Ջերոմ Սելինջեր | Դը Դոմյե-Սմիթի երկնագույն շրջանը


Եթե դրա մեջ փոքր֊ինչ իմաստ լիներ, ― որ մտքովս անգամ չի անցնում, ― ես հակված կլինեի իմ այս քմահաճ պատվածքը, հատկապես եթե այն գոնե մի քիչ աշխույժ ստացվեր, նվիրաբերել հանգուցյալ խորթ հորս՝ մեծ չարաճճի Ռոբերտ Աղաջանյանի հիշատակին։ Բոբի կրտսերը, ինչպես անվանում էին նրան բոլորը, նույնիսկ՝ ես, մահացավ 1947 թվականին, անոթների խանգարումից, հավանաբար ափսոսանքով, բայց առանց մի փոքր անգամ դժգոհելու։ Դա մի խելահեղ, արտակարգ հմայիչ ու շռայլ անձնավորություն էր։ (Ես այնքան երկար ժամանակ և համառորեն եմ խնայել այս շքեղ մակդիրները, որ հիմա պատիվ եմ համարում արժանին հատուցել նրան)։
Իմ ծնողները բաժանվեցին 1928 թվականի ձմռանը, երբ ես ութ տարեկան էի, իսկ գարնանը մայրս ամուսնացավ Բոբի Աղաջանյանի հետ։ Մի տարի անց ֆինանսական ճգնաժամի օրերին Ուոլ֊սթրիթում Բոբին կորցրեց իր և մայրիկի ամբողջ կարողությունը, բայց, հավանաբար, պահպանեց գուշակելու հմտությունը։ Այսպես թե այնպես, մի օր էլ չէր անցել, որ Բոբին գործազուրկ մակլերից ու աղքատացած բոնվիվանից ինքն իրեն դարձրեց ձեռներեց, թեև ոչ շատ հմուտ գնահատող գործակալ, որը սպասարկում է ամերիկյան գեղանկարչության մասնավոր պատկերասրահների միությանը, ինչպես նաև գեղարվեստի թանգարաններին։ Մի քանի շաբաթ անց, 1930 թվականի սկզբում, մեր ոչ այնքան սովորական եռյակը Նյու֊Յորքից տեղափոխվեց Փարիզ, որտեղ Բոբին ավելի հեշտությամբ կարող էր զբաղվել իր մասնագիտությամբ։ Ես տասը տարեկան էի, անտարբերության հասակում, եթե չասենք լիակատար անտարբերության, և այդ լուրջ փոփոխությունը առանձնապես ինձ չընկճեց։ Ինձ փշրեց ինը տարի հետո, մայրիկիս մահից երեք ամիս անց, կրկին Նյու֊Յորք վերադառնալը, և փշրեց սոսկալի ուժով։
Լավ եմ հիշում մի դեպք, իմ և Բոբիի Նյու֊Յորք ժամանելուց երկու օր հետո։ Ես կանգնած էի լեփ֊լեցուն ավտոբուսում, Լեքսինգտոն֊ավենյուի վրա, վարորդի ետևում գտնվող նիկելապատ ձողից բռնած, թիկունք֊թիկունքի ետևս կանգնած մի մարդու հետ։ Վարորդը մի քանի անգամ իր մոտ հավաքվածներին կրկնեց․ «Ետ գնացեք»։ Ոմանք կատարեցին, ոմանք՝ ոչ։ Վերջապես, օգտվելով կարմիր լույսից, տառապած վարորդը կտրուկ ետ շրջվեց ու նայեց ինձ․ ես շատ մոտ էի կանգնած նրան։ Այն ժամանակ ես տասնինը տարեկան էի, շլյապա չէի դնում, և հարթ, սև, ոչ շատ մաքուր եվրոպական ոճի մազափունջս թափվում էր պզուկոտ ճակատիս։ Վարորդը դիմեց ինձ ոչ բարձր, ես կասեի՝ նույնիսկ զգուշավոր, ձայնով։
― Հապա, եղբայր, ― ասաց նա, ― քամակդ ետ տար։ ― Այդ «եղբայրն» էլ հենց վերջնականապես կատաղեցրեց ինձ։ Նեղություն չկրելով գոնե փոքր֊ինչ կռանալու դեպի նա, այսինքն՝ խոսակցությունը շարունակելու նույնիսկ մասնավոր կարգով, նույն bon gout֊ով, ես ֆրանսերեն ասացի, որ նա կոպիտ, բութ, լկտի տիպ է և չի պատկերացնում նույնիսկ, թե ինչպես եմ ատում իրեն։ Եվ միայն այդպես սիրտս թեթևացնելուց հետո ետ քաշվեցի։
Բայց պատահում էր ավելի վատ։ Մեկ ուրիշ անգամ մի շաբաթ անց, դուրս գալով «Ռիտց» հյուրանոցից, որտեղ մշտապես բնակվում էինք ես ու Բոբին, հանկարծ պատկերացրի, որ նյույորքյան բոլոր ավտոբուսներից հանել են նստատեղերը, շարել մայթերի վրա, և ամբողջ փողոցը խաղում է «ծովը փոթորկվում է» խաղը։ Ես ինքս էլ կհամաձայնեի խաղալ, եթե միայն երաշխիք ստանայի Մյունհետենյան եկեղեցուց, որ մնացած մյուս մասնակիցները պետք է հարգալիր կանգնեն, սպասեն, մինչև որ ես զբաղեցնեմ իմ տեղը։ Երբ պարզ դարձավ, որ ոչ ոք չէր էլ ուզում իր տեղը զիջել ինձ, ես ավելի վճռական միջոցներ ձեռք առա։ Սկսեցի աղոթել, որ բոլոր մարդիկ չքվեն քաղաքից, որպեսզի ինձ լիակատար մենություն ընծայվի, այո, մենություն։ Նյու֊Յորքում դա միակ խնդիրն է, որ չեն գնում մահուդի տակ և երկնային գրասենյակներում չեն ուշացնում․ դեռ չէի հասցրել ետ նայել, երբ այն ամենը, ինչ ինձ էր վերաբերում, արդեն շնչում էր անհուսալի միայնությամբ։ Առավոտից մինչև կեսօր ոչ թե հոգով, այլ մարմնով ես ներկա էի լինում Քառասունութերորդ փողոցի և Լեքսինգտոն֊ավենյուի անկյունում գտնվող գեղարվաստական դպրոցի ինձ համար ատելի պարապմունքներին։ (Իմ և Բոբիի Փարիզից դուրս գալուց մի շաբաթ առաջ ես ստացա երեք առաջին մրցանակները Ֆրայբերգի պատկերասրահում կայացած երիտասարդ նկարիչների ազգային ցուցահանդեսում։ Ու երբ վերադառնում էինք Ամերիկա, ես շարունակ նայում էի մեր նավախցի մեծ հայելուն և զարմանում էի Էլ֊Գրեկոյի հետ ունեցած իմ նմանությունից)։ Շաբաթական երեք օր ետկեսօրյա ժամերը ես անց էի կացնում ատամնաբուժական աթոռի վրա։ Մի քանի ամսվա ընթացքում հանեցին իմ ութ ատամները, որոնցից երեքը առջևի ատամներ էին։ Շաբաթական երկու անգամ ես ես շրջում էի պատկերասրահներում, ավելի շատ Հիսունյոթերորդ փողոցում, ու հազիվ էի զսպում ամերիկյան նկարիչների վրա սուլելու ցանկությունս։ Երեկոները սովորաբար կարդում էի։ Ես գնել էի «Գրականության դասականների» հարվարդյան լիակատար հրատարակությունը, հիմնականում Բոբիի կամքին հակառակ, ― նա ասում էր, թե դնելու տեղ չունենք, ― ի հեճուկս բոլորի այդ հիսուն հատորն էլ ծայրից ծայր կարդացի։ Իրիկունները ես նկարակալը համառորեն տեղավորում էի մահճակալների միջև և յուղաներկով նկարում։ Եթե հավատալու լինենք 1939 թվականի իմ օրագրին, հենց միայն մի ամսում ես ավարտեցի տասնութ կտավ։ Ուշագրավն այն էր, որ դրանցից տասնյոթը ինքնանկարներ էին։ Միայն երբեմն, հավանաբար, այն օրերին, երբ մուսաս քմահաճույքներ էր անում, մի կողմ էի դնում ներկերը և ծաղրանկարներ անում։ Դրանցից մեկը մինչև օրս էլ պահպանվել է։ Այդտեղ պատկերված է մի վիթխարի մարդկային բերան, որի վրա աշխատում է ատամնաբույժը։ Լեզվի փոխարեն բերանից կախ է ընկել հարյուր դոլլարանոց մի թղթադրամ, և ատամնաբույժը ֆրանսերեն տխուր ասում է պացիենտին․ «Կարծում եմ սեղանատամը կարելի է թողնել, իսկ, այ, լեզուն, հարկադրված կլինեմ պոկել»։ Ես պաշտում էի այդ ծաղրանկարը։
Ես ու Բոբին համատեղ կյանքի համար համապատասխանում էինք մոտավորապես այնքան, որքան որ ասենք Հարվարդի համալսարանի բացառիկ դաստիարակված, զիջող ավագ կուրսի ուսանողը և բացառիկ գարշելի քեմբրիջյան լրագրավաճառ տղան։ Ու երբ ժամանակի ընթացքում պարզվեց, որ երկուսս էլ մինչև հիմա սիրում ենք միևնույն մահացած կնոջը, դրանից բոլորովին չթեթևացավ վիճակը։ Ընդհակառակը, այդ գյուտից հետո մեր մեջ ստեղծվեց մի անտանելի կեղծ, թունդ քաղաքավարի հարաբերություն։ Կարծես ամեն անգամ «Միայն ձեզնից հետո, Ալֆոնս» էինք ասում մեկմեկու՝ հանդիպելով լոգարանի շեմին։
Մի անգամ 1939 թվականի մայիսին (մենք մոտ տասն ամիս ապրում էինք «Ռիտց» հյուրանոցում) քվեբեկյան մի թերթում (ես տասնվեց թերթ ու ամսագիր էի բաժանորդագրվում ֆրանսերեն լեզվով) քառորդ սյունականոց մի հայտարարություն կարդացի, որ տպագրել էր Մոնռեալի գեղարվեստի հեռակա դասընթացների դիրեկցիան։ Հայտարարությունը կոչ էր անում, նույնիսկ ընդգծում էր, որ կոչ է անում միանգամայն fortement,[2] բոլոր որակավորված մանկավարժներին՝ մանկավարժի տեղի համար անհապաղ դիմում ներկայացնել Կանադայի ամենանոր, ամենաառաջադեմ գեղարվեստական հեռակա դասընթացներին։ Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ինչպես անգլերեն, այնպես էլ ֆրանսերեն լեզուներին, և միմիայն անբասիր համբավի ու օրինակելի վարքի տեր անձինք կարող են մասնակցել այդ մրցույթին։ «Les Amis des Vieux Maltres»֊ի ամառային կիսամյակը պաշտոնապես բացվում է հունիսի տասին։ Աշխատանքի նմուշները, ինչպես զուտ արվեստի, այնպես էլ ռեկլամի ասպարեզում, հարկավոր է ուղարկել դասընթացների դիրեկտոր, Տոկիոյի գեղարվեստի կայսերական ակադեմիայի նախկին անդամ մոսյո Յոշոտայի անունով։
Անմիջապես համակվեցի մի անհաղթահարելի համոզմունքով, որ ինձնից լավ թեկնածու չի ճարվի։ Ես դուրս քաշեցի Բոբիի ձեռքի գրամեքենան և ֆրանսերեն մի երկա՜ր֊երկար անչափ հուզիչ նամակ գրեցի մոսյո Յոշոտային, և դրա պատճառով, իհարկե, բացակայեցի իմ դպրոցի առավոտյան պարապմունքներից։ Նախաբանից սկսած (ամբողջ երեք էջ) ուղղակի շիլաշփոթ սարքեցի։
Գրեցի, որ քսանինը տարեկան եմ, որ Օնորե Դոմյեի երրորդ պորտի զարմիկն եմ։ Գրեցի, որ հենց նոր եմ հեռացել, կնոջս մահից հետո, Ֆրանսիայի հարավում գտնվող իմ ոչ մեծ տոհմական կալվածքից և ժամանակավորապես, սա հատուկ ընդգծեցի, հյուրընկալվում եմ Ամերիկայում, զառամյալ հարազատիս մոտ։ Նկարում եմ վաղ մանկուց, բայց մեր ընտանիքի հին և սիրելի բարեկամ Պաբլո Պիկասոյի խորհրդով ոչ մի անգամ չեմ ցուցադրել աշխատանքներս։ Սակայն իմ բազմաթիվ կտավները՝ յուղաներկ և ջրաներկ, ներկա դեպքում զարդարում են Փարիզի լավագույն տները, ըստ որում ոչ ինչ֊որ նորահարուստների, և արդեն gagne մեր ժամանակի ամենաականավոր քննադատների ուշադրությունը։ Տիկնոջս անժամանակ և ողբերգական մահից հետո, որ տեղի ունեցավ ulceration cancereuse֊ի հետևանքով, ես խորապես համոզված էի, որ երբեք այլևս ձեռքս չեմ առնի վրձինը։ Բայց վերջերս գրեթե սնանկացա, և դա հարկադրեց ինձ վերանայել իմ լուրջ resolution֊ը։[ Ես գրեցի, որ պատիվ կհամարեմ սեփական աշխատանքներիս նմուշները ներկայացնել «Մեծ վարպետների սիրահարներին», հենց որ դրանք ուղարկի փարիզցի իմ գործակալը, որին ես, իհարկե, կգրեմ tres presse։ Եվ ստորագրություն․ «Խորին հարգանքով՝ Ժան դը Դոմյե֊Սմիթ»։
Այդ ծածկանունը հորինելու համար ես ավելի երկար մտածեցի, քան կշարադրեի նամակս։
Նամակը գրեցի հասարակ բարակ թղթի վրա։ Բայց փակեցի մի ծրարում, որի վրա տպված էր՝ «Ռիտց» հյուրանոց։ Պատվիրված նամակի դրոշմանիշներ փակցրի, հանելով դրանք Բոբիի դարակից, և նամակս գցեցի հատուկ փոստարկղը։ Ճանապարհին կանգ առա դռնապանի մոտ, որ բաժանում էր փոստը (նա բացահայտ ատում էր ինձ) և զգուշացրի դը Դոմյե֊Սմիթի անունով նամակների ստացման հնարավորության մասին։ Երկուսն անց կեսին ես սողոսկեցի իմ դասարանը, երկուսից քառորդ պակաս անատոմիայի դասն արդեն սկսվել էր։ Իմ դասընկերներն առաջին անգամ հիանալի տղաներ թվացին ինձ։
Չորս օր շարունակ ես իմ ամբողջ ազատ, նաև ոչ ազատ ժամանակը վատնում էի ամերիկյան ռեկլամի համար, ինչպես ինձ թվում էր, բնորոշ նմուշներ նկարելու վրա։ Գերազանցապես աշխատելով ջրաներկով, երբեմն էլ առավելագույն արդյունքի համար անցնելով գծանկարի՝ ես պատկերում էի երեկոյան կոստյումներով գերնրբագեղ զույգեր, որոնք լիմուզիններով գնում էին թատերական պրեմիերաների՝ չորչրուկ, սլացիկ, թևատակի հիգիենայի հանդեպ անփույթ վերաբերմունքի պատճառով կյանքում ոչ մեկին տառապանք չպատճառած, ի դեպ, այդ էակները, թերևս, թևատակ էլ չունեին։ Ես պատկերում էի ճերմակ սմոկինգներով արևառված պատանի հսկաներ՝ նստած ճերմակ սեղանների մոտ, լազուր ավազանների ափին․ նրանք չափազանցված եռանդով բարձրացնում էին կոկտեյլով լի գավաթները, որի մեջ մտնում էր էժանագին, բայց խիստ մոդայիկ վիսկու մի տեսակը․ Ես նկարում էի կարմրաթուշ, խիստ «ռեկլամոգենիկ» երեխաների, որոնցից ուղղակի առողջություն էր կաթում, հիացմունքից շողշողալով՝ նրանք մեկնում էին դատարկ ափսեները և շիլայի լրացուցիչ բաժին խնդրում։ Ես նկարում էի ուրախ, բարձրակուրծք աղջիկների, նրանք սահում էին աքվապլանների վրա, անհոգ, որովհետև հիմնավորապես պաշտպանված էին այնպիսի համաժողովրդական աղետներից, ինչպիսիք են լնդերի արյունահոսությունը, դեմքի ոչ մաքուր գույնը, մազաթափումը և չապահովագրված կյանքը։ Ես նկարում էի տնային տնտեսուհիների, ու եթե նրանք լավագույն օճառափոշի չէին գործածում, ապա նրանց սպասում էր սոսկալի կյանքը․ գզգզված, կորաքամակ, նրանք քարշ են գալու իրենց բարձիթողի արված, թեև ընդարձակ խոհանոցներում, նրանց նուրբ ձեռքերը կոպտանալու են, և երեխաները դադարելու են ենթարկվել նրանց, իսկ ամուսինները ընդմիշտ դադարելու են սիրելուց։ Վերջապես նմուշները պատրաստ էին, և ես անմիջապես դրանք ուղարկեցի մոսյո Յոշոտային՝ զուտ գեղարվեստական ստեղծագործությունների մի տասը նմուշների հետ, որոնք բերել էի Ֆրանսիայից։ Դրանց կցեցի մի ոչ մեծ նամակ, որտեղ սեղմ, բայց ջերմորեն պատմում էի այն մասին, թե ինչպես, առանց որևէ մեկի օգնության, հետևելով ռոմանտիկական բարձր ավանդույթներին, հաղթահարել էի ամեն տիպի արգելքներ և մենության մեջ հասել վարպետության սառը ճերմակությամբ շողշողացող գագաթներին։
Մի քանի օր շարունակ ես անցկացրի լարված սպասումների մեջ, բայց շաբաթվա վերջում նամակ ստացա մոսյո Յոշոտոյից, որով հայտնում էր, որ ես ընդրկված եմ «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացների ուսուցիչների ցուցակում։ Նամակը գրված էր անգլերեն, ես ֆրանսերեն էի գրել։ (Հետագայում իմացա, որ Մոսյո Յոշոտոն ֆրանսերեն գիտեր, բայց անգլերեն ոչ, և չգիտես ինչու պատվիրել էր պատասխանել մադամ Յոշոտոյին, որ մի քիչ անգլերեն գիտեր)։ Մոսյո Յոշոտոն գրել էր, որ ամառային եռամսյակը լինելու է, թերևս ամենածանրաբեռնվածը և սկսվելու է հունիսի քսանչորսից։ Նա հիշեցնում էր, որ ինձ հինգ շաբաթ է մնում անձնական գործերս կարգավորելու համար։ Նա անսահման կարեկցանք էր հայտնում իմ նյութական և բարոյական կորուստների կապակցությամբ։ Հույս էր հայտնում, որ ես կարող եմ ներկայանալ «Մեծ վարպետների» դասընթացներին կիրակի օրը, հունիսի քսաներեքին, որպեսզի ծանոթանամ իմ պարտականություններին, ինչպես նաև «բարեկամություն հաստատեմ» մյուս դասատուների հետ։ (Ինչպես հետո իմացա, դրանք միայն երկուսն էին՝ տիկին և պարոն Յոշոտոները)։ Նա խորապես ափսոսում էր, որ դասընթացների սովորույթների մեջ չի մտնում դասատուների ճանապարհածախսերը հոգալու պարտականությունը։ Իմ աշխատավարձը պետք է կազմի շաբաթական քսանյոթ դոլար, և մոսյո Յոշոտոն գրում էր, որ միանգամայն հասկանալի է, թե որքան փոքր է այդ գումարը, բայց քանի որ դրա հետ միասին տրվում է նաև բնակարան և լավ սնունդ, ապա նա հույս ունի, որ ես չեմ հիասթափվի, մանավանդ որ իմ մեջ նա զգում է իսկական կոչում։ Նա անհամբերությամբ սպասում է հեռագրի, որը կհաստատի իմ համաձայնությունը, և ուղղակի ամենակենդանի հաճույքի զգացումով կանխավայելում է իմ ժամանումը։ «Ձեր նոր բարեկամ, դասընթացների դիրեկտոր Ի․ Յոշոտո, Տոկիոյի գեղարվեստի կայսերական ակադեմիայի նախկին անդամ»։
Իմ համաձայնությունը հաստատող հեռագիրը տրվեց հինգ րոպե հետո։ Գուցե հուզումից, ավելի ճիշտ Բոբիի հանդեպ ունեցած մեղավորության զգացումից (հեռագիրը հաղորդեցի հեռախոսով, նրա հաշվին) ես զսպեցի իմ դրական պաթոսը և, որքան էլ տարօրինակ լինի, սահմանափակվեցի ընդամենը տասը բառով։
Երեկոյան ես ու Բոբին, ինչպես միշտ, հանդիպեցինք ճաշի ժամանակ, ձվաձև դահլիճում, և ես շատ տխրեցի, որ նա իր հետ հյուր է բերել։ Մինչ այդ ես նրան ոչինչ չէի ասել իմ արտադպրոցական պարապմունքների մասին ու հիմա չափից դուրս շատ էի ուզում պատմել բոլոր նորությունները, շշմեցնել նրան, միայն թե առանձին։ Ու հանկարծ այդ հյուրը՝ շատ հրապուրիչ երիտասարդ մի կին։ Սա վերջերս էր բաժանվել ամուսնուց և հաճախ էր տեսնվում Բոբիի հետ, ինքս էլ արդեն քանի անգամ էր հանդիպում էի։ Շատ հաճելի կին էր, բայց նրա ամեն մի փորձը՝ ինձ հետ մտերմանալու, քնքշորեն համոզելու, որ հանեմ զրահս կամ գոնե բացեմ երեսկալս, ես նախապես բացատրում էի որպես հարմար առիթով իր հետ անկողին մտնելու չարտասանված հրավեր (այսինքն՝ հենց որ նրան հաջողվեր պոկվել Բոբիից, որն իսկապես նրա համար շատ ծեր էր)։ Ամբողջ ճաշի ընթացքում ես թշնամաբար էի տրամադրված և սահմանափակվում էի կարճատև ռեպլիկներով։ Միայն սուրճի ժամանակ համառոտ պատմեցի ամառային պլաններիս մասին։ Լսելով ինձ՝ Բոբին մի քանի գործնական հարց տվեց։ Ես պատասխանեցի սառը, կցկտուր և կարճ, ինչպես սեփական ճակատագրի անվիճարկելի տիրակալ։
― Ա՜խ, որքան հետաքրքիր է, ― ասաց Բոբիի հյուրը, իրեն հատուկ թեթևամտությամբ որոշակիորեն սպասելով, որ ես սեղանի տակով իրեն կհանձնեմ Մոնռեալի իմ հասցեն։
― Ես կարծում էի, թե ինձ հետ կգաս Ռոդ֊Այլենդ, ― ասաց Բոբին։
― Ա՜խ, սիրելիս, մի՛ փչացնի նրա հաճույքը, ― ասաց միսիս Իքսը։
― Իսկ ես մտադիր էլ չեմ, ― ասաց Բոբին, ― սակայն դեմ չեմ լինի ամեն ինչ ավելի մանրամասն լսել։
Բայց ես նրա տոնից անմիջապես հասկացա, որ նա մտովի արդեն երկու տոմսը փոխում է առանձին կուպեում մի ներքևի տեղի հետ։
― Ինձ թվում է, թե դա շատ ջերմ ու շատ հաճելի հրավեր է, ― ջերմորեն ասաց ինձ միսիս Իքսը։
Նրա աչքերը փայլում էին արատավոր տենչանքից։


Այդ կիրակի, երբ ես կառամատույց դուրս եկա Մոնռեալի Ուինձորյան կայարանում, հագիս ավազագույն գաբարդինի երկքղանցք կոստյում էր (որ ինձ նրբագեղության գագաթ էր թվում), մուգ կապույտ ֆլանելե բլուզ, դեղին բամբակյա կտորից փողկապ, սպիտակ֊դարչնագույն կոշիկներ, պանամա գլխարկ, որ Բոբիից էի վերցրել և բավական փոքր էր, ինչպես նաև դարչնաշեկ բեղիկներ, որ երեք շաբաթվա պատմություն ունեին։ Ինձ դիմավորեց միստր Յոշոտոն՝ մի փոքրիկ մարդ, հինգ ֆուտ հասակով, բավական հնամաշ քաթանե կոստյումով, սև կոշիկներով և եզրերը վեր թեքված սև ֆետրե գլխարկով։ Առանց ժպտալու և, որքան հիշում եմ, առանց մի խոսքի, նա սեղմեց ձեռքս։ Նրա դեմքի արտահայտությունը անթափանց էր։ Իսկ ես անհայտ պատճառով ժպտում էի մինչև ականջներս։ Ու ոչ մի կերպ չէի կարողանում մարել կամ վերացնել այդ ժպիտը։
Կայարանից մինչև դասընթացները մի քանի մղոն հարկ եղավ գնալ ավտոբուսով։ Կասկածում եմ, թե ամբողջ ճանապարհին մոսյո Յոշոտան թեկուզ հինգ բառ փոխանակած լինի ինձ հետ։ Չգիտեմ, այդ լռության պատճառո՞վ, թե հակառակ դրան, ես խոսում էի անլռում, ձախ ոտքս բարձր ցցած աջի վրա, անվերջ սրբում էի քրտնած ափս, քսելով գուլպայիս։ Ինձ թվում էր, որ անհրաժեշտ է ոչ միայն կրկնել նախկինում իմ բոլոր հորինածները Դոմյեի հետ արնակցական կապիս, հանգուցյալ տիկնոջս, և Ֆրանսիայի հարավում գտնվող իմ ոչ մեծ կալվածքի մասին, այլև զարգացնել դրանք։ Հետո տառապագին հիշողություններից ազատվելու համար (իսկ դրանք իսկապես սկսում էին ինձ տանջել) ես անցա ծնողներիս և նրանց համար շատ թանկ Պաբլո Պիկասոյի հին բարեկամությանը, le pauvre Picasso, ինչպես անվանեցի ես նրան։
Ի դեպ, ընտրել էի Պիկասոյին, նկատի ունենալով, որ ԱՄՆ֊ում ֆրանսիական նկարիչներից ամենից լավ նրան էին ճանաչում, իսկ ես Կանադան ևս միացնում էի ԱՄՆ֊ին։ Բացառապես մոսյո Յոշոտոյին լուսավորելու համար ես տապալված հսկայի հանդեպ ընդգծված կարեկցանքով հիշատակեցի, թե քանի անգամ եմ ասել մեր բարեկամին․ «Maitre Picasso, ou allez vous»։ Եվ թե ինչպես ի պատասխան այդ սրտահույզ հարցի, ծերունի վարպետը դանդաղ, ծանր քայլերով անցուդարձ է արել արվեստանոցում և անփոփոխ կերպով կանգ առել «Ակրոբատների» ոչ մեծ վերատպության առջև, հիշելով իր վաղուց արդեն կորսված փառքի մասին։ Եվ երբ մենք դուրս էինք գալիս ավտոբուսից, ես մոսյո Յոշոտային բացատրեցի, որ Պիկասոյի դժբախտությունն այն էր, որ նա երբեք և ոչ ոքի չէր լսում, նույնիսկ իր ամենամոտիկ բարեկամներին։
1939 թվականին «Մեծ վարպետների սիրահարները» տեղավորված էր Մոնռեալի ամենաանբարետես Վերդենյան շրջանում, երևում է վարձով տրվող արտաքուստ զարմանալիորեն մռայլ ոչ մեծ եռահարկ շենքի երկրորդ հարկում։ Դպրոցը գտնվում էր ուղղակի օրթոպեդիկական արհեստանոցի վրա։ «Մեծ վարպետների սիրահարները» զբաղեցնում էր մի մեծ սենյակ, շատ փոքրիկ և չփակվող զուգարանով։ Բայց այդ ամենին հակառակ, երբ մտա այդ շենքը, անմիջապես զարմանալիորեն հաճելի տպավորություն ստացա։ Եվ դա այն պատճառով, որ «ուսուցչանոցի» բոլոր պատերին կտավներ էին կախված, հիմնականում մոսյո Յոշոտոյի ջրաներկ աշխատանքները։ Հիմա էլ դեռ երբեմն երազում տեսնում եմ ճերմակ սագը, որ թռչում է անպատմելի բաց կապույտ երկնքում, ― ըստ որում հենց դրա մեջ էր հմուտ և համարձակ վարպետի նվաճումը, ― երկնքի լազուրը, ավելի ճիշտ այդ լազուրի ոգին արտացոլված էր թռչունի փետուրների մեջ։ Նկարը կախված էր տիկին Յոշոտոյի սեղանի վերևը։ Այդ ստեղծագործությունը և էլի մի երկուսը, որ նման էին իրար կատարման վարպետությամբ, սենյակին յուրօրինակ բնույթ էին տալիս։
Երբ մտա ուսուցչանոցը, Տիկին Յոշոտոն, գեղեցիկ սև ու բալագույն մետաքսե կիմոնոն հագին, հատակն էր մաքրում կարճ խոզանակով։ Նա ճերմակահեր տիկին էր, գրեթե մի գլուխ բարձր իր ամուսնուց, ավելի շատ նման էր մալայացու, քան թե ճապոնուհու։ Նա ցած դրեց խոզանակը և մոտեցավ մեզ։ Մոսյո Յոշոտոն ներկայացրեց ինձ։ Տիկինն ավելի inscrutable, քան մոսյո Յոշոտոն։ Հետո մոսյո Յոշոտոն առաջարկեց ինձ ցույց տալ իմ սենյակը, ֆրանսերեն բացատրելով, որ դա իրենց որդու սենյակն է, որը գնացել է Բրիտանական Կոլումբիա՝ ֆերմայում աշխատելու։ (Ավտոբուսի մեջ երկարատև լռությունից հետո ես ուրախացա, որ նա խոսեց, և ունկնդրեցի նրան չափազանցված ոգևորությամբ)։ Նա ուզում էր ներողություն խնդրել, որ որդու սենյակում աթոռներ չկան, միայն խսիրներ են փռված հատակին, բայց ես անմիջապես սկսեցի հավատացնել նրան, որ դա ինձ համար ամենևին էլ երկնային պարգև չէ։ (Կարծեմ նույնիսկ ասացի, թե ատում եմ աթոռները։ Այնպես էի նյարդայնանում, որ եթե ասեր՝ որդուս սենյակում ծնկահար ջուր է կանգնած, հիացմունքից պետք է ոռնայի։ Հնարավոր է, որ նույնիսկ ասեի, թե ես ոտքերի այնպիսի հիվանդություն ունեմ, որ պահանջում է ամեն օր ծայրահեղ դեպքում ութ ժամ պահել ջրի մեջ)։ Մենք վեր բարձրացանք փայտե երերուն սանդուղքով։ Խոսակցության ժամանակ ի միջի այլոց, ընդգծեցի, որ բուդդիզմ եմ ուսումնասիրում։ Հետագայում ես իմացա, որ և՛ նա, և՛ մադամ Յոշոտոն պրեսբիտերականներ են։
Մինչև ուշ գիշեր ես չքնեցի․ մադամ Յոշոտոյի ճապոնամալայական ճաշը en masse անվերջ վեր էր բարձրանում վերելակի պես, ճնշելով ստամոքս, բացի այդ էլ Յոշոտո ամուսիններից չգիտեմ որը անընդհատ տնքտնքում էր միջնորմի ետևում։ Տնքոցը բարձր էր, բարակ, խղճալի, թվում էր ոչ թե տարեց մարդ է տնքացողը, այլ դժբախտ, օրապակաս երեխա կամ ծեծված մի փոքրիկ գազան։ (Ոչ մի գիշեր առանց համերգի չէր անցնում, բայց ես այդպես էլ չիմացա, թե նրանցից որն է այդ ձայներն արձակում և ինչ պատճառով)։ Երբ միանգամայն անտանելի էր դառնում պառկած վիճակում լսելը, ես վեր էի կենում, հագնում էի գիշերային կոշիկներս և մթության մեջ նստում հատակին փռված խսիրներիցց մեկի վրա։ Այդպես նստում էի մի երկու ժամ, մի քանի սիգարետ ծխում, ստիպված էի լինում դրանք հանգցնել կոշիկիս ներբանին սեղմելով և քնթուկներն էլ լցնել պիժամայիս գրպանը։ (Յոշոտոներն իրենք չէին ծխում, և տանը ոչ մի մոխրաման չկար)։ Քնեցի միայն առավոտյան ժամը հինգին։
Վեցն անց կեսին մոսյո Յոշոտոն ծեծեց իմ դուռը և հայտնեց, որ նախաճաշը մատուցվելու է յոթից քառորդ պակաս։ Նա դռան ետևից հարցրեց, թե լա՞վ եմ քնել արդյոք, ու ես պատասխանեցի՝ «Oui»։ Ես հագնվեցի, ընտրելով կապույտ կոստյումս, որպես ամենահարմարը ուսուցչի համար դասընթացների բացման օրը, և դրան հարմար էլ կարմիր փողկապս, որ ձեռքի աշխատանք էր՝ մայրիկիս նվերը։ Եվ առանց լվացվելու, միջանցքով վազեցի խոհանոց։ Մադամը, գազօջախի մոտ կանգնած, նախաճաշի համար ձուկ էր տապակում։ Մոսյո Յոշոտոն, տաբատով և ֆուֆայկայով, խոհանոցի սեղանի մոտ նստած, ճապոներեն թերթ էր կարդում։ Նա լուռ գլխով արեց ինձ։ Երբեք այդքան inscruable տեսք չէին ունեցել։ Շուտով ինձ ձուկ մատուցեցին՝ թեթևակի, բայց բավականին որոշակիորեն չորացած կետչուպի հետքերը ափսեի եզրին։ Մադամ Յոշոտոն անգլերեն հարցրեց ինձ, ― անսպասելիորեն հաճելի առոգանություն ուներ նա, ― գուցե գերադասում եմ ձո՞ւն, բայց ես ասացի․ «Non, non, merci, madame»։ Ես ավելացրի, թե երբեք ձու չեմ ուտում։ Մոսյո Յոշոտոն իր թերթը հենեց իմ բաժակին, ու մենք երեքով լուռ սկսեցինք ուտել, ավելի ճիշտ նրանք ուտում էին, իսկ ես լուռ մի կերպ կուլ էի տալիս ուտելիքը։
Նախաճաշից հետո մոսյո Յոշոտոն հենց այդտեղ խոհանոցում հագավ առանց օձիքի վերնաշապիկը, մադամ Յոշոտոն արձակեց գոգնոցը, ու մենք երեքով, իրար ետևից, մի քիչ անհարմարությամբ, իջանք ուսուցչանոց։ Այնտեղ մոսյո Յոշոտոյի ընդարձակ սեղանի վրա դրված էին կոշտ թղթից մոտ տասը տռուզ վիթխարի ծրարներ։ Դրանք ինձ մի տեսակ լվացված, սանրված թվացին, ինչպես նորեկ դպրացականներ։ Մոսյո Յոշոտոն ինձ ցույց տվեց սենյակի հեռավոր անկյունում դրված սեղանը և խնդրեց նստել այնտեղ։ Մադամ Յոշոտոն նստեց նրա մոտ, և սկսեցին բացել ծրարները։ Ծրարների պարունակության զննման և դասակարգման մեջ ինչ֊որ սիստեմ կար, նրանք ամբողջ ժամանակ խորհրդակցում էին ճապոներեն, այն դեպքում, երբ ես սենյակի հեռավոր ծայրում նստած էի կապույտ կոստյումով ու կարմիր փողկապով և ջանում էի իմ ամբողջ տեսքով ցուցադրել, թե որքան համբերությամբ ու միաժամանակ հետաքրքրությամբ եմ սպասում ցուցումների, իսկ որ կարևորն է, թե ինչպիսի անփոխարինելի անձնավորություն եմ։ Ծոցագրպանիցս հանեցի մի քանի փափուկ մատիտներ, որ Նյու֊Յորքից էի բերել և, աշխատելով չաղմկել, շարեցի սեղանի վրա։ Իսկ երբ մոսյո Յոշոտոն, հավանաբար պատահմամբ, նայեց իմ կողմը, ես նրան պարգևեցի մի գերհմայիչ ժպիտ։ Հանկարծ, առանց մի խոսք ասելու ինձ կամ նայելու իմ կողմը, նրանք գնացին դեպի իրենց սեղաններն ու անցան աշխատանքի։ Արդեն յոթն անց էր կես։
Իննի մոտ մոսյո Յոշոտոն հանեց ակնոցն ու ոտքերը քսքստացնելով եկավ դեպի իմ սեղանը՝ ձեռքին մի կույտ նկարներ։ Ժամուկես ես նստել էի անգործ, հազիվ զսպելով ստամոքսիս գռգռոցը։ Երբ նա մոտենում էր, ես շտապ ոտքի կանգնեցի, թեթևակի կռանալով, որպեսզի չշփոթեցնեմ նրան իմ երկար հասակով։ Նա բերած նկարները հանձնեց ինձ և քաղաքավարությամբ հարցրեց, թե չէ՞ի բարեհաճի արդյոք իր դիտողությունները ֆրանսերենից թարգմանել անգլերեն։ Ասացի․ «Oui, monsier»։ Թեթևակի գլուխ տալով՝ նա ետ գնաց դեպի իր սեղանը։ Ես մատիտները մի կողմ քշեցի, հանեցի ինքնահոսս և տխուր գործի անցա։
Մոսյո Յոշոտոն, ինչպես և ուրիշ շատ իսկապես լավ նկարիչներ, որպես ուսուցիչ բոլորովին բարձր չէր կանգնած մանկավարժական որոշ ընդունակություններ ունեցող ուզածդ միջակ նկարչից։ Նրա գործնական ուղղումները, այսինքն ուսանողների աշխատանքներից կալկայի վրա կատարած նրա նկարներն ու նկարների ետևում արված գրավոր դիտողությունները շատ թե քիչ ունակ ուսանողին կարող էին ցույց տալ, թե ինչպես նկարել խոզ, կամ գեղանկարչորեն ինչպես պատկերել խոզը գեղանկարային խոզաբնում։ Բայց նա իր կյանքում երբեք ոչ մեկին չէր կարող սովորեցնել, թե ինչպես շատ լավ նկարել խոզ կամ նույնքան լավ խոզաբուն, մինչդեռ նրանից հենց այդ վարպետության ոչ մեծ գաղտնիքն էին ուզում իմանալ համեմատաբար ընդունակ ուսանողները։ Եվ բանն այն չէր, որ նա գիտակցաբար թե անգիտակցաբար թաքցնում էր իր տաղանդը կամ ժլատությունից չէր վատնում այն, նա պարզապես չէր կարողանում հաղորդել դա։ Սկզբում այդ դաժան ճշմարտությունը չզարմացրեց և չվրդովեց ինձ։ Բայց դե պատկերացրեք իմ վիճակը, երբ նրա անօգնականության ապացույցները գնալով կուտակվում էին։ Երկրորդ նախաճաշի մոտերքում ես այնպիսի վիճակում էի, որ պետք է մեծ զգուշաություն պահպանեի, որպեսզի թարգմանությանս տողերը չկեղտոտեի քրտնած ափով։ Ի լրումն այդ ամենի, պարզվեց, որ մոսյո Յոշոտոյի ձեռագիրը խիստ դժվարընթեռնելի է։ Ու երբ նախաճաշի գնալու ժամանակն էր, ես վճռականորեն մերժեցի Յոշոտո ամուսինների առաջարկը։ Ասացի, որ ինձ անհրաժեշտ է փոստ գնալ։ Աստիճաններից ցած վազելով, ես բախտապավեն խորացա անծանոթ փողոցների լաբիրինթոսի մեջ։ Նախաճաշարան նկատելով՝ մտա այնտեղ, չորս բաժին «տաք֊տաք» կոնի֊այլենդյան երշիկ կերա և երեք գավաթ պղտոր սուրճ խմեցի։
Վերադառնալով իմ «Les Amis des Viux Maitres»֊ի մոտ, ես սկզբում աղոտ տագնապ զգացի, ճիշտ է անցյալի փորձից ելնելով կարող էի հաղթահարել, բայց այստեղ դա վերածվեց իսկական վախի․ մի՞թե իմ անձնական հատկանիշներն են մեղավոր, որ մոսյո Յոշոտոն ավելի հարմար գործ չէր գտել ինձ համար, քան այդ թարգմանությունները։ Արդյոք պառավ Ֆու Ման֊շուն գլխի՞ է ընկել, որ ես ոչ միայն ուզում էի պտտեցնել իր գլուխը հազար ու մի հորինովի բաներով, այլև, որ ես տասնիննամյա տղա եմ և դիտմամբ եմ բեղեր պահել։ Անտանելի էր այդպես մտածել։ Արդարության հանդեպ համոզմունքս դանդաղորեն թուլանում էր։ Իսկապես, ինձ՝ առաջին երեք մրցանակներն ստացողիս, ինձ՝ Պիկասոյի անձնական բարեկամիս (ես արդեն ինքս էլ էի դրան հավատում), օգտագործե՜լ որպես թարգմանիչ։ Իմ հանցանքը երբեք նման պատժի արժանի չէր։ Եվ ընդհանրապես այդ բեղիկները, թեկուզև նոսր, բայց իմ սեփականն էին, հո դնովի չէին։ Հանգստանալու համար ճանապարհին անընդհատ շոշափում էի դրանք։ Բայց որքան շատ էի մտածում իմ վիճակի մասին, այնքան արագ էի գնում, վերջում սկսեցի վազել, ասես վախենալով, թե հիմա չորս կողմից քարեր կնետեն վրաս։
Թեև նախաճաշի վրա ես ընդամենը քառսուն րոպե էի կորցրել, Յոշոտո զույգը արդեն նստած աշխատում էր։ Նրանք հայացքները չբարձրացրին, ցույց չտվին, թե նկատել են, որ ես ներս եմ մտել։ Քրտնած, շնչակտուր՝ ես նստեցի տեղս։ Մի տասնհինգ֊քսան րոպե նստել էի ձգված լարի պես, նորանոր անեկդոտներ հորինելով ծերունի Պիկասոյի մասին, եթե մոսյո Յոշոտոն հանկարծ ոտքի կանգեր ու սկսեր մերկացնել ինձ։ Եվ այդ ժամանակ նա իսկապես ոտքի կանգնեց ու մոտեցավ ինձ։ Ես պատրաստ կանգնել էի, անհրաժեշտության դեպքում համառորեն նրան մատուցելու Պիկասոյի մասին թարմ բամբասանքս, բայց երբ մոտեցավ սեղանին, ինչ֊որ մտածել էի, ի սարսափ ինձ, դուրս թռավ գլխիցս։ Սակայն օգտվեցի առիթից, որպեսզի հիացմունք արտահայտեմ մադամ Յոշոտոյի գլխավերևում կախված թռչող սագի մասին։ Ես շռայլորեն գովեստներ տեղացի։ Ասացի, որ Փարիզում մի հարուստ ծանոթ ունեմ, անդամալույծ, բացատրեցի ես, որը փող չի խնայի մոսյո Յոշոտոյի այդ նկարի համար։ Ասացի, եթե մոսյո Յոշոտոն համաձայն է, ես կարող եմ անհապաղ կապվել Փարիզի հետ։ Բարեբախտաբար մոսյո Յոշոտոն բացատրեց, որ նկարը պատկանում է իր զարմիկին, որը հիմա հյուրընկալվում է Ճապոնիայում։ Եվ անմիջապես էլ, նախքան ես կհասցնեի ափսոսանք հայտնել, նա ինձ «մոսյո Դոմյե֊Սմիթ» անվանելով, հարցրեց չէի՞ բարեհաճի մի քանի առաջադրանքներ կատարել։ Նա գնաց իր սեղանի մոտ ու վերադարձավ երեք հաստ ծրարներ ձեռքին։ Կանգնել էի շշմած, մեքենաբար գլխով անելով և շոշափելով պիջակիս գրպանը, ուր դրել էի մատիտները։ Մոսյո Յոշոտոն բացատրեց դասավանդման մեթոդը դասընթացներում (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ամեն տիպի մեթոդների բացակայությունը)։ Նա վերադարձավ իր սեղանի մոտ, իսկ իմ խելքը դեռ գլուխս չէր գալիս։
Երեք աշակերտներն էլ անգլերեն էին գրում մեզ։ Առաջին ծրարը Տորոնտոյից ուղարկել էր քսաներեքամյա մի տնային տնտեսուհի, նա իր համար ծածկանուն էր ընտրել՝ Բեմբի Քրեմեր, այդ անունով էլ պետք է ուղարկեինք նամակները։ «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացներն ընդունվողները պետք է հարցաթերթիկ լրացնեին և կցեին իրենց լուսանկարը։ Միսս Քրեմերը կցել էր ութ և տասի հարաբերությամբ մի լուսանկար, որտեղ նա պատկերված էր ապարանջանը կոճին հագցրած, առանց ուսակապերի լողազգեստով և ճերմակ ծովային անհովար գլխարկով։ Հարցաթերթիկում նա հայտնում էր, թե իր սիրելի նկարիչներն են Ռեմբրանդը և Ուոլթ Դիսնեյը։ Նա գրում էր, թե հույս ունի երբևէ հասնել նրանց փառքին։ Աշխատանքների նմուշները մի քիչ անփութորեն քորոցով ամրացված էին նրա լուսանկարին։ Դրանք բոլորը զարմանք էին հարուցում։ Բայց մեկը անմոռանալի էր։ Այդ անմոռանալին կատարված էր վառ գույնի ջրաներկով և տակը գրված․ «Եվ ներիր նրանց մեղքերն իրենց»։ Այն պատկերում էր երեք տղաների, որոնք ձուկ էին բռնում մի տարօրինակ ջրամբարում, և մեկի բաճկոնակը կախված էր «Ձուկ բռնելն արգելված է» հայտարարությամբ վահանակի վրա։ Ամենաբարձրահասկի առաջին պլան մղված ոտքը վարակված էր ռախիտով, մյուսը՝ փղային հիվանդությամբ։ ― Հավանաբար միսս Քրեմերը այդպիսով ջանացել էր ցույց տալ, որ տղան կանգնած է ոտքերն իրարից հեռու դրված։
Իմ երկրորդ աշակերտը պարզվեց, որ հիսունվեցամյա «բարձրաշխարհիկ լուսանկարիչ» է՝ Հովարդ Ռիջֆիլդ անունով, Օնթարիո նահանգի Ուինձոր քաղաքից։ Նա գրում էր, թե կինն իրեն տարիներ շարունակ հանգիստ չի տալիս, որպեսզի ինքն էլ «խցկվի այդ շահավետ գործի մեջ», դառնա նկարիչ։ Նրա սիրած նկարիչներն են Ռեմբրանդը, Սարջենտը և «Տիցիցանը», բայց նա խելացիորեն ավելացրել էր, որ ինքը մտադիր չէ նրանց ոգով աշխատելու։ Նա գրել էր, թե ավելի շատ հետաքրքրվում է գեղանկարչության սատիրական կողմով, քան գեղարվեստական։ Եվ ի հաստատումն իր հավատամքի, նա ուղարկել էր բազմաթիվ օրիգինալ ստեղծագործություններ՝ մատիտով և յուղաներկով արված։ Նկարներից մեկը, իմ կարծիքով նրա գլուխգործոցը, ընդմիշտ տպավորվեց իմ հիշողության մեջ․ այդպես տպավորվում են հանրաճանաչ երգերի բառերը։ Դա սատիրա էր բոլորին քաջ ծանոթ, շիկահեր խոպոպիկներով և փոս ընկած կրծքով մի անմեղ աղջկա ողբերգության մասին, որին հանցագործ կերպով գայթակղել էր քահանան, եկեղեցում, այսպես ասած, ուղղակի զոհասեղանի հովանու տակ։ Նկարիչը գրաֆիկորեն ընդգծել էր իր հերոսների հագուստների գեղարվեստական անկարգ վիճակը։ Սակայն մերկացուցիչ սատիրական սյուժեից ավելի ինձ ապշեցրին աշխատանքի ոճը և կատարման բնույթը։ Եթե ես չիմանայի, որ Ռիջֆիլդն ու Բեմբի Քրեմերը հարյուրավոր մղոններ իրարից հեռու են ապրում, կերդվեի, թե Բեմբի Քրեմերն է օգնել Ռիջֆիլդին զուտ տեխնիկական տեսանկյունից։
Չհաշված բացառիկ առիթները, տասնինը տարեկանում հումորի զգացումը իմ ամենախոցելի տեղն էր և առաջին իսկ անհաջողությունների դեպքում այն մեռնում էր երբեմն մասամբ, երբեմն էլ ամբողջությամբ։ Ռիջֆիլդն ու Քրեմերը իմ մեջ բազմաթիվ զգացումներ արթնացրին, բայց ծիծաղ՝ ամենևին։ Ու երբ նայում էի նրանց աշխատանքները, մի քանի անգամ իմ մեջ ցանկություն առաջացավ վեր կենալ և ուղղակի պաշտոնական բողոքով դիմել մոսյո Յոշոտոյին։ Բայց ես այնքան էլ լավ չէի պատկերացնում, թե ինչ ձևով պետք է արտահայտվի այդ բողոքը։ Հավանաբար, վախենում էի, որ, մոտենալով նրա սեղանին, ես խզված ձայնով կգոչեմ․ «Իմ մայրը մեռել է, հարկադրված եմ ապրել նրա ամենաողորմած ամուսնու մոտ, և Նյու֊Յորքում ոչ ոք ֆրանսերեն չի խոսում, իսկ ձեր որդու սենյակում իսկի աթոռներ էլ չկան։ Ինչպե՞ս եք ուզում, որ ես նկարել սովորեցնեմ այս ապուշներին»։
Բայց այնքան էի ինձ ընտելացրել զսպել հուսահատության նոպաներս և անտեղի դեսուդեն չնետվել, որ այդպես էլ չելա տեղիցս։ Եվ երրորդ ծրարը բացեցի։
Պարզվեց, որ իմ երրորդ աշակերտուհին միանձնուհի էր Ս․ Հովսեփի կանանց մենաստանից, քույր Իրման, «խոհարարություն և նկարչություն» էր ուսուցանում Տորոնտոյից ոչ հեռու, մենաստանի տարրական դպրոցում։ Չգիտեմ ինչպես ավելի լավ կլինի նկարագրել այն, ինչ գտնվում էր նրա ծրարի մեջ։ Նախ, պետք է ասել, որ իր լուսանկարի փոխարեն քույր Իրման, առանց որևէ բացատրության, ուղարկել էր վանքի պատկերը։ Հիշում եմ նաև, որ չէր լրացրել հարցաթերթիկի «տարիքը» կետը։ Մյուս կողմից էլ, աշխարհում ոչ մի հարցաթերթիկ արժանի չէ լրացվելու այնպես, ինչպես քույր Իրման էր լրացրել։ Նա ծնվել և մեծացել էր Դեթրոյտում, Միչիգանի նահանգ, հայրը «խաղաղությամբ» ծառայել է «ավտոմեքենաների հսկման բաժնում»։ Տարրական կրթությունից բացի, նա մի տարի էլ սովորել է միջնակարգ դպրոցում։ Ոչ մի տեղ նկարչություն չի սովորել։ Նա գրում էր, որ նկարչություն է դասավանդում միայն այն պատճառով, որ քույր այսինչը մեռել է, և հայր Ցիմերմանը (ես այդ ազգանունը լավ եմ հիշում, որովհետև իմ ութ ատամները հանող ատամնաբույժի ազգանունն էլ էր Ցիմերման) ընդունել է իրեն հանգուցյալի փոխարեն։ Նա գրում էր, որ իր խոհարարության դասարանում 34 փոքրիկներ կան, իսկ նկարչության դասարանում 18 փոքրիկներ, ինչպես նաև սիրում է «տերևներ հավաքել, միայն այն ժամանակ, երբ դրանք իրենք են թափվում գետնին։ Նրա սիրելի նկարիչը եղել է Դուգլաս Բանտենգը (խոստովանում եմ, որ ես երկար տարիներ որոնել եմ, բայց նման նկարիչ չեմ գտել)։ Նա գրում էր նաև, որ իր փոքրիկները «սիրում են նկարել վազող մարդուկներ, իսկ ես բոլորովին չեմ կարողանում դա նկարել»։ Նա գտնում էր, որ շատ կաշխատի լավ նկարել սովորել և հույս ունի, որ «մենք ներողամիտ կլինենք իր հանդեպ»։
Ծրարի մեջ ընդամենը վեց նմուշ կար նրա աշխատանքներից։ (Դրանք բոլորը անստորագիր էին, դա ինքնին մանրուք է, բայց այն ժամանակ ինձ շատ դուր եկավ)։ Եվ Բեմբի Քրեմերը, և Ռիջֆիլդը նկարների տակ դրել էին իրենց ստորագրությունը, կամ, որ ավելի էր ինձ զայրացնում, իրենց անվանատառերը։ Այդ ժամանակից արդեն տասներեք տարի է անցել, բայց ես մինչև այսօր էլ հիշում եմ քույր Իրմայի բոլոր վեց նկարներն էլ, բայց դրանցից չորսը այնպես են տպավորվել, որ երբեմն խանգարում են իմ հոգեկան հանգիստը։ Նրա լավագույն նկարը արված էր ջրաներկով, փաթեթավորման թղթի վրա (դարչնագույն փաթեթաթղթի վրա, մանավանդ ոչ շատ ամուր թղթի, այնպե՜ս հարմար է, այնպե՜ս հաճելի։ Շատ նշանավոր նկարիչներ են նկարել այդպիսի թղթի վրա, հատկապես երբ որևէ մեծ ասելիք են ունեցել)։
Չնայած ոչ մեծ չափսերին, մոտավորապես տասը֊տասներկու դյույմի վրա շատ մանրամասնորեն ու խնամքով պատկերված էր Քրիստոսի մարմնի տեղափոխությունը Հովսեփ Արիմաթեացու այգու քարանձավը։ Առջևի պլանում, աջից, երկու մարդ, հավանաբար Հովսեփի ծառաները, բավական անճարպկորեն տանում էին մարմինը։ Հովսեփը գնում էր նրանց ետևից։ Այդ իրադրության մեջ նա, թերևս, շատ ձիգ էր պահում իրեն։ Նրա ետևից, պատկառելի տարածության վրա, խառնամբոխի, որոնք թերևս առանց հրավերի էլ եկել էին, լացկան կանանց, բերանբացների, երեխաների միջև գնում էին գալիլիացի կանայք, իսկ նրանց մոտ էլ անաստված կերպով վազվզում էին երեք բակապահ շներ։ Բայց ամենից ավելի իմ ուշադրությունը գրավեց կանացի մի կերպարանք, առաջին պլանում՝ ձախից, դեմքով դեպի հանդիսատեսը կանգնած։ Աջ ձեռքը վեր պարզած՝ նա հուսահատորեն ձեռքով էր անում ինչ֊որ մեկին, գուցե երեխային, կամ ամուսնուն, իսկ գուցեև մեզ՝ հանդիսատեսներիս, ― ամեն ինչ թող և արի այստեղ։ Լուսապսակը շրջանակում էր երկու կանանց գլուխը, որոնք գնում էին ամբոխի առջևից։ Իմ ձեռքի տակ Աստվածաշունչ չկար, այդ պատճառով էլ ես միայն կարող էի ենթադրել, թե ովքեր են դրանք։ Բայց Մարիամ Մագթաղինացուն ես անմիջապես ճանաչեցի։ Համենայն դեպս, համոզված էի, որ նա է։ Նա գնում էր առջևից, ամբոխից անջատ, ձեռքերը կախ գցած։ Իր վիշտը, ինչպես ասում են, արտաքուստ ցույց չէր տալիս, նրա վրայից բոլորովին չէր երևում, թե հանգուցյալը որքան մտերիմ է եղել իր հետ վերջին օրերին։ Ինչպես բոլոր դեմքերը, այնպես էլ նրա դեմքը նկարված էր էժանագին մարմնագույն ջրաներկով։ Բայց միանգամայն պարզ էր, որ քույր Իրման ինքն էլ էր հասկացել, որ այդ պատրաստի գույնը հարմար չէ նրան, և, ոչ հմտորեն, ամբողջ սրտով աշխատել էր մեղմել այն։ Նկարում ուրիշ լուրջ թերություններ չկային։ Ճիշտն ասած, ամեն տիպի քննադատությունը արդեն բծախնդրություն կլիներ։ Իմ կարծիքով դա իսկական նկարչի գործ էր, բարձր և վերին աստիճանի ինքնատիպ տաղանդի կնիքով, չնայած միայն աստծուն էր հայտնի, թե որքան համառ աշխատանք էր ներդրված այդ նկարի մեջ։
Իմ առաջին մղումը եղավ այն, որ քույր Իրմայի նկարներն առած նետվեմ մոսյո Յոշոտայի մոտ։ Բայց այստեղ էլ չելա տեղիցս։ Չուզեցի ռիսկի դիմել․ հանկարծ ու քույր Իրմային խլեն իմ ձեռքից։ Դրա համար էլ ես խնամքով ծալեցի ծրարն ու մի կողմ դրի, հաճույքով մտածելով, որ երեկոյան, ազատ ժամանակս կաշխատեմ նրա նկարների վրա։ Հետո ես համբերությամբ, որ մտքովս անգամ չէր անցնում, թե ունեմ, մեծահոգորեն ու բարեհաճությամբ սկսեցի ուղղել մերկ բնորդին՝ տղամարդուն և կնոջը (sans սեռի նշանների), որ սեթևեթանքով ու անվայելչորեն պատկերել էր Ռ․ Հովարդ Ռիջֆիլդը։ Ճաշի ընդմիջման ժամանակ ես արձակեցի բլուզիս երեք կոճակները և քույր Իրմայի ծրարը դրեցի այնտեղ, ուր մուտք չէին կարող գործել ոչ գողերը, ոչ մանավանդ Յոշոտո ամուսինները։
Բոլոր երեկոյան ընթրիքները դպրոցում կայանում էին չհրապարակված, բայց հաստատուն ծիսակատարությամբ։ Ուղիղ հինգն անց կեսին մադամ Յոշոտոն ոտքի էր ելնում և գնում վերև ճաշ պատրաստելու, իսկ ես ու մոսյո Յոշոտոն սովորաբար իրար ետևից նույնպես այնտեղ էինք գնում ուղիղ վեցին։ Ոչ մի շեղում ճանապարհից, թեկուզև դրանք կոչված լինեին առողջապահության կամ հիգիենայի անհետաձգելի պահանջով, չէր նախատեսվում։ Բայց այդ երեկո ջերմացած քույր Իրմայի ծրարից, որ դրված էր ծոցս, ես առաջին անգամ ինձ հանգիստ զգացի։ Ավելին, ճաշի ժամանակ ես այդ հասարակության իսկական ոգին էի։ Պիկասոյի մասին մի այնպիսի անեկդոտ պատմեցի, որ մատներդ կլպստես, թերևս ավելորդ չէր լինի դա պահել սև օրվա համար։ Մոսյո Յոշոտոն միայն թեթևակիորեն իջեցրեց ճապոնական թերթը, փոխարենը մադամը կարծես թե հետաքրքրվեց․ համենայն դեպս չզգացվեց, որ բոլորովին չեն հետաքրքրվում։ Իսկ երբ ավարտեցի, նա առաջին անգամ, եթե չհաշվենք առավոտվա հարցը՝ չէ՞ի ցանկանա ձու ուտել, դիմել ինձ, գուցե, այնուամենայնիվ, մի աթոռ դնեն իմ սենյակում։ Ես շտապ պատասխանեցի․ «Non, non, merci, madame»։ Ես բացատրեցի, որ խսիրը միշտ մոտեցնում եմ պատին և այդպիսով ընտելանում եմ ուղիղ դիրքով նստելու վիճակին, իսկ դա ինձ շատ օգտակար է։ Ես նույնիսկ վեր կացա, որպեսզի ցույց տամ թե որքան եմ կորացած քայլում։
Երբ ճաշից հետո Յոշոտո զույգը ճապոներեն ինչ֊որ, գուցեև շատ հետաքրքիր մի հարց էր քննարկում, ես սեղանի մոտից հեռանալու թույլտվություն խնդրեցի։ Մոսյո Յոշոտոն ինձ նայեց այնպես, ասես զարմացավ, թե ինչպես եմ հայտնվել իրենց խոհանոցում, բայց գլխով համաձայնության նշան արեց, և ես միջանցքով արագ֊արագ գնացի դեպի իմ սենյակը։
Լրիվ միացնելով լույսը և փակելով դուռը՝ ես հանեցի իմ մատիտները, ապա պիջակս, արձակեցի բլուզիս կոճակները և, քույր Իրմայի ծրարը ձեռքիցս ցած չդնելով, նստեցի հատակին փռված խսրի վրա։ Անհրաժեշտ ամեն բան դասավորելով հատակին՝ գրեթե մինչև առավոտյան տասը ես ջանացի քույր Իրմային իր գեղարվեստական որոնումերի մեջ ցույց տալ այն օգնությունը, ինչի կարիքը, իմ կարծիքով, նա զգում էր։
Առաջին հերթին ես մի տասը֊քսան էսքիզներ արեցի մատիտով։ Չէի ուզում թուղթ բերելու համար գնալ ուսուցչանոց, ուստի նկարում էի սեփական փոստային թղթի երկու երեսին էլ։ Դա վերջացնելով, ես երկար, մի շատ երկար նամակ գրեցի։
Ամբողջ կյանքիս ընթացքում ես ներոսթենիկ կաչաղակի պես հազար ու մի տեսակ անպետք բաներ եմ հավաքել ու պահել, ու մինչև հիմա էլ ինձ մոտ պահպանվել է 1939 թվականի հունիսյան այն գիշեր քույր Իրմային գրածս նախավերջին նամակի սևագրությունը։ Ես կարող եմ բառացի մեջ բերել ամբողջ նամակը, բայց դա իմաստ չունի։ Բազմաթիվ էջեր, իսկապես դրանք բազմաթիվ էին, ես նվիրել էի նրա չնչին սխալների բացահայտմանը, որոնք նա բաց էր թողել իր գլխավոր նկարում, հատկապես գույների ընտրության հարցում։ Ես թվարկել էի բոլոր պիտույքները, որ նրան պետք էին որպես նկարչի, նշելով դրանց մոտավոր արժեքը։ Ես հարցնում էի, թե ով է Դուգլաս Բանտինգը։ Որտե՞ղ կարող եմ տեսնել նրա աշխատանքները։ Ես նրան հարցնում էի (հասկանալով, որ դա հեռավոր նպատակի քաղաքականությունն է) տեսե՞լ է արդյոք Անտոնելո դը Մեսինի աշխատանքների վերատպությունները։ Ես խնդրում էի նրան՝ գրեցեք խնդրեմ, քանի՞ տարեկան եք, և մանրամասնորեն հավատացնում էի, որ գաղտնի կպահեմ այդ տեղեկությունները, եթե նա հայտնի ինձ։ Ես բացատրեցի, որ հետաքրքրվում եմ, որովհետև այդպես ավելի արդյունավետ կարող եմ որոշել իմ ուսուցման մեթոդը։ Եվ անմիջապես էլ, մի շնչով հարցրի, թե այցելուներին թույլ տալի՞ս են մուտք գործել մենաստան։
Վերջին տողերը, ավելի ճիշտ նամակիս վերջին քառակուսի մետրերը, ավելի լավ կլինի բառացի մեջ բերեմ, չփոխելով ոչ շարահյուսությունը, ոչ էլ կետադրությունը։


«․․․Եթե դուք տիրապետում եք ֆրանսերենին, խնդրում եմ տեղյակ պահեք ինձ, որովհետև անձամբ ես ֆրանսերենով ավելի ճշգրիտ եմ կարողանում արտահայտել մտքերս, քանի որ կյանքիս մեծ մասը Փարիզում, Ֆրանսիայում եմ անցկացրել։
Երևում է, դուք շատ եք շահագրգռված այն բանում, որ սովորեք վազող մարդուկներ նկարել և հետագայում այդ տեխնիկան հաղորդել վանքի դպրոցի ձեր աշակերտուհիներին։ Այդ նպատակոով մի քանի ուրվանկարներ եմ առաջարկում, գուցե ձեզ պետք գան։ Դուք կտեսնեք, որ դրանք հապշտապ են արված, շատ հեռու են կատարելությունից և հարկ չկա ընդօրինակելու, բայց հուսով եմ, որ դրանց մեջ կտեսնեք այն հիմնական միջոցները, որոնք հետաքրքրում են ձեզ։ Վախենում եմ, թե մեր դասընթացների դիրեկտորը ոչ մի սիստեմի չի հետևում։ Դժբախտաբար, դա այդպես է։ Ես հիանում եմ ձեր հաջողություններով, դուք արդեն շատ հեռու եք գնացել, բայց չգիտեմ ինչպես վարվեմ, մյուս աշակերտներիս հետ, մտավորապես հետամնաց և, իմ կարծիքով, անհուսալիորեն բութ աշակերտներիս։
Դժբախտաբար, ես ագնոստիկ եմ։ Սակայն նաև Ս․ Ֆրանցիսկ Ասիզիացու երկրպագուն եմ, թեև ինքնին հասկանալի է՝ զուտ տեսականորեն։ Ի դեպ, հայտնի՞ է ձեզ արդյոք մանրամասնորեն, թե ինչ է ասել նա (Ֆրանցիսկ Ասիզիացին), երբ պատրաստվում էին նրան կուրացնել շիկացած երկաթով։ Ասել է հետևյալը․ «Եղբայր կրակ, աստված քեզ ուժ և գեղեցկություն է տվել հօգուտ մարդկանց․ աղաչում եմ քեզ, ողորմած եղիր իմ հանդեպ»։ Ձեր նկարներում նրա խոսքերը հիշեցնող ինչ֊որ շատ լավ բան կա, համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Ի միջի այլոց, թույլ տվեք իմանալ, երկնագույն հագուստով էակը, առաջին պլանում, արդյոք Մարիամ Մագթաղինացին չէ՞։ Խոսքն այն նկարի մասին է, որ քիչ առաջ քննարկում էինք։ Եթե ոչ՝ ուրեմն ես խորապես շփոթում եմ։ Ինչևէ, դա շատ բնորոշ է ինձ համար։
Հուսով եմ, որ դուք ինձ կատարելապես կհամարեք ձեր տրամադրության տակ, քանի դեռ սովորում եք «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացներում։ Անկեղծ ասած, ես ձեզ արտակարգ տաղանդավոր եմ համարում ու բոլորովին չեմ զարմանա, եթե շատ մոտիկ ապագայում դուք մեծ նկարիչ դառնաք։ Այդ պատճառով էլ հարցնում եմ ձեզ՝ երկնագույն զգեստով էակը, առաջին պլանում, Մարիամ Մագթադինացին չէ՞, արդյոք, որովհետև, եթե դա այդպես է, ապա վախենում եմ, որ նրա մեջ ավելի շատ ձեր բնածին տաղանդն է արտացոլված, քան կրոնական համոզմունքները։ Սակայն, իմ կարծիքով, այստեղ վախենալու բան չկա։
Անկեղծորեն հուսով եմ, որ իմ նամակը ողջ և առողջ վիճակում կստանաք, մնամ
Ձեզ հարգող (այստեղ պետք է ստորագրություն դրվեր), Ժան դը Դոմյե֊Սմիթ «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացների հաստիքային ուսուցիչ։
Հ․ Գ․ ― քիչ էր մնում մոռանայի ձեզ զգուշացնել, որ ունկնդիրները պարտավոր են իրենց աշխատանքները դպրոց ներկայացնել ամեն երկու շաբաթը մեկ, երկուշաբթի օրերին։ Որպես առաջին առաջադրանք, խնդրում եմ մի երկու, ուրվանկար անել բնորդից։ Նկարեցեք ազատ, առանց լարվելու։ Հասկանալի է, ես տեղյակ չեմ, թե որքան ազատ ժամանակ է տրվում ձեզ վանքում անձնական պարապմունքների համար, և խնդրում եմ տեղեկացնել ինձ։ Ինչպես նաև խնդրում եմ ձեռք բերել այն անհրաժեշտ պիտույքները, որոնք ես համարձակվել եմ թվարկել վերը, այնպես որ կցանկանայի, որ դուք հնարավորին չափ շուտ սկսեիք յուղաներկով նկարել։ Ներեցեք ինձ, եթե ուղղակի ասեմ, բայց ինձ թվում է, որ դուք կրքոտ, պոռթկուն խառնվածք ունեք և չպետք է ջրաներկով աշխատեք, շուտ անցեք յուղաներկին։ Ասում եմ դա բոլորովին առանց հետին իմաստի, բնավ նպատակ չունեմ ձեզ վիրավորել, ընդհակառակը, ես դա համարում եմ գովեստ։ Խնդրում եմ նաև նախկին ձեր բոլոր աշխատանքներն ուղարկեք ինձ, որոնք, իհարկե, պահպանվել են, անհամբեր ուզում եմ տեսնել դրանք։ Չեմ ուզում ասել, թե որքան երկար պիտի թվան ինձ օրերը, մինչև որ ստանամ ձեր նամակը։
Եթե իմ կողմից սա չափից ավելի մեծ համարձակություն չէ, ապա ես շատ կցանկանայի իմանալ՝ բավարարո՞ւմ է ձեզ վանական կյանքը․ հասկանալի է՝ զուտ հոգեկան իմաստով։ Անկեղծ կասեմ, որ ես բազմաթիվ աղանդներ եմ ուսումնասիրել զուտ գիտական տեսանկյունից, հիմնականում «Դասական ստեղծագործությունների» հարվարդյան հրատարակության 36, 44 և 45֊րդ հատորներով, որոնց, հավանաբար, դուք ծանոթ եք։ Ինձ առանձնապես մեծ հիացմունք է պատճառում Մարթին Լյութերը, բայց, իհարկե, նա բողոքական էր։ Խնդրում եմ, մի՛ նեղացեք ինձանից։ Ես չեմ պաշտպանում ոչ մի դավանանք, դա իմ խառնվածքին չի համապատասխանում։ Ավարտելով նամակս՝ կրկին խնդրում եմ․ մի՛ մոռացեք ինձ հայտնել ընդունելության ժամերը, քանի որ շաբաթվա վերջում ես միշտ ազատ եմ և կարող եմ շաբաթ օրը պատահմամբ հայտնվել ձեր կողմերում։ Խնդրում եմ, մի՛ մոռացեք նաև հայտնել՝ տիրապետո՞ւմ եք ֆրանսերենին, որովհետև հակառակ իմ ջանքերին, ես դժվարությամբ եմ հարմար բառեր գտնում անգլերենով, որովհետև անսիստեմ և, անկեղծ ասած, ոչ մի խելացի դաստիարակություն չեմ ստացել»։
Առավոտյան երեքն անց կեսին ես փողոց դուրս եկա, որպեսզի փոստարկղը գցեմ քույր Իրմայի նամակը և նկարները։ Հրճվանքից տառացիորեն հարբած՝ հանվեցի, հազիվ շարժելով ձեռքերս, ու փռվեցի մահճակալին։
Արդեն երազում, միջնորմի ետևից լսեցի Յոշոտո ամուսինների ննջարանից եկող տնքոցները։ Ես պատկերացրի, թե առավոտյան ինչպես են նրանք երկուսն էլ մոտենում ինձ և խնդրում, չէ՝ աղերսում խիստ մանրամասնորեն, սարսափելի մանրակրկիտ ձևով լսել, թե ինչն է տանջում նրանց այդպես։ Պարզորոշ պատկերացնում էի, թե դա ինչպես տեղի կունենա։ Ես կնստեմ նրանց մեջտեղը, խոհանոցի սեղանի մոտ և հերթով կլսեմ, կլսեմ, կլսեմ, մինչև որ վերջապես համբերությունս սպառվի։ Ու այդ ժամանակ ձեռքս կմտցնեմ ուղղակի մադամ Յոշոտոյի կոկորդը, կհանեմ սիրտը, ու ինչպես թռչնակին, կտաքացնեմ ձեռքերիս մեջ։ Իսկ երբ նրանք կհանգստանան, ցույց կտամ քույր Իրմայի նկարները, և նրանք կբաժանեն իմ ուրախությունը։
Սովորաբար ակնհայտ ճշմարտությունը ուշ է ճանաչում գտնում, բայց ես հասկացա, որ երջանկության և ուրախության հիմնական տարբերությունն այն է, որ երջանկությունը պինդ մարմին է, իսկ ուրախությունը՝ հեղուկ։ Ինձ համակած ուրախությունը սկսեց նվազել առավոտից, երբ մոսյո Յոշոտոն իմ սեղանին դրեց ևս երկու ծրար, նոր աշակերտների գործեր։ Այդ պահին ես խաղաղ և հանգիստ աշխատում էի Բեմբի Քրեմերի նկարի վրա, իմանալով, որ քույր Իրմային իմ գրած նամակն արդեն ճանապարհ ընկավ։ Բայց բոլորովին չէի սպասում, որ հարկադրված կլինեմ գործ ունենալու այնպիսի այլանդակ երևույթի և էլ ավելի ապաշնորհ երկու մարդկանց հետ, քան Բեմբին էր կամ Ռ․ Հովարդ Ռիջֆիլդը։ Զգալով, թե ինչպես են իմ բոլոր բարի մտադրությունները չքանում, ես ծխեցի․ դա առաջին սիգարետն էր, որ ծխում էի ուսուցչանոցում, գործի անցնելուս պահից ի վեր։ Սիգարետն օգնեց, ու ես կրկին սկսեցի աշխատել Բեմբիի նկարի վրա։ Բայց չէի հասցրել երեք֊չորս անգամ ծուխը ներս քաշել, երբ զգացի, որ մոսյո Յոշոտոն նայում է թիկունքիս։ Եվ ասես ի հաստատումն դրա, լսեցի, թե ինչպես նա ետ քաշեց աթոռը։ Ես վեր կացա նրան ընդառաջ գնալու, երբ նա արդեն մոտենում էր։ Անտանելիության աստիճան ատելի շշուկով նա բացատրեց ինձ, թե անձամբ ինքը չի առարկում ծխելուն, բայց, ավա՜ղ, դպրոցական կարգ ու կանոնը թույլ չի տալիս ուսուցչանոցում ծխել։ Նա լայն ժեստով դադարեցրեց իմ ներողությունների հեղեղը և վերադարձավ իր անկյունը, մադամ Յոշոտոյի մոտ։ Սոսկալի սարսափի մեջ մտածեցի, թե ինչպես կդիմանամ ես այդ տասներեք օրը, մինչև երկուշաբթի, երբ, հավանաբար, կստացվի քույր Իրմայի նամակը, ու վերջնականապես չեմ խենթանա։
Դա երեքշաբթի առավոտյան էր։ Այդ ամբողջ օրն ու հաջորդ երկուսը տենդագին գործունեություն էի ծավալել։ Ես, այսպես ասած, դուրս թափեցի Բեմբի Քրեմերի և Ռ․ Հովարդ Ռիջֆիլդի բոլոր նկարների փորոտիքը և կրկին հավաքեցի ու տեղադրեցի՝ որոշ մասերը փոխարինելով նորերով։ Ես նրանց համար պատրաստեցի մի տասնյակ, նորմալ մարդու համար տառացիորեն վիրավորական, բայց միանգամայն հիմնավոր վարժություններ։ Մանրամասն նամակներ գրեցի։ Ռ․ Հովարդ Ռիջֆիլդին ես խնդրում էի ժամանակավորապես դադարեցնել ծաղրանկարչությունը։ Հնարավոր ամենայն քաղաքավարությամբ Բեմբիին խնդրում էի, եթե կարելի է, գոնե ժամանակավորապես խուսափել «Եվ ներիր նրանց մեղքերն իրենց» մակագրությամբ նկարներ ուղարկելուց։ Իսկ չորեքշաբթի առավոտյան, ծայր աստիճան լարված, ես զբաղվեցի մի նոր աշակերտով՝ Բանգար քաղաքի բնակիչ (Մեյնի նահանգ) մի ամերիկացով, որը հարցաթերթիկում ազնիվ պարզամիտի շատախոսությամբ գրել էր, թե իր սիրած նկարիչն ինքն է։ Նա իրեն անվանում էր ռեալիստ֊աբստրակցիոնիստ։
Ծառայությունից դուրս ժամերը ես անցկացրի այսպես․ երեքշաբթի երեկոյան ավտոբուսով գնացի Մոնռեալի կենտրոն, այնտեղ երրորդ կարգի կինոյում մի ամբողջ մուլտիպլիկացիոն ծրագիր նայեցի, մուլտֆիլմերի փառատոն էր գնում, ըստ որում ինձ գլխավորապես հարկադրեցին հիանալ կատուների երկար շարքերով, որոնք մկների մի ամբողջ հորդայի ռմբակոծեցին շամպայնի խցաններով։ Չորեքշաբթի օրը հավաքեցի սենյակումս եղած բոլոր խսիրները, լցրի իրար վրա ու սկսեցի հիշողությամբ կրկնօրինակել քույր Իրմայի «Քրիստոսի թաղումը»։
Մեծ գայթակղություն եմ զգում չորեքշաբթի երեկոն համարելու տարօրինակ, գուցեև, նույնիսկ չարաղետ, բայց, ճիշտն ասած, այդ երեկոն նկարագրելու համար ես ուղղակի խոսք չեմ գտնում։ Կեսօրից հետո դուրս եկա տնից և գնացի աչքս ուր կտրի, ոչ այն է՝ կինո, ոչ այն է՝ պարզապես զբոսնելու, չեմ հիշում, 1939 թվականի իմ օրագիրն այս անգամ ինձ դավաճանեց․ այդ օրը էջն այդպես էլ դատարկ մնաց։
Բայց ես գիտեմ ինչու է դատարկ։ Վերադառնալով մի կերպ անցկացրած երեկոյից, ― լավ հիշում եմ, որ օրը մթնում էր, ― կանգ առա դասընթացների դիմացի մայթին ու նայեցի օրթոպեդիական արհեստանոցի ցուցափեղկին։ Եվ այդտեղ սոսկալի վախեցա։ Ուղեղիս մեջ մի միտք առկայծեց, թե որքան էլ սովորեմ հանգիստ ապրել, խելացի ու ազնվորեն, միևնույն է, մինչև մահ ընդմիշտ դատապարտված եմ օտարի պես թափառելու մի այգում, որտեղ աճում են արծնապատ միզամաններ ու գիշերանոթներ, և որտեղ թագավորում է կույր փայտե կուռքը՝ ճողվածքի էժանագին աղեկապ հագած մանեկենը։ Անտանելի միտք, լավ է դեռ, որ միայն մի վայրկյան առկայծեց ու անցավ։ Հիշում եմ, որ աստիճաններով սլացա սենյակը, արագ հանվեցի և սուզվեցի անկողինս, նույնիսկ առանց օրագիրս բացելու։
Սակայն չկարողացա քնել, բռնվել էի տենդային դողով։ Ես լսում էի հարևան սենյակից եկող տնքոցներն ու ստիպում ինձ մտածել իմ լավագույն աշակերտուհու մասին։ Ջանում էի պատկերացնել, թե ինչպես եմ գնում նրա մոտ, մենաստան։ Տեսնում էի՝ ահա, նա դուրս է գալիս ինձ ընդառաջ, դեպի ճաղապատ բարձր պարիսպը, երկչոտ, հիասքանչ մի աղջիկ, տասնութ տարեկան, դեռևս կուսակրոն չձեռնադրված, ― դեռևս ազատ՝ աշխարհիկ կյանքով ապրելու իր ընտրյալի հետ, որն այնպես նման է Պիեռ Աբելյարին։ Ես տեսնում էի, թե ինչպես դանդաղ և լուռ մտնում ենք վանքի կանաչ այգու խորքը, ու այնտեղ անհոգ ու անմեղորեն ես գրկում եմ նրա մեջքը։ Դժվար էր պահել այդ ոչ երկնային կերպարը և, թույլ տալով, որ նա չքանա, ես քուն մտա։


Հինգշաբթի օրը դատապարտյալի պես աշխատեցի ամբողջ առավոտը և կեսօրը, փորձելով մատիտի և կալկայի օգնությամբ որոշ չափով նմանեցնել ծառերի ֆալլոսային խորհրդանիշների այն անտառը, որ գեղեցիկ կաշեփայլ թղթի վրա պատկերել էր Բանգուր քաղաքի (Մեյնի նահանգ) քաղաքացին։ Չորսն անց կեսին ես այնպես էի բթացել մասնավորապես, հոգեպես և ֆիզիկապես, որ հազիվ կարողացա ոտքի ելնել, երբ մոսյո Յոշոտոն մի րոպեով մոտեցավ իմ սեղանին։ Նա մի ծրար տվեց ինձ նույն անտարբերությամբ, ինչպես մատուցողը տալիս է մենյուն։ Դա քույր Իրմայի մենաստանի մայրապետն էր գրում։ Նա տեղեկացնում էր մոսյո Յոշոտոյին, որ հայր Ցիմերմանը, իր կամքից անկախ պատճառներով, հարկադրված է եղել փոխել որոշումը և քույր Իրմային այլևս չի կարող թույլ տալ մասնակցելու «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացին։ Նամակում նշվում էր, որ ցավում են, եթե դա կարող է առիթ տալ որոշ դժվարությունների կամ դասընթացների դիրեկցիայի համար անախորժությունների, միաժամանակ անկեղծորեն հույս են հայտնում, որ ուսուցման համար առաջին մուծումը՝ տասնչորս դոլլարի չափով, կհատուցի մենաստանը։


Ես միշտ հաստատ համոզված եմ եղել, որ մուկը, խանձվելով հրավառության կայծից, կաղալով դեպի իր բույնը վազելիս, գլխում անթերի մի պլան ունի մշակած՝ թե ինչպես պետք է սպանի կատվին։ Ընթերցելով ու վերընթերցելով մայրապետի նամակը՝ ես երկար ժամանակ սևեռված նայում էի դրան ու մեկ էլ հանկարծ, դադարելով նայել, մի շնչով նամակներ գրեցի իմ մնացած աշակերտներին․ չորսին էլ խորհուրդ տվի ընդմիշտ հրաժարվել նկարիչ դառնալու մտքից։ Ես ամեն մեկին առանձին գրեցի, որ դա ինչպես սեփական, այնպես էլ ուսուցչի թանկ ժամանակի անտեղի վատնում է։ Բոլոր նամակները գրեցի ֆրանսերեն։ Ավարտելով՝ անմիջապես դուրս եկա ու դրանք գցեցի փոստարկղ։ Ու թեև բավարարվածության զգացումը երկար չտևեց, բայց այդ պահին ես շատ, շատ լավ էի զգում ինձ։
Երբ եկավ հանդիսավորապես խոհանոց գնալու ժամը, ես խնդրեցի ինձ ներել։ Ասացի, թե այնքան էլ լավ չեմ զգում ինձ։ ( Այն ժամանակ, 1939 թվականին ես ավելի համոզիչ ստում էի, քան՝ ասում ճշմարտությունը, և պարզ տեսա, թե ինչպիսի կասկածանքով նայեց ինձ մոսյո Յոշոտոն, երբ ասացի, թե այնքան էլ լավ չեմ զգում)։ Բարձրացա իմ սենյակն ու նստեցի հատակին։ Այդպես նստեցի մեկ ժամի չափ, հայացքս հառած վարագույրի ճեղքին, առանց ծխելու, առանց պիջակս հանելու, առանց փողկապս արձակելու։ Հետո հանկարծ վեր թռա, հանեցի փոստային թղթերս և երկրորդ նամակը գրեցի քույր Իրմային․ ոչ թե գրասեղանի մոտ, այլ այդտեղ, ուղղակի հատակին։
Նամակը ես այդպես էլ չուղարկեցի․ բերում եմ բնօրինակի ճշգրիտ կրկնությունը․
«Մոնռեալ, Կանադա, 28 հուլիսի, 1939 թ․
Թանկագին քույր Իրմա․
Մի՞թե ես իմ վերջին նամակում անզգուշաբար մի այնպիսի վիրավորական կամ անհարգալիր բան եմ գրել ու դրանով գրավել հայր Ցիմերմանի ուշադրությունը և անախորժություն պատճառել ձեզ։ Այդ դեպքում համարձակվում եմ խնդրել՝ հնարավորություն տալ ինձ ներողություն խնդրելու այն խոսքերի համար, որ ես ասել եմ ջերմ ցանկություն ունենալով դառնալու ոչ միայն ձեր ուսուցիչը, այլև ձեր բարեկամը։ Գուցե իմ խնդիրքը չափից դուրս անհամե՞ստ է։ Կարծում եմ, որ ոչ։
Ասեմ ձեզ ողջ ճշմարտությունը․ չտիրապետելով վարպետության գոնե տարրական հիմունքներին՝ դուք ընդմիշտ կմնաք, գուցեև շատ հետաքրքիր նկարիչ, բայց երբեք մեծ վարպետ չեք դառնա։ Ես սարսափում եմ այդ մտքից։ Ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե որքան կարևոր բան է դա։
Գուցե հայր Ցիմերմանը հարկադրել է ձեզ հրաժարվել պարապմունքներից, կարծելով, թե դրանք կխանգարեն կատարելու ձեր բարեպաշտական պարտքը։ Եթե դա այդպես է, ապա ես պարտավոր եմ ասել, որ նա շտապել է եզրակացության հանգել։ Արվեստը երբեք չէր կարող խանգարել ձեզ միանձնուհու կյանք վարել։ Ես թեկուզև մեղավոր մարդ եմ, բայց ապրում եմ վանականի կյանքով։ Ամենավատ բանը նկարչի համար՝ լիակատար երջանկությանը իսպառ անտեղյակ լինելն է։ Բայց ես համոզված եմ, որ դրա մեջ ոչ մի ողբերգական բան չկա։ Շատ տարիներ առաջ, երբ ես տասնութ տարեկան էի, ապրեցի կյանքիս ամենաերջանիկ օրը։ Նախաճաշի ժամին պետք է տեսնեի մայրիկիս, ― այդ օրը նա առաջին անգամ էր տնից դուրս եկել երկարատև հիվանդությունից հետո, ― ու ես ինձ միանգամայն երջանիկ էի զգում, երբ հանկարծ Վիկտոր Հյուգոյի ավենյուով անցնելու ժամանակ (դա Փարիզում է) հանդիպեցի մի մարդու, որ քթի հետք անգամ չուներ։ Խոնարհաբար խնդրում եմ, ոչ, աղաչում եմ՝ լավ մտածեք այդ մասին։ Դրա մեջ խոր իմաստ է թաքնված։
Հնարավոր է, նաև, որ հայր Ցիմերմանը պատվիրել է ձեզ դասընթացն ընդհատել, որովհետև հնարավորություն չունի վճարելու դասավանդման վարձը։ Շատ ուրախ կլինեմ, եթե դա այդպես լինի․ ոչ միայն այն պատճառով, որ դա մեղքը վերցնում է իմ վրայից, այլև՝ գործնական տեսակետից։ Եթե պատճառն իսկապես դա է, ապա բավական է միայն ձեր մի խոսքը, և ես պատրաստ եմ առանց փոխհատուցման առաջարկել ձեզ իմ ծառայությունները անսահմանափակ ժամկետով։ Չի՞ կարելի արդյոք քննարկել այս հարցը։ Թույլ տվեք մեկ անգամ էլ հարցնել ձեզ՝ ո՞ր օրերին և ժամերին է թույլատրվում այցելել մենաստան։ Թույլ չե՞ք տա այցելել ձեզ հաջորդ շաբաթ օրը․ հուլիսի վեցին, ժամը երեքից մինչև հինգը, Մոնռեալից Տորոնտո գնացող գնացքների չվացուցակին համապատասխան։ Շատ մեծ անհամբերությամբ եմ սպասելու ձեր պատասխանին։
Խորին հարգանքներով և հիացմունքով՝ անկեղծորերն ձեր (ստորագրությունը)
Ժան դը Դոմյե֊Սմիթ,
«Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացի հաստիքային ոսուցիչ։
Հ․ Գ․ ― Նախորդ նամակում ես ի միջի այլոց հարցրել էի, թե երկնագույն հագուստով էակը, առաջին պլանում, արդյոք Մարիամ Մագթաղինացին չէ՞, մեծ մեղավորուհին։ Եթե դուք դեռևս չեք պատասխանել ինձ, խնդրում եմ, խուսափեք այս հարցին պատասխանելուց։ Հնարավոր է, որ ես սխալված լինեմ, սակայն իմ կյանքի ներկա էտապում ես չէի ցանկանա ևս մեկ հիասթափություն ապրել։ Գերադասում եմ մնալ անգիտության մեջ։


Նույնիսկ այս պահին, այսքան տարիներ հետո, անհարմար եմ զգում, հիշելով, որ «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացներին գնալիս ես սմոկինգ էի վերցրել հետս։ Բայց վերցրել էի և, ավարտելով քույր Իրմայի նամակը, ես հագա։ Ամեն ինչ հանգեցնում էր մի լավ խմելու որոշման, բայց քանի որ կյանքումս դեռևս ոչ մի անգամ չէի հարբել (վախից, որ հարբեցողությունից կարող է դողալ այն ձեռքը, որը երեք առաջին մրցանակ շահեց ու նման բաներ), ապա հիմա, այսինքն ողբերգական իրադրության մեջ, ես անհարժեշտ գտա տոնականորեն հագնվել։
Մինչ Յոշոտո ամուսինները նստած էին խոհանոցում, ես գաղտագողի մոտեցա հեռախոսին ու զանգահարեցի «Ուինձոր» հյուրանոց։ Նյու֊Յորքից մեկնելուց առաջ Բոբիի բարեկամուհին՝ միսիս Իքսն էր ինձ խորհուրդ տվել։ Սեղան պատվիրեցի մեկ հոգու համար, երեկոյան ժամը ութին։
Յոթն անց կեսին, հագնված, սանրված՝ ես գլուխս դուրս հանեցի սենյակիս դռնից․ Յոշոտո զույգերը չե՞ն հսկում ինձ արդյոք։ Ինքս էլ չգիտեմ ինչու, չէի ուզում, որ նրանք ինձ տեսնեին սմոկինգով։ Բայց ոչ ոք չկար, և ես շտապ դուրս եկա փողոց ու սկսեցի տաքսի որոնել։ Քույր Իրմայի նամակն արդեն դրված էր իմ ծոցագրպանում։ Ես մտադիր էի վերընթեռնել այն ճաշի ժամանակ, ցանկալի էր մոմի լույսի տակ։
Անցնում էի թաղամաս առ թաղամաս, ու ոչ միայն ազատ մեքենա չէր հանդիպում, այլև գոնե մի տաքսի։ Ասես շարքի միջով անցնելիս լինեի։ Մոնրեալի Վերդենյան շրջանը շատ հեռու է ազնվական լինելուց, ու ես համոզված էի, որ բոլոր անցորդները շուռ էին գալիս ետևիցս նայելու և ուղեկցում էին ինձ ամենևին ոչ հավանություն տվող հայացքով։ Վերջապես հասնելով այն բարին, որտեղ երկուշաբթի օրը խժռել էի «տաք֊տաք» կոնի֊այլենդյան երշիկներ, որոշեցի թքել «Ուինձորի պատվերի վրա։ Մտա բար, նստեցի հեռավոր մի անկյունում և, ձախ ձեռքով քողարկելով սև փողկապս, պատվիրեցի ապուր, ռուլետ և սև սուրճ։ Հուսով էի, որ մնացած այցելուները ինձ աշխատանքի շտապող մատուցողի տեղ կդնեն։
Սուրճի երկրորդ բաժակից հետո հանեցի քույր Իրմային գրած նամակը և նորից ընթերցեցի։ Հիմնականում այն ինձ անհամոզիչ թվաց, և ես որոշեցի շուտ տուն վերադառնալ ու որոշ ուղղումներ մտցնել։ Մտածում էի նաև իմ պլանի՝ քույր Իրմային այցելեու մասին, նույնիսկ մտքովս անցնում էր, թե վատ չէր լինի տոմս վերցնել հենց այդ օրը երեկոյան։ Այդ մտքերով, ― որից ի դեպ բոլորովին վիճակս չէր թեթևանում, ― ես դուրս եկա բարից և արագ֊արագ գնացի տուն։
Իսկ տասնհինգ րոպե անց ինձ հետ մի անհավատալի բան կատարվեց։ Գիտեմ, որ ամեն ինչից ելնելով, պատմվածքս տհաճորեն նման է հորինված պատմության, բայց սա զուտ ճշմարտություն է։ Ու թեև խոսքը վերաբերում է տարօրինակ մի զգացման, որն ինձ համար այդպես էլ անբացատրելի մնաց, այնուամենայնիվ, կցանկանայի, եթե հաջողվի, պատմել այդ դեպքը առանց փոքր֊ինչ, նույնիսկ ամենաչինչին միստիցիզմի երանգի։ Այլապես, ինչպես ինձ թվում է, միևնույն է, ասել կամ հաստատել, որ իբր սուրբ Ֆրանցիսկ Ասիզիացու և միայն կիրակի օրերը բորոտին ողորմություն տվող սուտ ճգնավոր հիստերիկի կրոնական խանդավառության միջև տարբերությունը զուտ քանակական է։
Արդեն ժամը ինն էր և արդեն մթնել էր, երբ ես, մոտենալով տանը, մի լույս նկատեցի օրթոպեդիկական արհեստանոցի պատուհանում։ Ես վախեցա՝ ցուցափեղկում կենդանի մարդ տեսնելով․ երեսունն անց մի հաղթանդամ տիկին, կանաչա֊դեղնա֊հարդագույն շիֆոնե զգեստով, փոխում էր փայտե մանեկենի վրայի աղեկապը։ Երբ ես մոտեցա ցուցափեղկին, երևում է, նա հենց նոր էր հանել հին աղեկապը․ այն դրված էր նրա թևի տակ։ Կիսով չափ դառնալով իմ կողմը՝ նա մի ձեռքով շարունակում էր մանեկենի վրա ամրացել նոր աղեկապը։ Ես կանգնել, հայացքս չէի հեռացնում նրանից, երբ նա հանկարծ զգաց, որ ետևից նայում են իրեն, ու տեսավ ինձ։ Ես շտապ ժպտացի, որ հասկացնեմ, թե ապակու ետև սմոկինգով կանգնածը թշնամի չէ, որ մթությունից նայում է իրեն, բայց լավ բան չստացվեց։ Աղջիկը չափից դուրս վախեցավ։ Նա կարմրատակեց, ձեռքից գցեց աղեկապը, սայթաքեց արծնապատ գավաթների կույտի վրա ու հասակով մեկ փռվեց։ Ես ձեռքերս մեկնեցի նրան՝ մատներս ցավագնորեն խփելով ապակուն։ Նա ծանրորեն ընկավ մեջքի վրա, ― այդպես սովորաբար չմուշկներով սահողներն են ընկնում, ― բայց անմիջապես էլ վեր կացավ, առանց նայելու ինձ։ Ամբողջապես շիկնած՝ նա մազերը ետ քաշեց դեմքից և նորից սկսեց մանեկենի վրա ամրացնել աղեկապը։ Եվ ահա հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ այն բանը։ Հանկարծ (ես ջանում պատմել դա առանց մազաչափ անգամ չափազանցնելու) մի վիթխարի արեգակ բռնկվեց ու եկավ ուղիղ իմ քթարմատի վրա, վայրկյանում իննսուներեք միլիոն մղոն արագությամբ։ Կուրացած, սոսկալի վախեցած՝ ես հենվեցի ցուցափեղկի ապակուն, որպեսզի ցած չընկնեմ։ Բոցավառումը տևեց մի քանի վայրկյան։ Երբ շլացումն անցավ, աղջիկը այլևս այնտեղ չէր, և ցուցափեղկում, ի բարօրություն մարդկության, սփռվում էր միայն սանիտարական պիտույքների փայլփլուն արծնապատ կույտը։
Ես ետ֊ետ գնացի ցուցափեղկից և երկու պտույտ գործեցի մեր թաղամսի շուրջը, մինչև որ ծնկներս դադարեցին դողալուց։ Հետո չհամարձակվելով նայել ցուցափեղկին, ես բարձրացա իմ սենյակը ու փռվեցի մահճակալին։ Որոշ ժամանակ անց (չգիտեմ րոպեներ էին անցել, թե ժամեր) օրագրիս մեջ գրեցի հետևյալ տողերը․ «Քույր Իրմային ազատություն եմ տալիս․ թող նա գնա իր ճանապարհով։ Մենք բոլորս էլ վանականներ ենք»։
Նախքան պառկելս ես նամակներ գրեցի այն չորսին՝ իմ ազատած ունկնդիրներին։ Գրեցի, թե վարչությունը սխալ է թույլ տվել։ Նամակներս ինքնին հրաշալի ստացվեցին։ Գուցե պատճառն այն էր, որ նախքան գրելս, ես ներքևից աթոռ բերեցի։
Թեև լուծումը շատ անհետաքրքիր է ստացվում, բայց պետք է հիշատակեմ, որ մի շաբաթ էլ չէր անցել, երբ «Մեծ վարպետների սիրահարներ» դասընթացները փակվեցին, որովհետև համապատասխան թույլտվություն չունեին (ավելի ճիշտ, թույլտվություն ընդհանրապես չկար)։ Ես հավաքեցի իրերս ու գնացի Բոբիի՝ իմ խորթ հոր մոտ, Ռոդ֊Այլենդ, որտեղ մոտ երկու ամիս, մինչև Նյույորքյան գեղարվեստական դպրոցի պարապմունքներն սկսվելը, ուսումնասիրում էի ամառային բոլոր գազանիկների ամենահետաքրքիր տեսակները՝ կարճ անդրավարտիքներով ամերիկյան աղջիկներին։
Լավ է, թե վատ, բայց ես երբեք այլևս չփորձեցի հանդիպել քույր Իրմային։
Սակայն երբեմն տեղեկություն էի ստանում Բեմբի Քրեմերից։ Ահա վերջին նորությունը՝ նա զբաղվում է շնորհավորական բացիկների ձևավորմամբ։ Հավանաբար, այստեղ նա հաջողության կարող է հասնել, եթե միայն նրա տաղանդը չի մարել։

Թարգմանությունը՝ Ամալյա Ղուկասյան

Տես նաև Ջերոմ Սելինջեր Պատմվածքներ

Ջերոմ Սելինջեր | Դը Դոմյե-Սմիթի երկնագույն շրջանը Ջերոմ Սելինջեր | Դը Դոմյե-Սմիթի երկնագույն շրջանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 00:33:00 Rating: 5
Технологии Blogger.