Վրթանես Փափազյան | Մշակ-աղա



Քյոփրի-քյոյի մեջ քարավանը կանգ առավ. մալականները արձակեցին ֆուրգոնի ձիերը. ես, ճանապարհին մոտ գտնվող այդ սրճատան առջևում, բաց օդի մեջ կարպետս պարզեցի և խնդրեցի, որ ինձ թեյ տան:
Քյոփրի-քյոյը գտնվում է Հասան-Ղալայից մի քանի ժամ հեռու, մի սիրուն ձորակի մեջ. իսկ Հասան-Ղալան, ինչպես գիտեք, Թուրքահայաստանի Բասեն գավառումն է, Էրզրումից վեց ժամ հեռավորությամբ:
Թեյից հետո բարձին կռթնեցի և ծոցիցս հանեցի առաջին հանդիպած թուղթը՝ նրանով փոքր-ինչ ժամանակ անցկացնելու համար:
Այդ թուղթը «Մշակ» լրագրի մի հին համարն էր. բացի և նորեն կարդում էի քսան անգամ կարդացածներս:
Նկատելով իմ մորուքը, կանոնավոր հագուստս, սրճատան կողքին գտնվող դարբնոցում նստած վեց գյուղացիք հետզհետե մոտեցան, կարպետից դուրս կանգնած մի քանի րոպե լռությամբ դիտեցին ինձ, և վերջապես նրանցից մեկը վախկոտությամբ հարցրեց:
-Հրամանքդ, էրզրումցի՞ ես, տիրացու:
Վեր նայեցի, խոսողը մի բավական կոկիկ հագնված միջահասակ անձ էր, թավ կլոր մորուքով և բասենցու հագուստով:
-Այո,-ավելի լավ համարեցի ես այդպես պատասխանել:
-Ռուսե՞թ կերթաս կը:
-Այո´…
Ես շարունակեցի կարդալ: Գյուղացին չարուխը հանեց կարպետից դուրս, ներս եկավ և ծնկան վրա չոքեց մի քայլ ինձանից հեռու, նրա օրինակին հետևեցին և մյուսները. այլևս ավելորդ համարելով կարդալս, նստեցի և կամենալով գյուղացիների հետ փոքր-ինչ խոսել, թերթն սկսեցի ծալել:
-Ատիկ րուգնամե՞ է, տիրացու,- հարցրեց գյուղացին հետաքրքրությամբ:
-Այո…Իսկ դու կարդալ գիտե՞ս:
-Հայ~հո´յ…- գոչեց մի ուրիշը,- մեր տիրացուն է, Աստվածաշունչը ջրի պես կարդա կը…
-Հայերեն է, կուզե՞ս կարդալ,- հարցրի տիրացվին:
-Աշեմ,- ասաց նա,- կարմրեց և թերթը ձեռք առավ, պահ մի նրա գլխին երևեցող սև տառերով «Մշակ» բառը հեգեց, հետո հանկարծ մի աղաղակ արձակեց և բոթելով իր մոտ նստող գյուղացու կողքը՝ գոչեց.
-Աշե, քավոր Սարգիս, աշե, ասիկ ալ անկից է, աշե, «Մշակ» է գրած…
-Հա~, տո,- գոչեցին բոլորը և միմյանց մոտ սեղմվեցան:- Մշակ-աղայի գրա՞ծն է ատիկ…
Ես զարմացա. այդ գյուղացիք որտեղի՞ց գիտեին «Մշակը»:
-Ջանիդ ղուրբան, տիրացու,- գոչեց գյուղացիներից մեկը,-ասիկ Մշակ-աղա՞ն է տվեր քեզի:
-Հատ մ'ալ Մկլոն ունի, անոր Մշակ-աղան է տվեր,- ասաց մի ուրիշը,- ո՞ւր է, Մկլո, հանե սա հայու րուզնամեն… անանկ ռնդիկ-ռնդիկ բաներ կան մեջն օր:
Մկլոն ծանրությամբ ձեռքը ծոցը կոխեց, հանեց այնտեղից մի կարմիր կապոց, բաց արավ և պատկառանոք ինձ պարզեց մի չորս ծալած, 79 թվականի դեղնած «Մշակ»:
-Կարդա´, տիրացո´ւ,- խոսեց նա լուրջ դեմքով,- Մշակ-աղան է տվեր ինձի…քեզի ալ ան է տվեր ա´…
-Արծրունի՞ն է տվեր քեզ.
-Արծրունի՞ ով է. Մշակ-աղա, ըսի. կարճ բոյով, սանկ երկար մորուքով մարդ է, աչքերուն գյոզլյուկ… սանկ խոշոր-խոշոր աչքեր…ես անոր ղուրբա~ն…
-Գրիգոր Արծրունին է այդ.
-«Չէ» ըսի ա~… Մշակ-աղան է կըսեմ…այ, պատմեմ լսե~, տիրացո´ւ…
-Պատմիր. ե՞րբ էր այդ.
-Ռուսի երթալեն ետքը…ռուսը երթալեն ետքը, աս անիրավը ալ զուլում չթողուց, որ չթափեր մեր գլխուն. կըսեին «դուք բերիք Մոսկոֆին» ու կըթալնեին, կսպանեին, կվառեին, կըփախցունեին…ո՞ր մեկն ասեմ…մեր գյուղն ալ եկան, մի՞տդ է, քավոր Սարգիս, չէ՞ որ քու դեզերն ալ կրակի տվին…էհ…օրվա հացի կարոտ մնացինք, ալ ո´չ արտ, ոչ անասուն, ա´լ մայր, հայր, կնիկ յա զավակ չէր մնացեր…
Նա ձեռքի կարմիր թաշկինակով սրբեց թրջվող աչքերը:
-Հա´…- շարունակեց փոքր-ինչ հետո,- ելա, ըսի Ռուսեթ երթամ աշխատելու…գացինք Թիֆլիզ, ի՞նչ երկնցնեմ, հալալ հաց մը չկերա, կուշտ մը քուն չեղա. օր մը չտեսա…օ´ր եղավ, տիրացու, որ փորս անոթի, ես ալ հիվանդ ընկած էի…Աստված խղճաց ինձի, քիչ մը աղեկցա, ոտքի ելա…ըսին Մշակ-աղային գնա…գացի. ղուրբան ըլլամ ես անոր, ինձի փարա տվավ, ինձի… Աստված տվավ որ ողջ հասա. շինդիլիք՝ աղեկ ենք…Աստված Մշակ-աղան իր մուրազին հասցնե…
-Է,-հարցրի ես,- այդ թերթը ի՞նչ օգուտ տվավ քեզ, ինչո՞ւ ես պահել:
- Ասի՞կ…կարդամ կը, անանկ ռնդիկ-ռնդիկ բաներ կան մեջն օր…մեզ վրա խոսի կը, մեզի սիրտ կուտա կը…մեռնիմ ես անոր սրտին…Բասենի մեջ ո՞վ չի ճանչնար Մշակ-աղային:
-Իսկ ուրիշ լրագիրներ էլ տեսե՞լ եք.
-Թուրքերե՞ն:
-Ոչ, հայերեն:
-Ըշտե ասիկ ի՞նչ է, ասիկ հայերեն չէ՞…
-Բայց չէ՞ որ ուրիշ հայերեն թերթեր էլ կան:
-Հա՞,- գոչեցին բոլորը զարմացած,- մենք գիտեինք, թե ասիկ է հայու րուզնամեն.
-Ադամ…-գոչեց մեկը մյուս կողմից,- տիրացուն հանաք կընե կը… Մշակ աղային ալ ի՞նչ պիտի ըլլա…
Ես նրանց հետ փոքր-ինչ սկսեցի խոսել «Մշակի» մասին, հետո հանեցի պայուսակիցս պատկերների ալբոմս և ցույց տվի նրանց Գրիգոր Արծրունու պատկերը, բոլորը շրջապատեցին ինձ, այժմ շուրջ քսան հոգի էին, մինչև իսկ դարբինն իր գործը թողել՝ մոտեցել էր Մշակ աղայի պատկերը տեսնելու:
-Հա´…-ըշտե ասիկ է Մշակ-աղան,- գոչեց հուզմամբ գյուղացին, հափշտակեց պատկերը, նայեց, երկար նայեց և զգուշությամբ ետ տալով ինձ, ասաց.
-Ըշտե ադիկ է որ կա…
-Տո´,- գոչեց դարբինը գլուխը մի գյուղացիի թևի տակից ներս մտցնելով,- ատիկ սրբազանի նմանի կը…
-Հապա՞,- գոռաց տիրացուն,-ես լսել եմ, Հայրիկի աղբոր մանչն է…
-Ի՞նչ կըսես, տո,- մեջ մտավ մի ուրիշը,-ասիկ սրբազան է…աշե, ինչ մորուք ունի, ինչ աչքեր…
-Կըսես խոսի կը,- ասաց չորրորդը:
Էս պատկերը երկար ժամանակ ձեռքե-ձեռք պտտեց, հետո ինձանից խնդրեցին թույլ տալ, որ տանեն գյուղը:
-Մեկ սհաթից ետ դարձնենք կը,- աղաչեց գյուղացին:
-Լավ,- ասացի,- տարեք, բայց չփչացնեք:
-Խարա՞բ ընենք,- գոռաց նա,- որո՞ւ, Մշակ աղայի՞ պատկերը…տո, հեռու կացեք… Մկլո, ձեռքդ ետ քաշե…ոչ ոք ձեռք չտա, ես սանկ բռնեմ կը, բոլորդ աղաչեցեք…
Պատկերը մի ժամից հազիվ վերադարձրին և պիտի ասեմ, շատ մաքուր, մինչև իսկ փաթաթել էին սաղմոսի մի թերթի մեջ:
Երբ ձիերին կերակուր տվին, և փչում էր երեկոյան զով քամին, լծեցին, և մենք ճանապարհ ընկանք. ես ֆուրգոնից բավական հեռավորությամբ ոտքով գնում էի և չորս կողմից պարարտ արտերը դիտում:
Բավական տեղ քայլել էի, երբ ետևիցս մի ձայն լսվեց, որ հեռվից կանչում էր.
-Տիրացո~ւ, հե´յ, տիրացո~ւ…
Կանգ առի. գյուղից դեպի ինձ էր վազում մի երիտասարդ և թևովը սրբում էր ճակատից հոսող քրտինքը: Երբ մոտեցավ, փոքր-ինչ կանգ առավ, շունչ քաշեց և ապա՝
-Ներե, տիրացո´ւ,- ասաց աղաչավոր ձայնով,- գյուղի մեջ ըսին, որ դուն Մշակ-աղային քովը կերթաս կը…ղուրբան քեզի, Մշակ-աղային ըսե, որ մենք շատ խեղճ ենք, մեզի շատ նեղություն կուտան, մեր հոգին հանեն կը…ղուրբան քեզի, ըսե, որ սաղ ունեցածնիս կուտանք, չենք խալըսի, ըսե որ, մեր հավատը կը քֆրեն…մեզի….ախ, ի՞նչ ըսեմ, տիրացու, ըսե-ինչ որ կտեսնեաս…
Ես շվարել էի:
-Ըսին ինձ, որ դուն Մշակ-աղային տեսեր ես,- ավելացրեց նա հուզմամբ,- ի՞նչ կըսե Մշակ-աղան, ե՞րբ պիտի խալսինք աս նեղություններեն, ե՞րբ հալալ հաց ուտենք…
Ճշմարիտ…մինչև այժմ փնտրում եմ, թե արդյոք ի՞նչ պետք է պատասխանեմ նրան…

Տես նաև Վրթանես Փափազյան Չռ Չռ-քար
Վրթանես Փափազյան | Մշակ-աղա Վրթանես Փափազյան | Մշակ-աղա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 3:15:00 Rating: 5
Технологии Blogger.