Ժորժ Բրասսայ | Զրույցեր Պիկասսոյի հետ



ՊԻԿԱՍՍՈ – Առարկա՜… Ուրեմն իմ թռչունն ընդամենը առարկա է… Իրեն ո՞ւմ տեղն է դրել այդ մարդը… Սովորեցնել ինձ՝ Պիկասսոյիս, թե ինչն է քանդակ, ինչը ոչ… համա թե դուրսպրծուկն է… Գուցե իմ խելքն ավելի շատ բան է կտրում, քան նրանը: Ի՞նչ է քանդակագործությունը, ի՞նչ է նկարչությունը: Միշտ կառչում են մաշված գաղափարներից, դարն ապրած բնորոշումներից, ասես արվեստագետի բուն կոչումը հենց նոր գաղափարներ տալը չէ…

Դեռ շատ կփնթփնթար, եթե Սաբարտեսը նրան չկանչեր հեռախոսի մոտ… Գալիս է բարոն Մոլլեն, խիստ իրար անցած, քան երբևէ: Ճաղատ գանգով, միմոսի քթով ու ճարտար լեզվով՝ նա գնալով ավելի է նմանվում ծաղրածու Գրոկին: Այցելության նպատա՞կը: Առաջարկել Պիկոսսոյին «չնչին գնով» գնել մի «արտասովոր» սնդուկ, որ գտել է թաղի հնավաճառի մոտ:
ԲԱՐՈՆ ՄՈԼԼԵ – Իրոք շատ թանկ չէ: Բացառիկ առիթ է, Պաբլո, կգա՞ս տեսնելու ժամը երեքին: Քեզ համար հրաշալի գործարք կլինի…
(…) Ճիշտ այդ պահին գալիս է Պրևերը՝ ծխուկը շուրթերին: Պիկասսոն նրան ցույց է տալիս իր սքանչելի գծանկարներն ու սեպիանկարները: Նայում ենք աղավնիների շարքը, երբ մի իսկական աղավնի հայտնվում է սանդուղքի աստիճանի վրա:
ԺԱԿ ՊՐԵՎԵՐ – Ահա և խորհրդավոր արարածը… Անունը տուր…
Պիկասսոն հրավիրում է մեզ բարձրանալ, քանի որ նկարչության արվեստանոցն ու փոքրիկ բնակարանը գտնվում են վերևի հարկում, և շարում է վերջին կտավները: Նրան կանչում են հեռախոսի մոտ, և նա մեզ թողնում է մենակ: Պրևերը հմայված է մի նկարով. արվեստանոցի բաց պատուհան, որ նայում է Փարիզի իրար վրա բարձրացող հին տանիքներին և ծխնելույզներին: Պիկասսոյին առանձնապես գրավել էին ջեռուցիչի ալիքաձև մասերը, կլոր բռնակը, մինչև որ պատուհանի եզրը բարձրացող երկար խողովակը: Նա նկարել էր այդ նկարը երեք ամիս առաջ՝ հուլիսի երեքին:
ԺԱԿ ՊՐԵՎԵՐ – Նայիր… Մի ուրիշ նկարիչ կհաներ ջեռուցիչը՝ համարելով տգեղ, հասարակ, «ոչ գեղարվեստական»: Նա շեշտը կդներ հին պատերի և տանիքների «պատկերավորության» վրա: Մինչդեռ այս կտավի մեջ իշխում է հենց ձեռուցիչը… Պիկասոն  ուզում է ամենից առաջ ճշմարտացի լինել… Տե՛ս, նա նույնիսկ նկարել է պատից կախված հին քրջի կտորը…

Համամիտ եմ Պրևերի հետ: Ես նախընտրում եմ նաև նրա այն կտավները, որոնք ծնվել են իր շրջապատի անմիջական ներշնչմամբ, ինչպիսին է մայիսին նկարված «Մայրը և մանուկը» կտավը: Բացատրում եմ Պրևերին, թե Պիկասսոն նախ նկարել էր իր առաջին քայլերն անող, պստլիկ ու թմբլիկ մարմինը դեռևս չհավասարակշռող երեխային մենակ: «Նա կընկներ,- ասաց Պիկասսոն ծիծաղելով,- քանի որ դեռ քայլել չգիտեր… Դրա համար հետո կտավի վրա ավելացրի մորը, որ նստած գետնին, աթոռի կողքին, որի վրա թառել են երկու աղավնի: Նկարը թվագրված է նույն տարվա օգոստոսով»:
Հիանում ենք նաև «Կատալոնական» ռեստորանի շագանակագույն բարոկկո ոճի դրվագազարդ սպասքասեղանով, որ Պիկասսոն նկարել էր մայիսին երկու անգամ դեղին ֆոնի վրա:
ԵՍ – Այս սեղանի վրա չհիմնավորված ոչինչ չկա… Ամեն ինչ ներշնչված է իրականությունից…
ԺԱԿ ՊՐԵՎԵՐ – Դե, իհարկե… «Իրականության նկարիչ» կոչված ցանկացած նկարչից ավելի Պիկասսոն արձագանքում է իրեն շրջապատող ամեն ինչին: Նրա գործերից յուրաքանչյուրը ինչ-որ բանի պատասխան է, որ տեսել է նա և զգացել, զարմացել և հուզվել…
Պիկասսոն հայտնվում է նորից: Պրևերը ձեռքն է առնում աթոռակին դրված փոքրիկ գիրքը և սկսում է թերթել:
ՊԻԿԱՍՍՈ – Դա սնարիս գիրքն է… Խելքից դուրս զվարճալի է… Նույնքան լավը, ինչ Ժարրին: Բայց իսկապես չես կարող ասել՝ հումորը գիտակցվա՞ծ է, միտումնավո՞ր, թե միանգամայն ակամա արտահայտված… Խոսքը վերաբերում է մարշալ Պետենին: Իրոք, այն տպավորությունն ես ունենում, թե հեղինակը մեծարելու փոխարեն լիովին անտեսում է «մեծ մարդուն»:

Ժորժ Բրասսայ | Զրույցեր Պիկասսոյի հետ Ժորժ Բրասսայ | Զրույցեր Պիկասսոյի հետ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:50:00 Rating: 5
Технологии Blogger.