Դերենիկ Դեմիրճյան | Ջութակ ու սրինգ

Դերենիկ Դեմիրճյան
Ո՞վ հնարեց ջութակըո՞վ հնարեց սրինգը
Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թելթել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն:
Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում:
Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով:
Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:
Հայանթի՛,— հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը,— այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:
Չգիտեմ,—ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:
Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:
Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:
Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրաննրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:
Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում
Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես:
Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը:
Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:
Հայանթի՛, — ասավ բանաստեղծ Խալդունը, — մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:
Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք,— ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:
Նվագեցե՛ք, — կատակեց չարաճճիներից մեկը, — և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:
Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:
Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. «Նվագեմ, թող ձայները կտրեն», — մտածեց նա իր ուժը գիտակցելով:
Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:
Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:
Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:
Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:
Ու Հայանթին սրինգը դնելով Վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել: 

Դերենիկ Դեմիրճյան | Ջութակ ու սրինգ Դերենիկ Դեմիրճյան | Ջութակ ու սրինգ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 02, 2017 Rating: 5
Технологии Blogger.