Պավել Ֆլորենսկի | Բառի մոգականությունը



Մենք վարժվել ենք բառը դիտել իբրև իմաստի դրսևորում և այն ճշտորեն նույնացնում ենք իմաստի հետ: Սակայն միաժամանակ հաճախ մոռանում ենք բառի՝ հենց իբրև իմաստի դրսևորման մասին, մինչդեռ վերը նշված նույնացմանը զուգահեռ հնարավոր է մեկ այլ նույնացում՝ բառի և դրսևորման:
Չէ՞ որ բառը նույնքան մեր ներսում է, որքան և մեզնից դուրս, և եթե մենք իրավացի ենք՝ բառը մեր ծածուկ կյանքի իրողությունը համարելով, ապա հարկ է չմոռանալ, որ այն մեր իշխանության տակ լինելուց այլևս դադարած ու բնության մեջ մեր կամքից անջատ առկա մի բան է: Քանի դեռ մենք իշխում ենք խոսքի վրա, այն չկա, բայց հենց որ այն հայտնվեց, մենք կորցնում ենք մեր անկախությունը: «Խոսքը ոնց թռչնակը. դուրս թռավ, էլ չես բռնի»,- ուսուցանում է ժողովրդական իմաստությունը: Այնինչ, այս հարկադիր կողմի մասին մշտապես մոռացվում է, հատկապես գիտությանն առնչվող մարդկանց կողմից, թեև դրա մասին չի մոռանում ժողովուրդն իբրև ամբողջություն. Իսկ նման կարգի մոռացումը չի կարող անպատիժ անցնել՝ նկատի ունենալով խոսքի ուժն ու զորությունը, ինչն էլ իր հերթին տանում է ոչ միայն տեսական սխալների, այլև հասարակական ու անձնական զանցանքների, որոնք երբեմն չեն կարող կոչվել այլ կերպ, քան հանցանքներ:
Բանն այն է, որ բառը՝ իբրև միջնորդ, ներքին աշխարհի և արտաքին աշխարհի միջև, այսինքն լինելով երկկենցաղ՝ որ ապրում է և՛ այստեղ, և՛ այնտեղ, ըստ երևույթի, յուրատեսակ թելեր է անցկացնում մեկ ու մյուս աշխարհի միջև, և այդ թելերը, որքան էլ դրանք լինեն քիչ նկատելի պոզիտիվիստի հայացքի համար, այնուամենայիվ այն են, հանուն ինչի գոյություն ունի բառն ինքը, կամ ծայրահեղ դեպքում բառի հետագա բոլոր ֆունկցիաների նախահիմքն են: Այդ նախահիմքն, ըստ երևույթին, երկկողմանի ուղղվածություն ունի, նախ՝ խոսողից դեպի դուրս՝ որպես գործունեություն՝ խոսողից արտաքին աշխարհ խուժող, և երկրորդ՝ արտաքին աշխարհից դեպի խոսողը, նրա ներսը՝ որպես խոսողի կողմից ստացվող ընկալում: Այլ կերպ ասած, բառով է կյանքը փոխակերպվում և բառով էլ կյանքը պատվաստվում է հոգուն: Կամ, դարձյալ այլ կերպ ասած, բառը մոգական է և միստիկական:  Քննել, թե որն է բառի մոգականությունը, նշանակում է հասկանալ, թե այդ ինչպե՛ս և ինչո՛ւ ենք մենք կարողանում բառով ներգործել աշխարհի վրա: Քննել, թե այդ ինչպե՛ս և ինչո՛ւ է բառը միստիկական, նշանակում է մեզ համար պարզել, թե որն է իմաստն այն ուսմունքի, ըստ որի՝ բառը իրենով նշանակվող ռեալությունն է: Հասկանալի է սակայն, որ մեր խնդիրը չի կարող լինել այն ամենի ապացուցումը, ինչը մեզ հետաքրքրող առումներով ուսուցանում են մոգությունն ու միստիկան. ապացուցել դա, այսինքն՝ պոզիտիվ գիտության կողմից, կնշանակեր, նախ՝ դատել այլ գիտությունները՝ դրանց ըստ էության խորթ և նախօրոք արդեն դրանց հնարավորությունը ժխտող մեթոդներով ու եղանակներով, և երկրորդ՝ քամահրել ուղղակի փորձը, որի վրա հենվում են այդ գիտությունները և որի առանձնահատկությունից ելնում են  նրանք: Նման ապացույցն ուղղակի փորձով, փորձնական ուսումնասիրությամբ միայն կարող էր տրված լինել, եթե կասկած է ծագել մոգության ու միստիկայի վկայությունների արժանահավատության նկատմամբ: Բայց դա մեր խնդիրը չէ, քանզի մեզ առավել զբաղեցնում են աշխարհընկալման առանձին թելերի թնջուկները՝ ենթագիտակցականության խավարից գիտակցության շեմն անցնելու դրանց ելքի շրջաններին մերձ: Ուստի և մեր խնդրո առարկան պետք է ավելի շուտ լինի բառի մոգական ու միստիկական կողմերի հնարավորության հիմնավորումը, քան դրանց առկայության ապացուցումը, գեթ հույսով, որ երբ դրանց անհնարինության մասին եղած կեղծ համոզմունքը մտքից հանված լինի, այնժամ որևէ մեկի համար դժվար չի լինի վերհիշել անձնական փորձը ու մտովի մասնատել սեփական ապրումները, որոնք իրենց ձևակերպող սխեմաների անբավարարության պատճառով և մտքում առկա այլ սխեմաներով արգելակվելով՝ մինչ այդ պահը մնում էին հալածված, գիտակցության մթին խորշերը քշված և հավատվում էին իբրև գոյություն չունեցող կամ իբրև չգիտես որտեղից հայտնված թյուր պատահականություն:
2. Եվ այսպես, մենք պետք է ցույց տանք բառի մոգական ներգործության հնարավորությունը և անգամ հավանականությունը, որպեսզի հետո նույնն անենք նրա միստիկական կողմի հետ: Սակայն խոսքի մոգական ուժի հանդեպ ունեցած համոզմունքը ամենատարբեր ժողովուրդների համընդհանուր սեփականությունն է դարերի ու հազարամյակների ընթացքում, և հազից թե կալելի լինի մատնացույց անել գեթ մի ժողովուրդ և այն էլ՝ իր պատմական զարգացման գեթ մի շրջանում, որ ամենակենդանի հավատ չունենար խոսքի մոգական զորության հանդեպ: Թե՛ անցյալում, թե՛ այժմ այդ հավատն այնքան է տարածված, որ ժողովուրդների մասին խոսելիս ստիպված ենք համարել այն խոսքի բուն գործածությունից ու լեզվի բուն կյանքում անհրաժեշտ պահ տեսնել նրանում: Հետևաբար, մեր շարադրանքն առավել բնական կլինի, եթե մենք կյանքի համաժողովրդական ըմբռնմանը, համամարդկային բանականությանը ընդհանրապես հարելով, առաջադրված հարցում ևս խոսքի հանդեպ որպես հիմք ընդունենք ոչ թե պոզիտիվիզմի հայացքը, այլ ողջ մարդկության դրական հայացքը և ապացուցման ծանրությունը դնենք նրանց վրա, ովքեր ողջ մարդկությունից զատվելով, պատմական ընդհանուր ավանդմանը հակառակ պնդում են խոսքի անզորությունն ու դատարկությունը:
Մեր ժամանակակիցների մեծամասնությունը, անհավատալիորեն ճնշող մեծամասնությունը, եթե նրանք ճաշակել են այն, ինչը «գիտական աշխարհայացք» է կոչվում, խիստ համոզված է, որ բառը, եթե ի զորու է ներգործելու, ապա սոսկ որպես ռացիոնալ իմաստ, ընդ որում, գրեթե չի մտածվում ո՛չ այդ իմաստի մի գիտակցությունից մյուսին փոխանցման եղանակների, ո՛չ այն ներքին պրոցեսների մասին, որոնցով գիտակցության մեջ հնարավոր է լինում իմաստի բացահայտումը: Հարցի այս ծայրահեղ պարզեցման թաքնված ելակետը ընդհանուր աշխարհընկալման կարտեզյան դուալիզմն է, որից, բնականաբար, չի կարող խուսափել և մասնավորը՝ բառի խնդիրը: Մարդը կազմված է նյութից, որ ունի զուտ մեխանիկական բնույթ, և հոգուց, որի էությունը նրա գիտակցությունն է: Միմյանց հետ անհամեմատելի երկու սուբստանցները, res extensa-ն և res cogitans-ը, թեկուզ և իրենց հստակությունը կորցրած, այդուհանդերձ մինչ օրս տիրապետող են մտավորականության լայն շրջանակների աշխարհընկալման մեջ, և այդպիսիներին ներկայանում է որպես ինքնին ակնհայտ ճշմարտություն, որ նյութական իրականության պրոցեսների և իմաստի միջև, որ բացահայտվում է գիտակցության մեջ, ոչ մի ընդհանուր բան, ըստ էության, լինել չի կարող: Բայց եթե հոգու և մարմնի միջև ոչ մի ընդհանուր բան լինել չի կարող:
[…]
10. Այսպիսով բառը մենք զուգադրում ենք սերմի հետ, խոսքը՝ սեռի, խոսելը՝ արական սեռի սկզբի հետ, իսկ լսելը՝ իգական, անձի վրա ներգործությունը՝ բեղմնավորման պրոցեսի հետ: Նոր չէ այս զուգադրությունը, և հազիվ թե գտնվի մտքի միստիկական ուղղության մի գրող, որին խորթ լինեն բերված համաբանական համեմատությունները: Հիշենք Պլատոնին, որ Սոկրատեսի հետևողությամբ, համառորեն ու ջանադրաբար զարգացնում էր իմացության էրոտիկ տեսությունը. իմացության ձգտումը սիրային տոչորում է, դեռ չհասունացած իմացության չասվածությունը՝ հղիություն, ասելուն օգնելը՝ մանկաբարձական արվեստ, իմացություն հաղորդելը՝ բեղմնավորում, ուսուցչությունը՝ հոգիներում ծնունդ տալու ձգտում և այլն, և այլն, ահա թե ինչ ենք լսում Սոկրատեսից ու Պլատոնից ամեն քայլափոխի, իսկ եթե հիշենք, որ Ակադեմիան ինքը կառուցված է եղել էրոտիկ գնոզիսի հիմքի վրա, ապա դժվար չի լինի թափանցել այն մտքի խորքը, որ Պլատոնի միֆերը ոչ թե պարզ այլաբանություններ են, մակերեսային համաբանություններ, այլ խնդրո էության արտահայտությունն են. հիրավի Պլատոնն էլ սերմնայնություն էր տեսնում բառի մեջ: Մյուս կողմից էլ Ավետարանը. սերմնացանի առակի սերմը խոսքն է՝ ըստ Փրկիչի մեկնության: Այս համեմատությունը կարող ենք հանդիպել ամենատարբեր գրողների մոտ անհամար տեղերում: Այստեղ սակայն, մենք չենք սկսի հավաքել այդ ասույթները, այլ ավելի լավ է, ըստ էության խորանանք քննարկվող համեմատության մնացած մոտիվների մեջ: […] Որպես ամփոփում, սակայն, նշենք միայն, որ սեռական արտազատումները համատիպ են խոսքային արտազատումներին, որոնք հասունանում են առաջինների պես ու դուրս են գալիս բեղմնավորելու: Այս համեմատության որոշ պարադոքսալությունը կհարթվի, եթե ուշադրության առնենք, որ սերմը, որ հեղուկի ինչ-որ կաթիլ է թվում միայն, իրականում վերին աստիճանի խորհրդավոր էություն է՝ հնարի խոսքով՝ բանական էություն, քանզի իր հետ բերում է կենդանի էակի ձևն ու գաղափարը, շատ ավելի խելոք մի բան, քան ամենից խելացին կարող է մտածել, թե՛ օրգանիզմի օբյեկտիվ բանականությունը բերում է իր հետ, թե՛ նրա մտքի սուբյեկտիվ բանականությունը, սրանից զատ, լիցքավորված է օկկուլտային էներգիաներով, որոնց փոխանակումն էլ հենց սեռական շփման առանցքն է կազմում:
[…]
Բայց ինչ էլ որ առարկեն սերմի կաթիլի դեմ ու ինչքան էլ որ այն «ուղղակի» հեղուկ համարեն, ընդ որում՝ քանակապես չնչին, այն այդուամենայիվ, հղիացում է առաջ բերում և մարդ է ծնվում: Խոսքը ևս, որքան էլ որ այն անուժ են համարում, գործում է աշխարհում՝ արարելով իր նմանին: Եվ ինչպես հղիացումը կարող է անձնական-գիտակցական մասնակցություն չպահանջել, այնպես էլ բառով բեղմնավորումը գիտակցության անպայման պարզություն չի ենթադրում, եթե բառն արդեն հասարակական միջավայրում ծնունդ է առել արարիչ բառից, կամ նախկինում եղած սնուցիչ բառից: Ահա ինչու մոգականորեն հզոր բառը, մոգականության գեթ ցածր աստիճաններում, անպայմանորեն կամքի անհատական անձնական լարում, կամ նույնիսկ դրա իմաստի պարզ գիտակցում չի պահանջում: Նա ինքն է կուտակում ոգու էներգիան, ասես հագենում է նրանով, եթե միայն հաճություն կա այն արտաբերելու, այսինքն, նվազագույն ներքին ինքնագործունեություն, և, այդտեղ ուժ հավաքելով կամ, առավել ճշգրիտ, իր կամեությամբ, իր ինտենցիայով նրան իրեն մոտ թողնող ոգու առնչությամբ իր ներուժերը զարգացնելով, բառն այնուհետև ուղղվում է այնտեղ, ուր այն ուղղված է ինտենցիայի ակտով: Հեքիմը, որ կախարդություններ կամ հմայական խոսքեր է շշնջում, որոնց ճշգրիտ իմաստը ինքը չի հասկանում, կամ հոգևորականը, որ աղոթքներ է ասում, որոնցում ինչ-որ բան իր համար էլ պարզ չէ, բոլորովին էլ անհեթեթ երևույթներ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից. հմայախոսությունը, որ արտաբերվում է դրանով, դրանով իսկ բացահայտվում է և համապատասխան ինտենցիայի՝ դրանք արտաբերելու մտադրության առկայությունը: Իսկ սրանով հաստատված է անձի հետ բառի կոնտակտը ու հիմնական գործը կատարված. մնացածն արդեն ինքն իրեն կգնա շնորհիվ այն բանի, որ բառն ինքն արդեն իսկ կենդանի օրգանիզմ է՝ իր կառուցվածքն ու էներգիաները ունեցող: Առավել լավ ըմբռնումը առավել ներզգացողությունն ու պրկված կամեցողությունը բառի այս բացահայտման համար, տվյալ դեպքում բարենպաստ գործոններ կլինեին անշուշտ. սակայն այդ գործոնն ավելի շուտ բառի խցանված անցուղիներն է մաքրում, քան թե ստեղծում է բուն ներգործություն և, դրան հասնելու մի որոշ նվազագույնից հետո այլևս անպայմանորեն անհրաժեշտ է:

Ռուսերենից թարգմանությունը՝ Նաիրա Հարությունյանի


Պավել Ֆլորենսկի | Բառի մոգականությունը Պավել Ֆլորենսկի | Բառի մոգականությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 29, 2016 Rating: 5
Технологии Blogger.