Հայրապետ Հայրապետյան | Առակներ


Հպարտ աքլորը
Բակում մի օր
Երկու աքլոր
Կերի համար կռվեցին,
Իրար փետուր,
Կատար, բմբուլ
Արնոտեցին, գզեցին։

Մեկը վերջում,
Հաղթված, տրտում
Փախավ, գոմում թաքնվեց,
Մյուսն ուրախ,
Հպարտ, անվախ
Ելավ կտուրն ու ձայնեց.
Կի, Կլի՛, կիի՛...
Այս աշխարհի
Հավքերի մեջ ինձ նման
Ո՛վ կա, տեսնեմ...
Ես իշխան եմ
Անվախ, անհաղթ, աննման։
Հարևանի
Քաջ, անվանի
Մեծ աքլորին հաղթեցի,
Բմբուլն ալվան
Հարդի նման
Քամու բերան տվեցի։
Այդ միջոցին
Մի մեծ արծիվ,
Որ նայում էր վերից ցած,
Նրան տեսավ ու սլացավ՝
Մագիլները լայն բացած։
Եվ աքլորին՝
Պարծենկոտին,
Ճանկերի մեջ տարավ վեր,
Քաշեց, կտցեց,
Պատառոտեց,
Ձագուկներին արավ կեր:

Աշուն
Դաշտ ու այգի դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:

Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
Էլ մարդ չկա դաշտերում:

Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

Արագիլն ու աղվեսը
Աղվեսը մի օր
Արագիլ եղբորը
Կանչել էր ճաշի:
Վեր առ, մի' քաշվի,
Արագիլ եղբայր,
Վեր առ, վեր առ կեր,
Հավատա անգին,
Սպաս է կարգին:

Բայց ինչպե՞ս ուտեր.
Ափսեն տափակ էր:
Կը'տ հա' կը'տ արավ,
Բայց բան չդառավ:
Աղվեսը ելավ
Սպասը կերավ,
Բերանը սրբեց
Եվ հյուրին ասաց.
Ներիր', արագի'լ,
Տնազ մի' անիլ,
Պատիվդ այդ չէր,
Սպասը քիչ էր:
Տունդ շեն, աղվե'ս,
Թե հարմար գտնես,
Նեղություն քաշիր,
Եկ ինձ մոտ ճաշի:

2
Մյուս կեսօրին,
Նոր շորը հագին,
Հպարտ ու զուգված
Աղվեսը գնաց
Եղբոր մոտ ճաշի:
Մոտ եկ, մի' քաշվիր,
Թանկագին եղբայր,
Վեր առ, վեր առ կեր,
Հավատա անգին,
Փլավ է կարգին:

Բայց ինչե՞ս ուտեր,
Ամանը խոր էր,
Երկար ու նեղլիկ:
Աղվեսը սուսիկ
Շուրջը պտտվեց,
Հոտոտեց, լիզեց,
Բայց բան չդառավ`
Միայն հոտն առավ:

Արագիլն այստեղ
Այն ամենաը նեղ,
Դատարկեց մաքրեց,
Իր եղբորն ասաց.
Սիրելի աղվես,
Խնդրեմ ինձ ներես.
Ինչ որ ցանեցիր,
Այն էլ հնձեցիր:

Տես նաև Վարդան Այգեկցի Առակներ, Մխիթար Գոշ Առակներ և Խնկո Ապեր Առակներ

Հայրապետ Հայրապետյան | Առակներ Հայրապետ Հայրապետյան | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:50:00 Rating: 5
Технологии Blogger.