
Եթե ներգրավված լինելու ցանկություն ունեք, գրում է մի երիտասարդ
հիմար, ինչու չեք մտնում Ֆրանսիական կոմունիստական կուսակցության շարքերը: Հայտնի արձակագիրը,
որին բախտ էր վիճակվում հաճախ ներգրավված լինել և ավելի հաճախ կտրել ամեն ներգրավվածության
հետ իր կապերը, ասում է ինձ. «Ներգրավված արվեստագետները ամենաթույլերն են. վերցրեք
անգամ սովետական հեղինակներին»: Զառամյալ քննադատը ցածր ձայնով դժգոհում է. «Դուք պատրաստվում
եք վերջնականապես սատկացնել գրականությունը, ձեր հանդեսի էջերից հորդում է լկտի առհամարհանք
գեղարվեստական խոսքի նկատմամբ»:
Մի սահմանափակ մարդ կոչում է ինձ անուղղելի կամակոր, ըստ
երևույթին՝ նա համարում է դա վատագույն վիրավորանքը: Գրողը, որը դժվարությամբ մի համաշխարհային
պատերազմից սողացել է մինչև մյուսը, ում անունը երբեմն աղոտ հուշեր է ծնում ավագ սերնդի
մոտ, կշտամբում է ինձ այն բանի համար, որ ես տեսեք-տեսեք հոգ չեմ տանում անմահության
մասին: Չէ՞ որ նա, փառք Աստծո, ճանաչում է բազում արժանավոր մարդկանց, որոնք ակնկալում
են միմիայն անմահությունը: Ամերիկացի Ճարպիկ լրագրողի կարծիքով ես մեղավոր եմ նրանում,
որ երբեք չեմ բացել Բերգսոնի և Ֆրոյդի գրքերը: Ինչ վերաբերում է Ֆլոբերին, ապա նրա
ստվերը հետապնդում է ինձ որպես խղճի ցավ:
Ինձ խորամանկորեն աչքով են անում. «Իսկ պոեզիա՞ն, գեղանկարչությո՞ւնը,
երաժշտությո՞ւնը: Դրանք էլ մտադիր եք ներգրավել»: Կռվարար տրամադրված մարդիկ տեղեկանում
են. «Ո՞րն է խնդիրը: Սա նրբացած սոցռեալիզմ է, եթե ոչ նորոգված և ագռեսիվ պոպուլիզմ»:
Կատարյալ սուտ: Որովհետև կարդում են հապճեպ, և անցնում են
դատողություններին նախքան կարդացածի իմաստը հասկանալը: Հարկ կլինի սկսել սկզբից: Դա
ոչ ոքի հաճույք չի պատճառի, բայց ես ստիպված եմ անվերջ կրկնել նույնը: Իմ քննադատները
դատապարտում են ինձ ի փառս գրականության, մտադիր չլինելով բացատրել, թե ըստ էության
ինչ են հասկանում այդ բառի տակ: Նետված մարտահրավերին արժանի պատասխան տալու համար
մենք ձեզ հետ պիտի առանց նախապաշարմունքների գնահատենք գրողի արհեստը:
Պոլ Սարտր | Ի՞նչ է գրականությունը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 15, 2017
Rating:
