Աղասի Այվազյան | Չորս բարի պատ



Սենյակս գետի ափին է. և պատերը միշտ խոնավ են, թախծոտ:

Իմ տունը և իմ սենյակը կառուցել էր ոմն Դանդուրով:
Պատերից մեկը ծուռծուկալ է, դուրս է ընկել, մյուս պատը բացել է իր աղյուսե կարմիր ատամնաշարը: Պատիս վրա տատիս նկարն է, հագին չիխտիկոպի, մյուս պատին Գոգենի «Թաիթուհին» է: Պատի տակ գրքեր են, որոնք գրել է դժբախտ և մեղավոր ֆրանսիացի Մոպասանը, և մի տասնյակ՝ աշխարհին չհարմարվող մարդիկ…
Սենյակի կենտրոնում իմ մահճակալն է. իտալական ինչ-որ քաղաքում շինած, ռոկոկո: Այդ մահճակալի վրա մեռնում է հայ բուրժուա Մելիք-Կարակոզովը, որը թերթ էր հրատարակել 100 հատ տպաքանակով, և Թիֆլիսի ազգային ժողովներում ճառեր էր ասել… Ու երբ մեռնում էր այդ մահճակալի վրա Գևորգ Մելիք-Կարակոզովը, այդ ժամանակ ասաց. «Մի բան կնվիրեք սրան», այսինքն ինձ: Ու ինձ նվիրեցին նրա տակի մահճակալը: Իսկ նրան թաղեցին հին հայ ինտելիգենտները: Նրա տան նախասրահում սև պառավները ջութակ էին նվագում: Միայն պառավներն էին նստած: Եվ «Ալելույա» էին երգում միայն դեղին պառավները: Միայն պառավներն էին տանում դագաղը, խոսում էին անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն… Եվ մահճակալը ինձ նվիրեցին… Սա էլ ի միջի այլոց: Սա միայն մահճակալիս պատմությունն էր, որ գրած է իմ սենյակի պատերի մեջ:
Տրամվայները մտնում են մեր նեղ փողոցը, քսվելով պատերին դրսի կողմից, զնգալով շարժվում:
Մի օր առավոտից, ծուռ պատը սկսեց ճոճվել: Նա գնաց-եկավ, հետո փլվեց: Բացվեց փողոցի կեսը: Հետո ասես հալվեց մյուս վտիտ պատս: Իջավ, չքացավ… Կորան նաև երրորդ, չորրորդ պատերս… Սենյակս մնաց առանց պատերի: Ես մեջտեղը՝ իտալական մահճակալի վրա:
Բագրատը, հարևանս՝ Բագրատը, մայթով անցավ, մտավ սենյակս և մյուս կողմից դուրս եկավ: Կարծես ես չկամ… Սենյակս դարձավ մայթի շարունակությունը: Հետո փողոցի մարդիկ սկսեցին անցնել իմ սենյակով: Երկու քայլ էին անում ասֆալտի վրա, տեսնում էին փայտե հատակս առանց պատերի, ոտքը վեր էին դնում, հո՛պ, և մի քանի քայլ սենյակումս էին անում… Խաղի պես բան էր. այսպես հեշտ կարելի էր մտնել սենյակ և քայլել ու դուրս գալ փողոց…
Մի երկար մարդ նույնիսկ քայլ արեց մահճակալիս վրայով: Ասես ես չկամ:
Երկու տղա աչքով չափեցին տարածությունը իրենց և իմ գլխավերևը դեռևս մնացած լուսամփոփի միջև, հետո նրանցից մեկը քար նետեց, չկպավ լամպին, ջղայնացավ, հետո մյուսը քար վերցրեց, նետեց ու դեմ ու դեմ բրոնզե լուսամփոփիս մեջտեղը: Լուսամփոփս զրնգաց զանգի նման, գնաց առաստաղին կպավ, ետ եկավ՝ առաստաղին կպավ…
Հետո երեկո եկավ ու մթնեց, ու դեռ մնացել էին գլխավերևս զրնգոցի բեկորները… Մարդիկ անցնում էին փողոցով, մտնում էին սենյակս, գրքերս էին պատռում և պպզում անկյունում:
Ես սկսեցի ինքս ինձ հետ բարձրաձայն խոսել, իբր տեսեք, ես չեմ վախենում… Մարդիկ միշտ այդպես են անում, երբ մութ է, և նրանք վախենում են…

Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ, Ակսել Բակունց Ծատուն տղան, Դերենիկ Դեմիրճյան Ջութակ և սրինգ և Ստեփան Զորյան Ջրհորի մոտ
Աղասի Այվազյան | Չորս բարի պատ Աղասի Այվազյան | Չորս բարի պատ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:16:00 Rating: 5
Технологии Blogger.