
Բիսեյը կանգնած էր
ներքեւում կամրջի տակ
ու սպասում էր
նրան: Նրա գլխավերեւում,
կիսով չափ բաղեղապատ
քարե բարձր ճաղաշարի
ետեւում, ժամանակ առ
ժամանակ պեծկլտում էին
կամրջով անցնողների, մայր
մտնող արեւով վառ
լուսավորված եւ քամու
տակ փոքր-ինչ
ծածանվող, ճերմակ զգեստների
քղանցքները… Իսկ նա
դեռ չէր գալիս:
Բիսեյը թեթեւ անհանգստությամբ մոտեցավ
հենց ջրին եւ
սկսեց նայել անդորրավետ
գետին, որի վրայով
ոչ մի նավ
չէր շարժվում:
Գետի երկայնքով համատարած
պատով աճում էր
եղեգը, իսկ եղեգնի
վրա տեղ-տեղ
կլորվում էին ուռիների
թավ փնջերը: Եվ
թեպետ գետը լայն
էր, եղեգներով սեղմված
ջրի մակերեսը նեղ
էր թվում: Մաքուր
ջրի ժապավենը, ոսկեզօծելով
միակ սադափե ամպիկի
արտացոլքը, լռիկ պտույտ
էր գալիս ընդմեջ
եղեգների… Իսկ նա
դեռ չէր գալիս:
Բիսեյը հեռացավ ջրից
եւ նեղլիկ ծանծաղուտով
ետ ու առաջ
էր քայլում, սկսեց
ունկնդրել դանդաղ մթնշաղով
լցվող լռությունը:
Կամրջի վրա շարժումն
արդեն հանդարտել էր:
Ոչ քայլերի ձայն,
ոչ սմբակների դոփյուն,
ոչ սայլակների դռդռոց`
այնտեղից ոչինչ չէր
լսվում: Քամու սոսափը,
եղեգնի շրշյունը, ջրի
ճողփյունը… հետո ինչ-որ տեղ
զիլ ճչաց ձկնկուլը:
Բիսեյը կանգ առավ,
հավանաբար, սկսվել էր
մակընթացությունը, դեպ մամռոտ
ծանծաղուտը սուրացող ջուրը
ավելի մոտ էր
փայլում, քան առաջ…
Իսկ նա դեռ
չէր գալիս:
Զայրացկոտ խոժոռվելով, Բիսեյը
սկսեց արագոտն քայլել
կամրջատակի կիսախավար ծանծաղուտով:
Այդ ընթացքում ջուրը
կամացուկ, քայլ առ
քայլ ողողում էր
ծանծաղուտը: Եվ նրա
մաշկին դիպավ տիղմի
զովությունն ու ջրի
թարմությունը: Նա բարձրացրեց
աչքերը` կամրջի վրա
արեւմարի պայծառ շողանքը
արդեն հանգչել էր,
եւ կանաչադալուկ մայրամուտի
երկնքում սեւին էր
տալիս քարե ճաղաշարի
հստակ փորագրված ուրվանկարը…
Իսկ նա դեռ
չէր գալիս:
Բիսեյը վերջապես կանգ
առավ:
Ջուրը, արդեն նրա
ոտքերը լիզելով, , պողպատի
փայլից առավել պաղ
ցոլքով շողալով, դանդաղ
վարարում էր կամրջի
տակ: Անտարակույս, ժամ
անգամ չի անցնի,
եւ անողոք մակընթացությունը կողողի
նրա թե՛ ծնկները,
թե՛ փորը, թե՛
կուրծքը: Ոչ, ջուրն
արդեն ավելի ու
ավելի բարձր է,
եւ ահա արդեն
նրա ծնկները անհետել
են գետի ալիքների
տակ… Իսկ նա
դեռ չէր գալիս:
Բիսեյը հույսի վերջին
նշույլքով նորիցնոր հայացքն
ուղղեց դեպ երկինք,
կամրջին: Նրան մինչեւ
կուրծքը ողողած ջրի
վրա, վաղուց արդեն
իջել էր իրիկվա
կապույտը, եւ ցնորական
մշուշի միջից հասնում
էր ուռիների տերեւների
եւ թավ եղեգնի
թախծոտ շրշյունը: Եվ
հանկարծ, Բիսեյի քթին
դիպչելով, շողաց ճերմակ
փորիկով ջրից դուրս
պրծած ձկնիկը եւ
փայլկտեց նրա գլխավերեւում:
Բարձր երկնքում վառվեցին
դեռեւս նոսր աստղերը:
Եվ նույնիսկ բաղեղապատ
ճաղաշարի ուրվանկարը հալվեց
արագ վրա հասնող
խավարում… Իսկ նա
դեռ չէր գալիս:
***
Կեսգիշերին, երբ լուսնալույսը
ողողել էր գետեզերքի
եղեգներն ու ուռիները,
ջուրն ու զեփյուռը,
կամացուկ շշնջալով, հոգածորեն
տարան Բիսեյի մարմինը
կամրջատակից դեպի ծովը:
Սակայն Բիսեյի ոգին
խոյացավ առ երկնի
սիրտը, առ թախծոտ
լուսնալույսը, գուցե թե,
այն պատճառով, որ
նա սիրահարված էր:
Թաքուն լքելով մարմինը,
այն սահուն ելավ
դեպ դալկորեն լուսավորվող
երկինքը, ճիշտ այնպես,
ինչպես անաղմուկ գետից
բարձրանում է տիղմի
հոտը, ջրի թարմությունը…
Իսկ հետո, բյուր
հազարավոր տարիներ հետո,
անհամար կերպափոխություններ ճաշակած
այդ ոգուն, դարձյալ
մարդկային կյանք վստահվեց:
Դա էլ հենց
այն ոգին է,
որ ապրում է
իմ մեջ, ահա
այնպիսինում, ինչպիսին ես
եմ: Այդ պատճառով,
թող որ ես
ծնվել եմ մեր
ժամանակներում, այդուհանդերձ, ես
որեւէ կարգին բանի
պիտանի չեմ. գիշերուզօր
ես ապրում եմ
երազներում եւ միայն
սպասում եմ, որ
կգա ինչ-որ
զարմանալի մի բան:
Ճիշտ այնպես, ինչպես
Բիսեյը մթնշաղին, կամրջի
տակ սպասում էր
սիրեցյալին, ով երբեք
չի գա:
Տես նաև Ակուտագավա Րյունոսկե Պատմվածքներ
Ակուտագավա Րյունոսկե | Ինչպես էր հավատում Բիսեյը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 11, 2020
Rating:
