Գրիգոր Նարեկացի | Մեղեդի ծննդյան | համառոտ



Աստվածային էությունը կրում է նաև մարդը՝ որպես բնության մասնիկ և Աստծո առավել բարդ ու հրաշակերտ արարած: Այսպիսին են, հատկապես սրբակենցաղ մարդիկ, սրբերը և, մասնավորապես, սուրբ կույսը՝ Մարիամ Աստվածածինը, որն աշխարհ բերեց մարդկային կերպարանք առած Աստծո որդուն: Սա է պատճառը, որ քնարերգության մեջ, ինչպես և կերպարվեստում, ամենից ավելի պատկերվել է ու գովերգվել Աստվածամայրը: «Մեղեդի ծննդյան» տաղում Աստվածամորը ջերմորեն օրհներգել է նաև Գրիգոր Նարեկացին: Եթե շարականների մեջ Աստվածածինը պատկերվել էր վերացականորեն, ապա Նարեկացու տաղում նա գծագրված է տեսանելի մարդու բոլոր հատկանիշներով: Ինչպես բնությունը՝ այնպես էլ մարդը մեծ բանաստեղծի տաղերում վերածնվել է իր ողջ հմայքով ու կենդանությամբ: Նրա պատկերած Աստվածածինը կրում է երկնային լույսը, գեղեցկությունը և մաքրությունը, բայց հանդես է գալիս որպես իրական, չքնաղ ու հմայիչ կին: Նարկացին մանրամասնորեն նկարագրում է այդ գեղեցիկ կնոջ արտաքինը:

Աչքերը ծով են ծիծաղախիտ ծովի մեջ, այտերը նռնենի են ու դափնեվարդ, հասակը՝ գեղաշիտակ, ձեռքերը քնքուշ են, դաստակները մանուշակի ծիրանագույն փունջ, բերանը երկթերթ ծաղիկ է, լեզուն՝ տավիղ, վարսերը՝ շողշողուն և այտերի շուրջը բոլորված, ծոցը լուսափայլ է, կարմիր վարդով լեցուն: Նա բուրում է կնդրուկի պես, զարդարված է գեղեցիկ պատմուճանով, որ կապույտ, որդան կարմիր ու ծիրանի գույներով է ոսկեշողում: Գոտին նրբակերտ է, արծաթափայլ ու ոսկեծայր՝ զարդարված անգին ակնեղենով…
Այս գեղեցիկ ու զարդարուն կինը ոչ թե սառն ու անշունչ քանդակ է, այլ կենդանի, շարժուն, թրթռուն արարած: Խայտում են ծով աչքերը, որոնք ծավալվում են այգաբացին երկու փայլակնաձև արեգակի նման, և նռնենի այտերից շողն է իջնում լուսացնցուղ առավոտի: Ահա այդ պատկերը.

Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ
Ծաւալանայր յառավօտուն,
Երկու փայլակնաձեւ արեգական նման.
Շողն ի ժմին իջեալ յառավօտէ լոյս:

Չքնաղ կնոջ ծաղկափթիթ մարմնի սրտից կարկաչում է հուզավարար կենսատու սեր: Քնքուշ ձեռքերը կանթեղել է կոնքերին և երգում է ախորժալուր ու գեղգեղուն՝ ելևէջները հյուսելով իրար: Անուշաձայն է նա, վարդ է կաթում շուրթերից, քաղցրերգում է լեզվի տավիղը: Նույն կենսատու և գինեթույր սերն են շողարձակում վարսերը: Քայլում է հանդարտիկ, ճեմում է թիկնեթեկին, մարմինը շարժվում է մարգարտափայլ գեղեցկությամբ և ոտնահետքերից լույսի շող է կաթում:


Գրիգոր Նարեկացի | Մեղեդի ծննդյան | համառոտ Գրիգոր Նարեկացի | Մեղեդի ծննդյան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 06, 2017 Rating: 5
Технологии Blogger.