
Մշակութային դարեշրջանի սկզբնական այս օրերին, երբ քրտնատանջ
ստեղծագործության առաջին հիմքերն են դրվում, դժվարին և անհրապույր պայմանների մեջ,
կան մարդիկ, որ անաղմուկ աշխատում են՝ մեծ գործ տեսնելով: Նրանք՝ մեր արտասահմանի մտավախ
և փոքրոգի շատ մտավորականների նման՝ չեն սպասել լավագույն օրերին, երբ ամեն բան պատրաստ
կլինի, որպեսզի գան հայրենի երկրին ծառայելու համար: Նրանք այստեղ են վաղո՜ւց, աշխատում
ու գործում են առանց սնափառության, առանց շահախնդրության, հաճախ զուրկ լինելով մարդկային
կյանքի ամենատարրական միջոցներից:
Նկարիչ Հակոբ Կոջոյանը այդպիսիներից մեկն է: Ո՞վ չի տեսել
մեր հրատարակությունների, ամենօրյա թերթերի, դպրոցական գրքերի, հանդեսների մեջ նրա
տաղանդավոր, հստակ գծվածքով, պարզուկ և ոճական գրաֆիկան: Հայ ազգը անտարակույս մեծատաղանդ
նկարիչներ է ունեցել: Բավական է հիշել Այվազովսկու, Մախոխյանի, Էդգար Շահինի և շատ
ուրիշների անունները: Եվրոպական մեծ քաղաքներում քիչ ցուցահանդեսներ են լինում, ուր
հայու անվան չհանդիպենք: Ստեղծե՞լ են նրանք հայ
նկարչությունը, տվե՞լ են նրանց ինքնահատուկ, հավաքական, մեզ շրջապատող բնության, մարդկանց,
զգեստների, հոգեկան կառուցվածքի ոճը: Դժբախտաբար՝ ոչ: Ցավը հենց դրանումն է – մենք
ունեցել ենք մեծ նկարիչներ, բայց չենք ունեցել նկարչություն:
Սարյանի պրպտումները այդ ուղղությամբ ժամանակակից արվեստի
պատմության մեջ վերին աստիճանի նշանակալից են: Մենք հավատացած ենք, նա շատ շուտով կասի
իր վերջնական խոսքը և կգծի ուղին, որով պիտի ընթանա հայ երիտասարդ նկարչությունը:
Հակոբ Կոջոյանը, մանավանդ գրաֆիկայի մեջ, մեզ տալիս է նույն
գիտակցության ապացույցը: Հմուտ եվրոպական նկարչության, ուսած մյունխենյան դպրոցի լավագույն
շրջանում, նա պատիվ պիտի բերեր ամեն մի ժողովրդի: Նրան տեսնելուց, ես ակամա վերհիշում
եմ վերածննդյան շրջանի իտալական բոտտեգաների այն անխոնջ վարպետներին, որոնք զարմանալի
դյուրությամբ անցնում էին քանդակագործությունից նկարչության, ոսկերչությունից փորագրության
և ամեն մի գործի վրա դնում էին հավասար կերպով իրենց ճաշակի, տաղանդի մնայուն կնիքը:
Բենվենուտո Չելլինիի ընտանիքին է պատկանում Կոջոյանը, և եթե նա ծնած լիներ Ֆլորենցիայում,
նա պիտի աշխատեր Պոնտե Վեկկիոյի վրա, մի փոքրիկ խանութում շրջապատված իր երիտասարդ
աշակերտներով:
Կոջոյանը ախալցխացի մեծատաղանդ ոսկերչի մի զավակ է: Նրա հայրը
հայտնի էր ամբողջ Ռուսաստանում և Փարիզյան և ուրիշ ակադեմիաների մրցանակներ ուներ:
Նա իր արվեստը միակողմանի կերպով չի հասկանում, գեղեցկության ոգին տեսնում է ամեն բանի
մեջ: Նա առաջնակարգ գրաֆիկ է, անկասկած, որը կարողանում է մի քանի գծերով տալ ամբողջ
մի աշխարհ: Նրա երևանյան ստիլիզացիաները, պարզուկ տնակույտերի գծավորումները, խառնված
բլուրների համաչափ տեղաշարժության հետ, նոր են մեզ համար և նշանակալից: Նրա՝ մետաղի
վրա տված քանդակները կարևոր են վերին աստիճանի, որովհետև նորոգում են մի արվեստ, որով
հարուստ եղած ենք անցյալում և վանեցիների շնորհիվ հպարտ ենք այսօր:
Ձեռարվեստը մեր Հայաստանում պիտի ունենա մեծ ապագա:
Մեր նկարչության ստուդիան, որի ցուցահանդեսը վերջերս մի գեղեցիկ
հայտնություն եղավ մեզ համար, պետք է իր ամբողջ ջանքը թափի այդ ուղղությամբ, և մանավանդ,
օգտագործի Կոջոյանի նման վարպետներին:
Պետք չէ անտեսել Ռյոսկինյան և Վելիամ Մորիսյան մեթոդները
ժողովրդական արվեստը ստեղծելու համար:
Պրպտել ինքնուրույն մեր ոճը մեզ շրջապատող բնության գծավորումների
և գունավորումների մեջ, բույսերի, ծաղիկների, կենդանիների և զանազան զգեստավորումների
մեջ ու այդ ոճով դարբնել երկաթը, հղկել փայտը, քանդակել արծաթը, ստեղծելով գեղեցիկ,
դյուրամատչելի և անհրաժեշտ առարկաներ՝ ահա մեր արվեստի համար առայժմ հարվածային մի
նպատակ:
Կոջոյանը միևնույն ժամանակ նաև տաղանդավոր զարդական նկարիչ
է: Իր իլյուստրացիաների մեջ նա քնքուշ ու մեղմ է, ինչպես Դյուլակը կամ Ռաքամը:
Նրա «Ախալցխայի կանայք» նկարը Շառլ Դյուդլեյի մանվածո պարզությունը
ունի և Ռաքամի թեթևությունը:
Նրա Սասունցի Դավթի առթիվ նկարած ֆանտազիաները իտալական դասական
ոճի գունավորումները և կեղվցածքները ունեն, և թեպետ թվում է մեզ՝ այս ազգային առասպելը
մի քիչ օտարի աչքով է դիտված, այնուամենայնիվ անկարելի է ուրանալ նրա տաղանդավոր հորինվածքը՝
համարձակ ըմբռնումը, համաչափ դասավորումը և ներդաշնակությունը:
Կոջոյանը ունի նաև պարսկական տպավորություններ, ուր իր անհատական
տաղանդի կնիքը ավելի է դրոշմված:
Պետք է տեսնել՝ ինչ հրապուրիշ կերպով է նա ոճաբանում փողոցի
տեսարանները, կրոնական տոնակատարումները կամ պարսկական ճաշարանի տեսարանները:
Այստեղ զարմանալի ճշգրիտ կերպով ըմբռնված են տիպերը իրենց
ամենահատկանշական ձևերի և բնաավորությունների մեջ:
Նա դիտում է ներթ իրոնիայով, մերթ հրճվանքով բոլոր այդ տեսարանները
և մի քանի գծով, մի քանի վառվռուն գույներով տալիս է մեզ կենդանի և շարժուն պատկերացումը:
Հայ նկարչությունը շատ սպասելիքներ ունի Հակոբ Կոջոյանից:
Մենք սիրում և հարգում ենք նրա տաղանդը և համոզված ենք, շատ
շուտով նա մեզ հաղորդակից կանի իր նոր նվաճումներին և որոնումներին:
Տես նաև Կոստան Զարյան Ուիլյամ Բլեյք
Կոստան Զարյան | Հակոբ Կոջոյան
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 01, 2017
Rating:
