
Աստվածային խոսքի արվեստատու
Ոգի՛,
Հորինիր իմաստուն տխրական երգեր,
Որ սգալի ձայնով ողբանք անդադար
Ծանր ու դժնդակ կորուստը այս
մեր:
Բեկվեց փառքի սյունն Արևելից
երկրի,
Աշխարհով հնչեց գույժը կործանման,
Ազգեր ու ցեղեր խոսքս թող լսեն,
Եվ բոլոր մարդիկ ինձ հետ թող
ողբան:
Գլորվեց հզոր վեմը կենդանի.
Եվ պարիսպն ամուր հանկարծ խորտակվեց.
Աշտարակը խոսող տապալվեց գետին.
Ցանկը շինության հիմնիվեր քանդվեց:
Դառնություն դարձավ խաղաղությունը
մեր,
Կարծավեն մեր դեմ հեներ զանազան,
Քանզի մեծափառ տերությունն
ընկավ.
Մարեց ճաճանչը վսեմ պետության:
Եվ կատարվեցին անեծքները այն,
Որ գուշակում էր Եսայի մարգարեն,
Ու մեզ Սուրբ խաչի օրը տոնական
Նետեցին դառն սուգ ու լացի
մեջ:
Զազրաբար փորեցին անդունդ կորստյան,
Որ բարի հովվին գցեն խորխորատ,
Մոլուցքի ոգին ներշնչեց նրանց,
Գաղտնի լարեցին մահվան որոգայթ:
Էությամբ հզոր մի առյուծ էր
նա,
Որ սարսեցնում էր իր ոսոխներին,
Տոհմապետերն ու իշխաններն ամեն
Ահով ու սիրով ենթարկվում էին
ու լսում իրեն:
Ընդլայնվեց համբավն ու փառքն
ամենուր,
Ծավալվեց անունն աշխարհից աշխարհ,
Նրա միտքն արթուն և ուժը կայտառ
Գովեստով հնչեց տիեզերքի մեջ:
Թագավորն Հունաց, տերերն Հարավի
Տենչում էին միշտ իշխանին տեսնել,
Ընդունում էին հատուկ ողջույնով,
Փառքով պսակում, պատվում մեծապես:
Ժամանեցին մեզ չարիքներ բազում,
Մեր մողքն անվարան բարձրացավ
երկինք,
Բարկացրին աստծուն մեր արարքներով,
Եվ մահվան մատնեց նա մեծ իշխանին:
Իսկ համհարզները մնացին հեռու,
Օգնության չեկան զորքերը վերին,
Տերը հեռացավ և թողեց, որ նա
Ոտնակոխ լինի ժանտագործներին:
Կարեց աղեղն իր թշնամին չարկամ
Եվ նենգությունը սրեց որպես
սուր,
Ու ինչպես կորավ ցեղը Մովաբի՝
Վեհազնի մահը հասավ գիշերով.
Խարդախ խոստումով տարավ մի
խուլ տեղ
Ու խոր վերքերով խոցեց նենգաբար:
Խրոխտ էիր միշտ թշնամու հանդեպ,
Եվ խոցում էիր ախոյաններիդ,
Իսկ արևը արդ՝ այլ ուղի բռնեց,
Ու ծառաներդ քո դեմ նետվեցին:
Ծնունդը այն չար, որ հանցանք
գործեց,
Անօրենի որդին՝ նրան չարչարող
Անեծքով բռնված գետնի տակն
անցնի,
Կայենի երերմամբ շրջի շփոթված:
Կապվեն շավիղները նրա փախուստի,
Երկնի թռչուններ ճախրեն թող
վրան,
Ձորի ագռավները սուրան շուրջ
բոլոր,
Վայրի գազաններ հոշոտեն նրան:
Հուրն Հերովդեսի առաքվի վերուստ,
Ծնվեն թող փորում որդեր ու
մկներ,
Ցավերն աղեկեզ մեջը բորբոքված՝
Նրա տիրասպան մարմինը լափեն:
Ձեռքն այն, որից սպանվեց տերը,
Ոտքերն, որ ճզմեցին չքնաղ պատկերը,
Բորածին ախտի եռմամբ գոսացած՝
Չարակեղ խոցոտմամբ ցեցակեր
լինեն:
Ղողելով թող լոկ ապաստան գտնի
Դժնիկի փշոտ հովանու ներքո,
Եվ նրան խայթեն ձագերը իժի,
Թող քարբ օձերի թույնի ազդումից
Սաստիկ ուռուցքով մաշկը ճաքճքի:
Ճշմարիտ ջահն էր մեր խաղաղության,
Եվ խռովահույզ խոլ ալիքները
հանդարտեցնող
Անվախ նավորդն էր Ջեվանշիրը
քաջ,
Որ սանձ էր դնում փոթորկումներին
մեր ոսոխների:
Մարգարտաշարի հյուսվածքն ունեին
Նրա բերանի խոսքերը դյութիչ,
Իսկ վարքը կենաց ջինջ էր, մաքրափայլ:
Յուրակերպ պահ էր ամեն օր ապրում,
Քնից ելնում էր նման առյուծի
Ու օդն ըմբոշխնում զով այգաբացի,
Ոչխարի փափուկ միս էր բաժանում:
Նիրհում էր մարմնով, բայց հոգով
արթուն
Արեսի կառքն էր աստղերի միջով
վարում քաջաբար,
Բերելով իր հետ վարդն ուշիմության:
Շնորհները վեհ, աստվածահաճո
Հիսուսն էր առատ ընծայել նրան.
Հոտոտելիքին ծովն ծոցն հոգեբուխ,
Ախորժաճաշակ անուշությունից
Արտամղում էր անմահական բույր:
Ողբերն ինձ համար ջրահարսների
Կամ լալկան խմբի երգեր չեն
բնավ,
Այլ որդիների վրա սգացող
Մայրական կական ու կոծ ցավագին,
Որդիներ, որոնք զատվելով հավերժ՝
Քարոտ քաղաքում մենակ մնացին:
Չարաղետ մահիդ օրերն այս ցավոտ
Ժամանակներ անց, տարիներ հետո
Չեն դիտվի արդեն այսքան դառնաբեր,
Բայց չարիքներով թող նա չորանա,
Ով քեզ դժնդակ մահով չարչարեց:
Պայծառ արևդ լույս էր մեզ անմար,
Օ՜, ի՜նչ սև գիշեր, խավար թխպացած,
Եվ անհույս մարմին քո դեմքը
ծածկեց յուրայիններից
Անփարատ ստվեր նետեց մեզ վրա:
Ջերմախտով այրվում, տառապում
եմ լուռ,
Երբ նայում եմ ես քո գահին
քո թափուր:
Ռազմիկ քաջարի, գնացիր, գնացիր
մեզնից,
Եվ փակվեց ուղին մխիթարության,
Ուստի աչքերս վշտոտ վերքերով
Հավետ արցունքի աղբյուրներ
դարձան:
Սիրելիներդ սիրովդ են այրվում,
Եվ սերդ անմոռաց մնում է պայծառ,
Օ՜հ, երանի թե քո գերեզմանին
Անուշաբույր խունկ լինենք մշտավառ:
Վերացավ թագը, գահը մեր ընկավ,
Փառքը մեր վսեմ քեզ հետ հող
մտավ:
Տիբերյան ծովը, Լեռը Լիբանոս
Հիանում էին քո վսեմ տեսքով:
Աչքը օձիքին հյուսիսի հողմի
Սիրելիներդ քեզ են որոնում,
Երբ չկաս արդեն, հոնաց տապարով
Նռնիներն են անգութ կոտորվում:
Րախճանքը թողին մեր թագվորները,
Հանուն քո սիրո սգազգեստ եղան,
Հարսները վշտից փոշոտվեցին
առագաստները:
Ցավում են, հեծծում տղամարդ
ու կին,
Լալիս դառնագին:
Ու նստած ասես ամայության մեջ
Ինչպես մոլորյալ հավքեր ձագամեռ
Սաստիկ հյուծվելով տառապում
են դեռ:
Փախչել են ուզում փառքից երկրային,
Ունայնություն է աշխարհի վրա,
Քո դաժան մահով հաստատվեց կրկին,
Թե ոչ մի մարդու կյանքն այս
չի մնա:
Քեզ համար պիտի նորից հեծեծել,
Բայց լավագույն է քեզ հետ հող
մտնել:
Տես նաև Ղևոնդ Ալիշան Հրազդան և Հայ հանճար
Դավթակ Քերթող | Ողբ մեծ իշխան Ջեվանշիրի մահվան մասին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 27, 2016
Rating:
