Սեբեոս | Պատմություն | համառոտ


Սեբեոսի «Պատմությունը» բաղկացած է երկու բաժնից։ Առաջինը (ԱԶ գլուխներ) ներկայացնում է Հայաստանի հնագույն պատմությունը (սկսած Հայկի և Բելի, Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելներից) և 7-րդ դար հասնող հակիրճ ժամանակագրությունը, երբ պարթևները ապստամբում են Սելևկյանների իշխանության դեմ: Երկն ամփոփում է պարթև և հայոց թագավորների ցանկը, որտեղ նշվում են նրանց գահակալության թվականները՝ հայոց Արշակ Փոքրից սկսած մինչև Պապ թագավոր։
Առաջին բաժնում հավաքված են տարբեր հեղինակներից քաղված տեղեկություններ, օրինակ՝ Մար Աբաս Կատինայի մատյանից, որոնք պատմում են Մամիկոնյանների տոհմի ծագման և այլ հանգամանքների մասին։ Երկրորդ բաժինն ունի առաջաբան, որտեղ թվարկվում են նկարագրվելիք իրադարձությունները: Հայոց պատմությունը ներկայացվում է համաշխարհային պատմական իրադարձությունների ֆոնի վրա (պարսիկների՝ 614 թվականին Երուսաղեմի գրավումը, Խոսրով Երկրորդ Ափարվեզի և Հերակլիոսի պարսկա-բյուզանդական պատերազմները, արաբների քաղաքական ասպարեզ դուրս գալը և առաջին արշավանքը, Սասանյանների անկումը և այլն)։ Մանրամասն նկարագրվում են Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության տիրապետությունը թոթափելու և անկախ հայկական թագավորություն ստեղծելու համար հայ նախարարների գործադրած ջանքերը՝ Սմբատ Բագրատունու, Թեոդորոս Ռշտունու և այլոց հերոսական պայքարը։ Սեբեոսի երկն արժեքավոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության և իրանագիտության համար։ Տեղեկություններ կան աղվանների, ասորիների, եգերացիների, թեսալացիների, հեփթաղների, հնդիկների, հոների, հրեաների, մազքութների, մարերի, վրացիների, քուշանների և այլ ժողովուրդների ու ցեղերի մասին։ Սեբեոսի երկից օգտվել են Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Սիմեոն Ապարանցին և ուրիշներ։ Սեբեոսը առաջին հայ հեղինակն է, որ կիրառել է հանգավորված շարադրանք:
Սեբեոսի պատմության մեջ մեծ տեղ են գրավում փաստաթղթերի (նամակներ և այլն) պատճենները։ Կարևոր են Սասանյանների դեմ ապստամբություն կազմակերպող Վահրամ Մեհրևանդակի (Չուբին) նամակները Մուշեղ Մամիկոնյանին և վերջինիս պատասխանը։ Ուշագրավ է Մորիկ կայսեր նամակը պարսից Խոսրով արքային ապստամբ հայ նախարարների մասին, որտեղ նա խոստանում է հայկական գնդերը տանել Թրակիա, իսկ պարսիկ թագավորին խորհուրդ է տալիս իր բաժնի գնդերը տանել Արևելք։ Եթե մեռնեն, թշնամիներ մեռած կլինեն, իսկ եթե հաղթեն, թշնամիներ սպանած կլինեն…
Ուշագրավ է Դվինի ժողովի երկարաշունչ պատասխանը Կոստանդ կայսեր նամակին։ Սեբեոս եպիսկոպոսը, որ ներկա է եղել Դվինի ժողովին, այն ներառել է իր «Պատմության» մեջ։ Սեբեոսի երկում առկա է նաև վիպական տարրը, ավանդական պատումներ ու զրույցներ, որոնք գեղարվեստական երանգ են հաղորդում պատմությանը, օրինակ՝ ապստամբ Սմբատ Բագրատունու մասին զրույցը՝ նրա բռնվելու, հանդիսականների ներկայությամբ կրկես նետվելու, գազանների հետ գոտեմարտելու հայտնի պատմությունը։ Այս շարքից է նաև Խոսրով թագավորի մասին զրույցը: Որմիզդ արքայի դեմ ապստամբում է Վահրամ Մեհրևանդակը (Չուբին)։ Որմիզդն սպանվում է, իսկ գահաժառանգ մանուկ Խոսրովին փախցնում են Բյուզանդիա։ Մորիկ կայսրը օգնում է Խոսրովին գրավել հոր գահը։ Օգնում են նաև հայոց նախարարները, հայկական 15 հազարանոց այրուձին՝ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Վահրամը փորձում է խոստումներով իր կողմը գրավել Մուշեղ Մամիկոնյանին, սակայն անհաջողության է մատնվում և պարտվում։ Շուտով Մուշեղը ինքն էլ կասկածի զոհ է դառնում։
Մանրամասն է 7-րդ դարում Հայաստանի անկախության համար մղված պայքարի հերոս Թեոդորոս Ռշտունու գործունեության նկարագրությունը։ Նա Սմբատ Բագրատունու որդու Վարազտիրոցի հետ մեծացել է Տիզբոնի արքունիքում: Նախ սպարապետ և ապա 639 թ. Հայոց իշխան դարձած Թեոդորոս Ռշտունին երկիրը փրկում է անիշխանությունից և հնարավորինս համախմբելով հայ նախարարներին, ապահովում է Հայոց տերության գրեթե անկախ գոյությունը: Հետագայում Թորոս Ռշտունու գործունեության ինչ-ինչ դրվագներ իրենց գեղարվեստական մշակումն են ստանում ժողովրդական զրույցների մեջ (Սասնա ծռեր), ուր նա հանդես է գալիս քեռի Թորոսի կերպարով։
Սեբեոսի պատմության աղբյուրներն են Աստվածաշունչը և Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը»։ Ագաթանգեղոսի պատմությունը Սեբեոսի երկում հիշվում է որպես «Գիր սրբոյն Գրիգորի»։ Սեբեոսը ծանոթ է նաև Եղիշեին, որին նույնիսկ ակնարկում է։ Ամենայն հավանականությամբ նրան ծանոթ է եղել նաև Ղազար Փարպեցին։ Հայաստանի հնագույն շրջանի պատմության համար Սեբեոսի երկի սկիզբը և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» եզակի կարևորության սկզբնաղբյուրներ են։ Քաղաքական իրադարձություններով ու ցնցումներով հարուստ 7-րդ դարն աղքատ է պատմական երկերով։ Բյուզանդական և ասորական պատմագրությունն այս շրջանում այդքան բեղուն չէ, պահլավականը հոգեվարքի մեջ է, իսկ արաբականը կծնվի միայն 2 դար անց։ Սա ինքնին խոսում է Սեբեոսի երկի բացառիկ նշանակության մասին:

Տես նաև Կորյուն Վարք Մաշտոցի, Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք և Եզնիկ Կողբացի Եղծ աղանդոց

Սեբեոս | Պատմություն | համառոտ Սեբեոս | Պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 6:17:00 Rating: 5
Технологии Blogger.