Ֆրանց Կաֆկա | Փոքր պատմվածքներ


Մեծ աղմուկ

Ես նստած եմ իմ սենյակում, ողջ բնակարանի աղմուկի կենտրոնում: Լսում եմ, թե ինչպես են շրխկում բոլոր դռները, դրանց աղմուկի պատճառով ես ազատված եմ միայն նրանց ոտնաձայներից, ովքեր անցնում են այդ դռների միջով, անգամ երբ խոհանոցում փակվում է վառարանի դռնակը, ես լսում եմ դա: Հայրս ներս է մղվում իմ սենյակի դռների միջով և անցնում է ետևից շարշ ընկած խալաթը հագին.հարևան սենյակում վառարանից հեռացնում են մոխիրը. Վալլին ընդունարանից բղավելով մեկը մյուսի ետևից բառերը, հարցնում է, թե մաքրված է արդյոք հայրիկի գլխարկը. ինչ-որ մեկի ֆշշոցը, որը ուզում է ընկերենալ ինձ հետ, առաջ է բերում իրեն պատասխանող ինչ-որ ձայնի ճիչ: Բռնակի սեղմումին ենթարկվելով դուռը ճռռում է, ինչպես թարախակալած կոկորդը, հետո բացվելով ոռնում է կանացի ձայնով և վերջապես փակվում է տղամարդու հրոցով, որը ամենից անտանելին է: Հայրը գնում է, հիմա սկսվում է ավելի թեթև, ավելի ցրված, ավելի անհույս աղմուկ, որը գլխավորում են երկու դեղձանիկները: Ես արդեն վաղուց եմ մտածել այս ամենի մասին, դեղձանիկները ինձ հիշեցնում են դա. գուցե արժե մի փոքր բացել դուռը, օձի նման սողալ դեպի հարևան սենյակ և այդպես, մնալով հատակին, լռություն խնդրել իմ քույրերից և աղախնից:

Կամուրջ

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձրունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինել:
Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:
Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Թարգմանությունը՝ Սարգիս Ավետիսյանի
    
Տես նաև Խ. Լ. Բորխես Պատմվածքներ, Ջ. Ջոյս Դուբլինցիներ և Խ. Կորտասար Պատմվածքներ

© Սարգիս Ավետիսյան, 2016։
Հրապարակված է թարգմանչի թույլտվությամբ։ Առանց թարգմանչի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։

Ֆրանց Կաֆկա | Փոքր պատմվածքներ Ֆրանց Կաֆկա | Փոքր պատմվածքներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 31, 2016 Rating: 5
Технологии Blogger.