոմերական ծիծաղ, որովհետև հիշեց սրբազանի բազմելը թավշյա լայնանիստ աթոռի վրա, նրա գոռոզ նայվածքն ի սպասումն այն նվերի, որ Քրիստոսի եկեղեցու ամենահպարտ մի ծառան ամենախոնարհաբար ուղարկել էր իրեն։ Արվեստագետի համար օրերը դարձան դժնդակ: Քաղաքում շատ քչերը ողջույն էին տալիս նրան և ողջույնն առնում։ Սրբազանը նզովք էր կարդացել նրա գլխին՝ անաստված և անբարոյական։ Սրբազանը, տեսնելով, որ իր նզովքից հետո էլ Հովնաթանը կուշտ է, ապրում է և ստեղծագործում, կանչեց իր մոտ Մարգարիտի ամուսնուն և ասաց, որ զրկի Հովնաթանին հացից։ Մարգարիտի ամուսինը հասավ տուն, իջավ Հովնաթանի աշխատանոցը։ Հովնաթանը, տեսնելով նրա աչքերի մեջ եղբայրական հին զգացումը, նետեց մուրճը, բաց արավ բազուկները, և նրանք գիրկընդխառնվեցին ջերմությամբ և կարոտով։ Ապա Մարգարիտի ամուսինը պատմեց ամեն ինչ մանրամասնորեն։ Հովնաթանը խնդրեց, որ զիջի իրեն միայն այդ ներքնահարկը։ Երեկոյան Հովնաթանը փոխադրեց իր անկողինը ներքնահարկը։ Գիշերը, մենակ նստած թաց կավի կույտի առաջ, խոսեց այսպես. Կա՛վ, հասել է ժամը, որ ես պիտի կերտեմ քեզանով իմ վերջին քերթվածը: Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկային թշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու լապտերը, չոքում է խավարը։ Կա՛վ, դո՛ւ ես ամեն բանի նախանյութը, դու ես նախաձևը, դու ես, որ բոսորացնում ես վարդը, դու ես, որ բարձրացնում ես ծառերը և կախում ես ճյուղերից երփներանգ մրգերը, դու ես, որ բաշխում ես հացը, դու ես, որ կերպարանափոխվում ես, հար և հավիտյան, բյուրավոր սքանչելի ձևերով, դու ես, որ էիր, կաս և պիտի լինես, տո՛ւր ինձ քո ընդերքի անիմանալի և անհաղթելի ուժը: Եվ հանկարծ նրա աչքին, ինչպես հրաշալի տեսիլք, ինչպես մութի արգանդից հառնող լույսի զվարթ մի շող, պարզվեց ու բարձրացավ մի նոր ստեղծագործության ծրագիր: Նա հարձակվեց կավի քաոսային կույտի վրա և սկսեց արագ, տենդագին ու հափշտակությամբ ձևավորել այդ տեսիլքը՝ մինչև բողոքեցին նրա հոգնած ոսկորները։ Երբ նա երկարեց անկողնում և քաշեց վերմակը վրան, նրան թվաց, ու ընկղմվեց մի խոնավ նկուղի մեջ: Անկողինը թաց էր, որովհետև ներքնահարկը չափազանց խոնավ էր, մանավանդ միշտ թրջած քանակությամբ կավի գոյությունից։ Հովնաթանն աշխատում էր արագ և տենդագին, որովհետև նրա առողջությունը դառնում էր սպառնալից, նա շտապում էր, որպեսզի կավից հետո սկսեր քանդակել այն՝ սպիտակ քարից, բնական մեծությամբ։ Նա զգում էր, որ մահը համառ և ծանր քայլերով, մոտենում է։ Ոչ մի երկյուղ չէր զգում, սակայն, մահից, նա միայն ցանկանում էր ապրել այնքան, որ կարողանար քանդակել իր հուշարձանը քարից։ Եվ ահա մահվան դիմաց՝ նա ձևավորում էր մարդկային տառապանքըմկանների գալարում, ճղակոտոր ոսկորների տանջանք, բացված և բլրի գագաթը ձգտող թևեր, կույր և խոր աչքեր, հողմից ծեծված ցնցոտիներ և սրունքների հոգնածություն։ Մարգարիտը, տեսնելով եղբոր օրեցօր դալկացող դեմքը, մեղրամոմի նման դժգույն ձեռքերը և աչքերի արտակարգ պայծառությունը, խորապես մտահոգվում էր նրա առողջական վիճակով։ Նրա ձայնը հնչում էր օտարոտի: Կեսօրից հետո Հովնաթանը երկար աշխատեց մի քանի մանրամասնությունների վրա։ Երեկոյան շուտ պառկեց՝ բոլորովին հոգնած, գրեթե ուժասպառ։ Նա զարթնեց կապույտ լույսին, սրտի անհանգստությունից։ Օդը չէր բավում։ Վեր կացավ։ Ինչ֊որ տարօրինակ զգացում պատեց նրան։ Բովանդակ շրջապատը փոխված էր թվում։ Մոտեցավ լուսամուտին։ Բաց արավ։ Շնչեց առավոտյան թարմ օդը։ Կարծես մի քիչ կազդուրվեց։ Թարմ օդը շնչեչիս՝ նա մտածեց մահվան մասին, դարձավ, նայեց հուշարձանին և կարոտագին մոտեցավ նրան, վերցրեց ամենանուրբ գործիքըփորձեց աշխատել, բայց ձեռքը թուլացավ։ Հովնաթանն զգաց, որ աշխարհի դուռը փակվում էր իր դեմ, մարմինը դավաճանում էր, բայց նա վերջին անգամ հավաքեց իր հոգու ամբողջ ուժը, կարողացավ տիրապետել իր ձեռքին և բլրի գագաթին, ամեհի և ջահակիր մարդու ոտների տակ գրեցԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Գրելուց հետո՝ ժպտացին նրա կապույտ աչքերը: Նստեց աթոռին, աջ արմունկը հենեց կավակալին, ձախ ձեռքը դրեց բլրի ստորոտը, ճակատը հպեց սառը կավին, ճգնեց շնչել, բայց օդ չկար։ Հովնաթանը խաղաղությամբ փակեց աչքերը։ Մարգարիտը, ամեն օրվա նման, առավոտյան իջավ աշխատանոց նախաճաշով։ Մարգարիտը մոտեցավ, բռնեց եղբոր ձեռքը։ Սառը։ Գրկեց գլուխը, շրթունքները տարավ ճակատին: Սառը, սառը: Բարձրացավ սրտակոտոր ճիչ: Մի քրոջ սիրտ նկուղում ողբում էր եղբորը: Թաղումից հետո՝ Մարգարիտն իջավ աշխատանոցը, թրջեց կավը ջրով և հորդառատ արցունքներով։ Իսկ մի քանի օր հետո՝ հագավ նա սև շորերը, երեսը ծածկեց մուգ քողով, գնաց հորեղբորորդիներից մեկի մոտ, խնդրեց, որ առանձին խնամքով թրծի Հովնաթանի հուշարձանը: Մարգարիտը դրեց հուշարձանը աշխատանոցում, մեխեց լուսամուտները, փակեց դուռը, զմռսեց և ասաց.
Թող փակ մնա, մինչև իմ ամենավերջին զավակի մահը:
Եվ փոշին իջավ, և մոռացումը պատեց Հովնաթանի ստեղծագործությունները։ Եվ հանկարծ խլրտաց երկիրը: Վեր բարձրացան մարդիկ, որոնք կառուցել էին ողջ երկիրը, որոնց ոսկորները տնքացել էին ֆիզիկական մթին աշխատանքից: Ողջ երկրի հետ միասին շարժվեց և այն քաղաքը, որ ծաղկած էր հին գետի ափին: Անհուն դաշտում հրդեհներ բռնկվեցին, ծառերից ճոճվեցին մեծ ու փոքր բռնակալների մարմինները, նրանք ծնկի չոքեցին, բայց արդար և սրբազան ատելությունը չխնայեց ոչ ոքի: Իշխանությունն անցավ գործարանների և դաշտերի հերոսներին: Եվ նոր մարդկությունը հիշեց մեծ արվեստագետին, որ կավից և քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքը և հալածանքը: Մարգարիտը, որ սպիտակ ծամեր ուներ և թոռներ, բաց արավ Հովնաթանի աշխատանոցի դուռը, որի բանալին, եղբոր մահից հետո, կրում էր միշտ սրտի վրա։ Մաքրեցին թանձր փոշին մեծ արվեստագետի ստեղծագործությունների վրայից։
Թանգարանում մի մեծ դահլիճ հատկացվեց Հովնաթանի գործերի համար, իսկ վերջին հուշարձանը հանձնվեց երիտասարդ արվեստագետներին՝ սպիտակ մարմարից քանդակելու համար։ Փակ, մթին նկուղի լուսամուտները բացվեցին, թարմ օդը լցվեց ներս, երգեցին երիտասարդ արվեստագետների մուրճերը ոսկյա հնչյուններով։ Երիտասարդ արվեստագետները քանդակեցին հուշարձանն այնպես, ինչպես մեծ արվեստագետն էր ծրագրելբնական մեծությամբ։
* * *
Այժմ այդ հուշարձանը կանգնած է քաղաքի մեծ հրապարակում, սպիտակ մարմարի տակ հանգչում են Հովնաթանի ոսկորները, և բլրի ստորոտում փորագրված է.
Հովնաթան
որդի Երեմիայի


Վահան Թոթովենց | Հովնաթան որդի Երեմիայի | համառոտ Վահան Թոթովենց | Հովնաթան որդի Երեմիայի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:28:00 Rating: 5
Технологии Blogger.