
Հայկի և Բելի մասին առասպելը,
պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների
(ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը
հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը
կամ Ասորեստանի թագավորը։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։
Հայկը չի հպատակվում նրան: Իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում
է Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշեն և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը
դեսպան է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում
է: Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով
սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում
է Հայք։ Կռվի վայրը Հայկն անվանում է Հայոց ձոր։ Պատմությունը հիշվում է Մովսես Խորենացու
(V դար) և Սեբեոսի
(VII դար) պատմություններում, իսկ առանձին պատառիկներ՝ Անանիա Շիրակացու, Ջիվանշիրի, Վանական Վարդապետի և ուրիշների երկերում, նաև ժողովրդական զրույցներում: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն է: Հայկի և Բելի բանակների միջև ճակատամարտը տեղի է ունեցել
Վանա լճի, Ք. ա. 2492 թ.: Հայ ժողովուրդը Հայկի անունով է կոչել Օրիոն համաստեղությունը:
«Գեղապատշաճ»,
«Խայտակն»,
«Քաջագանգուր»,
«Վարսագեղ» անուններով փառաբանվող Հայկը երբեմն նույնացվել է Հրատ (Մարս) մոլորակի հետ:
Տես նաև Արա Գեղեցիկ և Շամիրամ և Արշակ և Շապուհ
Հայկ և Բել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
21:46:00
Rating:
